ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքիան այլ ելք չունի. Չինաստանն արդեն այստեղ է

May our Friendship Higher than Mountain Ararad and Longer than Yangtze River

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքիան այլ ելք չունի. Չինաստանն արդեն այստեղ է

16.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Թուրքական լրատվամիջոցներում հերքվել է այդ երկրի արտգործնախարարության պաշտոնյայի հայտարարությունը՝ Հայաստանին Չինաստանի տրամադրած մարդասիրական օգնության արկղերի վրա գրության վերաբերյալ: Արկղերի վրա գրված էր՝ Թող մեր բարեկամությունը բարձր լինի ինչպես Արարատ լեռը, ու երկար՝ ինչպես Յանցզի գետը:

Պեկինը նշել է Հայաստանի եւ Չինաստանի երկու խորհրդանիշներ, թե քաղաքական, թե քաղաքակրթական այն տողատակով, որի մասին հայ ժողովրդի պատմությանն անդրադառնալիս ակնարկել էր նաեւ Չինաստանի նախագահը նախորդ տարի մայիսին, Պեկինում ընդունելով Հայաստանի վարչապետին:

Արարատի մասին գրառումը Անկարան չէր կարող չնկատել, ու այդ երկրի ԱԳՆ պաշտոնյան տարածել էր հայտարարություն, որ Չինաստանի դեսպանը հերքել է, թե Չինաստանից եկած արկղերի վրա եղել է այդպիսի գրառում: Թուրքական լրատվամիջոցերում էլ հերքվել է թուրք պաշտոնյայի հայտարարությունը, ներկայացվել տեսանյութով, որտեղ արկղերի վրա Արարատի մասին գրառումը երեւում է հենց օդանավից բեռնաթափելիս:

Ի վերջո, եղել է, որ Երեւանը հայկական տարբերանշանի վրայից հանի Արարատը՝ ֆուտբոլային դիվանագիտության տխրահռչակ շրջանում, բայց երբեք չի եղել, որ Երեւանը Արարատի մասին գրառում վերագրի որեւէ այլ երկրի, դառնալով այդ երկրի ու Թուրքիայի միջեւ որեւէ պատմության պատճառ: Եվ առավել եւս Չինաստանի պարագայում Երեւանը որեւէ դեպքում չէր գնա այդօրինակ էժան հնարքի:

Անկարան չունի այլ ելք, քան այն իրողության հետ հաշտվելը, որ Պեկինն այլեւս իրեն դիրքավորում է որպես հարավկովկասյան եւ մերձավորարեւելյան ռեգիոնի նոր անվտանգության համակարգի աշխույժ խաղացող:

Պեկինի ներկայությունը ռեգիոնում այն ծավալի չէ, որքան ավանդական խաղացողներինը՝ Թուրքիա, Ռուսաստան կամ Իրան, կամ որքան ԱՄՆ, Եվրամիությունը իր տարբեր ծրագրերով, սակայն դինամիկայի առումով Չինաստանը ակնհայտորեն դրսեւորել է իր հավակնությունը, ու այդ համատեքստում էլ Հայաստանի առանցքային նշանակությունը:

Դրա վառ վկայությունն է Երեւանում կառուցվող՝ եվրասիական ռեգիոնում Մոսկվայից հետո մեծությամբ երկրորդ չինական դեսպանատունը: Այստեղ իհարկե մեծ հաշվով զարմանալու որեւէ բան չկա, քանի որ Հայաստանի ֆունկցիոնալ ռազմա-քաղաքական այդօրինակ գնահատականը բխում է ընդամենը այն պարզ իրողությունից, որ Հայաստանը Կովկասի անվտանգության հետխորհրդային համակարգի առանցքն է, նաեւ գլխավոր ճարտարապետը:

Նոր իրողություններում ռեգիոնում առանց Հայաստանը գլխավոր խաղընկերներից մեկը դիտարկելու խաղալը գործնականում անհնար է: Չինաստանն արձանագրում է ընդամենն այն, ինչ կա:

Թուրքիային մնում է հաշտվել այն իրողության հետ, որ ռեգիոնում այլեւս կա նաեւ Չինաստանը, Ռուսաստանից բացի: Այդ իրողությունն Անկարայի համար իհարկե այդքան էլ հաճելի չէ, հաշվի առնելով թյուրքական տարրի հանդեպ արտաքին ու ներքին ռիսկերի այն զգայունությունը, որ ունի Պեկինը:

Նաեւ այդ հանգամանքն է, որ Պեկինին մոտիվացնում է կովկասյան ու մերձավորարեւելյան ռեգիոնում աշխույժ խաղի, քանի որ այդ խաղը Թուրքիային այսպես ասած իր սահմաններում զսպելու հնարավորությունն է, կամ այլ կերպ ասած՝ թյուրքական գործոնը սեփական սահմանների մոտ կամ սեփական սահմաններում զսպելու հնարավորությունը:

Թրքական Մամուլը Գայթակղեցուցիչ Կը ՀամարԷ Չինաստանէն Հայաստան Ուղարկուած Տուփերուն Գրութիւնը

www.lragir.am/2020/04/16/537936/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail