ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Արամ Առաջինը բաց չթողեց պահը. կոշտ ակնարկ Գարեգին Բ-ին եւ մեղադրյալին
17.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Այսօր եկեղեցին առավել քան երբեւէ պետք է լինի ժողովրդի կողքին, հոգեւորականներին ուղղված հորդորում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: «Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ եւ կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը», ասել է Արամ Առաջինը:
Արամ Առաջինի հորդորը եւ գնահատականը առանձնահատուկ է հնչում Հայաստանում եկեղեցու շուրջ առաջացած աղմուկի ֆոնին: Աղմուկին նպաստել է երկու հանգամանք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի չեղարկման անհրաժեշտության վերաբերյալ Գարեգին Երկրորդի խոսքը: Եվ զուգահեռ՝ ԱԱԾ տեղեկությունը մոտ 12 միլիոն դոլարի յուրացման գործով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հանդեպ մեղադրանքի մասին:
Ինչ խոսք, Հայ Առաքելական եկեղեցի ինստիտուտի ղեկավարության հանրային համարժեքության, բարոյահոգեբանական կերպարի, վարքագծի, ոչ ժուժկալ կենսակերպի հարցը հայաստանյան հանրության տեսադաշտում ամենեւին նոր չէ: Առիթը հերթականն է, իսկ պատճառը՝ խորքային: Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանի նորագույն պատմության շրջափուլում ունեցել է լրջագույն խնդիրներ, դառնալով կառավարող քրեաօլիգարխիկ համակարգի մասնակիցը:
Անկասկած է, օրինակ, որ ոչ թե մարդասիրական բռնկումը՝ ինչպես փորձել է մեկնաբանել Մայր Աթոռը, այլ հենց համատեղ անցալի բեռն է Գարեգիկ Երկրորդին ստիպել ինքզինքը դնել հանրային ուժգին թիրախավորման ռիսկի տակ եւ անդրադառնալ երկրորդ նաագահի խափանման միջոցին: Որովհետեւ Գարեգին Երկրորդը անշուշտ ունի հսկայական կենսափորձ եւ իրավիճակի գնահատման ռացիոնալություն, հասկանալու համար, որ այլ պարագայում կոչն ու անդրադարձը ավելորդ էին եւ անիմաստ:
Եվ ավելորդ ու անիմաստ է հանրությանը բացատրել Կաթողիկոսի կարգավիճակի արժեքն ու խորհրդանշականությունը՝ Գարեգին Երկրորդին հանրությունից պաշտպանելու համար: Նա չունի այդ պաշտպանության կարիքը, կամ անպաշտպան է հավասարապես այնքան, որքան ցանկացած մեկը, ով հայտնում է ցանկացած շերտի համար անընդունելի կարծիք: Դա 21-րդ դարի տեղեկատվական հանրության արատն է, թերեւս անհաղթահարելի արատը՝ գոնե առայժմ:
Բայց, պաշտպանության այն իմաստով, որով նրան փորձում են հանրությունից պաշտպանել տարբեր անձինք՝ խրատական դասախոսությամբ, Գարեգին Երկրորդն իրեն անպաշտպան է դարձրել հենց ինքը: Որովհետեւ նա ունենալով մեծ ժամանակ ու հնարավորություն, թե հեղափոխությունից առաջ, թե նաեւ դրանից հետո, չի կարողացել գտնել հանրային հավասարակշռության ու համերաշխության այն դիրքը, որը նրան կդարձներ անխոցելի:
Արամ Առաջինը իբրեւ եկեղեցապետ այդ դիրքը գտել է: Գուցե այդ հարցում նրա համար բարենպաստ է եղել Հայաստանից հեռու լինելը, ադուհանդերձ նա դիրքը գտել է, եւ այդ դիրքից ակնհայտորեն ցուցաբերել պահն օգտագործելու հմտություն՝ հայ հոգեւորականներին ուղղված հորդորով նուրբ հարված հասցնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ միլիոնների հետ գործ ունեցած եւ Բենթլիով շրջող թեմական առաջնորդին:
www.lragir.am/2020/04/17/538263/