ԱՐՇԱՒԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ – Չմարող անցեալը. Գանատայի մէջ ՀՅԴ պատմութեան հետքերով

ԱՐՇԱՒԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ – Չմարող անցեալը. Գանատայի մէջ ՀՅԴ պատմութեան հետքերով

16 ԱՊՐԻԼ 2020 – ԱՐՇԱՒԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ:

Արշաւիր Շիրակեան-Սայիտ-Հալիմ-Փաշա

Ինչու՞ բացել չփակուած ՀՅԴ արխիւները․ կայ մէկ անքննարկելի պատասխան․ այն ոչ միայն կուսակցութեան արխիւ է, այն հայ ժողովրդի պատմութիւնն է Կիլիկիայից մինչև Լիբանան, Սիրիա, Հայաստան, Ամերիկա ու Գանատա, ամենուր ուր հայ կայ։

Այդ էջերում մարդիկ են իրենց ազգանպաստ գործերով, մարդիկ են՝ երբեմն ըմբոստ, երբեմն խռոված, երբեմն յուսահատ, բայց միշտ ինքնազոհ առաջ շարժուող, քանզի նրանց ջահերթը մէկն է՝ յանուն հայի ու հայրենիքի։

ՀՅԴ 130ամեակի առթիվ «Չմարող անցեալը» նորաբաց սիւնակում կը ծանօթանանք մեզ յայտնի ու անյայտ նուիրեալների կեանքին ու ազգանպաստ գործունէութեանը, կը լինեն հայի հետքերը վաւերացնող փաստաթղթեր ՀՅԴ Գանատայի արխիւների էջերից։

——————————————————————————————————————

1973թ-ին, 47 տարի առաջ, ապրիլի 12-ին վախճանում է հայոց ցաւի վրիժառուներից Արշաւիր Շիրակեանը, և նոյն թուականի ապրիլ 12-ի ՀՅԴ Գանատայի այնժամ մեկուսի միաւորի շրջաբերական թիվ 12-ը բօթ է լինում ընկերներին, ուր հաղորդում է մեծ վրիժառու բազուկի մահը․

«Սիրելի ընկերներ,

Այսօր, դառն կսկիծով լսեցինք մահը, ընկ․ Արշաւիր Շիրակեանի որը տեղի ունեցաւ Նիւ Ճըրզիի մէջ։

Ընկ․ Արշաւիրի մահով, հայ ժողովուրդը, ինչպէս եւ Հայ Յեղափոխական դաշնակցութիւնը կը կորսընցնէ իր պանծալի հերոսներէն մէկը, որը դարձաւ հայ ժողովուրդի թշնամիներուն նեմեսիսը, հաւատք ու ոգի ներշնչելով գալիք ազատատենչ սերունդներուն։ Յարգանք իր անմոռաց յիշատակին»,- ասւում է շրջաբերականում։

«Նեմեսիս» հատուցման գործողութեան ականաւոր գործիչ Արշաւիր Շիրակեանի կեանքի շատ մանրամասներ բոլորիս յայտնի տարբեր աղբիւրներից և յատկապէս իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վէպից։

Սակայն ՀՅԴ արխիւների էջերում կը գտնենք հետաքրքիր տեղեկութիւններ, որոնք խօսուն փաստեր են Արշաւիր Շիրակեան մարդու, ընկերոջ, ազգային հասարակական գործչի մասին։

Արշաւիր Շիրակեանի ապրած տարիները բուռն են եղել, լի աներևակայելի անձնուրացութեամբ և այդ տարիներին նրա աջակիցը, նրան ուժ տուողը եղել է կինը՝ Գայիանէն, իր կեանքի, գաղափարի և գործի ընկերը։

Horizon Weekly Newspaper

Բոլորիս հայտնի իրադարձութիւններից հետո, 1923 թվականին նրանք մեկնում են հեռավոր Ամերիկա, որտեղ և սկսում են նոր կեանք, սակայն ոչ հասարակական,  կուսակցական, նրանք ցմահ մնում են հավատարիմ ընկերները Դաշնակցութեանը՝ երբեք չդադարելով ակտիվ գործունեութիւն ծավալելը։

Գանատայի ՀՅԴ արխիւի էջերում կարդում ենք հատուած ՀՅԴ Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի, 1966 թուականի, Մայիսի 19-ին ՀՅԴ Գանատայի Գործադիր մարմնին յղած 634 թուակիր նամակից, որտեղ երևում է Արշաւիր և Գայիանէ Շիրակեանների համեստ, նուիրեալ, հաւատաւոր ու պատրաստակամ ընկերներ և գործօն կուսակցական, հասարակական գործիչներ լինելը։

Հայ ժողովրդի արդարահատոյց բազուկը, Դաշնակցութեան գաղափարի անվեհեր նուիրեալը, հայոց Նեմեսիսի քաջասիրտ մարտիկը ապրեց ու գործեց իր պարտքը կատարելով հայութեան, հայոց մեծ ցաւի առջև, դառնալով օրինակ բոլորիս՝ հասցնելու հայութեան դատը՝ Հայ Դատը, աւարտին։

Պատրաստեց Արմինե Մուքոյեան-Թաշճեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail