Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Խնդիրը շրջահայաց վերաբերմունք է պահանջում – Խնդիրը շրջահայաց վերաբերմունք է պահանջում
17 ԱՊՐԻԼ 2020 – Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ:
Չեմ ուզում դարձյալ անդրադառնալ այն խնդրին, թե որքանով է արդարացված Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորը՝ փոխել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Կարող եմ պարզապես արձանագրել, որ մեր համաքաղաքացիներից շատերը շփոթում են խափանման միջոցի փոփոխությունը քրեական հետապնդումը դադարեցնելու կամ դատարանի առաջ չկանգնելու հետ:
Ամբաստանյալին կալանքից ազատելը նշանակում է նրան բաց թողնել՝ մինչեւ դատավճիռը: Կալանքն ամենախիստ խափանման միջոցն է, որին այլընտրանք կարող են լինել այլ խափանման միջոցներ՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ: Այդ առումով, եթե մի կողմ թողնենք բոլոր հանգամանքները, Վեհափառի միջնորդության մեջ որեւէ արտառոց բան չկա:
Չեմ պատրաստվում պաշտպանել Գարեգին Երկրորդի անձը: Ինձ համար այդ ֆիգուրը վիճելի է, բայց այն, ինչ հիմա եմ ուզում ասել, անձերից շատ ավելի կարեւոր է: Խոսքս այն մասին է, որ հեղափոխությունից հետո հարձակումները ոչ թե կաթողիկոսի, ոչ թե որեւէ եպիսկոպոսի, այլ Հայ առաքելական եկեղեցու վրա ավելի հաճախ եւ ավելի համակարգված են դարձել:
Եվ վերջին իրադարձությունը, կարծես թե, պատրվակ է դարձել՝ այդ ճնշումն ուժեղացնելու համար: Իմ տպավորությամբ՝ ներկայիս իշխանությունը խրախուսում է նման հարձակումները՝ իր առջեւ դնելով ինչ-ինչ քաղաքական նպատակներ:
Պաշտոնատար անձանց որոշ հայտարարությունները թե՝ վերջին երկու տարիների ընթացքում եւ թե՛ վերջին օրերին տեղիք են տալիս այդպիսի կասկածների համար: Անշուշտ, ինչ-որ մարտավարական, գուցե նաեւ՝ հուզական խնդիրներ դրանով հնարավոր է լուծել: Բայց եկեք միասին մտածենք նման մոտեցման հեռուն գնացող հենց քաղաքական հետեւանքների մասին:
Երբ մենք ասում ենք «Հայաստան», ի՞նչ ենք պատկերացնում: Միայն այս պետությունում ապրող 3 միլիոն քաղաքացիների՞ն, թե՞ ամբողջ 10 միլիոն հայությունը: Եթե ընտրում եւ կարեւորում ենք երկրորդը, ապա պետք է մտածենք նաեւ, թե ինչն է մեզ միավորում, ինչն է օգնում այդ միլիոնավոր մարդկանց մեծամասնությանը՝ իրեն նույնականացնելու հայ ազգի հետ: Ժամանակին այդպիսի հարցումներ անցկացվել են, բայց առանց հարցումների էլ, կարծում եմ, պարզ է, որ այդ մեծամասնությունը առաջին տեղում կնշի Հայ առաքելական եկեղեցին, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զգալիորեն կզիջեն առաջինին: Վ
ստահ եմ՝ դա շատ կարեւոր է նաեւ զուտ Հայաստանի պետական շահերը հաշվի առնելով: Կարծիք է հնչում, որ ուժեղ պետությունը ենթադրում է թույլ եկեղեցի կամ հակառակը՝ եկեղեցու ուժը թուլացնում է պետությունը, ինձ այս տեսությունը 21-րդ դարի աշխարհիկ պետության պայմաններում առնվազն կասկածելի է թվում:
Ստացվում է՝ եթե ես անհավատ եմ, եթե ես արհամարհանքով եմ վերաբերվում իմ մշակույթին եւ ավանդույթներին (որոնց առանցքում է Առաքելական եկեղեցին), ուրեմն, ավելի պետականամե՞տ եմ: Տրամաբանական է պնդել հակառակը՝ այդ երկու ինստիտուտներն ուժեղացնում են իրար, մեկը մյուսի հաշվին չի կարող հեղինակություն ձեռք բերել:
Այնպես որ, հարգելի քաղաքական գործիչներ եւ իշխանավորներ, խնդրում եմ՝ շրջահայաց եղեք այս հարցերում: Րոպեական օգուտներն ու ինքնահաստատումն իրենց նշանակությամբ չեն կարող համեմատվել հնարավոր կորուստների հետ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
https://www.aravot.am/2020/04/17/1106612/