Սիրիայի քրդաբնակ շրջանից դեպի Թուրքիա ձգվող 500մ երկարությամբ թունել է հայտնաբերվել (լուսանկարներ)
16 Ապրիլ 2020 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված «խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել: Այն հայտնաբերել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները։
Թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` 500 մ երկարություն ունեցող թունելը փորվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ/PKK) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների կողմից։ Փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչև Թուրքիայի սահմանային Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընարի շրջան:
«Սիրայի ազգային բանակ» խմբավորումը պնդում է, որ այս թունելը ի տարբերություն մինչ այդ թուրք-սիրիական սահմանին հայտնաբերված թունելների, փորվել է թմրանյութերի, զենքի և մարդկանց մաքսանենգության նպատակով։
Թուրքական աղբյուրը պնդում է, որ ավելի վաղ նմանատիպ թունելներ են հայտնաբերվել Աֆրինում, Մանբիչում, Այն ալ-Արաբում, Թել Աբյադում, Սըրրինում, Կամիշլիում, Մալիքիյեում, որոնք փորվել են Թուրքիայի հնարավոր ռազմագործողություններին դիմակայելու, անսպասելի հարձակում իրականացնելու նպատակով։
ermenihaber.am/am/news/2020/04/16/Սիրիա-Թուրքիա-քուրդ/181278