Քրիստոնեությանը մրցակից համարված՝ Դիարբեքիրի միթրայական (զրադաշտական-Ակունք խմբ․) տաճարի պատմությունը
17 ԱՊՐԻԼ 2020 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Լալե Էլմաջըօղլու
Երբ հայտարարվեց, որ հայտնաբերվել է 1800-ամյա պատմություն ունեցող միթրայական տաճարը, Ռոդշիլդ և Ռոքֆելլեր ընտանիքների 3-րդ սերնդի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք և դեսպաններ այցելեցին Դիարբեքիր, իսկ Մորգան Ֆրիմանն էլ ցանկացավ տաճարի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել։
Դիարբեքիրի Չընար գավառում գտնվող Զերզևան ամրոցը կառուցվել է Հռոմեական կայսրության կողմից։ Կառուցումից հետո առաջին շրջանում ասորական սահմանային կայազորից, զինվորներից բացի՝ այնտեղ մնացել են նաև քաղաքացիական անձինք։ Զերզևան ամրոցում 2014 թ․ սկսվեցին հնագիտական պեղումներ և վերանորոգման աշխատանքներ, որոնց 4-րդ տարում հայտնաբերվեց միթրայական տաճարը։ Այն ավետեց քաղաքում զբոսաշրջության տեսանկյունից լիովին նոր ժամանակաշրջանի սկիզբ։
Ո՞վ էր Միթրան (Միհրը- Ակունք խմբ․), որից իր անունն է ստացել տաճարը
Միթրայիզմը ծագել է մ․ թ․ ա․ 5-րդ դարում Իրանում։ Ծագումով պարսիկ Միթրան եղել է արևի աստվածը, որը վերահսկել է տիզերքը։ Նա եղել է արդարության, լույսի, հավատի և պատերազմի խորհրդանիշը, ինչպես նաև բարեկամության աստվածը։ Միթրա նշանակում է «միջնորդ»։
Երբ քրիստոնեությունը տարածվեց, միթրայիզմն արգելվեց
Մ․ թ․ ա․ 6-րդ դարում «անհաղթ աստված» համարվող Միթրայի պաշտամունքը մ․ թ 2-րդ և 3-րդ դարերում տարածվեց նաև Հռոմեական կայսրության տարածում, սակայն մ․ թ․ 4-րդ դարում՝ քրիտոնեության տարածումից հետո, այն արգելվեց։
1800 տարվա պատմություն ունեցող տաճարը
Ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է 1800 տարի առաջ։ 2017 թ․ հնագիտական պեղումների ընթացքում տաճարի հայտնաբերումը ոչ միայն նպաստել է Դիարբեքիրի հանրաճանաչությանը, այլև ներդրում է ունեցել շրջանի պատմության ուսումնասիրության գործում։
«Աշխարհում մնացած վերջին միթրայական տաճարը պատահաբար գտանք»
Քրստոնեությունը միթրայիզմն իրեն մրցակից էր համարում (այն հայտնի է նաև որպես գաղտնի կազմակերպություն): Միթրայիզմի վերջին տաճարը հայտնաբերել է Դիջլեի համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ՝ դոկտոր Այթաչ Ջոշքունը։ Հնագիտական պեղումներ կատարած խմբի ղեկավար Ջոշքունը տաճարի հայտնաբերման վերաբերյալ «Independent» թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է․ «Աշխարհում հայտնաբերված վերջին միթրայական տաճարը պատահաբար ենք գտել՝ հնագիտական պեղումների 4-րդ տարում՝ 2017 թ․։ Ավելի վաղ անհայտ էր, որ տաճարը գտնվում է կայազորի տարածքում։ 1700 տարի առաջ փակված տաճարն առաջին անգամ մենք ենք երևան հանել։ Այդ տաճարը շատ կարևոր է այն առումով, որ ծագումով պարսկական է, աշխարհում հայտնաբերված վերջին միթրայական տաճարն է և գտնվում է արևելքում։ Միթրան հեթանոս Հռոմում եղել է արևի աստվածը։ Նա վերահսկել է տիեզերքն ու մոլորակները»։
«Միթրայիզմի բոլոր հետևորդները նաև աստղագետներ էին»
Երբ դոկտոր Ա․ Ջոշքունին հարցրեցինք տաճարում արված ծեսերի մասին, նա պատասխանեց․ «Ծեսերն արվել են խիստ գաղտնի պայմաններում։ Չկա մեկն աշխարհում, որ մեկնաբանի դրանք, գրավոր փաստաթուղթ չունենք։ Հիմք ենք ընդունում հնագիտական տեղեկությունները։ Միթրայիզմի բոլոր հետևորդները աստղագետներ են եղել։ Այստեղ կան բոլոր հետքերը՝ մինչև անգամ մատաղի ծեսերի, կան նաև որմնանկարի հետքեր։ Այնտեղ են գտնվում նաև Միթրայի 7 մակարդակների խորհրդանիշերը, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մի մոլորակ՝ Մերկուրիից մինչև Սատուրն»։
Մարդիկ կան, որ այն անվանում են «Տաճար, որից սկիզբ են առնում իլումինատները»
Ջոշքունի խոսքով՝ այստեղ մ․ թ․ ա․ 882 թ․ սկսած բնակավայր է եղել։ Մինչև 639 թ․՝ իսլամական բանակի կողմից այս տարածքի գրավումը, այս վայրում մարդիկ են բնակվել։ Ոմանք կարծում են, թե իլումինատների պես գաղտնի կազմակերպությունները ևս այստեղից են ծագել։
Միայն տղամարդկանց էին ընդունում իրենց շարքեր, ունեին 12 փորձությունների պայմանը
Պատմության մեջ հռոմեական տիրապետության տակ գտնված տարածքներում՝ հատկապես զինվորների և ազնվականների շրջանում տարածված միթրայիզմի շարքերն ընդգրկվելը դյուրին գործ չէր։ Դոկտոր Այթաչ Ջոշքունը նշեց, որ այդ կրոնի հետևորդ դառնալը շատ բարդ է եղել․ բոլոր ծեսերը կատարվել են գաղտնի, դրանք գաղտագողի արվել են քարանձավներում և տաճարներում, կանայք չեն ընդունվել շարքեր, իսկ անդամ դառնալ ցանկացողները պետք է հաղթահարեին 7 շաբաթ տևող 12 փորձությունները։
«Եթե դուք կայսր եք, չի նշանակում, որ կարող եք դառնալ այդ կրոնական համայնքի անդամ»
Դոկտոր Ջոշքունը հայտնեց․ «Տաճարի մուտքի մոտ կան գրություններ և խորհրդանիշեր։ Տաճարն ունի 7 մ երկարություն, 5 մ լայնություն, 2,5 մ բարձրություն։ Փորագրված սյուներով և նիշերով տաճարի պատերից մեկի վրա տեսնում ենք ճառագող թագը, որը միթրայիզմի խորհրդանիշերից մեկն էր։ Տարածքում կան զոհաբերվող ցուլին ոտքերից կախելու համար նախատեսված 4 տեղեր և մի փոս՝ ավազան, որտեղ հոսել է ցուլի արյունը։ Արյունով լվացվելուց հետո այն խմած մարդիկ հավտացել են, որ մաքրվել են մեղքերից և համալրել են միթրայիզմի շարքերը։
Միթրայիզմի հետևորդները տաճարում նստել են ըստ կարգի, ամենաբարձր կարգը 7-րդն է եղել։
Բացակայում է միայն ծեսերի ժամանակ Միթրայի զոհաբերած ցլի պատկերը, քանի որ դա քրիստոնեության մեջ արգելված է։
50 տարի տևողությամբ պեղումներ
Այթաչ Ջոշքունը տեղեկացրեց, որ պեղումները դեռ նոր են սկսվել։ Ըստ նրա, այդ աշխատանքները կարող են տևել կես դար։
3-րդ սերնդի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք, դեսպաններ․․․
Որոշ ընտանիքների 3-րդ սերնդի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք, դեսպաններ և բազմաթիվ այլ մարդիկ եկել են Դիարբեքիր՝ տեսնելու միթրայական այդ տաճարը։
Մորգան Ֆրիմանը տաճարի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանելու
Հայտնի է, որ նոր տեսակի կորոնավիրուսի (covid-19) սպառնալիքի ավարտից հետո օսկարակիր դերասան Մորգան Ֆրիմանը գնալու է Դիարբեքիրում գտնվող միթրայական տաճար՝ «National Geographic»-ի համար վավերագրական ֆիլմ նկարահանելու։
12 դարի պատմություն ունեցող պանրով ուտեստ՝ գլոբի
Զբոսանքից հետո դոկտոր Ջոշքունը մեզ հյուրասիրեց կաթով, սպիտակաձավարով, կաթնաշոռով, քունջութով, ձիթապտղի ձեթով և մեղրով պատրաստվող հին հռոմեական ուտեստ՝ գլոբի։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net