ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Եվրախորհրդարանի սենսացիոն առաջարկը. Հայաստանում չեն նկատել – Եվրախորհրդարանի սենսացիոն առաջարկը. Հայաստանում չեն նկատել
8.04.2020 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Ապրիլի 16-ին Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, որն այլ պայմաններում սենսացիոն կդառնար: Եվրախորհրդարանն Արեւելյան գործընկերության երկրներին առաջարկել է ԵՄ հետ ընդհանուր տնտեսական տարածություն ստեղծել եւ ամրապնդել ինտեգրացիան հաղորդակցությունների, տրանսպորտի, ավիացիայի ու էներգետիկայի ոլորտներում:
Եվրախորհրդարանի որոշումն Արեւելյան գործընկերության երկրներում մեծ արձագանք չի ստացել: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Եվրոպան «մահվան շեմին» որոշել է կախվել փրփուրներից: Վրացական եւ ուկրաինական սոցցանցերում գրում են, որ Եվրոպայից անդամակցություն են ակնկալում, ոչ թե ընդհանուր տարածություն, իսկ Հայաստանում փաստաթուղթն ընդհանրապես չեն նկատել:
Եվրամիությունը, մինչդեռ, ավելի աշխույժ արձագանք էր ակնկալում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չէ՞ որ փաստաթղթում նշվում է, որ «որոշ երկրներ» կոշտ դիմադրում են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին հետխորհրդային երկրների մերձեցման փորձերին, եւ ԵՄ-ն վերահաստատում է «Արևելյան գործընկեր երկրների ինքնիշխան իրավունքը՝ ազատ ընտրելու Եվրամիությանն ինտեգրման կամ ԵՄ-ի հետ համագործակցության անհատական մակարդակը»:
Եվրախորհրդարանը նաեւ կտրուկ դատապարտում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի խախտումը, Ռուսաստանի կողմից ապօրինի ուժի կիրառումը, ներխուժումը, ապակայունացումը, բռնակցումը, սահմանների խախտումը եւ ԱլԳ մի շարք երկրների տարածքների օկուպացիան:
Արեւելյան գործընկերության ծրագիրը չի նախատեսում անդամակցություն նախկին խորհրդային հանրապետությունների համար: 2017 թվականին Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը ստորագրեցին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը եւ հիմա ավելին են ուզում: Հայաստանը բավարարվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Բելառուսն ու Ադրբեջանն ընդհանրապես համաձայնագիր չեն ստորագրել:
Ի՞նչ է առաջարկում Եվրամիությունը: Առաջարկվում է վերացնել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև ռոումինգի ռեժիմը, թույլ տալ այդ երկրներին աստիճանաբար ինտեգրվել Բրյուսելի գլխավորած էներգետիկ միությանը, տրանսպորտային համայնքին և թվային միասնական շուկային: Չի նշվում, սակայն, թե որն է ընդհանուր տնտեսական տարածությունը:
Հայաստանը, որը 2015 թվականից ԵԱՏՄ անդամ է, ինչպե՞ս կարող է արձագանքել այդ առաջարկին: Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է դո՞ւրս գալ ԵԱՏՄ-ից ու ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ հետ, բայց առանց անդամակցության հեռանկարների: Այդ համագործակցությունը ենթադրու՞մ է նաեւ համագործակցություն անվտանգության ոլորտում:
Եվրամիությունն իրոք ճգնաժամի մեջ է: Եվրահանձնաժողովի նախագահն արդեն երկու անգամ ներողություն է խնդրել Իտալիայից, որ ԵՄ-ն բավարար արագ օգնության չի հասել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք է ստեղծվի հիմնադրամ, որն ընդհանուր երաշխիքներով համատեղ պարտատոմսեր կթողարկի անդամ պետություններին՝ նրանց պահանջներին, այլ ոչ թե տնտեսությունների չափերին համապատասխան ֆինանսավորելու համար:
Նա նշել է, որ ԵՄ-ում համերաշխության բացակայությունը կարող է պոպուլիստական ցասում առաջացնել հարավային Եվրոպայում, հատկապես կորոնավիրուսից ուժեղ տուժած երկրներում:
«Եթե դա չկարողանանք անել այսօր, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը Իտալիայում, Իսպանիայում, հնարավոր է, Ֆրանսիայում ու այլ երկրներում կհաղթեն պոպուլիստները», – ասել է Մակրոնը:
Արեւելյան գործընկերության վեհաժողովը նախատեսված է մայիսին, բայց կորոնավիրուսի պատճառով հավանաբար կտեղափոխվի տարվա երկրորդ կիսամյակ:
Հայաստանը պետք է ուսումնասիրի, թե ինչ է առաջարկում Եվրամիությունը եւ համագործակցության մակարդակի ինքնիշխան ընտրություն անի:
www.lragir.am/2020/04/18/538661/