ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ – Խորհրդային Հայաստանի բնակչությունը 1926-ից մինչև 1989-ը. 880 հազարից՝ 3,3 միլիոն

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ – Խորհրդային Հայաստանի բնակչությունը 1926-ից մինչև 1989-ը. 880 հազարից՝ 3,3 միլիոն

20 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ:

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ – ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Հայաստանի պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ ժամանակահատված, երբ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հանրապետության (որն անկախ չէր և մաս էր կազմում ԽՍՀՄ-ի) բնակչությունը շուրջ 60 տարիների ընթացքում գրեթե քառապատկվում է:

Ու սա այն դեպքում, երբ այդ 60 տարիներին եղել է սով, տեղի ունեցել գյուղացիության ունեզրկում, ստալինյան տեռոր, հազարավոր մարդկանց աքսոր և վերջապես Երկրորդ աշխարհամարտ, որին զոհ է գնացել Խորհրդային Հայաստանի ավելի քան 200 հազար մարդ:

Շատերը կասեն՝ բայց չէ՞ որ տեղի է ունեցել նաև երեք հայրենադարձություն, ավելին՝ Խորհրդային Հայաստանի գոյության ողջ ընթացքում հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայ բնակչությունը հազարներով տեղափոխվել է մայր հայրենիք: Դա, անշուշտ, ճիշտ է:

Բայց ինչո՞ւ նույնը տեղի չի ունենում այսօր և տեղի չի ունեցել մեր անկախության 30 տարիներին, ինչո՞ւ տեղի չունեցավ հայրենադարձություն: Տեղի ունեցավ հակառակը. 1988-ից ի վեր Հայաստանը լքել է շուրջ 1,5 միլիոն մարդ:

Խորհրդային Միության տարիներին անցկացվել է վեց մարդահամար՝ 1926-ին, 1939-ին, 1959-ին, 1970-ին, 1979-ին և 1989-ին:

1926-ին Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը 880 464 էր, որից 84,5 տոկոսը կամ 743 571-ը՝ հայեր: Խորհրդային Հայաստանի գոյության ամբողջ ընթացքում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են ադրբեջանցիները, ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Ադրբեջանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են հայերը:

1926-ին Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների, այն ժամանակ կոչվում էին թուրքեր, կազմել է 76 870 հոգի կամ բնակչության 8,7 տոկոսը: Այդ նույն մարդահամարի համաձայն, հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում, ներառյալ Արցախը, որ կրում էր ԼՂԻՄ վարչական անունը, 282 004 էր:

Խորհրդային Հայաստանում 1926-ին ադրբեջանցիներից հետո թվաքանակով երկրորդ ազգային փոքրամասնությունը ռուսներն էին՝ 19 548 հոգի (կամ ՝ 2,2 տոկոս), և եզդիներն ու քրդերը, որոնք մեկ տողով են ներկայացված՝ 15 262 հոգի (1,7 տոկոս):

1931-ին Խորհրդային Հայաստանում անցկացվել է բնակչության հաշվառում՝ մշտական բնակչության հաշվեհամար, ըստ որի Խորհրդային Հայաստանի բնակչությունը առաջին անգամ գերազանցեց 1 միլիոնը՝ 1 048 293 հոգի:

1939 -ին Խորհրդային Միությունում անցկացվել է երկրորդ մարդահամարը: Խորհրդային Հայաստանի բնակչությունը կազմել է 1 282 338, որի 82,8 տոկոսը կամ 1 061 997-ը՝ հայեր: Խորհրդային Հայաստանի 1 282 338 բնակիչներից ադրբեջանցի էր 130 896-ը կամ բնակչության 10,2 տոկոսը:

Այդ մարդահամարի ժամանակ առաջին անգամ օգտագործվեց ադրբեջանցի անունը ոչ թե տեղանվան ժողովրդի, այլ որպես ազգություն: 1939-ին հայերի թիվը Ադրբեջանում 388 025 էր:

Խորհրդային Հայաստանում 1939-ին ռուսների թիվը 51 464 էր (4 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 20 481 հոգի (1,5 տոկոս):

Ապա մարդահամար տեղի է ունեցել 20 տարի անց՝ 1959-ին: Խորհրդային Հայաստանի բնակչությունը հասավ 1 763 048-ի, որի 88 տոկոսը կամ 1 551 610-ը՝ հայեր: Ադրբեջանցիների թիվը Խորհրդային Հայաստանում 107 748 էր կամ բնակչության 6,1 տոկոսը: Հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում 442 089 էր:

Խորհրդային Հայաստանում 1959-ին ռուսների թիվը 56 477 էր (3.2 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 25 627 (1,4 տոկոս):

1970-ին Խորհրդային Հայաստանի բնակչությունը հասավ գրեթե 2,5 միլիոնի՝ 2 491 873, որից 88,6 տոկոսը կամ 2 208 327-ը՝ հայեր: Ադրբեջանցիների թիվը 148 189 հոգի էր կամ 5,9 տոկոսը: Այս մարդահամարի ժամանակ հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում հասավ գրեթե կես միլիոնի՝ 483 520 հոգի:

Խորհրդային Հայաստանում ռուսների թիվը 66 108 էր (2.6 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 37 486 (1,5 տոկոս):

Եվս մոտ 10 տարի անց Խորհրդային Հայաստանի բնակչությունը գերազանցեց 3 միլիոնը: Խորհրդային Միության հինգերորդ մարդահամարի համաձայն, Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը կազմեց 3 037 259, որի 89,7 տոկսը կամ 2 724 975-ը՝ հայեր: Ադրբեջանցիների թիվը 160 841 էր կամ 5,3 տոկոսը: Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը 475 486 էր:

Խորհրդային Հայաստանում 1979-ին ռուսների թիվը 70 336 էր (2,3 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 50 822 (1,6 տոկոս):

Խորհրդային Միության վերջին՝ վեցերորդ մարդահամարը անցկացվել է 1989-ին, երբ արդեն սկսվել էին հայերի ու ադրբեջանցիներին զանգվածային տեղափոխությունները դեպի Հայաստան և Ադրբեջան, որոնք ուղեկցվում էին ջարդերով ու բռնի տեղահանումներով՝ էթնիկ զտումներով:

Հետևաբար, այս մարդահամարի տվյալները հայերի և ադրբեջանցիների համար չեն կարող լինել ամբողջովին վստահելի: 1989-ին Խորհրդային Հայաստանի բնակչությունը 3 304 776 էր, որի 93,3 տոկոսը կամ 3 083 616-ը՝ հայեր:

Խորհրդային Հայաստանի ռուսների մեծ մասը մոլոկաններն են՝ ռուս աղանդավորները, որոնք չեն ընդունում ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետությունը: Ռուսներից և եզդիներից ու քրդերից բացի Խորհրդային Հայաստանում մյուս ազգային փոքրամասնություններից էին ուկրաինացիները, ասորիները, հրեաները, վրացիները, բելառուսները:

www.aniarc.am/2020/04/20/soviet-armenia-population-1926-1989-civilnet-20-april-2020/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail