Հայաստանը իր անկախության հռչակման մասին առաջինը տեղեկացրել է Իրանին. 13 հունիս, 1918
20 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ: ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ:
1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը իրեն հռչակեց հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Հայտարարության մեջ չէր օգտագործվել անկախություն և հանրապետություն բառերը:
Առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, Օսմանյան կայսրությունն էր: Բաթումի 1918 թվականի հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության պայմանագրով Օսմանյան կայսերական կառավարությունը ճանաչեց Հայաստանը:
Իսկ առաջին պետությունը, որին ծանուցվեց Հայաստանի անկախության մասին, Հայաստանի հարավային հարևան Պարսկաստանն էր, այսօրվա Իրանը:
1918 թվականի հունիսի 13-ին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահի, Հայկական Հանրապետության կառավարության նախագահի, արտաքին գործերի նախարարի և Ազգային խորհրդի քարտուղարի ստորագրությամբ ծանուցում ուղարկվեց Թիֆլիսում պարսից հյուպատոսին, որում ասվում էր.
Ձերդ Գերազանցություն,
Անդրկովկասյան Հանրապետության լուծարման հետևանքով Կովկասի Հայոց ազգային խորհրդի [1918թ] մայիսի 28-ի իր ժողովում, հայ ժողովրդի կողմից իրեն տրված լիազորությունների հիման վրա, որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը և հինել Հայկական Դեմոկրատական Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի այդ մասին հայտնել Ձերդ Գերազանցությանը և խնդրել այդ մասին տեղեկացնել Պարսկական կայսերական կառավարությանը:
Ձերդ Գերազանցությանը խնդրում ենք ընդունել մեր խորին հարգանքների հավաստիքը:
Հայոց Ազգային խորհրդի նախագահ
Հայկական Հանրապետության կառավարության նախագահ
Արտաքին գործերի նախարար
Ազգային խորհրդի քարտուղար
Հաղորդագրությունն ուղղված է՝
Շվեդիայի թագավորական կառավարությանը
Ավստրո-Հունգարիայի կայսերական կառավարությանը
Օսմանյան կայսերական կառավարությանը
Բուլղարիայի թագավորական կառավարությանը
Իսպանիայի թագավորական կառավարությանը
Դանիայի թագավորական կառավարությանը
Հոլանդիայի թագավորական կառավարությանը
Գերմանիայի կայսերական կառավարությանը:
Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 23, թ. 166: Պատճեն: Մեքենագիր: Թարգմանություն ֆրանսերենից: Թվարկված պետություններին առանձին-առանձին ուղղված ծանուցումները՝ ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 35, թ. 1-10: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918թ. մայիս-հուլիս). փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009, կազմող՝ Համո Սուքիասյան, էջ 76-77:
Լուսանկարում՝ տեսարան հին Թեհրանից
www.aniarc.am/2020/01/06/armenia-13-june-1918-iran/