Թուրքիայում դժգոհ են ռուսական եթերով ցուցադրված Արևմտյան Հայաստանի քարտեզից
20 Ապրիլ 2020 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:
Թուրքիայում նոր-նոր էին հանդարտվել բարկության կրքերը՝ կապված Չինաստանի կողմից Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ հիշատակելու փաստի հետ, հիմա էլ դժգոհության նոր ալիք է բռնկվել։
Ռուսական «HTB» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրվել է Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմանները, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության կողմից օգտագործվող Արևմտյան Հայաստանի դրոշը։
Թուրքիայից առաջինն արձագանքել է զավեշտալի հայտարարություններով հայտնի, հակահայկական տխրահռչակ «ASİMDER» կազմակերպության («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։
Նա նշել է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի հողերի վրա պետություն հիմնելու երազանք փայփայող հայերին։
«Այսպես կոչված Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնումը թույլ տված Ֆրանսիան հիմա էլ աչք է փակում Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացի վրա»,- բողոքել է Գյուլբեյը։
Իսկ Ռուսաստանին վերջինս մեղադրել է դարեր շարունակ «թուրքերի արյունը թափելու և հայերի ձեռքով մուսուլմանների կոտորածներ իրականացնելու մեջ»։
ermenihaber.am/am/news/2020/04/20/Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան/181498