ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Թուրքիան հրաժարվեց C 400-ից, որ պատժամիջոցներ չստանա Հայոց ցեղասպանության տարելիցին

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Թուրքիան հրաժարվեց C 400-ից, որ պատժամիջոցներ չստանա Հայոց ցեղասպանության տարելիցին

21.04.2020 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

ԱՄՆ Կոնգրեսը մտադիր էր Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել ապրիլին, բայց Անկարան որոշել է նահանջել:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, C 400 ռուսական նոր հակահրթիռային համակարգերի շահագործման հանձնումը հետաձգվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Թուրքիան, սակայն, մտադիր չէ չեղարկել որոշումը, որը կարող է հանգեցնել ԱՄՆ պատժամիջոցներին:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշիգտոնը չի փոխել իր դիրքորոշումը: «Մենք շարունակելու ենք ամենաբարձր մակարդակով շեշտել, որ C-400-ի գործարքը պատժամիջոցների ընթացիկ քննարկումների թեմա է՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու օրենքի» (Countering America’s Adversaries Through Sanctions Act կամ CAATSA), և այն երկկողմ ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների գլխավոր խոչընդոտն է մնում:

Կոնգրեսը պատրաստվում էր ապրիլին պատժամիջոցներ սահմանել, բայց Թուրքիան, ըստ երեւույթին, սպառնալիք է գնահատում, որ պատժամիջոցները կարող են համընկնել ապրիլի 24-ի հետ, երբ ԱՄՆ նախագահը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենամյա ուղերձով: Այս տարի լինելու է առաջին ուղերձը 2019 թվականի վերջին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումից հետո:

Թուրքիան աշխարհքաղաքական նոր պայմաններում փորձում է պահպանել քաղաքական հավասարակշռությունը: Կորոնավիրուսը Թուրքիային հսկայական տնտեսական խնդիրներ բերեց: Զբոսաշրջությունից ստացվող եկամուտը, որը 2019թ. կազմել էր 35 մլրդ դոլար, նույնպես կզրոյանա: Թուրքիան առանց այդ էլ 2018թ.-ից արժութային ճգնաժամ է ապրում:

Սակայն այժմ մանրածախ առևտրի բնագավառում, որն առաջատարներից մեկն է համարվում, առևտուրը դադարել է 70% ձեռնարկություններում: «Տնտեսական շոկն այնպիսին է, որ Թուրքիան իսկապես կարող է հետագայում արտաքին ֆինանսավորում փնտրել»,-ասել է թուրք նախկին դիվանագետ Սինան Ուլգենը: «Երբ այդ ժամանակը գա, Թուրքիայի կառավարությունը վիթխարի ճնշման տակ կհայտնվի, որպեսզի հրաժարվի C-400-ներից»:

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղելու մասին, բայց այն շարունակում է աճել Մեծ Բրիտանիայում եւ Թուրքիայում: Դա նշանակում է, որ Թուրքիայում ավելանալու են խնդիրներն ու աճելու են բողոքի տրամադրությունները: Դրանք հատկապես խորանալու են այն բանից հետո, երբ կորոնավիրուսի պատճառով ազատ արձակվեցին հազարավոր բանտարկյալներ, բայց ճաղերի հետեւում մնացին քաղաքական բանտարկյալները, լրագրողներն ու քուրդ գործիչները:

2023 թվականի նոյեմբերին Թուրքիան մտադիր է նշել Հանրապետության ստեղծման 100-ամյակը, բայց իրավիճակը կարող է Էրդողանի նախատեսածի պես չընթանալ: Դրանում կարող են դեր խաղալ մի քանի գործոններ՝ կորոնավիրուսը, տնտեսական ճգնաժամը, Թուրքիայի դաշնակցի՝ Ռուսաստանի թուլացումը նավթային անկման պատճառով, Թուրքիայի անհաջող գործողությունները Սիրիայում, ԱՄՆ հետ դիմակայությունը քրդական հարցում, ինչպես նաեւ քրդական գործոնը:

Անկարան առայժմ ստիպված է հրաժարվել C 400-ը շահագործման հանձնելուց, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պատժամիջոցներ չստանա: Թուրքիան դեռ շատ բաներից է ստիպված լինելու հրաժարվել:

Փաթրիոթ-S-400

www.lragir.am/2020/04/21/539501/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail