Հույս ունենք, որ Եվրախորհրդարանը կմնա իր սովորական կեցվածքի վրա և կներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած երեք սկզբունքները
21.04.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է Բելգիայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը
Արցախի ընտրությունների վերաբերյալ ԵՄ-ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկան հայտարարություններով՝ նշելով, թե չեն ընդունում այդ ընտրությունները: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:
Մենք արձագանքեցինք և ցույց տվեցինք մեր կարծր կեցվածքը: Մեր գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը բաց նամակով դիմեց ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: ԵՄ-ի դիրքորոշման մեջ նշված էր, որ այդ ընտրությունները համենայնդեպս չեն կարող հիմք դառնալ, որ Արցախը ներկայացվի կամ Արցախի նոր իշխանությունները ներկայացվեն բանակցությունների սեղանին:
Մենք հստակ հայտնեցինք մեր դժգոհությունը՝ նշելով, որ ԵՄ-ի այս կեցվածքը չի համապատասխանում ԵՄ-ի արժեքներին, որ ԵՄ-ի անդամ բոլոր երկրների, նաև հարևան երկրների հասարակությունները իշխանություն ձևավորեն ժողովրդավարական եղանակով: Իսկ ԵՄ-ի այս գնահատականը դեմ է ժողովրդավարական արժեքներին: Մենք զարմանում ենք, որ ԵՄ-ն այդպիսի կեցվածքով հանդես եկավ:
Չնայած առաջին անգամ չէ, որ ԵՄ-ն ու ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը նման դիրքորոշումներով են հանդես գալիս: Արդեն սովորություն է դարձել, որ Արցախում ամեն մի ընտրությունից հետո ԵՄ-ն կամ ԵԱՀԿ-ն նման հայտարարությամբ են հադես գալիս:
Բացի հայտարարությունից՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։
Մենք որպես Հայ դատի գրասենյակ աշխատում ենք: Նյութը, որ տարածվեց Հայաստանում մասնավորապես Արցախի հարցով այդ փաստաթղթի մեջ, նախ ասեմ, որ այդ փաստաթուղթը տակավին սևագիր վիճակի մեջ է:
Ընդհանրապես հանձնաժողովը պատրաստում է առաջին սևագիր տարբերակը, որից հետո քաղաքական խմբակցությունները կարող են իրենց փոփոխություններն առաջարկել, ապա այն կուղարկվի լիագումար նիստի: Համաճարակի պատճառով այդ նիստերը ոչ թե Ստրասբուրգում են անցկացվում, այլ Բրյուսելում:
Շատ կարևոր հարց կա, այն, ինչ ես տեսա Հայաստանի լրատվամիջոցներում, ոչ թե իրականությունը չի ներկայացնում, այլ կարծես պակաս տեղեկություններ կան: Ընդհանրապես, որևէ փաստաթղթի առաջին սևագրության մեջ միայն կարևոր մտքերն են դրվում: Երբ խոսքը Արցախի հակամարտության մասին է և «Արևելյան գործընկերության» երկրների տարածքային ամբողջականության մասին է նշվում, այդ մասը որևէ փոփոխություն չի կրել:
Այսինքն՝ մենք պետք է սպասենք, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այդ փոփոխությունները կատարի, որից հետո միայն կկարողանանք գնահատել, թե արդյոք Արցախի հակամարտության մասին ԵՄ-ն, կամ այս դեպքում՝ Եվրախորհրդարանն ինչ կարծիք ունի տվյալ փաստաթղթում: Մենք աշխատում ենք Եվրախորհրդարանի մեր բարեկամ անդամների հետ, որ այդ փաստաթղթի մեջ ներառենք Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հանգամանքը, որը սևագիր տարբերակում գոյություն չունի:
Մենք հույս ունենք, որ Եվրախորհրդարանը կմնա իր սովորական կեցվածքի վրա և կներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած երեք սկզբունքները, որոնք են ազգերի ազատ ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում և տարածքային մաբողջականություն: Այս հարցով դեռ վերջնական բան չկա, մենք տակավին աշխատում ենք, և հուսով ենք, որ կկարողանանք բարելավել փաստաթուղթը:
Բրյուսելում ինչպե՞ս եք պայքարում կորոնավիրուսի դեմ։ Համայնքում շա՞տ են վարկավածները։
Դժբախտաբար, վարակվածներ էլ կան, զոհեր էլ։ Ցավակցությունս եմ հայտնում այդ ընտանիքներին։ Համայնքը կազմակերպված է։ Օրինակ՝ մեր համայնքը խոցելի կամ տարեց հայրենակիցների համար, որոնք չեն կարող գնալ բժշկի կամ առևտրի, երիտասարդական միությունների միջոցով օժանդակում է նրանց։
Մեկ ամիս է՝ արտակարգ դրություն է, անգամ ընտանեկան հավաքույթներ չեն կազմակերպվում, իրավունք ունենք դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ես, օրինակ, տնից եմ աշխատում։ Այս իրավիճակը արևմտյան երկրների մեջ երեք շաբաթ էլ կշարունակվի, որը կնպաստի համաճարակի մարելուն։ Ժողովուրդը կամաց-կամաց իր առօրյա կյանքին կվերադառնա մի քանի շաբաթից, բայց, անշուշտ, կյանքը տարբեր պետք է լինի։
Այս պահին վարակվածների թիվը 38.000 է։ Հայաստանի հասարակությունը պետք է հասկանա, թե որքան վտանգավոր է այս համաճարակը։ Հիմա Հայաստանում 22 զոհ և 1200 վարակված կա, և եթե 1200 վարակվածների դեպքում Բելգիայում զոհերի թիվը 10 էր, Հայաստանի դեպքում՝ կրկնակի է։ Կոչ եմ անում հետևել սահմանափակումներին, այլապես վիճակը դժվար կարող է լինել երկրի աշխարհքաղաքական վիճակը հաշվի առնելով։ Զգույշ եղեք և առողջ երկիր պահեք։
www.lragir.am/2020/04/21/539515/