Ստանիսլավ Տարասով – Ռուս փորձագետ. Առանց ուժի չկիրառման սկզբունքի իրականացման Կազանի փաստաթուղթն ակտուալ չէ
21.04.2020 – Տարածաշրջան: Ռուսաստան – Թեմա: Քաղաքականություն:
Նախքան Կազանի սցենարին անցնելը՝ կողմերը պետք է ժամանակավոր հրադադարի մասին նոր համաձայնության գան, իսկ քանի դեռ դա չկա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը տարօրինակ է թվում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նրա խոսքով՝ նման պանդեմիայի պայմաններում նման համաձայնագրի կնքումը տրամաբանական կլիներ:
«Կազանի փաստաթուղթը, որը, ի դեպ, ժամանակին մերժել է Ադրբեջանը, չունի իրավաբանական ուժ, քանի որ այն չեն ստորագրել կողմերը: Դա ընդամենը Մադրիդյան սկզբունքների շրջանակում հակամարտության կարգավորման տարբերակներից մեկն է: Հայաստանը եւ Ադրբեջանը բանավոր քննադատել են բոլոր առաջարկները, սակայն իրավաբանորեն կողմերի ոչ մեկը դուրս չի եկել պրոցեսից»,-նշեց նա:
Տարասովը նկատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մի քանի երկարատեւ հանդիպում են անցկացրել, սակայն չեն ներկայացրել մանրամասները, իսկ այժմ խոսվում է Կազանի փաստաթղթի մասին: «Բացի այդ, այսօր ակնկալվում է տեսահամաժողով Մնացականյանի եւ Մամեդյարովի միջեւ, որն անցկացվում է Ղարաբաղում ընտրություններից անմիջապես հետո:
Անհասկանալի է նաեւ այն, թե ինչ նկատի ունի Մոսկվան:
Արդյո՞ք Լավրովի հայտարարությունը Երեւանի եւ Բաքվի համար օրակարգ է: Եթե օրակարգում Կազանի փաստաթուղթն է, ապա խոսքը ԼՂՀ շրջանների ազատագրման, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի սահմանման եւ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի մասին է»,-պարզաբանեց փորձագետը:
Նա նկատեց, որ Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը որեւէ հայտարարություն չի արել՝ կապված հակամարտության կարգավորման հետ: Եվ այդ պատճառով այժմ հարցն այն է, թե արդյոք ԼՂՀ-ն կպահպանի իր փաստացի սուբյեկտությունը:
news.am/arm/news/573919.html