Ելոյթ՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-րդ եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի 11-րդ տարեդարձի յիշատակութիւնը Ստեփանակերտի մէջ:
Յարգելի հայրենակիցներ.
Վերջին տասնամեակներուն հայութիւնը միասնաբար դիմագրաւեր է հիմնական երկու մարտահրաւերներ, որոնք թշնամական, պատերազմի ու շրջափակման իրողութիւններու ու անոնց հետեւանքներու յաղթահարման, ՀՀ-ի անվտանգութեան, ինքնիշխանութեան պահպանման ու ամրապնդման, Արցախի հայութեան ու Արցախի Հանրապետութեան անվտանգութեան, պետականութեան ամրապնդման, ինքնորոշման իրաւունքի իրականացման ու հաստատման եւ այլ հարակից խնդիրներ:
Ներկայիս անոնց վրայ աւելցան եւս երկուքը. Մերձաւոր Արեւելքի հայութեանն ու Արեւմտեան Հայաստանին ուղղուած մարտահրաւերները:
Բարեբախտաբար այս ուղղութեամբ նոյնպէս վերջին տասնամեակին իրականացեր են յատուկ աշխատանքներ: Մասնաւորապէս, 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիի մէջ, կը հիմնադրուի Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նոյն օրը կ՛ընդունուի հռչակագիր Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնորոշման իրաւունքի վերաբերեալ, իսկ 2007 թ. հռչակագիր Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու վերաբերեալ որպէս Հայկական լեռնաշխարհի բնիկներ: 2011 թ. Փետրուար 4–ին կը յայտարարուի Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան կազմաւորման գործընթացի սկիզբը: 2014 թ. Յունուարին համացանցի վրայ նախօրոք իրականացուած ընտրութիւններու միջոցով կը ձեւաւորուի Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որը կ՛ընտրէ Արեւմտեան Հայաստանի նախագահ:
Այստեղ պէտք է յատուկ նշել Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի կողմէ ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդներու փորձագիտական աշխատանային շրջանակներուն մէջ 2006–էն ի վեր իրականացուած աշխատանքները եւ անոր հիման վրայ ստեղծուած Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնութեան եւ քաղաքացիութեան հաստատութիւնը:
Այս իրաւական – քաղաքական հիմքի վրայ կը ձեւաւորուի Արեւմտեան Հայաստանի պետական համակարգը, որուն միջոցով ալ կ՛իրականացուի Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան ողջ գործընթացը:
Յիշենք նաեւ, որ Հայկական Հարցի լուծման նպատակով 1918-20 թթ. այդ ուղղութեամբ ընդունուեր են որոշումներ, կնքուեր պայմանագիր, կայացեր իրաւարար վճիռ:
Համառոտ թուենք մի քանի հատը.
-1918 թ. Յունուարի 11–ին Ռուսաստանի կողմէ ընդունուեր է «Թրքահայաստանի մասին» (Արեւմտեան Հայաստանի-հեղ.) հրամանագիրը, որը յատուկ դրոյթը զետեղուեր է 1918 թ. Յուլիսի 10–ի ՌՍՖՍՀ Սահմանադրութեան 6–րդ յօդուածին մէջ:
-1919 թ. Կոստանդնուպոլսի ռազմական ատեանին մէջ տեղի ունեցեր է Օսմանեան Թուրքիայի իշխող վերնախաւի՝ երիտթուրք պարագլուխներու, դատավարութիւնը՝ Օսմանեան կայսրութիւնը Առաջին համաշխարհային պատերազմի մէջ ներքաշելու եւ Օսմանեան կայսրութեան հայազգի հպատակներու կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու եւ իրականացնելու մեղադրանքներով:
-1920 թ. օգոստոսի 10-ին կնքուեր է Սեւրի Խաղաղութեան պայմանագիրը, որու 88-93 կը վերաբերուի Հայաստանին:
-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Ուտրօ Ուիլսօնը յայտարարեր է Իրաւարար վճիռ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ:
Բերուած օրինակները ցոյց կու տան հայութեան իրաւունքներու փաթեթի իրական ծանրակշռութիւնը եւ այդ պաշտպանելու ու իրականացնելու խնդրին մէկ ընդհանուր ռազմավարութիւն մշակելու անհրաժեշտութիւնը:
Խորքին մէջ այս ամբողջը կարելի է ձեւակերպել նաեւ, որպէս հայութեան իրաւունքներու պաշտպանութեան գործընթացի նոր օրակարգ Հայաստանի նկատմամբ:
Օգտուելով ընձեռուած առիթէն՝ ջերմօրէն կ՛ողջունենք Արցախի հերոս ժողովրդին, արցախահայութեան հոգեւոր ու մշակութային, քաղաքական ու պետական բոլոր կառոյցներու մշակներուն եւ պատասխանատուներուն:
Շնորհակալութիւն Ձեր կատարած ամբողջ գործի համար:
Շնորհակալութիւն, որ միասին ենք:
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ
18.12.2015 թ.
Ելույթ՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-րդ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 11-րդ տարեդարձի միջոցառմանը Ստեփանակերտում:
Հարգելի հայրենակիցներ.
Վերջին տասնամյակներին հայությունը միասնաբար դիմագրավել է հիմնական երկու մարտահրավերների, դրանք են ագրեսիայի, պատերազմի ու շրջափակման իրողությունների ու դրանց հետեւանքների հաղթահարման, ՀՀ-ի անվտանգության, ինքնիշխանության պահպանման ու ամրապնդման, Արցախի հայության ու Արցախի Հանրապետության անվտանգության, պետականության ամրապնդման, ինքնորոշման իրավունքի իրականացման ու հաստատման եւ այլ հարակից խնդիրներ:
Ներկայում դրանց գումարվել են եւս երկուսը. Մերձավոր Արեւելքի հայությանն ու Արեւմտյան Հայաստանին ուղղված մարտահրավերները:
Բարեբախտաբար այս ուղղությամբ նույնպես վերջին տասնամյակում իրականացվել են հատուկ աշխատանքներ: Մասնավորապես, 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նույն օրը ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, իսկ 2007 թ. հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ: 2011 թ. փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը: 2014 թ. հունվարին համացանցում նախօրոք իրականացված ընտրությունների միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որն էլ ընտրում է Արեւմտյան Հայաստանի նախագահ:
Այստեղ պետք է հատուկ նշել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակներում 2006–ից ի վեր իրականացված աշխատանքները եւ դրա հիման վրա ստեղծված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը: Այս իրավական – քաղաքական հիմքի վրա է ձեւավորվում Արեւմտյան Հայաստանի պետական համակարգը, որի միջոցով էլ իրականացվում է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ողջ գործընթացը:
Հիշենք նաեւ, որ Հայկական Հարցի լուծման նպատակով 1918-20 թթ. այդ ուղղությամբ ընդունվել են որոշումներ, կնքվել պայմանագիր, կայացվել իրավարար վճիռ:
Համառոտ թվարկենք դրանցից մի քանիսը.
-1918 թ. հունվարի 11–ին Ռուսաստանի կողմից ընդունվել է «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի-հեղ.) դեկրետը, որի հատուկ դրույթը զետեղվել է 1918 թ. հուլիսի 10–ի ՌՍՖՍՀ Սահմանադրության 6–րդ հոդվածում:
-1919 թ. Կոստանդնուպոլսի ռազմական ատյանում տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի իշխող վերնախավի՝ երիտթուրք պարագլուխների, դատավարությունը՝ Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու եւ Օսմանյան կայսրության հայազգի հպատակների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու եւ իրականացնելու մեղադրանքներով:
-1920 թ. օգոստոսի 10-ին կնքվել է Սեւրի Խաղաղության պայմանագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին:
-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրել է Իրավարար վճիռ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ:
Բերված օրինակները ցույց են տալիս հայության իրավունքների փաթեթի իրական ծանրակշռությունը եւ դա պաշտպանելու ու իրականացնելու խնդրում մեկ ընդհանուր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը:
Իրականում այս ամբողջը կարելի է ձեւակերպել նաեւ, որպես հայության իրավունքների պաշտպանության գործընթացի նոր օրակարգ Հայաստանի նկատմամբ:
Օգտվելով ընձեռված առիթից՝ ջերմորեն ողջունում ենք Արցախի հերոս ժողովրդին, արցախահայության հոգեւոր ու մշակութային, քաղաքական ու պետական բոլոր կառույցների մշակներին եւ պատասխանատուներին:
Շնորհակալություն Ձեր կատարած ամբողջ գործի համար:
Շնորհակալություն, որ միասին ենք:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
18.12.2015 թ.