ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայկական կողմը պատասխանեց հարվածով. Լավրովը երկու խնդիր լուծեց
22.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարություն են տարածել համատեղ տեսակոնֆերանսի արդյունքում, որը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Հայտարարության մեջ նշվում է կորոնավիրուսի համաշխարհային ճարակի պայմաններում հրադադարը խստիվ պահպանելու անհրաժեշտությունը, նաեւ արձանագրվում, որ վարակի պատճառով հետաձգվել են մարդասիրական այն միջոցառումները, որոնք ծրագրվել էին Ժնեւում արտգործնախարարների հունվարի հանդիպման ընթացքում:
Տեսակոնֆերանսն ու համանախագահների հայտարարությունը հետեւեց Լավրովի աղմկոտ հայտարարությանը, թե սեղանին փուլային փաստաթուղթ է, կամ այլ կերպ ասած՝ Լավրովյան պլան կոչվածը: Այդ հայտարարությամբ Սերգեյ Լավրովն իրարանցում առաջացրեց Հայաստանում, երբ նախկին իշխող համակարգի ներկայացուցիչները սկսեցին կոշտ քննադատել Հայաստանի իշխանությանը, թեեւ պլանի այսպես ասած հեղինակը Լավրովն է, ընդ որում՝ Լավրովի այդ պլանը մեջտեղ է եկել գործնականում նախորդ իշխող համակարգի գործունեության շրջանում:
Պաշտոնական Երեւանը Լավրովին արձագանքեց բավական արագ եւ բավական կոշտ: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հայտարարությունից հետո եւ տեսակոնֆերանսից ժամեր առաջ հայտարարեց, որ Երեւանը չի քննարկում որեւէ փաստաթուղթ, եւ Լավրովն արտահայտել է ընդամենը իր պատկերացումն ու ցանկությունը:
Երեւանը հայտարարեց նաեւ, որ Արցախի կարգավիճակի, ինքնորոշման հարցը ենթակա չէ զիջման, առաջնային է հայկական կողմի համար, իսկ «տարածքները» դրանք Արցախի համար անվտանգություն են, պաշտպանական բնագիծ, որը ենթակա չէ զիջման: Երեւանն ընդգծեց նաեւ Արցախի՝ բանակցային լիիրավ կողմ լինելու եւ ներգրավվելու անհրաժեշտությունը:
Ամենաէականը սակայն տեղի ունեցավ Արցախում, որտեղ պաշտպանական բանակը տեղեկացրեց ադրբեջանական հետախպուզական անօդաչու խոցելու մասին: Կասկած չկա, որ տեղեկությունն ուղղակիորեն առնչվում էր Լավրովի հայտարարությանն ու նախարարների եւ համանախագահների տեսակոնֆերանսին եւ լրացնում Հայաստանի արտգործնախարարի քաղաքական հայտարարությունը ռազմական ակտով:
Անկասկած է, որ արցախ-ադրբեջանական սահմանին անօդաչու հետախուզական սարքերը կիրառվում են երկկողմ եւ պարբերաբար, ու դա գործնականում դարձել է առօրյա վիճակ, իրադրության դիտարկման ընթացիկ գործիք: Ասել կուզի, որ ադրբեջանական անօդաչուի խոցումը հայկական կողմի բավական կոնկրետ պատասխան է հարվածի տեսքով, ինչն ամենայն հավանականությամբ իր ազդեցությունը թողել է ժամեր անց տեղի ունեցած տեսակոնֆերանսի եւ դրան հաջորդած հայտարարության վրա:
Լավրովն իր աղմկոտ հայտարարությամբ կամա թե ակամա փաստացի հրահրել է հայկական կողմի կոշտ դիրքորոշում: Գործնականում, Մոսկվան այդպիսով ներկայիս փուլում լուծել է երկու հարց՝ մի կողմից այսպես ասած դիվանագիտական տիրույթում գոհացրել ադրբեջանական կողմին եւ գուցե Ադրբեջանի ներսում օգնել Մամեդյարովին, որի հետ հեռախոսազրույց էր ունեցել ապրիլի 10-ին եւ հետո 13-ին, մյուս կողմից հայկական կողմում խթանելով կոշտություն՝ ի ցույց դրել խնդիրները, որ կարող է ունենալ Բաքուն այդ քչով չգոհանալու պարագայում:
Ռուսաստանի համար ներկայում կովկասյան ռեգիոնի կայունության ապահովումը դառնում է կենսական խնդիր, որի լուծումը բարդանում է միջազգային խիստ խնդրահարույց տնտեսա-քաղաքական կոնյունկտուրայի ֆոնին:
www.lragir.am/2020/04/22/539633/