ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ – Լավրովի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ շանտաժ Հայաստանի նկատմամբ
22.04.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը
Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս եք գնահատում Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորության հետ կապված։ Որքանո՞վ են այն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին։
Լավրովի հայտարարությունները չեն համապատասխանում հարաբերությունների ոչ միայն դաշնակցային, այլ նաև սովորական որակին։ Դրանք անթույլատրելի ու դատապարտելի են մի պետության արտգործնախարարի կողմից, որը Հայաստանի հետ ունի ռազմավարական դաշնակցություն, որը միևնույն տնտեսական ու ռազմաքաղաքական դաշինքում է գտնվում Հայաստանի հետ։
Լավրովը, ըստ էության, ուղիղ տեքստով ասում է, թե քանի որ Հայաստանը իրավական գործընթացներ է հարուցել մեր երկրում գործող ռուսական ընկերությունների դեմ, Ռուսաստանը ի պատասխան թանկացնում է գազի գինը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ շանտաժ Հայաստանի նկատմամբ։
Ընդ որում՝ Լավրովի հայտարարությունը գործնականում նաև միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի իրավապահ մարմինները իրավական գործընթացներ են սկսել մեր երկրում գործող ռուսական ընկերությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ, քանի որ այդ ընկերությունները տարիներ, տասնամյակներ շարունակ գործել են հանցավոր սխեմաներով, Հայաստանի նախկին իշխանությունների հետ կոռուպցիոն մեխանիզմներով, նրանց սահմանած կանոններով։
Դա լայն իմաստով ռուսական բիզնես կուլտուրայի մաս է, այդպես են գործում ռուսական ընկերություններն ամենուր, որտեղ դա թույլ են տալիս տեղի իշխանությունները։ Հիմա Հայաստանում հաստատվել է օրինական իշխանություն, որը բոլորին, այդ թվում՝ ռուսական ընկերություններին ցանկանում է բերել օրինական, իրավական դաշտ։
Իսկ Լավրովը գործնականում ասում է՝ քանի որ մեր ընկերություններին թույլ չեք տալիս գործել օրենքից դուրս, մենք թանկացնում ենք գազը։ Սա, կրկնում եմ, անթույլատրելի, դատապարտելի մոտեցում է Ռուսաստանի կողմից, ինչին Հայաստանի իշխանությունը պետք է համարժեք պատասխանի։
Ինչ վերաբերում է գազի գնին, ապա Ռուսաստանը իրեն թույլ է տալիս նման՝ ըստ էության ցինիկ վերաբերմունք, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունների թեթև ձեռքով ստացել է խայտառակ գազային համաձայնագրեր ու ամենակարևորը՝ Հայաստանի գազի սպառման ներքին ցանցը, որն ամբողջությամբ տրվել է «Գազպրոմին»։
Ահա այդ արտոնյալ պայմաններն ունենալով է, որ Ռուսաստանն իրեն թույլ է տալիս մտածել Հայաստանին մատակարարվող գազի գինը թանկացնելու մասին, այն դեպքում, երբ ողջ աշխարհում բոլոր էներգակիրների, այդ թվում՝ գազի աննախադեպ գնանկում է արձանագրվում։
Նշեցիք, որ գազային ոլորտում ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախկին իշանությունների օրոք կնքված համաձայնագրերով, այսինքն՝ կառավարությունը դրանք ժառանգություն է ստացել։ Դուք այդ համաձայնագրերը վերանայելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։
Այո, գործող իշխանությունը դա ժառանգություն է ստացել, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, թե պետք է համակերպվել դրա հետ ու չմտածել այդ համաձայնագրերը վերանայելու մասին։ Հասկանալի է, որ դա բավական բարդ գործընթաց է, առնչվում է միջպետական հարաբերությունների բարդ բաղադրիչների հետ։
Սակայն, կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր արտահայտությունը պետք է գտնի նաև այս ոլորտում։ Որովհետև եթե մենք իրապես հեղափոխական քայլեր չենք կատարում բոլոր ասպարեզներում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ, միջպետական հարաբերություններում, նշանակում է՝ հեղափոխությունն ընդամենը գեղեցիկ լոզունգ է։
Հեղափոխությունից հետո անցել է երկու տարի, սակայն նույն հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունն իր արտահայտությունը չի գտել։ Իմ գնահատմամբ՝ այսօր հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ճգնաժամում, ինչի վկայությունն է նույն Լավրովի հայտարարությունը։
Նաև մենք ենք թույլ տվել իրավիճակ, որում հնարավոր է նման հայտարարություն։ Որովհետ մենք շարունակել ենք նախկին իշխանությունների այն քաղաքականությունը, որը գործնականում ստորադասում էր Հայաստանի շահը Ռուսաստանի շահին։
Հենց այդ մոտեցման վկայությունն է այն իրողությունը, որ մենք շարունակում ենք անդամակցել ԵԱՏՄ-ին՝ գործնականում դրանից չստանալով որևէ առարկայական օգուտ։ Եթե մենք անդամակցում ենք միասնական տնտեսական տարածության, որում, սակայն, չեն գործում միասնական գներ տնտեսության համար առանցքային համարվող էներգակիրների համար, ապա մեր անդամակցությունն իրականում անիմաստ է։
Եթե խոսքը ազատ առևտրի ռեժիմի մասին է, ապա մենք ազատ առևտրի համաձայնագրեր ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ, այսինքն՝ մենք կարող ենք ազատ առևտուր իրականացնել առանց ԵԱՏՄ-ին անդամակցության, առանց այդ վերպետական կառույցին մեր ինքնիշխանությունը զիջելու։
Ես ինչպես հեղափոխությունից հետո, այնպես էլ այսօր համարում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն իրականում ունեն մեծ, չօգտագործված ներուժ, որը, սակայն, մենք չենք իրացնում, չենք իրացնում առավելապես այն պատճառով, որ առաջնորդվում ենք նախկինից եկող ստերեոտիպերով ու մոտեցումներով։
Դուք խոսում եք հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին, բայց Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ հարաբերությունները երբեք նման բարձր մակարդակում չեն եղել, որ ամեն ինչ նորմալ է, ու հարաբերությունները զարգանում են բնականոն հունով։
Կարելի է ամեն ինչ հայտարարել, սակայն դրանից խնդիրները չեն նվազում։ Նման հայտարարությունների հեղինակներին թվում է, թե ամեն օր ասելով, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, դրանք այդպիսին կդառնան։
Ոչ, կյանքը հակառակն է ապացուցում, ինչի վկայությունն են Սերգեյ Լավրովի վերջին՝ ըստ էության ոչ բարեկամական, ոչ գործընկերային հայտարարությունները։ Ռուսաստանը, ցավոք, Հայաստանի նկատմամբ շարունակում է այն քաղաքականությունը, որը վարվել է նախկին իշխանությունների օրոք։
Նրանք մեզ հետ խոսում են նույն լեզվով ու բառամթերքով, ինչ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում։ Բայց ես այդ հարցում Ռուսաստանին չեմ մեղադրում, խնդիրն իրականում մեր մեջ է, Հայաստանի իշխանության գործելակերպի մեջ է, որը փաստորեն չի կարողացել կամ չի կարողանում Ռուսաստանին ցույց տալ, որ Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել, որ Հայաստանում այլևս գործում է լեգիտիմ իշխանություն, որը կարող է և պետք է պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական շահը։
Քանի դեռ ռուսական կողմի համար մեկառմիշտ չի արձանագրվել այս իրողությունը, նրանք շարունակելու են նույն՝ շանտաժային, վերջնագրային քաղաքականությունը։
Նույն միջոցառման ընթացքում երեկ Սերգեյ Լավրովը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ասելով, որ ներկայում բանակցային սեղանին է կարգավորման փուլային տարբերակը։ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հերքեց Լավրովի հայտարարությունները՝ ասելով, որ 2014 թվականից հետո ներկայացված որևէ տարբերակ ներկայում բանակցային գործընթացում չի քննարկվում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված Լավրովի այդ հայտարարությունը, ինչո՞ւ է Ռուսաստանը խոսում կարգավորման փուլային տարբերակի մասին։
Իրականում ես այս բոլոր հայտարարությունները կդիտարկեի մեկ համատեքստում, թեև գազի գինն ու ղարաբաղյան հակամարտությունը ուղղակիորեն իրար հետ կապված չեն առաջին հայացքից։ Իսկ համատեքստն այն է, որ Ռուսաստանը հերթական անգամ Հայաստանի հետ փորձում է խոսել ճնշման լեզվով՝ այդ նպատակի համար կիրառելով գործիքակազմի բոլոր միջոցները՝ գազի գնից մինչև ղարաբաղյան հակամարտություն։
Ինչ վերաբերում է փուլային տարբերակի մասին Լավրովի հայտարարությանը, ապա դրական եմ համարում, որ Զոհրաբ Մնացականյանն այն ըստ էության հերքեց։ Հայաստանի նոր իշխանությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ գործնականում մերժում է Մադրիդյան սկզբունքները։
Դա նշանակում է, որ Հայաստանն առավել ևս մերժում է 1997 թվականից մնացած փուլային տարբերակը։ Այսինքն՝ Լավրովի հայտարարությունն իրականում, մեղմ ասած, ժամանակավրեպ է և չի արտացոլում իրերի իրական դրությունը, գործընթացի ներկա վիճակը։
Այդ հայտարարության դրդապատճառները, կրկնում եմ, պետք է փնտրել Հայաստանի նկատմամբ վարվող ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այսօր՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում, ու առավել ևս դրանից հետո դրա կարգավորման փիլիսոփայությունն ու գաղափարաբանությունը պետք է արմատապես փոխվեն։
Այսօր Արցախում արձանագրվում են կորոնավիրուսով վարակի դեպքեր, սակայն դրանք չեն արտացոլվում համաշխարհային վիճակագրության մեջ՝ այն դեպքում, երբ խոսքը մարդկանց մասին է, նրանք վարակվում են նույն հիվանդությամբ, ինչով վարակվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Գերմանիայի քաղաքացիները։
Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ այլևս անվտանգություն հասկացությունն ուղղակիորեն կապված է մարդկանց առողջության, առողջապահական անվտանգության հետ։ Իսկ դա նշանակում է, որ հիմա, առավել քան երբևէ, ընդգծվում է այն իրողությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է, որն առաջին հերթին վերաբերում է մարդուն, մարդու իրավունքներին ու ազատություններին։
Եվ մենք, մեր դիվանագիտությունը պետք է անենք առավելագույնը այս իրողությունը բանակցային գործընթաց ներմուծելու, այն ավելի ամրապնդելու ու դրա հիման վրա բանակցային գործընթացի տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոխելու համար։
www.lragir.am/2020/04/22/539821/