Մոսկվա. Նախիջեւանի ու Կարսի վերադարձը՝ լավագույն փրկագին – Նախիջեւանի ու Կարսի վերադարձը՝ լավագույն փրկագին
22.04.2020 | Մեկնաբանություն | Lragir.am:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հիշեցրեց հայկական կապիտուլյացիայի ռուսական պլանը՝ տարածքների վերադարձ անվտանգության ու կոմունիկացիաների դիմաց, որը Մադրիդյան տարբերակի այլասերված ինտերպրետացիան է: Մոսկվային կարգավորում որպես այդպիսին պետք չէ, որ կողմին էլ որ այն ձեռնտու լինի, կամ լինի «ոչ ոքի»: Պետք է այնպիսի վիճակ, որ Հայաստանին ու Ադրբեջանին կապած պահեն իրենց, գումարած՝ ռուսական զորքը Արաքսի ափին:
Այս սխեման առավել հստակ երեւում է ռուսաստանցի «պրոհայկական» վերլուծաբանների հրապարակումներում: Նրանք հենց դրա համար են պրոհայկական, որ այդ տարրական ճշմարտությունը հասցնեն հայերին. այն է՝ Մոսկվան դեմ է թե Արցախի անկախությանը, թե Հայաստանի հետ վերամիավորվելուն:
Թե տակն ինչ է մնում՝ դժվար չէ կռահել. Ղարաբաղը Բաքվին էլ չի կարելի լիովին ենթարկել, որովհետեւ այդ դեպքում Մոսկվան պետք չի լինի ոչ Բաքվին, ոչ էլ Երեւանին:
Թե ինչ արժեն ռուսական անվտանգության երաշխիքները եւ զորքի ներկայությունը Արաքսի ափին, երեւում է ոչ վաղ անցյալից՝ Կոլցո գործողություն, հայաբնակ շրջանների էթնիկ զտում Գանձակից մինչեւ Շահումյան, տասնյակ բնակավայրերի տեղահանություններ նախկին ԼՂԻՄ տարածքում:
Մոսկվային իհարկե «դաշնակցաբար» կարելի է հասկանալ՝ ցանկացած այլ պարագայում Մոսկվան ավելորդ է դառնում տարածաշրջանում, համենայնդեպս Մոսկվայում հենց այդպես են գնահատում իրավիճակը:
Զուր չէ, որ իր այդ հարցազրույցում Լավրովը գանգատվում էր Հայաստանից, թե դաշնակից լինելը միայն խոսքով չէ, այլ գործով, նկատի ունենալով գազի գնի հարցն ու ռուսական ընկերությունների դեմ քրեական գործերը: Հետաքրքիր հայտարարություն է, կարծես թե Լավրովը չէ իր պլանի հեղինակը, կամ ասենք ռուսական կողմը չէր ապրիլյան պատերազմին նախորդող շրջանում ուշացնում հայերի համար նախատեսված ու դրա դիմաց արդեն վճարված զենքը, կամ ռուսական կողմը չէ, որ պարբերաբար ձգում է գազի սեղմօղակը:
Սրանք փաստեր են, նման բաները չեն մոռացվում, հատկապես դաշնակցային հարաբերությունների պարագայում, որքան էլ տեղական կրեատուրան կայտառ ձայնակցի մոսկովյան մուննաթին:
Առավել եւս չի մոռացվում 100 տարի առաջ կատարված հանցագործությունը, երբ 1921 թ. անօրինական ռուս-թուրքական պայմանագրով օկուպացվեցին Հայաստանի տարածքները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն եւ Արարատը անցան Թուրքիային, Նախիջեւանը՝ Բաքվին: Երկու տարի անց անօրինական որոշումով Ղարաբաղը մտցվեց Ադրբեջանի կազմ:
Հայաստանի սոցիալ-տնտեսական, անվտանգային այսօրվա խոցելի վիճակը գալիս է հենց ռուս-թուրքական այդ համաձայնություններից, ընդ որում՝ Մոսկվան պարտադրված չէր գնալ այդ քայլերին, ինչպես հետագայում խոստովանել է թուրք դեսպանը՝ որ իրենք այդ տարածքները չեն ուզել Մոսկվայից:
Միեւնույն ժամանակ, այս ամենի հետեւանքով խոցելի վիճակում է հայտնվել նաեւ Ռուսաստանը, ինչը հատկապես ընդգծվեց ապրիլյան պատերազմից հետո: Թուրքական թափանիվը կանգնեցնելու պրիմիտիվ սխեմաներն այլեւս չեն աշխատում, կամ ավելի ճիշտ՝ աշխատում են Ռուսաստանի դեմ, որի ականատեսն ենք ներկայում:
Ղարաբաղում հայկական տարածքների պահանջներ ու Հայաստանին մուննաթներ ներկայացնելուց առաջ, քանի դեռ ուշ չէ, Ռուսաստանը պետք է մտածի 100 տարի առաջ գործած իր սխալն ու անօրինականությունն ուղղելու մասին, հանուն նախեւառաջ իր անվտանգության: Այդպիսով կհաստատվի իրական հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը:
www.lragir.am/2020/04/22/539703/