ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանից ակնարկ ու հիշեցում Մոսկվային – Հայաստանից ակնարկ ու հիշեցում Մոսկվային
24.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
Վարչապետն Արցախի հարցի առնչությամբ նախկինում արած հայտարարություններին որեւէ բան ավելացնելու եւ սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում, Ազատություն ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հայտնել է վարչապետի աշխատակազմը:
Խոսքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմուկ հանած հայտարարությունների մասին է: Վարչապետի աշխատակազմը նշել է, որ Հայաստանի արտգործնախարարությունն այդ կապակցությամբ տվել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները:
Ինչպես հայտնի է, ի պատասխան Լավրովի խոսքերի, որ կարգավորման գործընթացում քննարկվում է փուլային տարբերակ, Հայաստանի արտգործնախարարությունը նշել է, որ Երեւանը չի քննարկում որեւէ փաստաթուղթ, Երեւանի համար առաջնային է կարգավիճակի հարցը, իսկ տարածքները Արցախի անվտանգությունն են, պաշտպանական գիծ, որը չի կարող լինել զիջման ենթակա:
Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, այդ մասին հայտարարել է նաեւ ԱԳՆ խոսնակը Կոմերսանտ պարբերականի հարցին ի պատասխան:
Վարչապետի աշխատակազմը փաստացի ակնարկում է նաեւ, որ Երեւանը կարիք չունի ՌԴ արտգործնախարարի մակարդակով արված հայտարարությանը արձագանքել դրանից ավելի բարձր մակարդակով:
Միաժամանակ, Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությունների շարքում առանցքայինը թերեւս այն է, ինչ նա ասել էր, ի դեպ, 2018 թվականին Լավրովի արած մեկ այլ աղմկոտ հայտարարությունից հետո:
Լավրովը 2018-ի հուլիսի վերջին դժգոհություն էր հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործի եւ կալանքի կապակցությամբ: Դրանից օրեր անց Նիկոլ Փաշինյանն իր մեծ ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն ունի Ադրբեջանի ագրեսիան կանխարգելելու բոլոր հնարավորությունները, եւ եթե ադրբեջանական ագրեսիան չի կանխարգելվում եւ լինում է պատերազմ Հայաստանի կամ Արցախի դեմ, ուրեմն այդպես է ուզել Ռուսաստանը:
Պատերազմի քաղաքական պատասխանատվության հարցը ՌԴ առաջ դնելն ու ռազմավարական դաշնակցության առանցքային պայմանը հիշեցնելը կարեւոր է պատերազմից հետո պոստֆակտում հիշեցնելու անհրաժեշտության առաջ չկանգնելու համար, ինչպես եղավ ապրիլյան քառօրյայի պարագայում:
Միաժամանակ, այդ պատասխանատվության շեշտադրումը ամբողջացնում է մնացյալ քաղաքական նշաձողերը, որ կարգավիճակի, Արցախի լիիրավ մասնակցության եւ անվտանգության պաշտպանական բնագծի առումով սահմանել է Երեւանը:
24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
www.lragir.am/2020/04/24/540345/