ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ – Լավրովի բոլոր բանաձևերը Լենին-Աթաթուրք բանաձևերն են, իրենք հավատարիմ են դրանց
23.04.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը
Երկու օր առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանականցությունների սեղանին դրված է փուլային տարբերակ, որին անմիջապես արձագանքեց Հայաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ որևէ փաստաթուղթ սեղանին չկա: Բացի այդ, Լավրովը նշեց, որ Հայաստանում ռուսական ընկերությունների մասով քրեական գործեր կան և Հայաստանը որպես դաշնակից իրեն չի արդարացնում: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, ի՞նչ կա Լավրովի հայտարարությունների տողատակում:
Երկու մասի պետք է բաժանենք նրա հայտարարությունները. առաջինը դա անկյուն քշված, տնտեսական, ֆինանսական, քաղաքական հալածանքների ենթարկված, Արևմուտքի կողմից պատժված Ռուսաստանի հիստերիկ վարքագիծն է: Այդ հիստերիկան պետք է դատարկվի ինչ-որ տեղ, իրեն ծեծում են, ինքն էլ թիրախ է փնտրում վրեժ լուծելու համար:
Նրանք, որոնք իրեն պատժում են վատ վարքագծի համար, ինքը նրանց չի կարող պատասխան հարված տալ, վախենում է նրանցից, ուրեմն ինքը թիրախ է փնտրում իրենցից ավելի թույլին, որ ծեծի ու հանդարտվի, լիցքաթափվի: Այսինքն առաջին պատճառը քաղաքական է:
Երկրորդը այն է, որ Ռուսաստանը չի հաշտվում այն մտքի հետ, որ իր դրածոներին Հայաստանում ազդեցիկ լինելուց վտարում են: Այսինքն հեղափոխությունը Հայաստանում ինչի դեմ որ տեղի ունեցավ, դա հենց ռուսականն էր: Գաղութատիրոջ դեմ, գաղութային կարգերի դեմ էր հեղափոխությունը:
Կոռուպցիան, մոնոպոլիաները, խտրականությունը հարաբերություններում, այն, ինչ որ կա Ռուսաստանում, այդ բոլորի մանրակերտը կար Հայաստանում: Հայաստանում դրա վերջը տրվեց հեղափոխությունով: Ռուսաստանն անզոր լինելով ինչ-որ ժամանակ լռում էր կամ ընդամենը փորձագետների մակարդակով հայտնում էր իր դժգոհությունը:
Բայց չի կարող նա թույլ տալ, որ ՀՀ-ում շարունակվի այդ հեղափոխությունը, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, իշխանության հաշվետվողականությունը: Այդ ամենը վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար և Ռուսաստանն արձագանքում է, դա ինքնապաշտպանություն է:
Նա չի ուզում, որ այս ազատության, ժողովրդավարության վարակը տարածվի նաև իր ազդեցության գոտում գտնվող մյուս երկրներում, օրինակ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և բուն Ռուսաստանում:
Դրա համար ինքն ուզում է պատժել հեղափոխականներին և ուզում է հուսադրել յուրայիններին, որ մենք ձեզ անտեր չենք թողել, մենք ձեզ կպաշտպանենք, մենք հետևողական ենք լինելու: Մեր շահերը և ձեր շահերը համընկնում են, և մենք ձեզ պաշտպանելու ենք, այո, ազատելու ենք կոռուպցիոներներին, կստիպենք ՀՀ իշխանություններին, որ շեղվեն իրենց ընտրած ուղուց, կստիպենք բաց թողնել կոռուպցիոներներին, և իրենք էլ բռնեն այդ ուղին, նմանվեն իրենց:
Պետք է իմպերիայի այդ փոքր հատվածը շատ տարբեր չլինի մետրոպոլիայից: Պետք է Հայաստանն աստիճանաբար վերադառնա իր հունը, որը նախանշել էր ռուսական իմպերիան: Չմոռանանք, որ նաև Արցախի հարցն է բարձրացվում որպես շանտաժ:
Լավրովը խոսեց նաև գազի գնի մասին՝ ակնարկելով, որ գազի թանկացման հարցում իրենց մոտեցումները, կարծես, չեն փոխվել: Ձեր կարծիքով` որքանո՞վ էին նրա հայտարարությունները համաչափ:
Հիմա նրանք ասում են՝ մենք նեղության մեջ ենք, մեզ պատժում են, մենք ֆինանսական, սոցիալական պրոբլեմներ ունենք, դուք հենց հենց դրա համար եք որպես գավառ, որ մեզ օգնեք, դուք պարտավոր եք մեզ օգնել: Ասում են՝ դուք պետք է կիսեք մեզ հետ մեր դժվարությունները: Ասում են՝ նախկինում, երբ գազի գինը բարձր է եղել, մենք ձեզ ընկալելի գներով ենք գազ տվել, հիմա էլ դուք պետք է օգնեք մեզ:
Ամբողջ բանաձևը դրա մեջ էր: Ես կարծում եմ, որ այստեղ կեղծիք կա, իրականում այն ժամանակ էլ Հայաստանին վաճառվող գազը թանկ է եղել: Մեզ ասում են՝ մենք այն ժամանակ կարող էինք բարձրացնել գազի գինը, չենք բարձրացրել, քանի որ մենք այն ժամանակ ուժեղ էինք, հնարավորություն ունեինք, ձեզ օգնել ենք, ձեզնից քիչ ենք վերցրել գազի գինը, իսկ հիմա թույլ ենք, ու հիմա թող թանկ լինի, հիմա էլ թող հետ գա այն փողը, որ մենք ձեզ նվիրել ենք:
Ուզում է ասի՝ մեր նվիրած փողի մի մասը հետ տվեք: Ասում է՝ շնորհակալություն ասեք մեզ ու հետ տվեք այն, ինչ մենք նվիրել էինք: Սա և նեղացածություն է, և ընդհանուր քաղաքականությունն է: Գլխավորն, իմ կարծիքով, այն է, որ նրանք աստիճանաբար ապահարզան են տալիս, քանի որ հասկանում են, որ Հայաստանի հետ այլևս չեն կարող խոսել այնպես, ինչպես ուզում են:
Հայաստանում իրենք այլևս գործընկեր չունեն իշխանության մեջ, դրա համար մուննաթով են խոսում: Հայաստանի իշխանությունն իրենց գործընկերը չի և շատ հնարավոր է, որ սա, այսպես ասած, հրաժեշտի ուղերձ է: Ասում են՝ մենք ձեզնից նեղացած ենք գնում, դուք եք մեղավոր, որ մենք ձեզնից հեռանում ենք:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում Արցախի վերաբերյալ նրա գնահատականները:
Ընդհանրապես, Արցախի իրենց բոլոր բանաձևերը տվել են Լենինն ու Աթաթուրքը, Ստալինն ու Տրոցկին: Նրանք հավատարիմ են այդ բանաձևին: Մյուս բոլոր բանաձևերը, որոնք չեն բխում, չեն կրկնում Լենին-Աթաթուրք-Ստալին-Տրոցկի բանաձևերին, հակառուսական են: Լավրովի բոլոր բանաձևերը Լենին-Աթաթուրք բանաձևերն են, իսկ եթե դրանք չեն, նշանակում է՝ դրանք արդեն հայկական են, հայանպաստ են:
Ու իրենց սրտով չի, որ փոխվել է Հայաստանի կարգավիճակը, Արցախի կարգավիճակը, դա իրենց պարտադրվել է: Պարտադրել է Հայաստանը, հայ ժողովուրդը, ՀՀ զինված ուժերը և Հայաստանի դաշնակիցները: Իսկ դրանք այն ուժերն են, որոնք ճանաչում են Հայաստանի ժողովրդավարական, ազատ, ինքնիշխան պետություն լինելը, պաշտպանության, ազգային շահեր ունենալու իրավունքը:
Այդ երկրները վռնդում են Ռուսաստանին: Հիմա դա վռնդված, հեռացված, նեղացած Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և ուղերձն է, հարկավոր է դրան դիմանալ:
24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
www.lragir.am/2020/04/23/540299/