ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայկական հարցը կծիկի թելն է. բավական է քաշել, եւ այն քանդելու է կամ Թուրքիայի, կամ Ռուսաստանի ամբողջությունը
25.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
“THE ARMENIAN CAUSE IS A CAUSE OF JUSTICE” CATHOLICOS ARAM I –
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J’EXIGE
Թուրքիայի արտգործնախարարությունը դժգոհություն է հայտնել ապրիլի 24-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձից, թեեւ ուղերձում բացակայում է ցեղասպանություն հասկացությունը, եւ Թրամփը հերթական անգամ խոսում է Մեծ եղեռնի մասին:
Թուրքիայի դժգոհությունն այդուհանդերձ հատկանշական է, եւ պայմանավորված է ոչ միայն լոկ հստակ ռազմավարությամբ, որ ունի այդ երկիրը հայերի ցեղասպանության վերաբերյալ միջազգային որեւէ անդրադարձին: Թուրքիան մերժում, ժխտում եւ դժգոհում է այդ կապակցությամբ ամեն ինչից, անկախ ցեղասպանություն եզրի կիրառումից կամ բացակայությունից:
Սակայն, այդ հանգամանքը մեծ հաշվով նաեւ բնորոշում է այն վիճակը, որում հայտնվել է Թուրքիան, եւ որն էլ հենց պայմանավորում է մարտավարությունն առնվազն: Բանն այն է, որ Անկարան հիանալի է պատկերացնում՝ հայկական հարցը մշտապես կախված է լինելու Թուրքիայի գլխին, անկախ ցեղասպանություն եզրի օգտագործումից, անկախ ճանաչումից կամ չճանաչելուց:
Հայկական հարցը լինելու է եւ Թուրքիայի գլխին կախված է լինելու այնքան, որքան կա Թուրքիան իր ներկայիս սահմաններով: Թուրքական վերնախավը հիանալի է պատկերացնում, որ Թուրքիայի համար հայկական հարց չի լինելու մի պարագայում՝ երբ չլինի Թուրքիան, առնվազն իր ներկայիս տեսքով:
Դրա պարզ խոստովանությունն էր դեռեւս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունը, որ հայկական հարցը կարող է պառակտել Թուրքիան:
Դժգոհությունը, որ Անկարան արտահայտում է օրինակ Թրամփի ուղերձից, պայմանավորված է հենց այդ խորքային հանգամանքով: Առավել եւս, որ չնայած ցեղասպանություն եզրի բացակայությանը, ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյա ուղերձի տողատակում կան հետաքրքիր ակնարկներ, օրինակ հայկական եւ սիրիական օգնության ամերիկյան Կոմիտեի գործունեության մասին, որն այլ բան չէ, քան ակնարկ հայկական հարցի մերձավորարեւելյան ընդգրկման վերաբերյալ: Այլ կերպ ասած, ԱՄՆ նախագահը մատնացույց է անում, թե ինչ շրջանակով է ԱՄՆ դիտարկում խնդիրը:
Իսկ դա Թուրքիայի համար ցավոտ շրջանակ է, նկատի ունենալով Անկարայի ներկայիս մերձավորարեւելյան հավակնությունը: Միաժամանակ, 2019-ի տարեվերջին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հայկական բանաձեւերի ընդունմամբ ցեղասպանության ճանաչման ակտը վկայեց, որ այդ դիտարկումներում ԱՄՆ-ն ունի գործնական տրամադրվածություն, եւ բանը լոկ հռետորաբանությունը չէ:
Հայկական հարցը Թուրքիայի ամբողջության կծիկի թելն է, որը բավական է փոքր ինչ քաշել, եւ այն ամբողջապես քանդելու է կծիկը, այլ կերպ ասած՝ Թուրքիան: Անկարայի համար բավական բարդացել է նաեւ այդ խնդիրը հարյուրամյա դաշնակցի՝ Ռուսաստանի օգնությամբ զսպելու գործը, մի շարք հանգամանքների բերումով:
Ու թեեւ Մոսկվան զերծ է մնում Անկարային հրապարակավ մերժելու քաղաքականությունից, այդուհանդերձ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում դրան չի մնում այլընտրանք, քանի որ հայկական հարցը կամ Թուրքիան է քանդելու՝ առնվազն սուբյեկտային ռազմավարության եւ դիրքային իմաստով, կամ նույն իմաստով քանդելու է Ռուսաստանը: Չի ստացվելու ԽՍՀՄ վերստեղծելու միջոցով այդ դիլեման հաղթահարելը:
www.lragir.am/2020/04/25/540792/