ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – Տիգրան Սարգսեան (1965-1991) Արցախեան Հերոսամարտի ռահվիրայ ազատամարտիկը
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – ՆԱԽՈՐԴԸ:
Յուշատետր
Տիգրան Սարգսեան (1965-1991)․
Արցախեան Հերոսամարտի ռահվիրայ ազատամարտիկը
27 Ապրիլ 2020
Ապրիլ 27ի այս օրը կը նշենք ծնունդը Արցախեան Ազատամարտի ակունքներուն կանգնած անմոռանալի մեր հերոսներէն Տիգրան Սարգսեանի, որ թէեւ միայն 26 տարի ապրեցաւ Հայաստան Աշխարհի տարածքին, բայց այնուամենայնիւ յաջողեցաւ իր անունին կապել արութեան եւ գերագոյն զոհաբերութեան այնպիսի անմեռ աւանդ, որ երբ ինկաւ մարտի դաշտին վրայ՝ կարողացաւ անձնական օրինակով անմահացնել մարգարէաշունչ իր այն պատգամը, թէ «իւրաքանչիւր մարդ պէտք է ապրի այնպէս, որ իր ազգի դէմքը հպարտ արտայայտութիւն ունենայ»։
Տիգրան Սարգսեան իր ծառայութեամբ կարողացաւ հպարտութեամբ լուսաւորել դէմքը իր ազգին։
Եւ որքան արդա՜ր ու իրա՛ւ է հպարտութիւնը անոր միակ որդւոյն՝ հերոսի նահատակութեան ժամանակ միայն չորս ամսեկան Արգիշտիին, որ իր անմահ հօր ծննդեան 50րդ տարեդարձին առիթով կը յայտարարէր․-
«Կարծում եմ՝ այսօր նրա տարեդարձի լաւագոյն նուէրն այն կը լինէր, եթէ մենք նրա գործը շարունակէինք կամ գոնէ պահպանէինք այն, ինչը նա սկսել էր: Չէ՞ որ ռազմահայրենասիրական դաստիարակութիւնն այսօր էլ է ակտուալ, իսկ հայրենասիրութիւնը զարգացած մարդու անհրաժեշտութիւն է»։
Տիգրան Սարգսեան ոչ միայն քաջարի մարտիկ էր եւ յանդուգն հրամանատար, ոչ միայն կազմակերպական տաղանդով օժտուած էր եւ գլխաւոր հիմնադիրներէն եղաւ «Տիգրան Մեծ» աշխարհազօրային գունդին, այլեւ Արցախեան Ազատամարտի փառապանծ մատեանին մէջ իր անկորնչելի պատուանդանը նուաճեց իբրեւ Գաղափարի Դաստիարակ՝ բառին բարոյական հեղինակութեան եւ անբասիր գաղափարապաշտութեան ազնուագոյն իմաստով։
*
* *
«Մեծն Տիգրան» աշխարհազօրային գունդի ռազմական խորհուրդի նախագահ Խ. Գալստեանի կը պատկանի հետագայ կենսագրականը Ազգի եւ Հայրենիքի մեծանուն Հերոսին․-
Տիգրան Սարգսի Սարգսեանը ծնուել է 1965 թ. Ապրիլի 27ին՝ Երեւանում։ 1982 թ.ին աւարտել է Երեւանի թիւ 162 միջնակարգ դպրոցը՝ գերազանց գնահատկաններով եւ օրինակելի վարքով։
1983 թ.ին զօրակոչուել է խորհրդային բանակ եւ ծառայութիւնն անցկացրել Լվովում տեղաբաշխուած Հայկ Բժշկեանի (Գայի) անուան «Երկաթեայ դիվիզիայում»։ Եղել է հրետանու հետախուզական ջոկատի հրամանատար։
1985 թ. զօրացրուել է եւ նոյն տարին ընդունուել Երեւանի Պետական Համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի երեկոյեան բաժանմունքը։ 1988 թ.ին սկսուած ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից էր։
1988 թ. Ապրիլ ամսին հիմնադրել է «Մեծ Հայք» հայրենասիրական կազմակերպութիւնը։ 1989 թ.ին իր զինակից ընկերների հետ՝ «Մեծ Հայք», «Ազատութիւն», «Նորք» հայրենասիրական կազմակերպութիւնների միացման շնորհիւ՝ ստեղծել է «Տիգրան Մեծ» ասոցացիան եւ ընտրուել խորհրդի անդամ։
1990 թ. Փետրուարի 15ին Տիգրան Սարգսեանի համահեղինակութեամբ յայտարարուեց հռչակագիր-ծրագիրը, որով սկիզբ դրուեց «Մեծն Տիգրան» աշխարհազօրային գնդի կազմաւորմանը, որ մարտական օրհնութիւնն ստացաւ Սիսիանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ՝ Տէր Տիրայր Սահրադեան քահանայի կողմից, իսկ ինքն ընտրուեց գնդի շտաբի պետ, ռազմական խորհրդի անդամ։
Վարժ տիրապետում էր զէնքի բոլոր տեսակներին, լեռնային եւ անտառային վայրերի մարտավարութեանը, ռազմական հետախուզութեան սկզբունքներին։ Առանձնակի պահանջկոտութիւն էր ցուցաբերում գնդի կամաւորների ընտրութեան հարցում՝ առաջնային համարելով մարտիկի բարոյակամային յատկանիշները։ Ստեղծել էր մարտիկների հանդերձաւորման, ուսուցման եւ պատրաստման կուռ համակարգ։
Մեծ ջանքեր էր ներդնում գնդի բարոյահոգեբանական մակարդակի եւ մարտունակութեան բարձրացման վրայ։
Այդ նպատակով Արայի լերան վրայ ստեղծել էր ռազմամարզական բազա, որտեղ աշխարհազօրայինները նախնական պատրաստութիւն էին անցնում լեռնային եւ անտառային վայրերի մարտավարութիւնից, ուսումնասիրում աշխատանք, ինժեներական եւ կապի պատրաստութիւններ։
Մասնակցել է Երասխաւանի, Վայքի, Սիսիանի, Խնձորեսկի, Կոռնիձորի, Նոյեմբերեանի պաշտպանական մարտերին։
1990 թ.ին մշակել եւ իրականացրել է հիւսիսային Արցախի Շահումեանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գիւղերի ինքնապաշտպանական մարտերը։ Նրա ծրագրով այնտեղ կառուցուել էր հզօր եւ հակառակորդի կողմից անխոցելի ռազմական բազա, որտեղից իրականացւում էին գրոհային գործողութիւնները։
1990 թ. Նոյեմբերին ընտրուել է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամաւոր, աշխատանքներն անցկացրել իրաւաբանական յանձնաժողովի կազմում։
1991 թ. Նոյեմբերի 30ին հակառակորդի Թոդան գիւղի կրակակէտների վերացման գործողութեան ժամանակ ծանր վիրաւորուել է ականի պայթիւնից։
Զոհուել է 1991 թ. Դեկտեմբերի 9ին Էրքեջում։
Տիգրան Սարգսի Սարգսեանը Արցախեան Ազատամարտի զինուած պայքարի կազմակերպման հիմնադիր առաջամարտիկներից էր եւ տաղանդաւոր ղեկավարը, հայ ազգի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման, ինքնիշխան պետութեան եւ ազգային բանակի ստեղծման ջատագովը։
1996 թ.ին, Հ․Հ․ անկախութեան հռչակման 5րդ տարեդարձի առթիւ, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան եւ Արցախի ազատագրման պայքարում ունեցած բացառիկ դերի համար՝ Տիգրան Սարգսի Սարգսեանը պարգեւատրուել է 1ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանով՝ յետ-մահու։
*
* *
Ահա՛ ծաղկաքաղ մը Տիգրան Սարգսեանէն ներշնչուած եւ Հերոսին մասին իր հարազատներու, մարտական ընկերներու եւ դասախօսներու խորհրդածութիւններէն ու վկայութիւններէն՝
– «Հայ ազգի մէջ, երբ դանակը հասնում է ոսկորին, միշտ էլ հերոսներ են յայտնւում․ սակայն իրականում դա ուրախանալու եւ հպարտանալու առիթ չէ:
Պատմութիւնն ապացուցում է, որ իրական զարգացումը կայուն զարգացումն է, ուստի մենք երբեք չպէտք է թողնենք, որ դանակը հասնի ոսկորին: Մեզանից իւրաքանչիւրը պէտք է հայրենասէր լինի իր չափով: Կարելի է սկսել ամենահեշտից` անել թէկուզ փոքրիկ, առօրեայ մի բան, որով կարող ես նպաստել քո երկրի զարգացմանն ու կայունացմանը»,- ասում է Արգիշտին:
– «Իւրաքանչիւր մարդ պէտք է այնպէս ապրի, որ իր ազգի դէմքը միշտ հպարտ լինի. նրա ողջ գիտակցական կեանքն ու գործունէութիւնը կարելի է խտացնել այս նախադասության մեջ, որ նա գրել էր իր աշխատանքային տետրում»,- ասում է Արա Սարգսեանը` ազատամարտիկի եղբայրը:
– «Բացի անվախ ու հմուտ կռուող լինելուց` նա նաեւ շատ լաւ ընկեր էր, նրբազգաց մարդ,- ասում է «Մեծն Տիգրան» աշխարհազօրային գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչիկ Գալստեանը:- Յիշում էր գնդի բոլոր տղաների ծննդեան օրերը, շնորհաւորական նամակներ ու ծաղիկներ էր ուղարկում նաեւ իր զինակիցների մայրերին:
Սիրում էր կրկնել` «Պատերազմի ժամանակ հայրենիքը ժողովրդինն է, Աստուած չանի, որ պատերազմից յետոյ այն նորից մի քանիսինը դառնայ»: Ես ցանկանում եմ, որ երբեք պատերազմ չտեսնէք, բայց ամէն ինչ անէք, որ խաղաղ պայմաններում էլ այս հայրենիքը ձերը լինի»:
– «Որպէս դասախօս եւ դեկանի տեղակալ՝ ես անմիջական առնչութիւն եմ ունեցել Տիգրան Սարգսեանի հետ: Յիշում եմ՝ նա յաճախ էր բացակայում դասերից, եւ երբ մի անգամ նրան հարցրի պատճառը, ոչինչ չպատասխանեց:
Յետոյ նրա ընկերներից իմացայ, որ դասի չգալու պատճառը Արցախում կամ սահմանում լինելն է: Դա իսկապէս բնութագրական քայլ էր մեծ մարդու համար»,- իր տպաւորութիւններն է ներկայացնում Իրաւագիտութեան Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինեանը:
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ