ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Պայքարը «ներքին թշնամիների» դէմ. Էրմանիստանի ուրուականը

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – ԱԶԳԱԳՐԱԳԵՏ

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Պայքարը «ներքին թշնամիների» դէմ. Էրմանիստանի ուրուականը

30.04.2020 | Մեկնաբանություն | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ – //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

1923ի Յուլիսի 24ի Լոզանի հաշտութեան պայմանագրով վերջապէս հաստատուեցին նոր Թուրքական Հանրապետութեան սահմանները, Թուրքական Հանրապետութիւնը ճանաչուեց միջազգայնօրէն: Երկրում տեղի էին ունեցել ահռելի քաղաքական եւ ժողովրդագրական փոփոխութիւններ: «Հակաիմպերիալիստական-ազատագրական» անուանուած պատերազմը, որն իրականում «պատերազմ էր հայկական եւ յունական փոքրամասնութիւնների դէմ»[i], աւարտուել էր ռազմական գործողութիւնների մասով եւ հայերի ու յոյների համարեա լիակատար դատարկմամբ, բայց սկսւում էր ներքին պատերազմը՝ այն, ինչ Մուստաֆա Քեմալն անուանում էր երկրի վերակառուցում:

Երկիրն, այո, հայերի եւ յոյների ֆիզիկական առկայութիւնից համարեա դատարկուել էր, բայց մահեդական բնակչութեան ուղեղում Էրմանիստանը շարունակում էր մնալ Էրմանիստան, որը լցուած էր հայերի ուրուականներով, իսկ թուրքերն այդպէս էլ շարունակում էին անցանկալի համարել այդ տարածքում ապրելը: Կրկին իշխանութեան անցած երիտթուրք յանցագործները փորձում էին Էրմանիստանը թրքացնել բալկաններից փախած եւ տեղափոխուած թրքախօս նոր բնակչութեամբ, բայց նոյնիսկ նրանք էին խուսափում հայերի ոսկորներով հարուստ, նիւթապէս աղքատ, հայերի վերացումով աւելի աղքատացած այդ տարածքից:

Ամէն ինչից զատ հիմայ արդէն այդ տարածքը տնօրինող քրդերը այստէղ բնակեցուող թուրքերին թշնամաբար էին վերաբերում՝ ամէն կերպ ցոյց տալով, որ դա իրենց՝ քրդերի, ոչ թէ թուրքերի հայրենիքն է: Քեմալի հայրենիքի ազատագրմանը, իսկ իրականում հայերի եւ յոյների դէմ պատերազմին եւ կոտորածներին միացած քրդերը ոչ միայն ձեռնունայն էին մնացել, այլեւ դարձել էին անցանկալի եւ հիմայ նրանք «ներքին թշնամի էին»:

Համարւում էր, որ քրիստոնեաներն արդէն կազմում էին երկրի բնակչութեան ընդամէնը մէկ տոկոսը, չնայած ոչ ոք ըստ էութեան չէր կարող ասել, թէ իրականում ինչքան հայ կամ յոյն էր մնացել երկրում: 1920ականների սկզբներին համարւում էր, որ հայերի մի փոքր խումբ է միայն մնացել՝ Կ.Պօլսում: Այժմ, իհարկէ, այդ խնդիրը վերանայւում է: Այսօր արդէն շատ բան է յայտնի գաւառներում մնացած եւ յաճախ գաղտնի գոյատեւող հայերի մասին: Բայց 1923ին դեռեւս պատկերացումներ չկային գաւառների մասին եւ մամուլը գրում էր միայն Պօլսահայերի մասին:

Անցած երեք տարիներին ներքին յարաբերութիւններում ամէն ինչ արուել էր հայերի ու յոյների նկատմամբ բնակչութեան ատելութիւնն անսահման մեծացնելու: Այնտէղ, որտեղ հայերի մնացորդներ դեռ կային, հենց տեղերում էլ լուծում էին նրանց դուրս մղելու հարցերը: Օրինակ, Ֆրանսիացիների գնալուց յետոյ Այնթապում, ըստ տեղեկութիւնների, դեռեւս մնացել էին 3.500 հայեր: «Ղազի Անթեպ» թերթը 1922ի Նոյեմբերի 9ի համարում «Հեռու մեզնից» յօդուածով հայերին առաջարկում է դուրս կորչել քաղաքից: Երկու ամսից, 1923ի Յունուարին, հայերն արդէն «դուրս էին կորել», մնացել էին միայն մի քանի ընտանիք: Նրանց, իհարկէ, «օգնում էին դուրս կորչել»՝ սպանելով, ծեծելով, վախեցնելով:

GÉNOCIDE ARMÉNIEN – LE DÉNI EST LE DERNIER ACTE D’UN GÉNOCIDE

Հիմայ արդէն պատժուելու խնդիր առհասարակ չկար, իսկ ատելութեան չափաբաժինը շատ մեծ էր: Հաւանաբար այդ տարիներին է, որ Այնթապում մնացած հայերի մնացորդները վերջնականապէս մահմեդականացել են՝ համալրելով 1915ին մահմեդացածների շարքերը: Ծագումով այնթապցի թուրք հետազօտող Մուրաթ Ուչաները գրում է, որ «Այնթապ նահանգին մէջ կ՚ապրի 2 միլիոն քաղաքացի, որուն միայն 5 առ հարիւրը բնիկ այնթապցի է։ Եւ այդ 5 առ հարիւրին գրեթէ կէսը (այսինքն՝ 50 հազարը) կը կազմեն իսլամացած հայերը։ Սակայն անոնց մեծ մասը կը մերժէ իր հայկական ծագումը՝ ըսելով «Մենք իսլամ թուրք ենք»։ Շուրջ 25 հազար իսլամացած հայ կ՚ապրի Այնթապի կեդրոնը, իսկ Նիզիփի եւ Պիրեճիքի բնակչութեան մէկ երրորդը բաղկացած է կրօնափոխ հայերէ»[ii]։

Գաւառներում ոչ միայն իսլամաց(ու)ած, այլ նաեւ թաքնուած քրիստոնեայ հայեր էին մնացել, որոնց մասին տեղեկութիւններ կա՛մ չկային, կա՛մ՝ կային միայն տեղական բնակչութեան միջավայրում: Նրանք ամէն կերպ թաքնւում էին իշխանութիւններից եւ դեռեւս ապրելու տեղ էին փնտռում: Քաղաքներում, յատկապէս Կ.Պօլսում կրքերը դեռ եռում էին, թուրքական մամուլը շարունակում էր հեղեղուած մնալ «դաւաճան հայերի» մասին յօդուածներով եւ հայերի «ստորութիւնների մասին» նորանոր «տեղեկութիւններով»:

Մի կողմից կարող է տարօրինակ թուալ, որ այդ քարոզչութիւնը ոչ մի կերպ չէր նուազում, քանի որ հայերի ֆիզիկական ներկայութիւնից ազատուել էին, բոլոր յանցագործներն ազատուել էին պատժից եւ նոյնիսկ պարգեւներ ստացել, հայերից թալանուած ունեցուածքը «արդարացիօրէն» իւրացուել էր, յանցագործներից շատերը նոր բարձր պաշտօններ էին ստացել, հայերի վրէժխնդրութեան տագնապը վերացել էր: Մյոս կողմից Պօլսում դեռ զգալի հայկական ֆինանսա-տնտեսական կապիտալ կար, ինչի իւրացումը գրգռում էր նոր ձեւաւորուող եւ ձեռնարկատիրութեանն անծանօթ ազգային՝ թուրք գործարարների ախորժակը:

Բացի այդ, երկրում մնացած փոքրաթիւ հայերին պէտք էր հասկացնել, որ Լոզանի խորհրդաժողովով նախատեսուած իրաւունքների նկատմամբ մեծ յաւակնութիւններ չպէտք է ունէնալ, որ փախած հայերը չպէտք է վերադառնալու եւ կորցրած գոյքի յաւակնութիւններ ունէնան, իսկ մնացածներն էլ պէտք է պարզապէս մոռանան իրենց հայկական ինքնութիւնը եւ կորցրած սեփականութիւնը: Մոռանան եւ թուրք դառնան: Բայց յստակ չէր թուրք դառնալու ճանապարհը:

Սեւրի Պայմանագրի յիշողութիւնը թուրքական հանրապետութեան ղեկավարներին հանգիստ չէին տալիս: Նրանց յաջողուեց պահել երկրի միջուկը եւ աւելացնել Արեւելահայաստանի հաշուին, բայց նախկին կայսրութեան բեկորների վրայ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրասիայի մանդատային իրաւունքով ծնուել էին Իրաքը, Յորդանանը, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը… Այս երկրներին սահմանակից տարածքներում Թուրքիան շատ արաբախօս բնակչութիւն ունէր եւ դա վտանգի ներշնչման աղբյոր էր: Միաժամանակ մեծ գլխացաւանք էր, որ այստէղ էին կուտակուել պաշտօնապէս «աքսօր» կոչուող տեղահանութեան ընթացքում փրկուած հայերի մնացորդների զգալի մասը:

Քրդերը… նրանք շատ էին, նրանց խոստացուել էր, որ Թուրքիան իրենց հայրենիքն է եւ իրենք հայերի եւ յոյների դէմ պայքարում նրանց կոտորում էին յամատէղ թուրք-քրդական հայրենիքի համար: Մի կողմից նրանց «գլուխը լցուել» էր Սեւրի Պայմանագրով համարեա հաստատուած Քրդստանի յոյսերով, մյոս կողմից քուրդ աշիրէթապէտերը չէին մոռացել Քեմալի կողմից խոստացուած թուրք-քրդական ընդհանուր մահմեդական պետութեան գաղափարը: Թէ՛ հայկական իթթիհատական յանցագործութիւններում, թէ՛ «ազատագրական» պայքարում՝ հայերի ու յոյների երկրորդ ջարդերում նրանք լիովին «վաստակել» էին երկրին առնուազն թուրքերի հետ միասին տէր լինելու իրաւունքը: Իրականում Էրզրումում ստորագրուած յայտնի փաստաթղթի բոլոր կէտերն իրականացուել էին, բայց այդ փաստաթղթում քրդերի մասին ոչինչ չկար:

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)

«Փոքր Ասիայի Արեւելեան վիլայէթները, Տրապեզոնի վիլայէթը եւ Ջանիկ սանջակը» մնացել էին Թուրքիայի Հանրապետութեան կազմում, այդ տարածքներում մնացած մահմեդականները կարող էին, ինչպէս եւ Էրզրումի պյամանագրում միմեանց խոստացել էին, «համակուած <մնալ> փոխանդարձ յարգանքի եւ ինքնազոհաբերութեան նոյն զգացմունքներով, եւ <իրենց> ապրելու վայրի պայմանների եւ էթնիկական ու հասարակական դիրքի հաշուառումով՝ իրենց համար<ել> նոյն ծնողներից սերուած եղբայրներ», «Մեր (մահմեդականների – Հ.Խ.) տարածքների ցանկացած գրաւում, որեւէ միջամտութիւն մեր գործերին դիտարկ<ել> որպէս յունական կամ հայկական համայնքների ստեղծման միտում, <եւ այդպիսի դէպքի համար> առաջ քաշել ինքնապաշտպանութեան եւ փոխադարձ օժանդակութեան սկզբունքը», «երբեք թոյլ <չտալ>, որ յոյներն ու հայերը ձեռք բերեն մահմեդականների իրաւունքին եւ օսմանեան ինքնիշխանութեանը սպառնացող դիրք եւ նիւթական եւ բարոյական հնարաւորութեան բոլոր ձեւերով պաշտպանուել <իրենց> հայրենիքը վնասելու յոյների եւ հայերի բոլոր ձեռնարկումներից»:

Սրանք բոլորն արդէն արուած էին մեծ յաջողութեամբ եւ կարող էին արուել «նոր սպառնալիքների» դէպքում: Ամէն ինչ իդէալական էր, ձեւական իմաստով խախտուած էր միայն մէկ պայման: Էրզրումում համաձայնութեան եկողները յաւելել էին, որ «իրենց ցանկութիւնը» «Արեւելեան Անատոլիայի յամատէղ գործունէութեան ապահովումն է, <…> որի նպատակը կը լինի օսմանեան սուլթանի սրբազան խալիֆայութեան եւ գահի հետ կապերի պահպանութիւնը»[iii]:

Արեւելեան Անատոլիայի յամատէղ գործունէութեան նպատակը՝ Օսմանեան սուլթանի սրբազան խալիֆայութեան եւ գահի հետ կապերը խաթարել էր Մուստաֆա Քեմալն ինքը՝ 1922ին Նոյեմբերի 2ին «սուլթանութիւնն» ու «խալիֆայութիւնը» միմեանցից անջատելով եւ նախ՝ «սուլթանութիւնը», ապա «խալիֆայութիւնը» լուծարելով: Ազգային Մեծ Ժողովի Նոյեմբերի 1ի ելոյթում Մուստաֆա Քեմալը խալիֆ եւ սուլթան Վահիդեդդինին մեղադրել է Թուրքիայի անկախութեան վաճառքի, «թուրք ազգի ստրկացման», «թուրք ազգի պատուի եւ արժանապատուութեան նուաստացման» եւ այլ արարքներում[iv]:

Սուննի մահմեդականութեան հաւաքականութեան հենասիւնը՝ խալիֆը նուաստացրել է «թուրք ազգի» պատիւն ու արժանապատւութիւնը՝ դժուար է պատկերացնել «թուրք ազգի» հետ խալիֆայութեամբ կապուած կայսրութեան ոչ թուրք սուննի մահմեդականների ստացած հարուածը: Երեք ամիս անց, 1923ի Մարտի 1ին Մուստաֆա Քեմալը ջախջախիչ ելոյթ է ունեցել իսլամը որպէս քաղաքական գործիք օգտագործելու դարաւոր աւանդոյթի դէմ՝ պահանջելով կրօնական արժէքները փրկել զանազան մութ նպատակներից: Օրինակ՝ իր նման ոչ թուրք մահմեդականների հետ միասին «մահմեդական պետութիւն» կառուցելու խօստումից:

Մարտի 3ին Ազգային Մեծ Ժողովը օրէնք է ընդունել խալիֆայութիւնը վերացնելու, վերջին խալիֆին եւ Օսմանեան դինաստիայի բոլոր անդամներին Թուրքիայից աքսորելու մասին: Չնայած այդ որոշումների դրական հետեւանքներին՝ Շարիաթային դատարանի վերացմանը, կրթութիւնն ու գիտութիւնը Կրթութեան նախարարութեանը յանձնելը եւլն, սա, ըստ էութեան վերացնում էր քրդերին թուրքերի հետ «կապող» օղակը:

«Ազատագրական» կամ «անկախութեան» կոչուող պատերազմին մասնակցած քրդերի ընդհանուր «մահմեդական հայրենիքի» մասին պատկերացումները քայլ առ քայլ ոչնչանում էին՝ նուազեցնելով նաեւ նրանց պատկերացրած «առանձնայատուկ իրաւունքները»: Չկայ խալիֆայութիւն՝ չկայ «մահմեդական հայրենիք», չկան «նոյն ծնողներից սերուած զաւակներ»: Հիմայ արդէն «սուննի իսլամը» նոր որակ կը ստանայ, եւ կը ծառայի ի՛ր՝ Քեմալի քաղաքական նպատակներին: Քրդերի ոտքի տակի հողը սահում էր: Իսկ առջեւում դեռ Լոզանի Պայմանագիրն էր, որով քրդերի պատկերացրած «Քրդստանի» մի մասն անցնելու էր Իրաքին եւ Սիրիային:

Հիմայ քրդերը հասկանում էին, որ կառուցւում է բացառապէս «թուրքական պետութիւն»՝ «թուրքական հայրենիքում», որ հայերի եւ յոյների ջարդերից եւ ասպարէզից վերանալուց յետոյ իրենք ընկալւում են Թուրքիայի Հանրապետութեան ամէնամեծ փոքրամասնութիւն, եւ որ իրենք իրենց սոսկական գոյութեամբ արդէն սպառնալիք են երկրի թրքացման ճանապարհին, ուրեմն արդէն իսկ թշնամի են: Յիրաւի, չուշացան նաեւ գործողութիւնները՝ 1920ին մէկը մյոսի յետեւից ստեղծուած քրդական հասարակական կազմակերպութիւնները (քուրդ սպաների «Ազադի» միութիւնը, «Քրդական կուսակցութիւնը», «Քրդական արմատական կուսակցութիւնը») ջախջախուել եւ օրէնքից դուրս էին յայտարարուել[v]:

Հիմայ արդէն բոլորին պարզ էր, որ Օսմանեան կայսրութեան բնակչութեան ինքնութեան բաղադիչների կառուցման երիտթուրքերի փնտրտուքի եռամիասնութիւնից՝ օսմանիզմ (Osmanlılık), իսլամիզմ/սուննիզմ (İslamiyet), թուրքիզմ (Türkçülük-Türkçülüğ) Քեմալն իրականացնում էր վերջինը: Թիւրքչիւլուկը ձուլման յաւակնութիւն էր արդէն նաեւ երկրի ոչ թուրք մահմեդականների, առաջին հերթին քրդերի ու արաբների նկատմամբ: Հիմայ արդէն քրիստոնեաներ համարեա չկային, իսլամիզմ/սուննիզմի կարեւորութիւնը երկրորդւում էր, թուրքերի եւ քրդերի մեծ մասը դեռ «թուրք» եւ «քուրդ» չէին, «սուննի մահմեդական» էին, եւ ինչքան շուտ թուրքերին «թրքութիւն» ներշնչեն, «սուննիզմին» թուրքական հագուստ հագցնեն, այնքան կը մօտենայ «թիւքչիւլուկ»ը:

Քրդերը կառչելու բան չունէին: Ազգային Մեծ Ժողովի քուրդ պատգամաւորները Քեմալի կողմից ընտրուած ձեռնասուն քրդերն էին, որոնց նպատակն այժմ քրդերի թուրքական ենթակայութիւնն ապահովուելն էր: Գուցէ եւ քրդերի համար դա վատ հեռանկար չէր, բայց նրանց մի մասի մօտ արդէն արթնացել էր ինքնուրոյնութեան գաղափարը եւ էթնիկական ինքնութեան զգացումը, «թուրքական ինքնութիւնը» յարուցում էր «քրդական ինքնութիւն». քրմանջախօս եւ զազախօս ցեղախմբերին շատ աւելի վաղ էին «քրդական» հաւաքականութիւն ընկալում, որով «քրդական», ինքնութիւնը կարող էր մրցակցել ձեւավորուող «թուրքական»ի հետ: Քրդերը վիրաւորուած էին Քեմալից, իշխանութիւններից Դերսիմի քուրդ-ալեւիական ինքնորոյնութիւը գայթակղիչ փաստ էր, եւ ամէն ինչից զատ հայերի ու յոյների կոտորածները, նրանց դէմ տարիներով սադրած ատելութիւնն ու դրա հետեւանքները աչքի առաջ էին:

Շեյխ Սաիդ Փիրանիի գլախաւորութեամբ 1925ի Փետրուարին սկսուած քրդական ապստամբութեան դաժան ճնշումը երկու ամիս տեւեց: Առաջնորդները կախաղան հանուեցին Դիարբեքիրում, բայց աւելի կարեւոր էր այն, որ քրդերի դէմ պաշտօնական ահաբեկչութիւն սկսուեց: Իսմէթ Ինէօնիւի գլխաւորութեամբ հիմնուեցին «անկախութեան դատարաններ», որոնցում դատում էին նոյնիսկ քրդերի նկատմամբ նուազագոյն համակրանքի արտայայտութեան համար: Ոչնչացուեցին 206 քրդական գիւղեր՝ 8758 ընտանիք, սպանուեց 15.000 մարդ:

Հիմայ արդէն բոլոր քրդերը ներկայացւում էին որպէս Թուրքիայի եւ թուրքերի թշմնամիներ, եւ քրդաբնակ տարածքները տարիներ շարունակ պահուեցին պաշարուած վիճակում: «Քուրդ» եւ «Քրդստան» բառերը հանուեցին դասագրքերից, քրդերէն գրքերը հաւաքուեցին եւ այրուեցին, քրդերը «դարձան» իրենց ինքնութիւնը մոռացած Լեռնային թուրքեր, արգելուեց քրդերէն լեզուով խօսելը[vi]:

Ակնյայտ էր, որ Քեմալի կարեւորագոյն ծրագրերից թուրքական էթնիկական ինքնութեան կառուցման ճարատարապետութիւնը, ինչպէս ատելութեամբ եւ արիւնոտ սկսուել էր, նոյն կերպ շարունակուելու էր: Բռնութիւնը եւ ատելութիւնը «թուրքական ինքնութեան» ճարտարապետութեան հիմնական գործիքն էր:

Ոգեւորուած թուրքական մամուլն անընդհատ գրում էր երկրի բնակչութեան արագ «թրքացման անհրաժեշտութեան» մասին: Պէտք է թրքանային քրդերը, արաբները, լազերը, «չերքէզները», հրեաները, բալկաններից ներգաղթած մահմեդականները, յոյների եւ հայերի մնացորդները: Ամէն մարդ Թուրքիայում պէտք է թուրք դառնար: Սա օրուայ հրամայականն էր: Եթէ մնացել են «մեր երկրում», պէտք է թուրք դառնան:

Լոզանի Պայմանագրով հաստատուած փոքրամասնութիւնների իրաւունքի յօդուածը խիստ ուշագրաւ ձեւակերպում ունէր: Ըստ Լոզանի Խորհրդաժողովում ընդունած որոշման, «Ոչ-մահմեդական փոքրամասնութիւններին պատկանող Թուրքիայի քաղաքացիների համար օրէնքով երաշխաւորւում են միեւնոյն վերաբերմունքն ու անվտանգութիւնը, որը նախատեսուած է Թուրքիայի այլ քաղաքացիների համար: Մասնաւորապէս, նրանք պէտք է հաւասար իրաւունքներ ունէնան իրենց ծախսերով բացելու, օգտագործելու եւ կառավարելու բարեգործական, կրօնական, ընկերային կազմակերպութիւններ, դպրոցներ, կրթական եւ այլ հաստատութիւններ` դրանցում ազգային լեզուն կիրառելու եւ կրօնն ազատօրէն դաւանելու իրաւունքներով»[vii]:

Armenian Genocide

Թուրքիայի ոչ-մահմեդական փոքրամասնութիւնների իրաւունքների կարգաւորմանը նուիրուած են Լոզանի Պայմանագրի 37-44րդ յօդուածները, որոնց համաձայն կառավարութիւնը չպիտի խանգարի նրանց տեղաշարժերին, հանրային եւ մասնաւոր տարածքներում, ինչպէս նաեւ դատարաններում իրենց լեզուներով բանաւոր խօսելու իրաւունքին, վերջինիս դէպքում թարգմանութիւնը պէտք է հոգան պետական իշխանութիւնները (յօդուած 39):

Թուրքիայում փոքրամասնութիւնների եկեղեցիները, վանքերն ու դպրոցները ղեկավարւում են առանձին կառավարական մարմնի` Հիմնարկների Գրասենեակի կողմից, որը հաստատում է կրօնական հաստատութիւնների, դպրոցների, բարեգործական հիմնարկների, այդ թւում` հիւանդանոցների գործունէութեան կարգը, իսկ վերահսկողութիւնն իրականացնում է Կրօնական Գործերով Տնօրինութիւնը[viii]:

Այսպիսով, ինչպէս տեսնում ենք, խօսքը գնում է ոչ թէ ազգային (էթնիկական), այլ կրօնական՝ «ոչ-մահմեդական փոքրամասնութիւնների» մասին: Թուրքիայում իրաւական իմաստով «ազգային փոքրամասնութիւններ», այդ թուում հայեր չկային եւ չկան (ինչպէս չկան յոյներ, ասորիներ, հրեաներ…), կան ոչ-մահմեդական փոքրամասնութիւններ, ում վրայ էլ հենց տարածւում է Լոզանի Պայմանագրի յիշեալ որոշումը: «Ոչ մահմեդական փոքրամասնութիւն» բանաձեւը յետագայում ճակատագրական դեր պիտի խաղար, քանի որ ազգային փոքրամասնութիւնների բոլոր իրաւունքներից զրկում էր իսլամաց(ու)ածներին (նրանք «ոչ մահմեդական փոքրամասնութիւն» չէին), արգելակում եւ նոյնիսկ արգելում նրանց շփումը ազգային-էթնիկական միջավայրի հետ եւ արագացնում նրանց ուծացումը` թրքացումը, քրդացումը կամ արաբացումը: Մյոս կողմից աշխարհիկ յայտարարուած երկրում «ինքնութիւնը» տեղափոխում էր կրօնական ոլորտ` ընդհուպ մինչեւ լեզուն՝ այն դարձնելով ոչ թէ ազգային, օրինակ՝ հայերի, յոյների, այլ՝ ոչ մահմեդականների լեզու:

Մահմեդական փոքրամասնութիւններն, օրինակ, այդ պայմանագրի 40րդ յօդուածով իրաւունք չունէին մայրենի լեզուով խօսելու: Ըստ էութեան այդ պայմանագրով մահմեդական փոքրամասնութիւն պարզապէս չկար: Մահմեդականների «մայրենի լեզուն» միայն թուրքերէնն էր, այդ թւում քուրդ, լազ, չերքէզ… մահմեդականների: Արդիւնքում իսլամաց(ու)ած կամ ալեւիացած հայերը զրկւում էին իրենց մայրենի լեզուով խօսելու, այդ լեզուն մայրենի համարելու իրաւունքից, քանի որ այն ոչ-մահմեդական փոքրամասնութեան լեզու էր[ix]:

«Հայ» բառի բացակայութիւնն ինքնին բացառում էր «իսլամաց(ու)ած հայ»ի որեւէ մասնաւոր, այդ թւում հայ համարուելու իրաւունք: Թուրքական պատկերացումներով եւ իրաւունքով մահմեդականը չի կարող հայ լինել: «Իսլամաց(ու)ած» լինելով՝ նրանք արդէն «ոչ-մահմեդական փոքրամասնութիւն» չեն: Աւելին, նոյնիսկ մահմեդականի հետ ամուսնացածը չի կարող հայ համարուել: Այս ընկալումները գաւառներում գործում են մինչեւ հիմայ[x]:

1924ին ընդունուած Սահմանադրութեամբ սահմանւում է երկրի բնակչութեան ընդհանուր էթնանուն՝ «թուրք»: Սահմանադրութեան 88րդ յօդուածում ասւում է. «Թուրքիայի ժողովուրդը առանց կրօնի եւ ցեղի խտրութեան, քաղաքացիական տեսակէտից կոչւում է թուրք»: Նշանակու՞մ էր, սա, արդեօք, որ քրիստոնեայ հայերը, յոյները, ասորիները «քրիստոնեայ թուրքեր են»: Հայալեզու Առաւօտ օրաթերթը «Ո՞վ է թուրքը» յօդուածով տեղեկացնում է, որ սոյն յօդուածը մէկնաբանուել է «թուրք օջախների»[xi] համաժողովի կողմից եւ հաստատուել, որ թուրք հօրից ծնուած ամէն անհատ, ինչպէս նաեւ իւրաքանչիւրը, ով թուրքական մշակոյթն ընդունում է, թուրք է: «Քրիստոնեայ մշակոյթը» թուրքական մշակոյթ չէ, աւելին, այն, ըստ երկրի բնակչութեան պատկերացումների, թուրքական մշակոյթի համար վիրաւորական մշակոյթ է: «…իւրաքանչիւրը, ով թուրքական մշակոյթն ընդունում է» ձեւակերպումը, հաւանաբար, հասկացւում էր որպէս «…իւրաքանչիւրը, ով սուննի մահմեդական է եւ խօսում է թուրքերէն»:

Հայալեզու Առաւօտ թերթը, սակայն, շատ ուղիղ է հասկանում Սահմանադրութեան «Թուրքիայի ժողովուրդը առանց կրօնի եւ ցեղի խտրութեան, քաղաքացիական տեսակէտից կոչւում է թուրք» յօդուածը: Թերթը իր գոհունակութիւնն է յայտնում այս մօտեցմանը, գովում է հանրապետական Թուրքիայի կառավարութեանը, յուսալով, որ վերջապէս կ’աւարտուեն միջցեղային կռիւները եւ երկրի բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել երկրի բարգաւաճմանը[xii], չնայած Սահմանադրութեան քննարկումների ընթացքը յստակ ցոյց էր տալիս, որ «թուրք»ը քարոզւում է ոչ թէ որպէս քաղաքացիների հաւասարութիւն, այլ՝ քաղաքացիների թրքացում:

Ընդգծուած քեմալական Իլէրի թերթի խմբագրականը մտահոգութիւն է յայտնում, որ «Սելեֆքէ, Մերսին, Եումութալըգ, Օսմանիէ, Ատանա եւ Անթալիյէն յոյների ու հայերի պարտադիր կամ կամաւոր գաղթերից յետոյ մենք մեր երկրի մէջ միակ թուրք տարրը պիտի մնայինք եւ Անատոլուն այլեւս թուրք պիտի ըլլար… նոյնիսկ թուրք չեղող չերքէզ, պոչնագ եւ Ալպանացիի նման հին գաղթականները պիտի թրքացնէինք…

ARMENIAN GENOCIDE – This picture shows part of the 5.000 children from Kharput en route on donkey back and foot. “Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 152

հակառակ որ Անատոլուի կեդրոնին մէջ կ’ապրին, թուրքերէն չեն կրնար սովրիլ …դպրոց չկայ, ուսուցիչ չկայ, Թուրք բրոբականտ չկայ, ուստի բնականաբար այս պայմաններուն մէջ Անատոլու գտնուող ոչ-թուրքերը իրենց լեզունէրը կը պահին եւ մեր լեզուն չեն կրնար սովրիլ… »[xiii]: Թերթերը գրում էին, որ կենդանի մնացած եւ Թուրքիայի տարածքում ապրող հայերը սխալ են հասկանում նոր Սահմանադրութիւնը, որ այն Թուրքիայի քաղաքացի համարում է միայն «թուրք օղլու թուրք»ին (թուրքի որդի թուրք): Նոյնիսկ «հայ օղլու թուրքը» (հայի որդի թուրք) անընդունելի է:

Առաւօտ թերթը փորձում է իր մեկնաբանութիւնը տալ Սահմանադրութեան «Թուրքիայի ժողովուրդը առանց կրօնի եւ ցեղի խտրութեան, քաղաքացիական տեսակէտից կոչւում է թուրք» ձեւակերպմանը: «Հայ օղլու հայ ենք» վերնագրով առաջնորդողում Առաւօտի հեղինակը գովում է, որ «առաջին անգամ լինելով՝ հանրապետական Թուրքիան հասկացաւ, որ կարիք չկայ միաձոյլ պետութիւն լինելու եւ Թուրքիայի ամէն քաղաքացի, անկախ ազգութեան ու կրօնի՝ թուրքիացի եւ թուրք է: Բայց դրանից չի բխում, որ «թուրքը» ազգային ձուլուածք է: Եթէ մենք լեզու չունէնայինք, ազգային նկարագիր չունէնայինք, եւ միայն կրօնով տարբերուէինք, թերեւս կը լինէինք քրիստոնեայ թուրքեր:

Բայց ո՞վ ըսաւ, թէ մենք «թուրք օղլու թուրք» ենք, ընդհակառակն, մենք Թուրքիայի քաղաքացի «հայ օղլու հայ ենք», եւ պէտք չկայ ոչ հասարակութեանը խաբել, ոչ էլ թուրքերին հաճելի լինելու համար «թուրք օղլու թուրք» ցոյց տալ իրեն: Այո, կռուել ենք համիդեան բռնակալների հետ, այո, յամբուրուել ենք իթթիհատականների հետ, այո, անկախութեան դրօշ ենք պարզել, եւ սրանք բոլորն ունեցել են իրենց պատճառները… Որոշ թերթեր, այո, ընդգծում են, որ մենք իրենց բաղձալի չենք, սիրելի չենք… բայց ոչինչ, մեզ դուր է գալիս Հանրապետական Թուրքիայի բռնած ընթացքը, մենք բոլորին հաւասար քաղաքացի թուրք ենք, եւ «հայ օղլու հայ ենք»՝ ազգով հայեր, քաղաքացիութեամբ թուրք»[xiv]: Մամուլային բանավէճն, իհարկէ, շարունակւում է:

«Համերաշխութեան Փոխարէն Հալածանք» առաջնորդողում Առաւօտը դառնութեամբ գրում է. «Շաբաթը ամբողջ Թուրք թերթերը, ատելութիւն պոռթկալով, հայերով զբաղուեցին… Ի՞նչ անենք «թուրք լինելու» համար, մոռանա՞նք մեր լեզուն, փակե՞նք դպրոցները, փոխե՞նք կրօնը, տաճկերէ՞ն երգենք եկեղեցիներում… Գրում են՝ «Կամ հայերը պէտք է թրքութիւնը ընդունէն, կամ պէտք է քաշուեն գնան»… Է՞լ ինչպէս ընդունէնք թրքութիւնը, եթէ մեր ութ տարեկան երեխան թուրքերէն աւելի լաւ է կարդում… Պօլիս եկող մի քանի հարուստներ դուրս հանուեցան՝ նրանց վտանգաւորութեան պատճառաբանութեամբ, բայց դատ չեղաւ (որովհետեւ Թուրքիայի մէջ արդէն դատարաններ կան)… Նրանց դուրս հանելու պատճառն իրականում նրանց հարստութիւնը իւրացնելն էր…»[xv]:

Ի՞նչ դատարանի մասին էին մտածում հայերը, եթէ «հայ հարուստների Պօլիս վերադառնալու» հարցի շուրջ թերթերի բարձրացրած աղմուկի կապակցութեամբ թուրք պաշտօնատարները ռասիստական թերթերին երախտագիտութիւն էին յայտնում՝ «Դուք՝ թերթերդ, պաշտօնեաներին ճիշդ ճանապարհի վրայ էք դնում»…[xvi]: Փրկութիւնը միայն «շտապէք թուրք դառնալ»ու մէջ էր: Քննարկումներից բոլորովին դուրս էր մնում Սահմանադրութեան 88րդ յօդուածի մէկ պարբերութիւն. «Բոլոր այն փոքրամասնութիւնները, որոնք իրենց սեփական մասնաւոր վարժարաններն ունէն եւ իրենց լեզուն ուսուցանում են, կարող են թուրք կոչուել այնքան ժամանակ, որքան քաղաքացի լինելով ապրում են երկրի սահմաններէն ներս»:

Թուրքական թերթերը յամառօրէն պահանջում են արագօրէն եւ անկեղծօրէն «թուրք դառնալ»՝ թրքանալ էթնիկապէս: «Սելանիկցի Տէօնմէներու Խնդիրը Եւ Փոխանակութիւնը» վերնագրով Առաւօտի յօդուածում կարդում ենք. «Իլէրի» թերթի խմբագրականում սելանիկցի տէօնմէներու մասին խորհրդածելով, թերթի յօդուածագիրը գրում է. «Տնտեսապէս մեզնէ բարձր տէօնմէներ (տուեալ դէպքում՝ դաւանափոխ հրեաներ – Հ.Խ.) կ’աղաղակեն. «Մենք ալ ձենէ ենք: Այլեւս խտիր մնալու չէ: Իբր թուրք ու իսլամ ճանչցէք մեզ»: Իրաւ է, որ մեր ցեղէն չեն անոնք, սակայն կ’ուզեն մեր ազգութեան մէջ մտնել: Մենք պարտաւոր ենք թրքացնելու սկիզբէն ի վեր հոս եկողները:

Genocide-Թուրք պետական ղեկավարութեան համար Ատանայի կոտորածները ծառայեցին հայերու եւ միւս բոլոր ազգային փոքրամասնութեանց բնաջնջման նոր եղանակներու փորձարկումին

Պէտք է որ անոնք թուրք դառնան անկեղծօրէն: Հակառակ պարագային՝ հոս ապրելու իրաւունք չունին: … Տէօնմէներուն վրայ խօսած ատեննիս՝ հրեաներուն, յոյներուն եւ հայերուն վրայ ալ խորհինք: Երկրին ներսերը այդ տարրերուն չենք հանդիպիր գրեթէ: Անատոլուին մէջ շատ հրեայ չկայ, Պօլիս ապրող հրեաներն ալ իրենց գործերով կը զբաղին: Իսկ հայերը Պօլսոյ մէջ միայն կը գտնուին: Այժմ անոնցմէ վնաս չի գար մեզի, միայն թէ անոնց մէջէն մեզի թշնամութիւն ընողներ կան: Շատ չէ անոնց թիւը: Պարտաւոր ենք այդ տեսակ անձերը Պօլիս չմտցնել, եւ եթէ անոնցմէ Պօլիս մնացողներ կան, իսկոյն վտարելու եւ պատժելու ենք»[xvii]:

Հայերին, իհարկէ, վիրաւորում եւ վախեցնում էր «հայերի դաւաճանութեան», «հայերի կողմից թուրքերին ոչնչացնելու ծրագրերի» շարունակուող քարոզչութիւնը: Առաւօտը դառնութեամբ գրում է, որ Թէուհիտի Էֆքեար թուրքական թերթը չի դադարում այդ թեման ծամել: «Կռուեցանք, բայց պարտուեցանք» յօդուածով քննարկում է այն հարցը, որ Թուրքիայի հին ռեժիմը բոլորի համար էր ծանր եւ հայերի կռիւը պիտի գնահատել որպէս կռիւ երկրի բնակչութեան հարստահարութեան դէմ: Քսան տարի առաջ, 1900-1901ին Մեչուերէթ թերթը, նկատի ունէնալով 1894-1896ի Աբդուլ Համիդ երկրորդի հայկական կոտորածները, գրում էր. «Հարամ կաթնակեր Համիդը գազազել է», «Կատաղած շանը պէտք է սատկացնել», «Գազանաբարոյ փադիշահ Ելդըզը յօդս ենք ցնդացնելու», «Մեր հայրենակից հայերից օրինակ վերցրէք, որպէսզի անցեալում գործած մեղքերը քաւէք եւ ձեռք մեկնէք նրան», «Բռնակալի անգթութիւններին զոհ գնացած հայրեր, մայրեր, եղբայրներ, զաւակներ», «վրէժ, վրէժ»…[xviii]: Քսան տարի յետոյ ֆիզիկական բնաջնջումից հայերի ինքնապաշտպանութեան փորձերը որակւում էին որպէս դաւաճանութիւն:

Յիշեցնելով Համիդիէ ջոկատների ստեղծման նպատակն ու գործողութիւնները, Մուսա բէյի առաջացրած խժդժութիւնները, Բալկանեան պատերազմների ժամանակ թուրքերին մատուցած հայերի ծառայութիւնները…, յօդուածագիրն ամփոփում է՝ «Կռուեցանք եւ պարտուեցանք»: Այո, Իթթիհատին սատարել ենք,- գրում է յօդուածի հեղինակը,- հաւատով, որ այն երկրի համար բարենորոգումներ է անելու, բայց, ինչպէս Պօլսում հրատարակուող Ենի Շարգ թերթը հրապարակեց, Թալէաթ փաշայի ծրագիրը հայերին ոչնչացնելով՝ հայկական հարցը լուծելն էր… յիշեցնելով, որ թուրքական թերթերը մեծ բաղձանքով ու հաւանութեամբ են հետեւում Թուրքիայից դուրս թուրքական անկախական բոլոր շարժումներին, յօդուածագիրն առաջարկում է ըմբռնումով վերաբերել նաեւ այլ ժողովուրդների այդ կարգի իղձերին եւ կոչ է անում դադարեցնել հակահայկական արծարծումները…[xix]:

Առաւօտի այս բանավէճին վերջ է դրւում Դեկտեմբերին՝ թերթի խմբագրի փոփոխութեամբ: 1924ի Դեկտեմբերի 2ից՝ թիւ 196ից, 1908ից հրատարկուող Առաւօտ «ազգային, քաղաքական օրաթերթ, արտօնատէր եւ պատասխանատու տնօրէն Միսաք Սուրեան», դադարում է «ազգային, քաղաքական օրաթերթ» լինելուց: Այդ օրուանից այն արդէն ներկայացուած է որպէս «Թուրք հայրենիքի քաղաքական եւ տնտեսական շահերուն ծառայող թերթ», արտօնատէր եւ պատասխանատու տնօրէն Միսաք Սուրեանը փոխարինուած է խմբագրապետ Վեզիր օղլու էօմէր Ազիզով, արժէքը երեք ղուրուշից բարձրանում է հինգ ղուրուշի, թերթը դառնում է երկլեզու՝ հայերէն եւ արաբատառ թուրքերէն: Վեզիր օղլու էօմէր Ազիզը «Թուրքեւհայ բարձացման միութեան» նախագահն էր (տես Առաւօտ օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 174, «Թուրքահայ բարձացման միութեան բողոքը» յօդուածն ստորագրողների ցանկը):

«Թուրք-Հայ Բարձրացման Միութիւն» կոչուածը ստեղծուել էր 1922ի Դեկտեմբեր 24ին, երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը վերահաստատելու նպատակով, Պերճ Քէրէստէճեանի ընդհանուր նախագահութեամբ: «Միութեան» ստեղծումը եւ յատկապէս դրա պահպանութիւնը պօլսահայութեան համար թէ լրացուցիչ ծախսերի, թէ տագնապների առիթ էր: Դատելով 1924ի Դեկտեմբերի եւ յետագայ համարներից, այդ միութեան նախագահներից Վեզիր օղլու էօմէր Ազիզը հայ-թուրք բարեկամութեան վերականգնման վերաբերեալ խիստ իւրօրինակ հայեացք ունէր:

1924ի Առաւօտ թերթի Դեկտեմբերի 22ի՝ 198րդ համարում թերթի խմբագրապետ Վեզիր օղլու էօմէր Ազիզի «Թուրք Հանրապետութիւնը Եւ Փոքրամասնութիւնները» վերնագրով յօդուածը մեկնաբանութիւնների կարիք չունի՝ այն ուղղակի սպառնալիք է հայերին՝ Լոզանի Պայմանագրով նախատեսուած փոքրամասնութիւնների իրաւունքներից օգտուելու մտադրութիւնների դէպքում. «Մենք համոզուած ենք, որ հիմնական կազմակերպութեան օրէնքի [Սահմանադրութեան] ընդունումից յետոյ մեր երկրում այլեւս փոքրամասնութեան խնդիր գոյութիւն չունի: Ըստ մեզ, այդ խնդիրը Լոզանի կոնֆերանսից միայն մէկ վաղանցուկ յիշատակ է:

Յիրաւի, Հիմնական Կազմակերպութեան օրէնքով առանց ցեղի եւ կրօնի խտրականութեան բոլոր հայրենակիցներին թրքութեան տիտղոսն ու իրաւունքը տալուց յետոյ ինքնին մէջտեղից վերացած է Լոզանի դաշնագրով նկատի առնուած փոքրամասնութեան խնդիրը: Մեր երկրում ապրող տարրերը ամէն տեսակէտից միշտ հանգիստ եւ երջանիկ են ապրել, ուստի «փոքրամասնութեան» յանկերգը պէտք է օտար պետութիւնների մի խարդաւանք նկատել: Լոզանի դաշնագրի այս հարցը շօշափող յօդուածներն էլ նոր բան չեն, եթէ ոչ հին կասկածելի քաղաքականութեան բացայայտուած նոր ձեւի հետքերը:

24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J’EXIGE

Մեր երկրի մէջ բնակուող տարրերն իրենց փորձառութեամբ շատ լաւ գիտեն, որ այստէղ նրանց վայելած բարօրութիւնը աշխարհի որեւէ այլ վայրում չեն կարող գտնել: Այդ պատճառով մենք հաւանական չենք համարում, որ նրանք փոքրամասնութեան խնդիր դնեն: Լոզանի դաշնագրում այդ մասին տեղ գտած յօդուածները նոյնութեամբ կրկնւում են մեր հիմնական կազմակերպութեան օրէնքի մէջ, որով չենք կարծում, որ որեւէ տարր պէտք զգայ այդ դաշնագրի վրայ հիմնուելով արտաքին միջամտութեան ապաւինել: Եւ արդէն իրենք էլ լաւ գիտեն, որ այդպիսի ձեռնարկից լաւ հետեւանքներ չեն լինի» (ընդգծումը իմն է – Հ.Խ.)[xx]:

Հայկական թերթի նոյն համարի մէկ այլ յօդուածում նոր խմբագրապետը գրում է. «թուրքական հողի վրայ տեղ չունէն նրանք, ովքեր թուրքից բացի այլ անուն կը կրեն եւ թրքութիւնը կը մերժեն»: Սոյն յօդուածով նա պատասխանում է թուրքական Ազգային Ժողովի պատգամաւորներից մէկին՝ իր թրքութեանը կասկածելու եւ «հայերի վայնասուններով» իր ջղերին ազդելու սպառնալիքին՝ գրելով, որ զարմացած է, թէ ի՞նչ «Հայու վայնասունով է ինքը ազդել երեսփոխանի ջղերի վրայ, եթէ հայ բառն անգամ չի գործածել նրան ուղարկած գրութիւնում… Հայի, յոյնի, հրեայի հարցերը հանրապետութեան հաստատմամբ պատմութեան գիրկն են անցել:

Սրանից յետոյ թուրքական հողի վրայ տեղ չունէն նրանք, ովքեր թուրքից բացի այլ անուն կը կրեն եւ թրքութիւնը կը մերժեն (ընդգծումը իմն է – Հ.Խ.): <…> կարող է, որ ես ծագումով կապ ունէնամ արաբ, լազ, արնաւուտ, հայ, յոյն, հրեայ ցեղերի հետ, բայց այսօր ես թուրք եմ եւ աշխատում եմ, որ հոգով, զգացմունքով, մտքով թուրքի չափ թրքութեանը կապուեն այն հայրենակիցներս, ովքեր անցեալում այլ տիտղոս են ունեցել: Հաւատում եմ եւ համոզուած եմ, որ այս ծառայութիւնը կարող եմ թրքութեանը մատուցել» [xxi]:

Առաւօտի նոր խմբագրապետ Վեզիր Օղլու Էօմէր Ազիզը, այո, կարող էր «անցեալում այլ տիտղոս ունեցած» հայրենակիցներին «Թուրքի չափ թրքութեանը կապելու» իր ջանքերը ծառայութիւն համարել հայրենիքին: Նրա այս յայտարարութիւնից չորս ամիս անց, 1925ի Ապրիլին, երկրի վարչապետ Իսմէթ Ինէօնիւն պիտի հաստատի, որ երկրի քաղաքացիների հաւասարութիւնը միայն թրքութեան, աւելին՝ պանթուրքիզմի մէջ է. «Հայրենի հողի վրայ բնակուող իւրաքանչիւրին դարձնելու ենք թուրք եւ պանթուրքիստ: Նրանց, ովքեր չեն ընդունի թուրքին եւ թուրքականութիւնը, համակարգուած կերպով կտրելու, հեռացնելու ենք»[xxii]:

Զարմանալի չէ, որ նոյն 1925ին հենց «Թուրք-Հայ Բարձրացման Միութեան» ջանքերով են հայերը, նոյն պայմաններում գտնուող յոյների եւ հրեաների հետ միասին, հրաժարւում Լոզանի դաշնագրի 42 յօդուածով իրենց տրուած իրաւունքներրից[xxiii]:

———————————————————–

[i] Танер Акчам, «Долгая история отрицания геноцида армян: Тщательно забытые страницы истории Турции» [Թաներ Աքչամ, Հայերի ցեղասպանութեան ժխտողականութեան երկար պատմութիւնը. Թուրքիայի պատմութեան ջանասիրաբար մոռացուած պատմութեան էջեր],- http://armenianhouse.org/akcam/articles-ru/genocide.html (ռուսերէն թարգմանութիւնը կատարուել է Le Monde Diplomatiqueից, Սեպտեմբեր 2001 (http://www.flash-bulletin.de/2000/eSeptember17.htm): (Վերջին այցելութիւնը՝ 09.10.2018)

[ii] Այնթապի իսլամացած հայերը (30 Սեպտեմբերի 2016, http://azator.gr/?p=849) (Վերջին այցելութիւնը՝ 09.10.2018 )

[iii] Кемаль Мустафа. Путь новой Турции 1919-1927. Том I. Первые шаги национально-освободительного движения 1919. Москва, Литиздат НКИД, 1929 г. [Քեմալ Մուստաֆա: Նոր Թուրքիայի ուղին 1919-1927, Հտր. 1, 1919ի ազգային-ազատագրական շարժման առաջին քայլերը, Մոսկուա, 1929], էջ 413-414:

[iv] Кемаль Мустафа. «Путь новой Турции», Т. IV, М., 1934, Речь его превосходительства Гази Мустафа Кемаль паши на заседании от 1 ноября 1922 г. էջ 280:

[v]Лазарев М.С. Курдистан и курдский вопрос. М., Восточная литература[Լազարեւ Մ.Ս. Քրդստան եւ քրդական հարց: Մոսկուա, Վոստոչնայա լիտերատուրա], 2005, ISBN -5-02-018311-3, էջ 37, 252-254:

[vi] Անդ, էջ 67:

[vii] Article 40. Turkish nationals belonging to non-Moslem minorities shall enjoy the same treatment and security in law and in fact as other Turkish nationals. In particular, they shall have an equal right to establish, manage and control at their own expense, any charitable, religious and social institutions, any schools and other establishments for instruction and education, with the right to use their own language and to exercise their own religion freely therein. (Treaty of Peace with Turkey Signed at Lausanne, 24 July 1923 http://wwi.lib.byu.edu/index.php/Treaty_of_Lausanne ):

[viii] U.S. Department of State, Annual Report on International Religious Freedom for 1999: Turkey, Washington, DC, 9 September 1999:

[ix] «Ոչ-մահմեդական փոքրամասնութիւն» բանաձեւը Առաջին Յամաշխարհային Պատերազմին յաջորդած «փոքրամասնութիւն»-«մեծամասնութիւն» առճակատման եւ փոքրամասնութիւնների եւրոպական «իրաւականացման» յետեւանքների ամփոփումը տե՛ս՝ Hannah Arendt, The «Nation of Minorities» and the Stateless People,- The Origins of Totalitarianism by Hannah Arendt, Meridian Books, The World Publishing Company, Cleveland and New York, 1962, էջ 269-290 (https://monoskop.org/images/4/4e/Arendt_Hannah_The_Origins_of_Totalitarianism_1962.pdf):

[x] Սասունի քրդական գիւղերից մէկում քրիստոնեայ մնացած մի խումբ հայեր պատմում էին, որ մահմեդականացումից քրիստոնեութիւն վերադարձը հնարաւոր չէր: «…Եթէ մէկը մուսուլման դառնանէ, անմիջապէս քուրդ կ’ըլլակոր: Եւ քուրդերը աս իմացութիւնը ունէն: Շատ անգամ մոլլաները իրանց աղջիկը հայի մը կու տային, որ անի այլեւս վերադառնալ կարելի չէր հայի:

Հենց որ հայը իսլամ կը դառնար, նրան շուտով աղջիկ կը տային, որմէ ետք այլեւս վերադարձ չիկար, չէր կարող քրիստոնեայ ըլլալ: Ես կը յիշեմկոր, որ մեր գիւղին մէջ Հայկ կար, մեր դրացին անոր համար մէկ անգամ ըսաւ, թէ մեր աղջիկը սիրեր է, անոր պիտի ամուսնացնենք: Բոլոր գիւղը իրար մտան, գացինք, մեր տղան ան քուրդ ընտանիքէն դուրս հանեցինք: Չի պիտի ձգենք, որ աս հարսանիքը ըլլայ: Եւ տեսէք, աղջիկ չէ, տղան դուրս հանեցինք:

Եւ անկէ ետքը անմիջապէս հային հետ ամուսնացուցինք»: Յիրաւի, Թուրքիայում շարունակւում էր իսլամական աւանդական իրաւունքը, ըստ որի իսլամից կրօնափոխուածները ենթակայ էին մահապատժի եւ երբ բռնի կամ կամաւոր մահմեդականացած քրիստոնեան ցանկանում էր վերադառնալ իր նախկին կրօնին՝ նրան մահապատիժ էր սպասւում (Թաներ Աքչամ, Հայերի բռնի իսլամացումը. Լռութիւն, ժխտում եւ ուծացում, «Տիգրան մեծ», Երեւան, 2016, էջ 113):

[xi] «Թուրք օջախներ» ընկերութիւնն ստեղծուել էր 1911ին երիտթուրքերի կողմից, նրա տպագիր օրգանը՝ Թուրք Եուրդու (Թուրքական հայրենիք) ամսագիրն էր, որի նիւթերը գլխաւորապէս ուղղուած էին Թուրքական հայրենիքի յաւակնութիւնների (Չինաստանից մինչեւ Դանուբ ապրող թրքախօս բոլոր ժողովուրդները պէտք է միաւորուեն «Թուրքական մեծ պետութեան» մէջ՝ Թուրքիայի գլխաւորութեամբ), եւ Թուրքական էթնիկական ինքնութեան ձեւաւորմանը («բոլոր թրքախօս ժողովուրդները թուրք են» սկզբունքով): Քեմալականության շրջանում մինչեւ 30ականները ունէին 30 մասնաճիւղ: 1932-ին սրանց հիմքի վրայ ձեւաւորուեցին «Հալք Էվի»՝ «ժողովրդական տուն» կոչուող կառույցները, որոնց խնդիրը քեմալիզմի սկզբունքներով թուրք եւ թրքացուող բնակչության կրթումը կամ վերակրթումն էր:

[xii] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 137:

[xiii] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 124:

[xiv]Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 154 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(154).pdf ):

[xv] «Համերաշխութեան Փոխարէն Հալածանք», Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 134:

[xvi] «Հայերու Վերադարձի Խնդիրը Յուզում Առաջ Բերած Է Էնկիւրիի Մէջ», Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 134:

[xvii] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 120:

[xviii] Mesveret, 01.01.1900, 15.03.1900, 01.01.1901, 15.05.1901, 01.08.1901, 10.10.1901 (ըստ՝ «Թուրքերը Թուրքերի Մասին» գրքի, Հտր. 3, Երեւան, ԵՊՀ Հրատ., 2011, էջ 151):

[xix] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 155 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(155).pdf ):

[xx] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 198 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(198).pdf ):

[xxi] Վեզիր Օղլու Էօմէր Ազիզ, «Դարձեալ Սպառնալիք Անթալիոյ Երեսփոխան Հոճա Ռասիխ Էֆենտիի», Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 198:

[xxii] İsmet İnönü, Vakit Gazetesi (Ժամանակ թերթ), 27 Ապրիլ, 1925:

[xxiii] Միրօղլու Արմաւենի: Ազգային փոքրամասնութիւնները Թուրքիոյ Հանրապետութեան 1923-1939 թուականներուն, Լրաբեր Հասարակական Գիտութիւնների, Երեւան, 2009, № 3, էջ 76-77- http://lraber.asj-oa.am/590/1/2009-3__74_.pdf

Facebooktwitterredditpinterestlinkedinmail