Խորհրդա-ադրբեջանական օղակը. Արցախում հայկական 24 գյուղերի տեղահանումը 1991-ին

Խորհրդա-ադրբեջանական օղակը. Արցախում հայկական 24 գյուղերի տեղահանումը 1991-ին

Խորհրդա-ադրբեջանական օղակը. Արցախում հայկական 24 գյուղերի տեղահանումը 1991-ին

01 ՄԱՅԻՍ 2020 – – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

massacre in Maragha

Ասպրամ Կրպեյանը մեկ տարեկան էր, երբ հայրը` Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, դավադրաբար սպանվեց Գետաշենում: ՙՀայրս Գետաշենում էր եւ այլևսչէր կարող գալ Երեւան: Ընկերոջ` Արթուր Կարապետյանի հետ ինձ մի տիկնիկ էր ուղարկել:
Սովորական տիկնիկ էր, իմ մյուսներից չէր տարբերվում: Երբ այդ տիկնիկին ձեռք էի տալիս, մայրս վերցնում էր իմ ձեռքից եւ ասում. ՙԹո’ղ, սրանով չի կարելի խաղալ՚: Փոքր ժամանակ դա ինձ համար անհասկանալի էր, բայց երբ մեծացա, հասկացա, որ դա իմ կյանքում ստացած ամենաանգին նվերն է, հայրիկիս թողած հուշը՚:

Ապրիլի 30-ին Գյանջայում տեղակայված խորհրդային չորրորդ բանակի 23-րդ դիվիզիայի ծանր տեխնիկան եւ Ադրբեջանի ՕՄՕՆ-ն ու զինված ջոկատները մտնում են Գետաշեն եւ Մարտունաշեն: Նույն օրը սպանվում են Թաթուլ Կրպեյանը եւ նրա մի քանի ընկերները:

Վարդան Հովհաննիսյանը նկարահանել է Հյուսիսային Արցախի իրադարձությունները: Նա Թաթուլ Կրպեյանի եւ Արթուր Կարապետյանի սպանությունը համարում է իր կյանքում ամենամեծ կորուստը: ՙՆրանք առաջին զոհերից էին, դրանից հետո հասկացանք, որ լուրջ պատերազմ է սկսվում, եւ Գետաշենը սկիզբն է՚,- ասում է նա:

Գետաշենը պաշտպանող տեղացիները եւ Հայաստանից նրանց օգնության եկած կամավորականները չէին սպասում, որ խորհրդային զորքերի հետ կմտնեն նաև օմօնականները:

ՙԴա ոչ միայն անձնագրերի ստուգում էր, այլեւ ծեծ, գնդակահարություն: Գյուղացիները սկսեցին փախչել դեպի գյուղի կենտրոն, որովհետև օմօնականները բոլոր կողմերից հարձակվում էին: Գյուղի հրապարակում կուտակվեց գրեթե ողջ բնակչությունը: Նույն հրապարակում կանգնած էր երկու զրահամեքենա: Երբ օղակը սեղմվեց, Թաթուլը բարձրացավ զրահամեքենաներից մեկի վրա, քաշեց նռնակի օղակը եւ ռուս սպային սպառնաց. ՙՎե’րջ, կա’մ հրաման ես տալիս զորքերը դուրս բերել, կա’մ նռնակը գցում եմ ներս՚: Ես Թաթուլի ջոկատի տղաներին միշտ մեջքից եմ նկարել, որովհետև խորհրդային ժամանակներ էին, կար ՊԱԿ, ներքգործնախարարություն:

Իմ արխիվում Թաթուլը միշտ մեջքով է: Բայց այդ դրվագում նկարահանում էի մոտիկից. Թաթուլը` մորուքով, քաշել է նռնակի օղակը, մեկ-երկու մետրի վրա ռուս սպան է` սարսափահար դեմքով: Կողքի զրահամեքենայի մոտ երեք-չորս ռուս զինվորներ ՙԿալաշնիկով՚ ավտոմատը պահել են Թաթուլի: Հինգ-տասը րոպե այդ տեսարանը շարունակվում էր, գուցե ավելի կարճ, բայց ինձ երկար էր թվում՚,- պատմում է Հովհաննիսյանը:

Կրպեյանին հաջողվում է գնդապետ Մաշկովի հետ պայմանավորվել, որպեսզի խորհրդային զորքը եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ը հետ քաշվեն: Նրանք գնում էին բանակցելու, երբ թիկունքից լսվում են կրակոցներ: Թաթուլը սպանվում է, Մաշկովը` վիրավորվում: Կրպեյանին դավադրաբար սպանել են ռուսները կամ ադրբեջանցիները:

Ռուս լրագրող Վլադիմիր Եմելյանենկոն խորհրդային զորքերի եւ ադրբեջանական ոստիկանության պատժիչ գործողությունների օրերին եղել է Գետաշենում: ՙՀիվանդանոցի դիմաց շարասյունը կանգնեցրին եւ կայծակնային արագությամբ շրջապատեցին ՕՄՕՆ-ականները: Շենքի առաջ արնաշաղախ դիակներ կային: Մի մասի ականջները կտրած էին, դեմքերը` այլանդակված: Գնդակներից մաղ դարձած շենքից մահվան հոտ էր փչում: Միջանցքներում, հատակին եւ մահճակալին նստած ու պառկած էին մարդիկ… նրանք անթարթ, անիմաստ հայացքով նայում էին մի կետի՚:

Գետաշենի եւ Մարտունաշենի տեղահանումը կատարվել է պետական մակարդակով` Կրեմլի գիտությամբ: Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով տեղահանվում է հայկական 24 գյուղերի բնակչությունը, շուրջ 100 մարդ սպանվում, մի քանի հազարը տեղահանվում են:

Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա եւ բանակցությունները Գորբաչովի ու Մութալիբովի հետ չեն կանխում հայերի արտաքսումն իրենց բնակավայրերից: Խորհրդային զորքերը պատժիչ գործողություններ են իրականացնում նաև Հայաստանի հյուսիսում: Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն արդեն մեկ շաբաթ շրջափակված Ոսկեպար գյուղում սպանվում են 18 հայեր, հիմնականում՝ ոստիկանության աշխատակիցներ, մի քանիսը` գերվում, վիրավորվածներից երեքը մահանում են Գյանջայի բանտում:

1991թ. մայիսին Մոսկվայի Մանեժյան հրապարակում ՌՍՖՍՀ պատգամավոր Անատոլի Շաբադը, ով մի քանի օր առաջ եղել էր Ոսկեպարում եւ եղեռնագործության ականատեսը դարձել, ասել է, որ կատարվածը ՙկենտրոնի եւ ադրբեջանական կառավարության՚ նախօրոք ծրագրած գործողություն էր, խորհրդային զորքերն իրականացրել են ՙահաբեկչություն, սպանել եւ զինաթափել օրինական ոստիկանությանը՚:

Խորհրդային դեսանտայինները Ոսկեպարի կամավորական խմբավորումներին զինաթափելու պատրվակով շրջափակում են գյուղը: Ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի Քոչարյանը գերվել եւ Գյանջայի բանտում պահվել է 101 օր: Նոյեմբերյանի ոստիկանության անձնակազմը` 18 մարդ, ևս6-ը` քաղաքացիական անձինք, մեկնում էին հերթափոխի: Շրջափակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ լեռնային ճանապարհով: Խորհրդային զորքերը դարանակալել էին, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ:

Ուժերն անհավասար էին, դեսանտայիններն անմիջապես անցնում են գրոհի: Այդ 15-20 րոպեն, ասում է Քոչարյանը, նրանց հիշողության մեջ, ովքեր վիրավորվեցին եւ գերվեցին, մնացել է որպես մղձավանջ: Խորհրդային ուժերը միլիցիայի անձնակազմի մեծ մասին սպանելուց հետո ողջերին ու վիրավորներին հանձնում են ադրբեջանական ՕՄՕՆ-ին` վստահ գիտակցելով, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում:

ՙՏղաներից Արմենն էլ էր վիրավոր, նա մահացավ իմ ձեռքերի վրա` Ղազախի ճանապարհին: Մենք ուսանողական ընկերներ էինք: Ես նրան մեքենայի մեջ պահում էի, որ չընկնի հատակին: Մեզ` ողջ մնացածներիս եւ վիրավորներիս, տեղափոխեցին Ղազախի, ապա Գյանջայի բանտ: Երեք ամիս

շարունակ ամենօրյա ծեծ էր եւ տանջանք: Միայն վերջին օրերին, երբ արդեն լուծված էր փոխանակման հարցը, վերաբերմունքը փոխվեց՚,- հիշում է Քոչարյանը:

Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

massacre in Maragha

aniarc.am/2020/04/30/in-memoriam-tatul-krpeyan/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail