ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – «Ալ կը բաւէ: Ամէն եղեռնափորձ ըրին՝ հայերուն դէմ ատելութեան թոյնը սրսկելով միշտ ժողովրդին միտքին ու սիրտին մէջ…»

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – «Ալ կը բաւէ: Ամէն եղեռնափորձ ըրին՝ հայերուն դէմ ատելութեան թոյնը սրսկելով միշտ ժողովրդին միտքին ու սիրտին մէջ…»

02.05.2020 | Մեկնաբանություն | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ – //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:

– ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

Հայերի տեղափոխութեան հերքմամբ դեռեւս չխաղաղուած պօլսահայերին նոր ցնցումներ էին սպասում: 1924ի աշունը խիստ թեժանում է իբրեւ թէ Քեմալի դէմ մահափորձ ձեռնարկած հայ «քօմիթէճիներուն» «յայտնաբերումով»: «Եղեռնախաղ մը» խմբագրականում Առաւօտը գրում է, որ չնայած բոլոր պաշտօնական հերքումներին, մի շարք թուրքական թերթեր օրերով ծամում են իբրեւ թէ «Կազի Մուստաֆա Քեմալ փաշայի» դէմ մահափորձի նպատակով Սալոնիկից եկած մի խումբ հայերի մասին թեման: Թերթերի հրապարակումնեում խօսւում էր այն մասին, իբրեւ թէ Անդրանիկի շուրջը համախմուած հայ ֆիդայիներ կան, որոնց նպատակը Մուստաֆա Քեմալ փաշային սպանելն է, իսկ Անատոլիայից փախստական հայ հարուստները օգնում են նրանց… բայց բարեբախտաբար ոստիկանութիւնը շատ աչալուրջ է եւ խիստ հսկում է սահմանները, որպէսզի հայերը չկարողանան Թուրքիա թափանցել […] «Ալ կը բաւէ: Ամէն եղեռնափորձ ըրին՝ հայերուն դէմ ատելութեան թոյնը սրսկելով միշտ ժողովրդին միտքին ու սիրտին մէջ…»[i]:

Թերթի յաջորդ համարը տեղեկացնում է, որ Քեմալի դէմ մահափորձի մասին թերթերի գրածը ոստիկանութեան կողմից հերքւում է, բայց թերթերն իրենք շարունակում են «քննարկումները»… Մահափորձի առասպելի վրայ կառուցւում են նորանոր ելոյթներ, ինչպէս Սուլէյման Նազիֆ պէյի յօդուածն է. …«այդ շլմորած ցեղը թող վստահ ըլլայ, որ Մուստաֆա Քեմալ փաշային մէկ կաթիլ արեան մէջ պիտի խեղդուին բոլոր հայերը»…

«Հայերը ոչ թէ վրէժխնդրութեան զգացում ունին, այլ թուրք մտաւորականները բնաջինջ ընելու նպատակ կը հետապնդեն»… Հայերը Թիֆլիսի մէջ Ջեմալ փաշային սպանեցին, չնայած «Ճեմալ փաշան էր, որ կախաղան հանել տուաւ Չերքէզ Ահմէտը Ուրֆայի ճամբուն վրայ Զօհրապը եւ Վարդգէսը սպաննած ըլլալուն համար…[Ռաֆայէլ դէ Նոգալէսի նկարագրութեամբ մի շարք լեզուներով խօսող, ազնուակիրթ շարժուձեւերով, Լոնդոնի Հայդ Պարկի ամէնօրեայ այցելու, սնոբի նմանուող Չերքէզ Ահմեդը չերքէզ պարտիզանների աւազակապետ էր, ով «Սատանայի ձորում կառավարութեան հրամանով <1915ին> սպանել էր Զոհրաբին, Վարդգէսին եւ Դախանարեանին եւ նոյն տարին Ջեմալ փաշայի պնդումով, երեսփոխանների սպանութեանն իր մասնակցութիւնը չբացայայտուելու նպատակով, կախաղան հանուել Դամասկոսում»[ii]] Եւրոպայի մեր ուսանողները, պաշտօնեաները, վաճառականները եւ ուղեւորները միշտ հայուն սպառնալիքի տակ կը գտնուին»…

Սուլէյման Նազիֆ յօդուածագիրը գրում է, որ հայերի կողմից սպանուած բոլոր մարդկանց ընտանիքները կառավարութիւնից թոշակ ստացան, նոյնիսկ արատաւոր պաշտօնեայ Ջեմալ Ազմի պէյը, եւ որ Անատոլիայի խեղճ թուրքի վրայ է մնացել հայերի կողմից նենգութեամբ սպանուած մարդկանց ընտանիքների խնամքը [իրականում թոշակները տրւում էին հայերի բռնագրաւուած ունեցուածքից-Հ.Խ.]: Հայերը կարող են շատ թուրքեր սպանել՝ մեր բիւջէին վնասելու համար:

Այսուհետեւ պէտք է Թուրքիայում մնացած հայերի վրայ լրացուցիչ տուրք դնել սպանուած իւրաքանչիւր անձի ընտանիքի ապահովութեան համար՝ նուազագոյնը 10.000 ոսկի, աւելին՝ ըստ անձի կարեւորութեան եւ արժանիքների, դատարանի որոշմամբ… Սրա մասին պէտք է օրէնք պատրաստել եւ այն գործադրել նաեւ աւելի վաղ սպանուածների ընտանիքների համար: Յիշեցնում է արաբական առածը՝ «չհարստահարողը կը հարստահարուի» եւ առաջարկում է ընդունել այդ առածը որպէս մարդկութեան օրէնք՝ կոչ անելով յարգել այդ օրէնքը[iii]:

Առաւօտի թիւ 168ում խտացուած են հայկական դաւադիր կազմակերպութեան գոյութեան մասին թուրքական թերթերի արծարծումները՝ «Չորս հայ քոմիթէճի ձերբակալուած», «Հայկական Քօմիթէ մը գոյութիւն ունի եղեր», «Ոստիկանական ընդարձակ միջոցներ ձեռք առնուած են», «Մանուկի խոստովանութիւնները ինչ են»…, չնայած ոչ մի որոշ տեղեկութիւն չկայ եւ ոստիկանութիւնն էլ առաջարկել է թերթերին իրականութեանը չհամապատասխանող գուշակութիւններ չանել[iv]:

«Կազի փաշային դէմ մահափորձ ընող քոմիթէ չկայ» յօդուածում գրւում է, որ ոստկանապետը հերքում է Մուստաֆա Քեմալի սպանութեան նպատակով եղած հայկական խմբի գոյութեան փաստը եւ տեղեկացնում, որ ընդամէնը Մանուկ անունով ձերբակալուած ունէն, նա ինչ որ խոստովանութիւններ է արել, որոնք որեւէ կապ չունէն Քեմալի դէմ կազմակերպելիք մահափորձի պատմութեան հետ, դեռեւս քննութեամբ հաստատուած չեն, բայց թերթերը շարունակում են գրել հայկական վտանգի մասին, մասնաւորապէս Թուրքիայի եւ թուրքերի վայրագ թշնամի դաշնակցութեան մասին, որի թշնամութիւնը «նոյնիսկ հելլէններէն աւելի է»:

Իգտամ թերթը աներեւակայելի եւ դժոխային ծրագրեր է վերագրում դաշնակցութեանը: «Այդ քոմիթէին սնուցած ատելութիւնը եւ վրէժի զգացումը շատ խորն է»,- գրում է Առաւօտը[v]:

Վախեցած պօլսահայերը գլուխները կորցրել էին, ու՞ր կորչեն, ինչպէ՞ս պահեն իրենց, ինչպէ՞ս արդարանան, բոլորը թշնամանքով են նայում, կասկածանքով, ատելութեամբ:

Յաջորդ՝ թիւ 173ում Առաւօտը գրում է, որ այնուամէնայնիւ նախագահի եւ «կարգ մը պետերուն» դէմ մահափորձի լուրերի շուրջ քննութիւնները շարունակւում են,- «Հինգ քոմիթէճիներուն նպատակը», «Քօմիթէին Ատանայի մասնաճիւղը», որ ձերբակալուած հայ Մանուկը, 16ամեայ պատանի, խոստովանութիւններ է արել Աթէնքից Պօլիս ճամբուած հինգ կոմիտէականների մասին, որոնք Աթէնքում յոյների դրդմամբ ճանապարհուել են Անատոլիայի նախկին յունական բանակում ծառայած հայերի եւ չերքէզների հաւաքագրման նպատակով, որ ինչ որ մահափորձի ծրագիր է եղել, բայց յայտնի չէ՝ ում նկատմամբ, Ադանայի մէջ նոյնպէս ինչ որ մասնաճիւղ կայ եւ կան ձերբակալուածներ[vi]:

Հայերի վախն ու յուսահատութիւնը բարձրակէտին է հասնում, երբ թուրքական թերթերը սկսում են գրել հայերի գաղտնի զինապահեստի մասին. իբրեւ թէ մի խարխուլ խանութի մէջ զինապահեստ է յայտնաբերուել եւ զէնքերը պարկի մէջ բերուել են ոստիկանատուն: Զէնքերը ոստիկանատուն տարած կառապանը թղթակիցներից մէկին ասել է, թէ իր կարծիքով այդ խանութը հայի խանութ է եղել… Չնայած ոստիկանները չեն հաստատել այդ լուրերը, թերթերը մրցակցում են հայերի զինամթերքների պահեստների մասին հաղորդագրութիւններով, Հայերի չարագոյժ ծրագրերի գուշակութիւններով եւ հաճոյքով ծամում հայերի անցեալ ու ներկայ «յանցանքների» հաշիշային ծամօնը[vii]: Իսկապէս, ատելութիւնը աւելի ու աւելի բորբոքելուց աւելի լաւ միջոց կա՞յ «այդ անիծեալ ցեղի» ձայնը կտրեցնելու:

Ի՞նչ անել: Ինչպէ՞ս զգուշ լինել: Իրենց պայթող հրաբխի վրայ զգացող հայերը չափազանց լարուած շրջան էին ապրում: Այդ օրերին Առաւօտը կարծէք մի բոլորովին անկապ տեղեկութիւն է հրապարակում. «Այս գիշեր Ասբասիա անունով մի յոյն կին Բերա փողոցի վրայ ձերբակալուեց թրքական զգացումները վիրաւորող խօսքեր ասած լինելու համար: Նա ասել էր «Այս երկիրը անպատիւ է»[viii]: Այսքանը: Ոչ մի մեկնաբանութիւն:

Հայալեզու թերթի ընթերցողներին սա, սակայն, զգուշութեան եւ զսպուածութեան յաւելեալ կոչ էր: Հայերին, յոյներին թուրքերը կարող են հայհոյել, կարող են ատել, կարող են վիրաւորել թէ՛ փողոցում, թէ՛ թերթերով, սա «իրենց երկիրն է»: Ամէն օր գրում են, չէ՞, «արիւնախում հայեր», «դաւաճան հայեր», «սրիկայ հայեր», «անարգ հայեր», «անպատիւ հայեր», «սրանք հելլէներէն աւելի են»: «Իրենց» կարելի է ասել, «մենք» պիտի զուսպ լինենք եւ չարձագանգենք:

Առաւօտի 190-րդ համարում խուճապահար հայերը վերջապէս կարդում են, որ «մահափորձի մասին լուրերը կեղծ էին, մահափորձի նպատակով ստեղծուած որեւէ կոմիտէ չի յայտնաբերուել»[ix]: Հայերը կարող են շունչ քաշել: Սա, սակայն, չի նշանակում, որ թուրքական թերթերը դադարում են հայերին ահաբեկող այդ թեման շարունակել: Իգտամ թուրքական թերթն, օրինակ, ոչ միայն շարունակում էր «մահափորձի առասպելի» թեման, այլեւ անյայտ աղբյորից քաղուած նորանոր մանրամասներ էր հրամցնում իր ընթերցողներին, իբրեւ թէ մահափորձի մասնակիցները մօտ 150 մարդ են, հայեր, այդ թուում խօսւում է մէկ քահանայի մասին[x]:

Լոզանի որոշումներին յաջորդած խիստ լարուած մթնոլորտը միայն հայերի համար չէր բարդ, նոյն էր պարագան նաեւ Լոզանով «ոչ-մահմեդական» փոքրամասնութիւն յոյների եւ հրեաների դէպքում: Թէ՛ պաշտօնական, թէ՛ հանրային ընդհանուր մերժողական մթնոլորտը «ոչ-մահմեդական» փոքրամասնութիւններին փաստացի հարկադրում են հրաժարուել Լոզանի դաշնագրով իրենց յատկացուած իրաւունքների 42րդ յօդուածից, որով «Թուրք կառավարութիւնը պարտաւորւում է թոյլ տալ, որ ոչ-մահմեդական փոքրամասնութիւնների ընտանեկան իրաւունքների եւ անձնական կարգավիճակի վերաբերեալ խնդիրները լուծուեն այդ փոքրամասնութիւնների սովորութիւնների եւ բարքերի սկզբունքներով, որոնք պիտի մշակեն եւ ներկայացնեն փոքրամասնութիւնների յանձնաժողովները…Թուրքիայի կառավարութիւնը պարտաւորւում է պաշտպանել փոքրամասնութիւնների եկեղեցիները, սինագոգաները, գերեզմանոցները եւ կրօնական այլ հաստատութիւնները…»:

«Փոքրամասնութեանց առանձնաշնորհումներէ հրաժարումը ըստ երեւոյթին կամովի է, բայց իրողութիւնն այն է, որ անոնք կը պարտադրուին քաղաքական պաշտօնէութեանց եւ մամուլի թելադրանքով: Փոքրամասնութիւնները Լոզանի Հաշտութեան դաշնագրի 42. յօդուածէն կը հրաժարին, որովհետեւ նոր հանրապետութիւնը չէր արտօներ վերոյիշեալ յօդուածի նախատեսած առանձնաշնորհներուն գործադրութեան: Լոզանի Հաշտութեան դաշնագրի 42. յօդուածին հրահանգին համաձայն 1925 Մայիսին կը կազմուին փոքրամասնութեանց յանձնաժողովներ, որոնց յոյն, հայ եւ հրեայ անդամները կ՛ընտրուին թուրք կառավարութեան կողմէ:

Երկար վիճաբանութիւններէ եւ կառավարական շրջանակներէ կատարուած ճնշումներէ վերջ, 10 Սեպտեմբեր 1925 թ. հրեայ անդամներէ կազմուած յանձնաժողովը կը յայտարարէ, թէ հրեայ համայնքը կը հրաժարի Լոզանի վերոյիշեալ յօդուածէն ծագում առած առանձնաշնորհներէն, որուն կը յաջորդէ նաեւ հայ համայնքի նոյն ուղղութեամբ տուած յայտարարութիւնը: Յոյն համայնքն ալ, որ բաւական կը պայքարի, կը պարտաւորուի Նոյեմբերի 27-ին ստորագրել իրենց հրաժարման փաստաթուղթը»[xi] :

——————————————————————–

[i] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 166 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(166).pdf ):

[ii] Рафаэель де Ногалес, Четыре года под полумесяцем, «Русский Вестник», Москва, 2006[Ռաֆայել դե Նօգալէս, Չորս տարի մահիկի ներքո, Մոսկուա, 2006], էջ 63:

[iii] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 167 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(167).pdf ):

[iv] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 168 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(168).pdf ):

[v] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 169 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(169).pdf ):

[vi] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 170 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(170).pdf ):

[vii] «Հայերը Զէնքերու Գաղտնի Մթերանոց Չունին», Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 166:

[viii] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 175:

[ix] Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 190 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(190).pdf ):

[x] «Մահափորձի Առասպելը Միշտ Կ’արծարծուի», Առաւօտ Օրաթերթ, Կ.Պօլիս, 1924, թիւ 193 (http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1924/1924(193).pdf ):

[xi] Միրօղլու, Արմաւենի: Ազգային փոքրամասնութիւնները Թուրքիոյ Հանրապետութեան 1923-1939 թուականներուն, էջ 76 (Ա.Միրօղլուն յղում է Bali Rifat, Cumhuriyet Doneminde Azınlık Politikaları, Birikim Kasım, 1998, էջ 81; Aktar Ayhan, Varlık Vergisi ve Türkleştirme Politikaları, Istanbul, 2000, էջ 113):

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – 1895

www.lragir.am/2020/05/02/542831/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail