Հայաստանի 100 տարի ձգվող բոլշեւիկյան մայիսը – Հայաստանի 100 տարի ձգվող բոլշեւիկյան մայիսը – Հայաստանի 100 տարի ձգվող բոլշեւիկյան մայիսը
03.05.2020 | Հասարակություն | Lragir.am:
– ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
Նշում ենք Մայիսի 1-ը: Անկախության սերնդի համար դա ոչինչ չասող պարզապես ոչ աշխատանքային օր է: Իսկ խորհրդային կարգերի օրոք մեծացածների համար դա պարզապես խորհրդային ժամանակներից մնացած տոնական օրերից մեկն է: Բայց անկախ Հայաստանում, թերևս մենք պարտավոր ենք 1920 թ. մայիսյան այս օրերը հիշատակել և անդրադարձ կատարել: Առավելևս այսօր` մայիսյան այն դեպքերից հարյուր տարի անց:
Խորհրդահայ պատմագրությունը հայերին քարոզում ու սովորեցնում էր, որ 1920 թ. մայիսին Հայաստանում տեղի է ունեցել «հայ բանվորների և գյողացիների զինված ապստամբություն Հայաստանի աշխատավորությանը թալանող ու կեղեքող, ազգն ու երկիրը կործանման եզրին հասցրած, համաշխարհային իմպերիալիզմի գործակալ, գիշատիչ դաշնակցական իշխանության դեմ:
Սակայն, ցավոք սրտի, ժողովրդի կողմից ատելի այդ ազգադավ ու վայրագ, երկիրը ծախող իշխանությունը կարողացավ ուշքի գալ, հավաքել իրեն հավատարիմ ուժերը և արյան մեջ խեխդել այդ հերոսական ապստամբությունը: Հարյուրավոր և հազարավոր ապստամբ հերոսներ ձերբակալվեցին ու գնդակահարվեցին, կամ էլ դատապարտվեցին երկարաժամկետ կալանքի:
Իսկ ողջ մնացածներն ու երկրում մոլեգնող դաշնակցական տեռորից փրկվածներն համալրեցին Կարմիր բանակի շարքերը և 1920 թ. նոյեմբերի 29-ին հաղթական երթով մտան Հայաստան, ազատագրելով Հայաստանն ու հայ ժողովրդին դաշնակների ազգակործան ճիրաններից»:
Եվ որպես կարևորագույն եզրակացություն. իրենց էությամբ ու բնույթով դաշնակներն այնքան սրիկա էին և հակազգային, որ չհամաձայնվեցին 1920-ի մայիսին իշխանությունը հանձնել ապստամբներին, մինչդեռ այդ պարագայում հայերի ձեռքում կմնար Կարսն ու Արդահանը, Սուրմալուն ու Նախիջևանը: Բարեբախտաբար, հետո եկավ 11-րդ Կարմիր բանակը և փրկեց ոչնչացման եզրին հասած բազմաչարչար հայ ժողովրդին:
Ոնց որ թե բան բաց չթողեցինք. այդ թեմայով հայ պատմագրության կոնսպեկտն ավել չի ձգում: Բնականաբար, առկախ է մնում հարցերի հարցը. իսկ ինչու այդ «ազատարար Կարմիր բանակը 1920-ի մայիսին չեկավ, չհասավ հայ ապստամբ պրոլետարներին և գյուղացիներին» օգնության:
Այդ տեսքով հայտնի 70 տարիների ընթացքում մատուցվող նյութին եղել են և հավատացող, և չհավատացողներ: Ընդ որում, շատ հաճախ և հավատացողը, և չհավատացողը գնդակահարվել են նույն պատի տակ: Դա միանգամայն այլ խոսակցության թեմա է: Իսկ այսօր առավել կարևոր է պարզել, թե անկախության անցած 30 տարիներին արդյոք առաջարկել, ներկայացրել ու մատուցանել են հայությանը փաստեր, տեսակետ և, ի վերջո, խորհրդահայ կաղապարներից տարբերվող, ազատ, անաչառ ու օբյեկտիվ պատմական վարկած:
Ամենևին ոչ: Խորհրդահայ գիտական դաստիարակությունը սահուն ու բնականոն ձևով սողոսկեց նաև անկախ Հայաստանի պատմագիտական դաշտ: Արդյունքում հենց այսօր մենք ունենք նույնիսկ անկախության սերնդի մեջ անձինք, որոնք իրենց արյունատար անոթների համակարգը պատկերացնում են «Գազպրոմի» խողովակացանցի մի մաս: Առանց որի, բնականաբար, ոչ միայն ինքը, այլ Հայաստանն ու հայությունը ժամեր անգամ չեն կարող գոյատևել: Պատմական ճշմարտությունը պարունակող սնդուկները, արկղերն ու տրցակները չցանկացավ բացել ոչ միայն պետական համակարգում գտնվող պատմագիտական կառույցները, այլ նույնիսկ 1920-ի մայիսյան և նոյեմբերյան, էլ չենք խոսում 1921-ի սկզբների դեպքերից առավել տուժած քաղաքական ուժը` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ավելին, խորհրդահայ պատմագիտության շնորհիվ ստեղծած կուռքերի հիշատակը լավ էլ պահպանվում է:
Եվ օգտվելով արդեն համեմատական ազատությունից, այդ կեղծ ու ապազգային դոկտրիններին չհավատացողներից, ոմանք որոշեցին հնարավորության շրջանակներում իրենք իրենց համար գոնե ինչ-որ չափով պարզել ճշմարտությունը «մայիսյան հերոսական ապստամբության» վերաբերյալ:
– Նախ պարզվեց, որ դա ոչ թե ապստամբություն է, որը բարձրացրել են տվյալ պետության քաղաքացիները իշխող խմբավորման դեմ, այլ դա հակապետական խռովություն է, որը կազմակերպել են օտար պետության քաղաքական կազմակերպությանն անդամակցող, այդ պետությունից շռայլ ֆինանսավորվող և այդ օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձինք:
Ընդ որում, կազմակերպական մեծ դերակատարում են ունեցել նաև Խորհրդային Ռուսաստանից ուղարկված այլազգի կուսակցականներ: Այսինքն, նրանց այդ «ապստամբությունը» աշխարհի ցանկացած պետության մեջ միարժեքորեն գնահատվելու էր որպես հակապետական և ենթակա էր ճնշվելու այդ պետությա ներսում գործող օրենքին համաձայն: Ինչպես վկայում են աղբյուրները, խռովարար հայերի մեջ անգամ մեծ թիվ են կազմել դրսից եկածները` «գյալմաները»:
– Ճիշտ է, այդօրվա Հայաստանն այն պետությունն էր, որտեղ սովյալներին օգնության կարգով ԱՄՆ-ից ուղարկված կաթի փոշին օրեր անց հայտնվում էր արդեն սև շուկայում, որտեղ բանակի համար նախատեսված հեռախոսակապի սարքերը հայտնվում էին ոչ թե բանակում, այլ վերավաճառողների պահեստներում, մի պետություն, որտեղ որբանոցի տնօրենը հափշտակում էր ոչ միայն որբերի սննդի փողը, այլ նաև սովից մահացած երեխաների հուղարկավորության համար բաց թողած գումարը և, օգտվելով ձնառատ եղանակից, մահացած երեխանիրին հողին հանձնելու փոխարեն ծածկում ձնաշերտով, մի պետություն, որտեղ աղի, փայտանյութի, անասնապահության արտահանման մաֆիան չէր ճանաչում օրենք ու պետություն, մի պետություն, որտեղ գողացվում էին Անիի պեղածո իրերը… Կարելի է երկար շարունակել, բայց…
– Բայց անարդարացի կլինի, եթե չշեշտվի, որ պետական իշխանական վերնախավը պայքարել է այդ ամենի դեմ: Որքան որ հնարավոր է եղել, որքան որ ուժերը ներել է:
– Բայց… դա այն պետությունն է եղել, որտեղ կրթության նախարարի ռոճիկը ընդամենը քսան տոկոսով է բարձր եղել գյուղի ուսուցչի աշխատավարձից, իսկ ինքը` նախարարը, իր ողջ բազմանդամ ընտանիքով բնակվել է կառավարության շենքի սենյակներից մեկում:
– Դա այն պետությունն է եղել, որը հիմնել է Համալսարան, Երաժշտանոց-կոնսերվատորիա, Ազգային պատկերասրահ ու թանգարան, Բուսաբանական այգի …Կարելի է երկար թվարկել…
– Եզրափակենք նրանով, որ դա այն պետությունն էր, որը 1920-ի մայիսին դիվանագիտական հարթակում արդեն կանգնած էր Սևրի և Վիլսոնյան իրավարար վճռի նախաշեմին, որոնք Մոսկվայի և Կարսի պայմանագրեր չէին:
Իսկ ինչ գործիքակազմ էին օգտագործում այդ «ապստամբները»:
– Առաջինը, բնականաբար, շռայլ խոստումներ, թե խորհրդայնացման դեպքում Հայաստանը կլցվի ռուսական հացով ու տեքստիլով, կվերանա թուրքական վտանգը, կվերանա զորակոչի անհրաժեշտությունը:
– Արևմտահայ գաղթականներին հատկացված հողաբաժինները, սերմացուն խոստանում էին հետ տալ մահմեդականներին, մասամբ էլ` բաժանել տեղաբնիկ գյուղացիությանը և այդ եղանակով իրենց կողմը գրավել ինչ-ինչ զանգվածներ, միմյանց դեմ լարելով հայ ժողովրդի երկու հատվածներ:
– Հակապետական գործունեության մեջ ներքաշվեցին ռուսական, հունական, մահմեդական Ազգային խորհուրդներ, որոնք ամենևին լոյալ չէին հայկական անկախ պետականությանը:
– Ամենամեծ հանցագործությունը` հավատարիմ լինելով բանակը հեղափոխության մեջ պարտադիր ներքաշելու լենինյան ցուցմունքին, հիմքը դրեցին առանց այն էլ մեծաթիվ խնդիրներ ունեցող հայկական բանակի քայքայմանը:
– Ինչ վերաբերում է «հարյուրավոր գնդակահարվածներին», ապա հենց բոլշևիկյան փաստաթղթերը վկայում են, որ մայիսյան խրովության մասնակիցներից զոհվածների ընդհանուր թիվը` գնդակահարվածներ, քաղաքացիական կռիվներ, պարտիզանական մարտեր, պայքար հակահեղափուխության դեմ և այլն, 1920-1922թթ. կազմել է 46` քառասուն վեց մարդ:
– Այն հեքիաթը, թե եթե Դաշնակցությունը 1920-ի մայիսին հանձներ իշխանությունը հայ բոլշևիկներին, ապա հայերս տարածքային կորուստներ չէինք ունենա, իրոք հեքիաթ է բոլոր առումներով:
– Նախ, ասպարեզում այդպես էլ չհայտնվեց, գոնե որոշակի պատկառելի թվաքանակով այն ուժը, ում հանձնվեր իշխանությունը: Հայ բոլշևիկները Հայաստանում, հենց բոլշևիկյան ամենաճոխ հաշվարկներով, չէին գերազանցում մի քանի հարյուր հոգի: Այդքանն ինչ քաղաքական ուժ է, որ դրանց իշխանություն տաս:
Ուրիշ հարց, որ նրանց հետևում կանգնած լիներ իրական ուժը` Ռուսաստանի Կարմիր բանակը: Որի ուր որ է գալուն վկայակոչում էին հայ բոլշևիկները: Բայց նա չեկավ: Ու չէր էլ կարող գալ: Քանզի այդ օրերին Մոսկովյան ամենաբարձր քաղաքական օղակներում Հայաստանի խորհրդայնացման հարցը օրակարգում դեռևս դրված չէր:
Օրակարգային էր խարխլելու պետականության հիմքերը` առաջին հերթին բանակը կազմալուծելու և բարոյազրկելու միջոցով: Ինչին էլ լծվեցին և բավական արդյունքի հասան «մայիսյան ապստամբության հերոսները»:
Նրանց հոգևոր ու գաղափարական հետնորդների պակաս այսօր էլ մեզանում չկա: Ուշադիր նայեք Ձեր չորս կողմը…
Վլադիմիր Հարությունյան, ՖիզմՀաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
www.lragir.am/2020/05/03/542886/