ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Բաքվում բարդ իրավիճակ է. պետք կլինի ուժեղ հակահարված – Բաքվում բարդ իրավիճակ է. պետք կլինի ուժեղ հակահարված
02.05.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
– ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
«Վերջին շրջանում հակառակորդի սադրիչ քայլերի բերումով կտրուկ բարձրացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը», Ադրբեջանի բանակի հրամանատարների հետ հանդիպմանը հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Զաքիր Հասանովի հայտարարությունն ունի մի քանի հնարավոր պատճառ: Փուլային տարբերակի մասին ՌԴ նախագահ Լավրովի հայտարարությունը Բաքվում խթանեց իշխանական որոշակի շրջանակների բացահայտ դժգոհությունը արտգործնախարար Մամեդյարովի հասցեին: Թեեւ, թվում էր, որ Լավրովի խոսքը Մամեդյարովի հաջողության մասին էր:
Ի՞նչ է ստացվում՝ Բաքվում կամ հավատացել Լավրովի հայտարարությանն ու թիրախավորել են Մամեդյարովին, կամ Մամեդյարովի այսպես ասած հաջողությունը Բաքվի իշխանական շրջանակներում ունի բոլորովին այլ ընկալում եւ ամենեւին չի նույնականացվում պաշտոնական Բաքվի հաջողությանը:
Մամեդյարովը խոսեց մի քանի օր անց, ասելով, թե այլ տարբերակ չկա, քան փուլայինը, սակայն զգուշացրեց պատերազմի դեպքում սպասվելիք աղետալի հետեւանքից: Այլ կերպ ասած, դա Մամեդյարովի պատասխանն էր Ալիեւին, որի շրջապատից էլ ենթարկվել էր գրոհի:
Ո՞վ էր Մամեդյարովի պատասխանի թիկունքում, հետաքրքիր հարց է, այլ խոսակցության առարկա: Բայց անկասկած է, որ թիկունքում ազդեցիկ կողմ է, որ արտգործնախարարը այդպես հակադարձում է նախագահական շրջանակին:
Ահա այդ ֆոնին հնչում է Հասանովի հայտարարությունը բանակից, որը տեւական ժամանակ է ընդգծված դիմակայության մեջ է Մամեդյարովի հետ: Հասանովին Ալիեւ՞ն է մղել ռազմատենչ հայտարարության, թե՞ Հասանովն ու որոշակի ուժային շրջանակ դրան են մղում Ալիեւին, ակնկալելով այդ միջոցով ոչ թե պատերազմ, այլ արտգործնախարարի փոփոխություն:
Որովհետեւ, միայն ծայրահեղ անհամարժեքության պայմաններում ադրբեջանական ռազմական ղեկավարությունը կարող է մտածել իրական պատերազմի միջոցով հաջողության մասին:
Առավել եւս, որ իրավիճակը բավական բարդ է, եւ Բաքվում իշխանության թեւերի միջեւ սրվող պայքարը վկայում է դրա մասին: Մի կողմից նավթի գնանկումով պայմանավորված ճգնաժամն է, մյուս կողմից՝ Ադրբեջանն ընդհանրապես կորցնում է էներգետիկ այլընտրանքի դերը եւ հայտնվում նոր զարգացումների լուսանցքում:
Այդ պարագայում սահմանին ադրբեջանական սադրանքը կարող է դառնալ հավանական, ոչ ռազմական գործողությունների, այլ լոկալ բնույթի արկածախնդրության տեսքով: Հայկական զինուժը պետք է պատրաստ լինի դրան, ոչ միայն պաշտպանվելու, այլ սադրանքներին կոշտ հակահարված տալու առումով՝ թույլ չտալով Բաքվին դույզն ինչ աչդյունք զգալ ռազմական շանտաժի քաղաքականության հարցում, լինի ներքին, թե արտաքին տիրույթում:
Թերեւս կասկած չկա, որ այդ հարցերը եղել են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի Արցախ կատարած աշխատանքային այցի օրակարգում՝ Արցախի զինվորական հրամանատարության հետ քննարկումներում:
www.lragir.am/2020/05/02/542802/