Առանց հողային պահանջատիրութեան եւ այս խնդրի լուծման, Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային բազմաթիւ ձախողումներ միշտ կը մնան օրակարգում

Ibrahim Kanan April 24 Armenian Genocide Remembrance Day - A Right That Will Not Die, And A People That Will Not Be Surrendered.

«Առանց հողային պահանջատիրութեան եւ այս խնդրի լուծման, Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային բազմաթիւ ձախողումներ միշտ կը մնան օրակարգում»

2020/04/29 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԷՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ ՀԵՏ

ԱՇՈՏ-ՄԵԼՔՈՆԵԱՆ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան 105րդ տարելիցն ենք նշում: Ինչպէ՞ս էք գնահատում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը: Ժամանակը չէ՞ համազգային ջանքերն ուղղել նաեւ պահանջատիրութեան գործընթացի աշխուժացմանը:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը սկսուեց թուրքական մերժողականութիւնից, եւ չի բացառւում, որ յատուկ ծուղակ էր, որի մէջ մենք ներքաշուեցինք: Մինչեւ 1965 թուականը, մեզանում չի խօսուել ճանաչման անհրաժեշտութեան մասին, այլ խօսուել է պահանջատիրութեան դիրքերից, որ շատ աւելի հետաքրքիր էր այն ժամանակ: Երբ թուրքական կողմը, յատկապէս Ուրուգուայի խորհրդարանի կողմից Ցեղասպանութեան ճանաչումից յետոյ, մերժողական կեցուածք ընդունեց, մենք ներքաշուեցինք այդ խաղի մէջ եւ սկսեցինք պայքար մղել թուրքական մերժողականութեան դէմ ու գնանցինք ճանաչման ուղիով:

Փորձելով զուգահեռներ անցկացնել Հոլոքոստի հետ կը տեսնենք, որ ճանաչման պայքար հրէաների կողմից գերմանացիների դէմ կարծես չի եղել: Այնտեղ միանգամից խնդիրը պահանջատիրական տեսանկիւնից էր, երբ շնորհիւ Ռաֆայէլ Լեմկինի առաջ քաշուեց եւ 1948թ.ի Դեկտեմբերի ձեւակերպումով 1952թ.ի Յունուարի 1ից գործողութեան մէջ մտաւ օրէնք, եւ Գերմանիան սկսեց հատուցել Իսրայէլին: Իսկ մենք շարունակեցինք ճանաչման գործընթացը դարձնել մեր պայքարի գլխաւոր թիրախը՝ մոռանալով պահանջատիրութեան խնդիրը: Ի հարկէ, ճանաչման գործընթացն անհրաժեշտ էր, առաւել եւս, որ ի տարբերութիւն Գերմանիայի, որ անմիջապէս ճանաչեց հրէական Հոլոքոստը, մեր դէպքում՝ հակառակն եղաւ, թուրքական կողմը չճանաչեց Ցեղասպանութիւնը:

Սակայն այժմ, ԱՄՆ Կոնգրeսի կողմից ճանաչումով, (թէեւ, դեռ աւարտուած չէ, քանի դեռ Միացեալ նահանգների նախագահի կողմից վերջնական ձեւակերպում չի ստացել), մի բան պարզ է, որ անգլոսաքսոնական, այսպէս ասած համերաշխութիւն կայ ցեղասպանութեան ճանաչման գործընթացում: Ենթադրում եմ, որ տրամաբանօրէն պէտք է գայ նաեւ Բրիտանիայի կողմից ճանաչումը, եւ դրանից յետոյ պայքարել Հայոց Ցեղասսպանութեան ճանաչման համար անիմաստ է: Մենք, պէտք է վերադառնանք մեր հիմնական խնդրին, այն է՝ պահանջատիրութեանը: Յատկապէս, երբ այս տարի լրանում է Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի 100րդ տարեդարձը, որը մեզ համար գիտաքաղաքական առումով շատ կարեւոր խնդիր է այն տեսանկիւնից, որ կայ միջազգային փաստաթուղթ, որը որ հատուցման հասնելու իմաստով մեզ տալիս է լուրջ հիմքեր: Վիլսոնի իրաւարար վճիռը, 1920 թուականի Նոյեմբերի 22ի կարեւորագոյն միջազգային փաստաթուղթ է, որտեղ ամրագրւում է հայ ժողովրդի պահանջատիրական իրաւունքը Արեւմտեան Հայաստանի նկատմամբ՝ շուրջ 160 հազար քառակուսի կմ.ի վրայ, եւ ծովային ելքով դէպի Սեւ Ծով Տրապիզոն նաւահանգստով: Կարծում եմ, որ ե՛ւ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի 100րդ տարեդարձը եւ Օգոստոսի 10ի Սեւրի դաշնագրի տարեդարձն այս տարի մենք ազգովի պէտք է յաւուր պատշաճի նշենք, որ աշխարհին հասցնենք մեր ասելիքը զուտ պահանջատիրական տեսանկիւնից՝ միջազգային իրաւունքն այս առումով օգտագործելու տարբերակով:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J’EXIGE

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ցեղասպանութեան հետեւանքների վերացման հարցը ամրագրուել է 2015 թուականին ընդունուած համահայկական Հռչակագրով: Պետական մակարդակով, հինգ տարուայ ընթացքում ի՞նչ աշխատանքներ են կատարուել փաստաթուղթը կեանքի կոչելու, պահանջատիրութիւնը միջազգային իրաւական հարթակում ներկայացնելու ուղղութեամբ:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Մեր պաշտօնեաները կարծես նախասիրութեան մակարդակով են այս հարցով զբաղւում եւ այն չեն դարձնում գործունէութեան հիմնական ուղենիշ, այն առումով, որ շատերը դա ընկալում են որպէս մեծ գլխացաւանք, եւ քանի որ համոզմունք չկայ, որ այդ հարցը վաղ թէ ուշ առաջ է քաշուելու՝ շրջանցում են այն: Մարդիկ, ովքեր պետական կառոյցներում չեն, եւ հասարակական, գիտական, քաղաքական ոլորտում են, նրանք շատ աւելի համարձակօրէն խօսում են հողային պահանջատիրութեան մասին, բայց դառնալով իշխանութիւն, բնականաբար, շատ աւելի զգուշաւոր են դառնում, որովհետեւ հասկանում են Թուրքիայի զգայուն վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ: Նիւթական հատուցման հարցում Թուրքիան գուցէ ինչ-որ համաձայնութեան մեզ հետ գայ, ներքին զգացողութիւն ունեմ, որ պատրաստ է այդ թեմայով մեզ հետ բանակցելու, մի բան, որ արել է 70ական թուականների վերջին: Սակայն ինչ վերաբերում է հողային պահանջատիրութեանը, բնականաբար, Թուրքական կողմը լսել չի ուզում, եւ ամէն ինչ անում է, որ այդ հարցը երբեք օրակարգ չգայ, եւ շարունակում է մերժողական կեցուածք ընդունել:

Մեր պարագայում, ցաւօք, միջազգային մակարդակով իրաւական լուրջ յաջողութիւններ չարձանագրեցինք, ինչպէս ժամանակին դա արեց Ռաֆայէլ Լեմկինը՝ 1948 թուականի Դեկտեմբերի 9ի ՄԱԿի բանաձեւը ձեւակերպելով Հայոց Ցեղասպանութեան փաստերի հիման վրայ: Բացառութեամբ մէկի, որը մեր պարագայում ենթադրում է նաեւ տարածքային հատուցում, որովհետեւ, մեր դէպքում տեղի է ունեցել նաեւ հայրենազրկում, այսինքն, մենք զրկուել ենք մեր հայրենիքից, եւ բնականաբար մեզ կոտորել, բնաջնջել են հայրենիքից զրկելու նպատակով: Դրա համար, մենք միջազգային իրաւունքը, թէկուզ այդ բանաձեւը կիրառելով, մինչեւ Հաագայի միջազգային դատարան մտնելը պէտք է բարելաւենք եւ նոր ձեւակերպումով հանդէս գանք, որը կը կոչուի պատիժ՝ ազգին, էթնոսին իր հայրենիքից զրկելու համար:

Միջազգային իրաւունքում հայրենազրկումը ձեւակերպուած չէ, եւ ես կարծում եմ, այս ուղղութեամբ պիտի աշխատանք կատարենք: Պետական առումով, ի հարկէ, կայ զգուշաւորութիւն թէ՛ նախկին, թէ՛ ներկայ իշխանութիւնների կողմից, բայց կարծում եմ, որ գիտական եւ հասարակական մակարդակով այդ խնդիրը պէտք է բոլոր դէպքերում առաջ մղել: Մեր կամքից անկախ, պայմանաւորուած Թուրքիայում ներքին բուռն գործընթացներով, այդ խնդիրը ամէն րոպէ կարող է գալ օրակարգ, եւ մենք ուշացած կարող ենք լինել եւ չօգտուել այն պատմական հնարաւորութիւնից, որը կարող է ընձեռուել մեզ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ գիտական հարթակում պահանջատիրութեան ուղղութեամբ ի՞նչ աշխատանքներ են տարւում: Կա՞ն արդեօք պատրաստի թղթածրարներ, օրինակ, իրաւական ոլորտում:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Գիտական առումով, կարող եմ ասել, որ բաւական լուրջ աշխատանք կատարուած է պահանջատիրութեան ուղղութեամբ: Նշեմ օրինակ, վերջերս ստեղծուած կարեւոր, ծանրակշիռ աշխատութեան մասին՝ Հայոց Ցեղասպանութեան դիմաց հատուցման հասնելու միջազգային կառուցակարգերը, որ տպագրուեց ՀՀ ԳԱ Պատմութեան ինստիտուտում յարակից ինստիտուտների, համալսարանականների մասնակցութեամբ: Սա միջգիտակարգային 600 էջանոց լուրջ աշխատութիւն է, այն մասին, թէ մենք ինչ ենք ունեցել մինչեւ Ցեղասպանութիւնը, եւ բացի մարդկային ու նիւթական կորուստներից ինչ այլ, նիւթական կորուստներ ենք ունեցել՝ մշակութային արժէքների, եկեղեցական կոթողների, հանքերի, անտառների տեսքով: Ներկայացւում է, թէ ինչ ահռելի հարստութիւն ենք կորցրել, իրական պատկեր, որ տարբեր է ներկայացուող այն թուերից, որոնց մասին խօսուել է 1919թ.ի Փարիզի վեհաժողովում որպէս մեր հայ ժողովրդին հասցուած նիւթական վնաս, որն իրականութեանը չի համապատասխանում, որովհետեւ շատ արագ էր կազմուել եւ ներկայացուել Աւետիս Ահարոնեանի պատուիրակութեան կողմից՝ Անտանտի յաղթանակած երկրների ղեկավար մարմիններին: Յետագայում երբ աւելի լուրջ ուսումնասիրութիւններ են կատարուել, տեսել են, որ կորսուած գումարներն ահռելի մեծ են եւ այսօրուայ հաշուարկներով 100 միլիարդաւոր դոլարների են հասնում, եթէ ոչ՝ տրիլիոնի:

Գիտական ասպարէզում լուրջ աշխատանք կատարել ենք, բայց դէ դա երբ կը վերածուի քաղաքականութեան՝ դժուար է ասել, որովհետեւ պատճառներն կան. մեր երկիրը պէտք է ամրանայ, ռազմաքաղաքական առումով հզօրանայ եւ յետոյ հատուցումը դարձնի պետական քաղաքականութեան մաս: Առնուազն ունենք այն, որ Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը մեր պետութեան արտաքին քաղաքականութեան մաս է կազմում, մի բան, որ 1998թ.ից առաջ մեզանում չկար, իսկ հիմա, գոնէ փառք Աստծոյ կայ, եւ ունենք նաեւ Հռչակագիրը, որտեղ շատ դիւանագիտօրէն ձեւակերպւում է մեր ազգային պահանջատիրութիւնը:

«Ցեղասպանութեան հետեւանքների վերացում» բառակապակցութիւնն իրականում ենթադրում է հէնց այդ պահանջատիրութեան հարցը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J’EXIGE

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պահանջատիրութիւնը համահայկական օրակարգի առաջնահերթութիւն դարձնելու համար նպատակայարմար չի՞ լինի արդեօք կատարել, այսպէս ասած, աշխատանքի բաժանում Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ: Գոյքի եւ նիւթական արժէքների համար աշխատանքները սկսուեն Սփիւռքում, ինչի նախադէպը կայ, Հայաստանն էլ թափ հաղորդի հողային պահանջատիրութեան գործընթացին:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Շատ հետաքրքիր հարց էք տալիս: Այո, Սփիւռքը փաստօրէն սկսել է աշխատանքները. hիշենք «Նիւ Եորք լայֆ ինշուրընս» ընկերութեան վճարած գումարները Ցեղասպանութեան տարիներին ընկերութիւնում ապահովագրուած անձանց ժառանգներին, որը սակայն Թուրքիան չէր փոխհատուցում: Այդուհանդերձ, հողային պահանջատիրութեան դիրքերում կանգնած մեր շատ ազգային գործիչների մօտ այդ գործընթացը դժգոհութիւն առաջացրեց: Նրանք կարծիքով, այդպիսով մեր թիւ մէկ խնդիրը նիւթական հատուցումն է դառնում եւ մենք երկրորդ պլան ենք մղում տարածքային հատուցումը:

Երբ Արամ Ա. կաթողիկոսը խնդիր դրեց Կիլիկիոյ Աթոռի ունեցածքը վերադարձնելու, նա ընդգծեց մի կարեւոր հանգամանք, որ իր քայլը տարածքային հատուցման հետ բացարձակապէս կապ չունի, այլ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, որպէս Հայաստանեաց առաքելական եկեղեցու մէկ Աթոռը, իր կորցրած ունեցուածքն է փորձում վերադարձնել, եւ պահանջատիրութեան խնդիրը ազգովին շարունակում է մնալ օրակարգում, իսկ այդ քայլը՝ ամբողջ պահանջատիրութեան մէկ մասն է կազմում: Դա շատ կարեւոր էր նշել:

Ճիշդ էք, աշխատանքի բաժանում, բոլոր դէպքերում պէտք է լինի եւ Սփիւռքը, որտեղ պահանջատիրութեան խնդիրն աւելի հեշտ է հնչեցնել, իր հերթին պէտք է գործի: Պատահական չէ, որ թուրքական մերժողականութեան եւ պայքարի գլխաւոր սլաքն ուղղւում է հէնց Սփիւռքի դէմ, որովհետեւ Սփիւռքի շատ կառոյցներ, ազգային կուսակցութիւններ, հաստատութիւններ, եկեղեցիներ, շատ աւելի կտրուկ ձեւով դնում են հողային պահանջատիրութեան հարցը: Իսկ պետութեան կողմից, դա յստակ քայլերով անելը բաւականաչափ դժուար է, մեծ պատասխանատուութեան հետ է կապուած եւ շատերը դա ուղղակիօրէն կապում են ՀՀ Ազգային անվտանգութեան հետ:

Իմ տեսակէտն այն է, որ Հայոց Ցեղասպանութեան խնդրի շօշափումը միաժամանակ ենթադրում է անվտանգութեան համակարգի ստեղծում Հայաստանի շուրջ: Երբ մենք ամբողջ աշխարհով բարձրաձայնում ենք Ցեղասպանութեան խնդիրը, եւ նշում մերժողականութեան վտանգները՝ աշխարհին յիշեցնում ենք, որ Թուրքիան նոյն երիտթուրքական կառավարութեան քաղաքականութեան շարունակողն է եւ բնականաբար, նրա մեղքը վերցնելով իր վրայ, դառնում է նորից ցեղասպան երկիր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պետական մակարդակով մերժողական եւ իր հայատեաց քաղաքականութիւնը շարունակող Թուրքիայի դէպքում, Հայաստանում, հասարակական հարթակում, առաւել խաղաղասիրական են մօտեցումները հակառակորդ հարեւանի նկատմամբ: Ազգային ժողովի պատգամաւորը խօսում է «հայերին փրկած «բարի» թուրքերի» մասին, Հանրային հեռուստաընկերութեան եթերում ցուցադրւում է «Անատոլիական Պատմութիւն» անուանումը կրող հեռուստասերիալ, որտեղ նշւում է, թէ հայերն էլ թուրքերի են սպանել՝ փորձելով հաւասարութիւն դնել հայերի եւ թուրքերի գործողութիւնների միջեւ, կամ միտք է հնչում, թէ «Թուրքիան պատերազմ էր մղում, եւ թիկունքում կար մի ժողովուրդ որը պաշտպանում էր թուրքի թշնամուն», արդարացման տպաւորութիւն ստեղծելով: Ի՞նչ նպատակով են հայ հանրութեան զգօնութիւնը թուլացնող նման ուղերձներ մատուցւում:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ազգային խնդիրներում որոշակի նահանջ ես զգում եմ, եւ այդ իմաստով Ցեղասպանութեան եւ պահանջատիրութեան խնդիրը բացառութիւն չէ: Թուրքերի երազանքը կեանքի կոչելու համար որոշ հայեր եւս օգտակար են լինում, որովհետեւ մեզ հաւասար նժարի վրայ դնելու այդ մօտեցումը թուրքերի նպատակն է, այսինքն՝ զոհն ու ոճրագործը յայտնուեն նոյն նժարի վրայ:

Այս մտահոգութիւնը ինձ մօտ մշտապէս եղել է եւ շատ շատերի մօտ է նկատւում չհիմնաւորուած զգուշաւորութիւն, որը միշտ բումերանգի նման կարող է հարուածել մեզ: Դեռ 1990 թուականի Օգոստոսի 23ին, երբ ընդունւում էր Անկախութեան հռչակագիրը, վէճ էր գնում այն մասին, թէ արդեօք արժի այդ կարեւոր փաստաթղթում զետեղել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը: Փառք Աստծոյ, որ պատգամաւորների մեծ մասի քուէարկութեամբ այդ կէտն անցաւ եւ այն մաս կազմեց Անկախութեան հռչակագրի:

Այդ զգուշաւորութիւնը շարունակւում է, իսկ Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային շատ ձախողումների հիմնական պատճառներից մէկը շարունակում է մնալ այն, որ մեր երկիրը ներփակ, անկլաւային (ուրիշ երկիրով մը շրջապատուած հողամաս-Խմբ.) պետութիւն է, արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհ չունի: Այս հանգամանքներով են պայմանաւորուած Հայաստանի անյաջողութիւնները: Երբ աշխարհի մեծերը, Փարիզի վեհաժողովում, Հայաստանին ընդարձակ տարածքներ եւ ելք դէպի Սեւ Ծով էին ցանկանում, պատճառն այն էր, որ ուզում էին իրենց ապագայ հզօր հարեւանն Արեւելքում, կենսունակ երկիր լինի եւ ինչպէս Լոյդ Ջոնսն էր ասում՝ «Հայաստանին պէտք է տանք ծով, որ շնչելու հնարաւորութիւն ունենայ»: Իսկ մենք այսօր ոչ Հունգարիա ենք, ոչ Աւստրիա, ոչ էլ Շուեյցարիա, որ ծով չունենալով, սակայն հարեւանների հետ բարիդրացիական յարաբերութիւնների միջոցով ծովային խնդիրը լուծենք: Մեր պարագայում բաւականաչափ բարդ է, եւ եթէ մեր երկու հարեւանների՝ Իրանի ու Վրաստանի պարագան չլինի՝ հարիւր տոկոսանոց անկլաւի մէջ ենք: Ահա այս առումով է, որ մեր քաղաքական գործիչներն ի վերջոյ պէտք է հասկանան, որ առանց հողային պահանջատիրութեան խնդրի լուծման, Հայաստանի բազմաթիւ քաղաքական, տնտեսական, մշակութային ձախողումներ միշտ կը մնան օրակարգում: Եւ ամենակարեւորը, որ հոգեբանօրէն, որպէս ազգ, հատուցումից յետոյ միայն կը դառնանք լիարժէք՝ ցեղասպանուածի, զրկուածի, զարկուածի հոգեբանութիւնից ձերբազատուած, եւ կը վերականգնենք մեր երբեմնի կայսերական մտածողութիւն ունեցող ժողովրդի նկարագիրն ու կերպարը:

Այդուհանդերձ, ուրախութեամբ պէտք է նշեմ, որ հասարակութեան շատ շերտեր կան, եւ յատկապէս մեր երիտասարդների շրջանում, ովքեր շարունակում են հաւատարիմ մնալ այս գաղափարին, ովքեր առանց Արեւմտեան Հայաստանի իրենց չեն պատկերացնում: Դէպի Արեւմտեան Հայաստան ուխտագնացութիւնը ծաղկում է ապրում. մեր պատմական հայրենիքում գիւղ առ գիւղ, յուշարձան առ յուշարձան ուսումնասիրում են մեր հայրենակիցները, եւ այս տեսանկիւնից ես լաւատես եմ: Գիտէք առօրեայ հոգսերը, սոցիալական մշտական խնդիրները մարդկանց առժամանակ ստիպում են սառեցնել իրենց ազգային գլխաւոր իղձերի իրականացման ձգտումը, բայց դա ժամանակաւոր է, ես լաւատես եմ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կը ցանկանայի անդրադառնայիք Անատոլիա անուանումին, եւ այն համահայկական տիրոյթում կիրառելու անթոյլատրելիութեանը:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Անատոլիա բառը շրջանառութեան մէջ է դրուել յոյների կողմից, երբ 395 թուականին Հռոմէական կայսրութիւնը բաժանուեց երկու մասի՝ Բիւզանդիայի Արեւելեան հռոմէական կայսրութեան եւ Արեւմտեան Հռոմէական կայսրութեան, եւ բուզանդացիները փոքրասիական թերակղզին սկսեցին կոչել Անատոլիա, որը յունարէնով նշանակում է արեւելք: Անատոլիայից արեւելք Արմէնիան էր, որը թուրքական քարտէզների վրայ ուղղակի նշւում էր Էրմենիստան: Մեր ինստիտուտի կողմից տպագրուած հայոց պատմութեան ակադեմիական հատորներից մէկում, 1803թ.ի քարտէզ ունենք, որը հրատարակուել է սուլթանական տպարանում եւ որի վրայ օսմաներենով գրուած է Էրմենիստան: Արաբատառ էր եւ գրւում էր աջից ձախ՝ «Է» տառը դրուած էր Արցախի վրայ, վերջին «Ն» տառը՝ Սեբիաստիայի, Փոքր Հայքի վրայ: Այսինքն, թուրքական պաշտօնական քարտէզը, որ գտել էր Ռուբէն Գալիչեանը, փաստում է, որ իրենք, օսմանեան արքունիկում, այդ երկիրն անուանում էին Էրմենիստան, իսկ Անատոլիա անուանումը միայն Անտիտաւրոսի լեռներից՝ Սեբաստիայից դէպի արեւմուտք ընկած տարածքն էր՝ Փոքրասիական թերակղզին:

1915թ.ի Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ, սկսուեց նաեւ ժողովրդագրական
(դեմոգրաֆիական) եւ տեղագրական (տոպոգրաֆիական) բնոյթի ցեղասպանութիւն: Թուրքերը սկսեցին տեղանունները զանգուածաբար փոխել, որովհետեւ չէին կարող մեզ ցեղասպանելուց յետոյ, Էրմենիստան անուանումը կիրառել մեր երկրի մասին: Նրանք որոշեցին Անատոլիայից դէպի արեւելք ընկած հատուածը կոչել նոր ձեւով, եւ անուանեցին արեւելեան Անատոլիա: Թուրքերէնով դա հնչում է «դողուանադոլու» (թուրք.՝ Doğu Anadolu), այսինքն, եթէ թարգմանում ես, հնչում է՝ արեւելեան արեւելք, այսինքն՝ յիմարութիւն է, արեւելքից արեւելք չի կարող լինել:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Միջազգային համայնքն ինչպէ՞ս է անուանում Արեւմտեան Հայաստանը:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- 10-15 տարի առաջ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Եւրոպայում, ե՛ւ ԱՄՆում Արեւմտեան Հայաստան եզրոյթի գործածումը սուիններով կարող էր ընդունուել: Սակայն վերջին շրջանում շատ ուրախալի է, որ այդ միտումը փոխուել է: Մեր պատմութեան ինստիտուտը մաս է կազմում ԱՊՀ Երկրների Պատմաբանների ընկերակցութեան, եւ երբ տարիներ առաջ կազմակերպութեան համաժողովում, ես օգտագործեցի Արեւմտեան Հայաստան եզրոյթը՝ դահլիճում աղմուկ բարձրացաւ, եւ ինձ զգուշացրել էին, որ լաւ չէր ընկալուի: Սակայն կամաց-կամաց նրանց ականջը սովորեց, եւ հիմա կարող եմ ի ուրախութիւն մեզ նշել, որ այդ ընկերակցութեան «Պատմական տարածք» կոչուող պաշտօնական գիտական ամսագիրը բազմաթիւ յօդուածներ տպագրեց Արեւմտեան Հայաստանի մասին, այդ թւում՝ ռուս հեղինակների: Եւրոպայում էլ, «Ուեսթըրն Արմինիա» եզրոյթը սովորական է դարձել, եւ նախկին զգուշաւորութիւնը, որ այդ հարցում կար, ներկայում այլեւս չկայ: Այս առումով, մենք պէտք է օրէցօր առաջ գնանք, եւ մարդկանց սովորեցնենք, որ վարժուեն:

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895

Asbarez.com

akunq.net/am/?p=71017

Facebooktwitterredditpinterestlinkedinmail