Թուրքին ներելու մասին խոսքեր ասպարեզ նետողները կա՛մ անգրագետ են, կա՛մ քաղաքականապես տհաս, կա՛մ պատվեր են կատարում. Հայկազուն Ալվրցյան
29 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
365News-ը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանի հետ խոսեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվելիք հատուցման, պահանջատիրության՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական և ամենաակտիվ բաղադրիչի և թուրքերին ներելու վերաբերալ հայտարարությունների իրական դրդապատճառների մասին:
-Ինչպե՞ս եք գնահատում թուրքերին ներելու մասին հայտարարությունները:
-Նախ՝ պետք է ճշտել, թե Թուրքիան ով է, ինչ դեր է ունեցել մեր ազգային կյանքում: Թուրքիան մեր դեմ կատարել է մեծագույն հանցագործություն: Հանցագործին չի կարելի ներել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի զղջացել, ներողություն չի խնդրել և չի հատուցել: Ներել թուրքին նշանակում է ներել հանցագործին: Դա նշանակում է հրաժարվել մեր իրավունքից և հանցագործին հնարավորություն տալ դառնալու կրկնահանցագործ:
Թուրքիային կարող է ներել միայն ու միայն Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայ ժողովրդի կամքն արտահայտող համահայկական կառույց՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Եվ դա միայն այն դեպքում, երբ Թուրքիան պետական մակարդակով ներողություն կխնդրի համայն հայությունից, կհատուցի տարածքային, մշակութային, տնտեսական, նյութական ամբողջ համալիրով։ Պարզ է՝ մարդկային կորուստները չի կարող հատուցել, բայց դրա դիմաց նշածս բոլոր կետերով պիտի հատուցի, ինչը կնշանակի, որ Թուրքիայի իշխանությունները հասկացել են իրենց կատարած մեծագույն ոճիրը, հրաժարվել են այդ քաղաքականությունից, ներողություն են խնդրում։ Դա նշանակում է նոր քաղաքականություն, նոր իրավիճակ, նոր մոտեցումներ: Միայն այն դեպքում կարող ենք խոսել ներելու մասին, թեև իհարկե չենք մոռանա՝ ազգը չի մոռանա երբեք, բայց կներենք, որովհետև, ի վերջո, հատուցում է և ներողություն է խնդրում, նշանակում է՝ ընդունում է իր մեղքը և հաշտեցման ձեռք է պարզում։ Քաղաքական, բարոյական, զուտ մարդկային այլ պայման գոյություն չունի, և մենք իրավունք չունենք այդ մասին նույնիսկ մտածելու: Ովքեր այսօր թուրքին ներելու մասին խոսքեր են ասպարեզ նետում, առնվազն կա՛մ անգրագետ են, կա՛մ քաղաքականապես տհաս են, կա՛մ կատարում են պատվեր՝ հայ պետականությունն ու հայ ժողովրդին բարոյազրկելու, ոչնչացնելու և մեզ՝ որպես պետական, քաղաքական միավոր, աշխարհաքաղաքական հաշվարկից հանելու կամ թուլացնելու համար: Առանց վերոնշյալ պայմանների ներելու կոչ անողները օտար շահերի սպասավորներ են կամ տգետներ:
– Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, աշխարհասփյուռ հայության դեմ գործողությունների հատուկ ծրագիր է մշակում: Թուրքիայի քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության հարցում որևէ փոփոխություն նկատվո՞ւմ է:
– Թուրքիան ցեղասպան քաղաքականության իրավահաջորդն է ու շարունակողը և ամեն ինչ անում է աշխարհին ապացուցելու համար, որ իբր ինքը ցեղասպանություն չի իրականացրել: Բայց դա միևնույն ժամանակ ցեղասպանության շարունակություն է, որովհետև ուրացումը ևս ցեղասպանական գործողություն է։ Թուրքիան, որ ոչնչացրել է միլիոնավոր հայերի, խլել մեր հայրենիքը, մեր ունեցվածքը, այսօր էլ վարում է հայաջինջ և հակահայ քաղաքականություն, իսկ մենք, որ այդ քաղաքականության զոհն ենք, խոսում ենք ներել-չներելու մասին։ Սա ավելի վտանգավոր է, քան պարտությունը. սա ուրացում է։
Այո՛, թուրքերը շատ լավ գիտեն, որ ցեղասպանության դեմ պայքարելով՝ կարող են ստեղծել պատրանք, թե իրենք ցեղասպան չեն, բայց այստեղ շատ հետաքրքիր նրբերանգ է թաքնված. երբ տալիս ես երևույթի անունը, քեզնից անկախ՝ այդ երևույթը դարձնում ես քննարկման առարկա: Նրանք ասում են՝ Ցեղասպանություն չի եղել, և հարցը դառնում է Թուրքիայում և այլ երկրներում քննարկման առարկա: Քեմալականների իշխանության տարիներին Թուրքիայում այս մասին լռում էին բոլորը, Խորհրդային Միությունն էլ էր լռում. դա շատ ավելի վտանգավոր էր, քան այսօրվա ժխտումը. ինչո՞ւ, որովհետև լռությունը աստիճանական մոռացության քաղաքականություն է։ Հիմա ոչ միայն աշխարհը չի լռում, այլև պետություններ կան, որ բարձրաձայն խոսում են այդ մասին, դատապարտող բանաձևեր են ընդունում, նույնիսկ թուրքերն իրենք են այդ մասին խոսում: Երբ նրանք Ցեղասպանության ճանաչման դեմ պայքար են մղում, դրանով ևս մասնակցում են Ցեղասպանության խնդրի հանրայնացմանը, այսինքն՝ չեղած բանը անհնար է ժխտել՝ ժխտում են այն, ինչ կա կամ եղել է:
Թուրքերն իրենց պատմությունը լավ գիտեն՝ գտեն, որ այս տարածաշրջան եկել են հազար տարի առաջ, որ այստեղ բնիկ ժողովուրդներ են ապրել, որ հիմա չկան, նրանք գիտեն, որ ցեղասպանություն են կատարել:
Մենք չէ, որ դա պետք է նրանց ապացուցենք, ո՛չ, մենք այլևս այդ խնդրից դուրս ենք: Մենք այսօր պետք է պայքարենք ոչ թե Ցեղասպանությունը ճանաչել տալու համար, այլ հատուցման հասնելու համար:
Մեր պետությունն այսօր պետք է Ցեղասպանության համար հատուցում պահանջի և այդ հատուցման պահանջատիրական քաղաքականությունը դարձնի պետության արտաքին քաղաքականության հիմնական հարց՝ ամեն ինչից առաջ:
Որովհետև եթե դա չանենք, Արցախը նույնպես տանուլ կտանք:
Արցախը նույնպես ցեղասպանության եզրին է կանգնած: Եթե մենք չկարողանանք այս մի Ցեղապանության ընդունումը պարտադրել և հատուցում պահանջել, ապա չենք կարողանա կանխել հաջորդ ցեղասպանությունը, որը դարձյալ թուրքական մեկ այլ պետության կողմից է կատարվելու: Այդ երկու կազմավորումները, ինչպես իրենք են ասում, մեկ ժողովուրդ են, երկու պետություն, երկուսն էլ՝ ցեղասպան:
Հիշենք դարասկզբի Բաքվի, Գանձակի Շուշվա կոտորածները, որոնք բնույթով բոլորը ցեղասպանություններ են, ինչպես մեր ժամանակներում Սումգայիթի և Բաքվի կոտորածները: Հատուցման պահանջները Թուրքիայից աստիճանաբար պետք է տարածենք նաև «Արդբեջան» կոչվող կազմավորման վրա:
-Հատուցման մասին խոսելիս շեշտը ինչի՞ վրա պետք է դնել՝ տարածքներ, նյութական-ֆինանսական հարցեր, թե՞…
–Եթե խոսենք նյութական փոխհատուցումից, այսօրվա հաշվարկներով դա հարյուր միլիարդավոր դոլարների ունեցվածք է՝ գույք, տներ, դպրոցներ, այլ մշակութային-հասարակական նշանակության շինություններ, արդյունաբերական ձեռնարկություններ, ցամաքային և ծովային փոխադրամիջոցներ, եկեղեցիներ՝ իրենց ունեցվածքով, մշակութային արժեքներ, թատրոններ, հրատարակչական տներ և տպարաններ, դրամատներ և դրանցում պահ տված գումար, ապահովագրական գումարներ և այլն:
Նյութականը կարևոր է, սակայն գլխավորը տարածքային պահանջատիրությունն է, որը աշխարհին հասկանալի ձևակերպումներով ամրագրված է Վիլսոնի իրավարար վճիռի մեջ և Սևրի պայմանագրում:
Թեև մենք կորցրել ենք եռակի ավելի տարածքներ (Իրավարար վճռի մեջ չեն մտնում Կիլիկիան, Փոքր Հայքը, Հարավարևմտյան Հայաստանը), սակայն միջազգային իրավունքի տեսակետից համաշխարհային հանրությանը հասկանալի է Իրավարար վճռով գծված սահմանը: Սևրի պայմանագրի բոլոր կետերն իրականություն են դարձել՝ բացի հայկական և քրդական հարցերից:
Սևրի պայմանագիրը գործող փաստաթուղթ է։ Ավելին՝ Օսմանյան կայսրությունը ստորագրել է նշյալ երկու փաստաթղթերի տակ։
Տարածքային պահանջատիրություն ասելով՝ մենք ի նկատի ունենք այս փաստաթղթերով հստակեցված սահմանները:
-Ի՞նչ քաղաքական իրավիճակ պետք է լինի, որ հնարավոր լինի այս փաստաթղթերի՝ մեզ վերաբերող կետերը կյանքի կոչել:
– Այդ վճիռը կայացրել են Առաջին աշխարհանարտում հաղթած դաշանկից պետությունները, ուրեմն հարկավոր է, որ քաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մեր հարցի լուծումը գլխավոր պետությունների շահերին համապատասխանի:
Աշխարհաքաղաքական գործընթացներն այսօր այնպիսին են, որ մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք և կարողանանք ներկայացնել ու պաշտպանել մեր շահերը, քանզի դա կարող ենք անել միայն մենք՝ առանց ուրիշի վրա հույս դնելու, բայց նաև ճիշտ կողմնորոշվելով մեր հարաբերություններում։
Անշուշտ դժվար է ասել, թե այն երբ իրականություն կդառնա, բայց նախ պետք է հարցը դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարց: Ցավոք, Հայաստանն այսօր չունի պահանջատիրական արտաքին քաղաքականություն։
Միայն Ցեղասպանության ճանաչումով, Ցեղասպանությունը հիշելով՝ հարցը չի լուծվի. հարկավոր է պետական հետևողական քաղաքականությամբ պահանջել մեր իրավունքների վերականգնում՝ համախմբելով աբողջ ազգը։ ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ կարգախոսի էությունը դա է․այն քաղաքական կարգախոս է:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը հիշում է, բայց չի պահանջում: Հիշելը մի բան է, պահանջելը՝ այլ: Պահանջելը պետք է դառնա մեր օրակարգի հարց: Մերձավոր Արևելքում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները վաղ թե ուշ հանգեցնելու են աշխարհի նոր քարտեզի։
Գոնե այս տարածաշրջանում հաստատապես լուրջ փոփոխություններ են լինելու, որովհետև այսօրվա քարտեզը գծվել է շատ պայմանական և շատ անարդար: Պետք է պատրաստվենք մեր դուռը բախող գալիքը դիմավորելու, այլապես նա կշրջանցի մեզ։
Զրուցեց Հայկա Ալոյանը
365news.am
akunq.net/am/?p=71030