Հայերի Փրկութիւն Թուրքերի Կողմից Չի Եղել – Հայերի Փրկութիւն Թուրքերի Կողմից Չի Եղել – (ՀԱՏՈՒԱԾ Թիւ 1)

Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտոիտի Տնօրէն Յարութիւն Մարութեան

Հայերի Փրկութիւն Թուրքերի Կողմից Չի Եղել – Հայերի Փրկութիւն Թուրքերի Կողմից Չի Եղել – (ՀԱՏՈՒԱԾ Թիւ 1)

05 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

LES FORCES MILITAIRES OTTOMANES CONDUISENT DES HOMMES ARMÉNIENS VERS UN LIEU D’EXÉCUTION EN DEHORS DE LA VILLE DE KHARPOUT. Empire ottoman, mars-juin 1915.

Հարցազրոյց Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտոիտի
Տնօրէն Յարութիւն Մարութեանի Հետ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ստորեւ ներկայացնում ենք «Ասպարէզ»ի հարցազրոյցը Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (հիմնարկի) տնօրէն Յարութիւն Մարութեանի հետ.

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) դիմատետրի հայ օգտատէրերին կոչ էր արել, որ Ապրիլի 24ին իրենց լուսանկարները փոխարինեն յատուկ ստեղծուած յուշային շրջանակով, որտեղ ներկայացուած կը լինէին Ցեղասպանութեան զոհ դարձած կամ վերապրած հարազատների լուսանկարներ՝ «Ես Յիշում եմ» կամ «Կը Յիշեմ» կից գրութեամբ: Նախաձեռնութիւնը, սակայն դժգոհութիւն առաջացրեց հանրութեան շրջանում՝ մեկնաբանութեամբ, որ փորձ է արւում փոխել քաղաքական գիծը՝ ի դէմս համահայկական հռչակագրում տեղ գտած «Յիշում եմ եւ Պահանջում» կարգախօսին: Դուք հանգամանալից պարզաբանում ներկայացրեցիք: Ին՞չ էր Ձեր առաջարկը ենթադրում:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Իրականում առաջարկուել է, որ օգտատէրերը փոխեն լուսանկարները եւ տեղադրեն Ցեղասպանութեան զոհ դարձած կամ վերապրած իրենց պապիկ տատիկների, սպանուած արեւմտահայ մտաւորականների, Արեւմտեան Հայաստանի բնակավայրերի, եկեղեցիների, ձեռագրերի, մասունքների լուսանկարներ, մարդկային պատմութիւններ եւ նկարի վրայ գրել «Յիշում եմ»:

Հարցը հետեւեալ հարթութեան մէջ էր. ստացուած տեղեկութիւնները հնարաւորութիւն կը տային ընդլայնելու մեր աղբիւրագիտութեան բազան եւ ստեղծելու «Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների ու զոհերի տուեալների էլեկտրոնային շտեմարան»-ի հենքը, որի գլխաւոր նպատակն է մէկտեղել եւ հաւաքագրել իւրաքանչիւր զոհի եւ վերապրածի անձնական տուեալները՝ հնարաւորինս հասանելի կենսագրական տեղեկութիւններով։ Որեւէ այլ միտք այս նախաձեռնութիւնը չի ունեցել:

Հաշուի առնելով այն հանգամանքը, որ յուշային շրջանակի վրայ «Յիշում եմ» բառակապակցութիւնը հանրութեան որոշ շրջանակներում թիւր տպաւորութիւն ստեղծեց քաղաքական գծի փոփոխութեան մասին, մենք որոշեցինք խուսափել հնարաւոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների անհանգստութիւնը եւ փոխել յուշային շրջանակի գրութիւնը՝ որպէս ձեւակերպում օգտագործելով «Հայոց ցեղասպանութեան 100րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշուած «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը գիտամշակութային հաստատութիւն լինելուց բացի, նաեւ պահանջատիրութեան հարցով քաղաքական գլխաւոր հարթակներից է: Ինչպէ՞ս էք գնահատում Ցեղասպանութեան հետեւանքների վերացման ուղղութեամբ պետութեան կողմից իրականացուող աշխատանքները, եւ թանգարան-ինստիտուտն ինչպէ՞ս է ներգրաւուած գործընթացում: Չէ՞ք կարծում, որ ՀՑԹԻն պէտք է առաւել գործուն՝ համախմբող եւ համակարգող դեր ստանձնի պահանջատիրութեան կազմակերպման հարցում:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Այսօր պահանջատիրութեան հարցը գտնւում է իրաւական ոլորտում: Ժամանակին, Հայաստանի Սահմանադրական Դատարանին կից յանձնախումբ ձեւաւորուեց, որին պետութեան ղեկավարների կողմից յանձնարարութիւն տրուեց պատրաստել իրաւական թղթածրար, այսինքն՝ խնդիրն այդ հարթութեան մէջ է:

Առ այսօր, որքանով ես եմ տեղեակ, որեւէ աւարտական փաստաթուղթ չի ներկայացուել: Որքան գիտեմ, պետութիւնը գործընթացի իրականացման համար նիւթական միջոցներ չէր յատկացրել, եւ յանձնախմբում ներգրաւուած կազմակերպութիւններն իրենց ուժերով էին փորձում վերլուծութիւններ անել եւ առաջարկութիւններ ներկայացնել։

Միաժամանակ, հայաստանցի հասարակագէտների մի խումբ, որոնց թւում են ակադեմիկոսներ Գեւորգ Պողոսեանը, Աշոտ Մելքոնեանը, Արարատ Աղասեանը, նաեւ Արմէն Մարուքեանը, Վլադիմիր Վարդանեանը եւ ուրիշներ մի քանի ամիս առաջ վեց հարիւր էջանոց գիրք են հրատարակել, նուիրուած ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի կորուստներին եւ հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերին։

Մասնաւորապէս, ներկայացուած է նաեւ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացմանն ուղղուած իրաւական միջոցների վերլուծութիւն, հնարաւոր «ճանապարհային քարտէզ» եւ այլն:

Ինչ վերաբերում է թանգարանին, ապա մեզ մօտ միջազգային իրաւունքի միայն մէկ մասնագէտ է աշխատում։

Կարծում եմ ժամանակն է, որ թանգարան-ինստիտուտին կից ստեղծուի մի կառոյց, որտեղ կ’աշխատէին հայկական պահանջների հետազօտման եւ հարցը միջազգային իրաւունքի ոլորտ տեղափոխելու խնդիր ունեցող մասնագէտներ, կառոյց, որը ցանցային աշխատանքի ձեւաչափ որդեգրելով կը կարողանար գործի մէջ ներգրաւել աշխարհի տարբեր ծագերում գործող հայ եւ օտարերկրացի այս ոլորտի մասնագէտներին։

Համամիտ եմ ձեր հետ, որ նման կառոյցի ձեւաւորման անհրաժեշտութիւնը օրուայ հրամայականներից է դարձել։ Հարցն, ի հարկէ, միայն ցանկութիւններով չի որոշւում. վստահ եմ, որ այս հարցում անհրաժեշտ է հայաստանեան եւ սփիւռքեան ուժերի համախմբում։

ՀՑԹԻն թանգարանի մշտական եւ ժամանակաւոր ցուցադրութիւնների, պաշտօնական պատուիրակութիւններին եւ հանրութեան լայն շրջանակների իրազեկման միջոցով մասնակցում է Հայոց Ցեղասպանութեան պատմութեան միջազգայնացման գործընթացին։

ՀԱՏՈՒԱԾ ԹԻՒ 1

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

Շարունակելի,,,

Facebooktwitterredditpinterestlinkedinmail