Արեւելահայերեն – Հայերի Փրկություն Թուրքերի Կողմից Չի Եղել – Հայերի Փրկություն Թուրքերի Կողմից Չի Եղել,,,

Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտոիտի Տնօրէն Յարութիւն Մարութեան

Արեւելահայերեն – Հայերի Փրկություն Թուրքերի Կողմից Չի Եղել – Հայերի Փրկություն Թուրքերի Կողմից Չի Եղել,,,

02 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ – ԿԸ ՀԻՇԵՄ և ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

ԿԵԱՎՈՒՐ-երը ԵՒ ՄԵՆՔ:

Skulls of Armenians massacred in Urfa, surrounded by Armenian dignitaries and women from the women’s shelter in Urfa’s Monastery of St. Sarkis in June 1919. | AGBU via Wikimedia CC License by

Հարցազրույց: Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Տնօրեն Հարություն Մարությանի Հետ

Վարեց՝ ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Ստորև ներկայացնում ենք «Ասպարէզ»ի հարցազրույցը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (հիմնարկի) տնօրեն Յարություն Մարությանի հետ.

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) դիմատետրի հայ օգտատերերին կոչ էր արել, որ Ապրիլի 24ին իրենց լուսանկարները փոխարինեն յատուկ ստեղծուած Հուշային շրջանակով, որտեղ ներկայացուած կը լինէին Ցեղասպանության զոհ դարձած կամ վերապրած հարազատների լուսանկարներ՝ «Ես Հիշում եմ» կամ «Կը Հիշեմ» կից գրությամբ:

Նախաձեռնությունը, սակայն դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում՝ մեկնաբանությամբ, որ փորձ է արվում փոխել քաղաքական գիծը՝ ի դեմս համահայկական հռչակագրում տեղ գտած «Հիշում եմ և Պահանջում» կարգախօսին: Դուք հանգամանալից պարզաբանում ներկայացրեցիք: Ին՞չ էր Ձեր առաջարկը ենթադրում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- Իրականում առաջարկվել է, որ օգտատերերը փոխեն լուսանկարները և տեղադրեն Ցեղասպանության զոհ դարձած կամ վերապրած իրենց պապիկ տատիկների, սպանված արևմտահայ մտավորականների, Արևմտյան Հայաստանի բնակավայրերի, եկեղեցիների, ձեռագրերի, մասունքների լուսանկարներ, մարդկային պատմություններ և նկարի վրա գրել «Հիշում եմ»:

Հարցը հետևեալ հարթության մեջ էր. ստացված տեղեկությունները հնարավորություն կը տային ընդլայնելու մեր աղբյուրագիտության բազան և ստեղծելու «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու զոհերի տվեալների էլեկտրոնային շտեմարան»-ի հենքը, որի գլխավոր նպատակն է մեկտեղել և հավաքագրել յուրաքանչյուր զոհի և վերապրածի անձնական տվեալները՝ հնարավորինս հասանելի կենսագրական տեղեկություններով։ Որևէ այլ միտք այս նախաձեռնությունը չի ունեցել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուշային շրջանակի վրայ «Հիշում եմ» բառակապակցությունը հանրության որոշ շրջանակներում թյուր տպավորություն ստեղծեց քաղաքական գծի փոփոխության մասին, մենք որոշեցինք խուսափել հնարավոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների անհանգստությունը և փոխել հուշային շրջանակի գրությունը՝ որպես ձևակերպում օգտագործելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գիտամշակութային հաստատություն լինելուց բացի, նաև պահանջատիրության հարցով քաղաքական գլխավոր հարթակներից է: Ինչպէ՞ս էք գնահատում Ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները, և թանգարան-ինստիտուտն ինչպէ՞ս է

ներգրավված գործընթացում: Չէ՞ք կարծում, որ ՀՑԹԻն պէտք է առավել գործուն՝ համախմբող և համակարգող դեր ստանձնի պահանջատիրության կազմակերպման հարցում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- Այսօր պահանջատիրության հարցը գտնվում է իրավական ոլորտում: Ժամանակին, Հայաստանի Սահմանադրական Դատարանին կից հանձնախումբ ձևավորուեց, որին պետության ղեկավարների կողմից հանձնարարություն տրվեց պատրաստել իրավական թղթածրար, այսինքն՝ խնդիրն այդ հարթության մեջ է: Առ այսօր, որքանով ես եմ տեղյակ, որևէ ավարտական փաստաթուղթ չի ներկայացվել:

Որքան գիտեմ, պետությունը գործընթացի իրականացման համար նյութական միջոցներ չէր հատկացրել, և հանձնախմբում ներգրավված կազմակերպություններն իրենց ուժերով էին փորձում վերլուծություններ անել և առաջարկություններ ներկայացնել։

Միաժամանակ, հայաստանցի հասարակագետների մի խումբ, որոնց թվում են ակադեմիկոսներ Գեվորգ Պողոսյանը, Աշոտ Մելքոնյանը, Արարատ Աղասյանը, նաև Արմեն Մարուքյանը, Վլադիմիր Վարդանյանը և ուրիշներ մի քանի ամիս առաջ վեց հարյուր էջանոց գիրք են հրատարակել, նվիրված ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստներին և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերին։

Մասնավորապես, ներկայացված է նաև Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական միջոցների վերլուծություն, հնարավոր «ճանապարհային քարտէզ» և այլն:

Ինչ վերաբերում է թանգարանին, ապա մեզ մոտ միջազգային իրավունքի միայն մեկ մասնագէտ է աշխատում։ Կարծում եմ ժամանակն է, որ թանգարան-ինստիտուտին կից ստեղծվի մի կառույց, որտեղ կ’աշխատէին հայկական պահանջների հետազոտման և հարցը միջազգային իրավունքի ոլորտ տեղափոխելու խնդիր ունեցող մասնագետներ, կառույց, որը ցանցային աշխատանքի ձևաչափ որդեգրելով կը կարողանար գործի մեջ ներգրավել աշխարհի տարբեր ծագերում գործող հայ և օտարերկրացի այս ոլորտի մասնագետներին։

Համամիտ եմ ձեր հետ, որ նման կառույցի ձևավորման անհրաժեշտությունը օրվա հրամայականներից է դարձել։ Հարցն, ի հարկէ, միայն ցանկություններով չի որոշվում. վստահ եմ, որ այս հարցում անհրաժեշտ է հայաստանյան և սփյուռքյան ուժերի համախմբում։

ՀՑԹԻն թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների, պաշտօնական պատվիրակություններին և հանրության լայն շրջանակների իրազեկման միջոցով մասնակցում է Հայոց Ցեղասպանության պատմության միջազգայնացման գործընթացին։

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Պահանջատիրության հարցում ի՞նչ տարբերակներ կարող են քննարկվել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- Ես շատ կարևորում եմ այս հարցի մասնագիտական քննարկումը, որովհետև տարբեր մոտեցումներ կան: Ես ինքս երկու հրապարակում ունեմ, որոնցից մեկը կրում է «Գերմանիայի ֆինանսական փոխհատուցումները հրեությանը (ձևավորումը, գործընթացը, մերօրյա վիճակը)» խորագիրը: Իսրայէլ պետությունը հարցը լուծեց հետևեալ ձեվով՝ հատուցման խնդրով պաշտօնապես չդիմեց Գերմանիային, այլ ստեղծվեց «Գերմանիայի դեմ հրեական նյութական պահանջների կոնֆերանս» (Conference on Jewish Material Claims Against Germany) անվանումով միջազգային կառույց, որը միավորում էր քսաներեք միջազգային հրեական կազմակերպություններ: Այդ կառույցն ընդունվեց և՛ Իսրայէլի, և՛ Գերմանիայի կողմից, և հատուցման գործընթացը սկսվեց այս կառույցի միջոցով, այսինքն՝ պետությունը չմիջամտեց:

Շատ դէպքերում ասում են, որ Հայաստան պետությունը պետք է պաշտոնապես պահանջներ ներկայացնի Թուրքիային և հարցը տեղափոխի Միջազգային դատարան, բայց, որքան հասկանում եմ, պետությունը չի ցանկանում կտրուկ քայլերի դիմել, որովհետև որոշ մտավախություններ կան, և դրանցից մեկը՝ թերևս ամենակարևորը, իմ կարծիքով, այն է, որ երբ հարցը գնում է միջազգային դատարան՝ քաղաքական շահերն են առաջին շարք գալիս, և ոչ թե արդարությունը, ճշմարտությունը, և կարող է ճնշումներ լինեն Հայաստանի վրայ:

Տարիներ առաջ ստեղծվեց նման մի կազմակերպություն՝ «Արևմտահայոց Ազգային համագումար»ը, որտեղ ներգրավված էին արևմտահայկական հենքով բազմաթիվ հայրենակցական միություններ։ Կարծում եմ, ճանապարհներից մեկն էլ այն է, որ արևմտահայերի ցեղասպանված, հայրենիքը բռնի ձևով լքած գաղթականների ժառանգները համախմբվեն, պատրաստեն իրավական տեսանկյունից անխոցելի հայցեր, համակարգեն իրենց գործողությունները և հայցերը ներկայացնեն Թուրքիային, ապա և միջազգային դատարաններին՝ պահանջելով իրենց իրավունքների վերականգնում:

Սա նշանակում է, որ ոչ թէ պետությունն է առաջին պլան գալիս, այլ՝ պետության քաղաքացիները: Ամէն ինչ գործընթաց է, և կարելի է սկսել գույքային հատուցման խնդիրներից, ապա և անցնել մյուս՝ հողային պահանջատիրության փուլին:

Իմ հոդուածներից մեկում ներկայացրել եմ ժողովուրդների միջև հաշտության հարցի շուրջ արևմտյան մասնագէտների կարծիքները, ովքեր ասում են, որ հաշտություն հնարավոր է միայն այն դէպքում եթե ցեղասպանություն իրագործող կողմը ճանաչի, դատապարտի, հատուցի, և դրանից հետո նոր կարող է խոսք գնալ հաշտության մասին, որ այս պահին առաջնահերթ են ճանաչմանն, դատապարտմանն, հատուցմանն ուղղուած քայլերը ինչը ժամանակատար գործընթաց է:

Եվ ինչպես Հայաստանի արտգործնախարարը օրերս նշեց, առաջին հերթին Թուրքիան պէտք է այս ճանապարհով գնա, և դրա համար միջազգային ճանաչումները շատ մեծ դեր են կատարում: Որքան էլ թուրքերն ասեն, որ իրենց այդ ճանաչումները չեն հետաքրքրում, իրականում այն ազդում է թուրք հանրության վրա:

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Թուրքիան շարունակում է թշնամական, մերժողական քաղաքականությունը Հայաստանի և համայն հայության նկատմամբ, մինչդեռ Հայաստանում փորձեր են արվում հանրայնացնել օրինակ՝ հային փրկած բարի թուրքի կերպարը, և դա հնչում է Ազգային Ժողովում կամ Հանրային ալիքով: Ինչպէ՞ս էք վերաբերվում չհիմնավորված խաղաղասիրության նման դրսևորումներին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- Ես ենթադրում եմ, որ Ձեր նշած երևույթները առանձին դէպքեր են: Հայաստան պետության կողմից խաղաղասիրության կոչերի դրսևորումներ Թուրքիայի հետ կապուած չեմ նկատել։ Հայաստանի արտգործնախարարը պարբերաբար հիշեցնում է, որ Թուրքիան մեզ շրջափակման մեջ է պահում, դիվանագիտական հարաբերություններ մեր հետ չունի, չի նպաստում, որ դեպի Սև ծով ելք ունենանք: Այս ամէնը միջազգային իրավունքի տեսակէտից գնահատվում է որպես թշնամական վերաբերմունք:

Իմ մոտեցումն այս հարցին ներկայացրել եմ հոդվածներումս, որտեղ որպես գիտնական հետազոտել եմ հայերի «փրկությունը» թուրքերի կողմից, և եկել եմ այն կարծիքին, որ հայերի փրկություն թուրքերի կողմից չի եղել: Հետազօտություններս ներառում են Հայաստանի ազգային արխիվի հրատարակած՝ «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրողների Վկայություններ» եռահատորյակը, որ ներառում է 1916, 1917, 1918թթ.ին հավաքագրած վեց հարյուր պատմություններ:

Հարցը դիտարկել եմ հետևեալ հարթության մեջ՝ ի՞նչ է նշանակում փրկություն և որպես չափանիշ վերցրել եմ “Righteous Among the Nations”ի աշխարհում ընդունված մոտեցումները: Կա որոշակի մեթոդաբանություն և այն կիրառվում է աւելի քան կես դար, այսինքն՝ փրկության հետ կապված բոլոր պատմություններն անցնում են այս «մաղով», որը թույլ է տալիս տարանջատել «իսկական» փրկությունը «կեղծ» փրկությունից։ Երբ այդ չափանիշներով ենք դիտարկում Հայոց Ցեղասպանության տարիներին տեղ գտած «փրկությունները»՝ տեսնում ենք, որ այսպես կոչված թուրք «փրկիչներին» միշտ առաջնորդել է շահը, շահագործումը, թալանը:

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Այդուհանդերձ, գիտական հարթակում կատարուած հետազոտությունները, որ կարող են անհրաժեշտ հակակշիռ ստեղծել հանրային հարթակներում ներկայացվող «խաղաղասիրական» ուղերձներին՝ լայն հանրությանը գրեթե ներկայացված չեն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- Ցանկացած հասարակության մեջ լինում են մարդիկ, ովքեր կարծիք են արտայայտում տարբեր երևույթների մասին, բայց երբեք չի կարելի ասել, որ մեկ-երկուսի խոսքը (եթէ նրանք բարձր պաշտոններ զբաղեցնողներ չեն) նշանակություն կարող է ունենալ երկրի քաղաքական ուղղվածությունը փոխելու առումով:

Մեր ժողովուրդը հիանալի գիտի, թէ ինչ են իրենցից ներկայացնում թուրքական քաղաքականությունը, պատրանքներ չունի, թէ նրանց քաղաքականությունը մեր նկատմամբ փոխվել է՝ եթե նույնիսկ առերես «Քորոնա» ժահրի պարագայում օգնելու ցանկություն էին հայտնել:

Մենք հրաշալի հասկանում ենք, որ դրանք միջազգային հանրության համար արվող հայտարարություններ են՝ ցույց տալու նրանց իբր բարյացկամությունը, մեծահոգությունը, և այն, որ հայերն ու թուրքերն առանձնապես խնդիրներ չունեն և կարող են առկա հարցերը միմյանց հետ բարեկամաբար լուծել:

Դա թուրքերի դարերով, տասնամեակներով մշակած քաղաքականությունն է: Սակայն մենք հրաշալի գիտենք, որ նրանք պատրաստ են հարմար առիթի պարագայում մեզ ճնշել, ինչը սակայն չի ենթադրում, որ պէտք է վախենանք:

Մեր քաղաքական գործիչները շատ զուսպ քաղաքականություն են վարում՝ հաշվի առնելով իրականությունը, նաև այն, որ գործ ունենք 80 միլիոնանոց միջինարևելյան հզօր պետության հետ, և պէտք է ցանկացած քայլ համապատասխանեցնենք միջազգային հարաբերությունների չափանիշներին։

Մենք երբեք չպէտք է մոռանանք մեր անցեալը, և երբեք չանսանք այն հորդորներին, երբ ասում են, եկեք մի կողմ դնենք կատարվածը: Անցեալը մեր կյանքի մի մասն է, և շատ հաճախ որոշում է մեր այսօրն ու կանխորոշում է մեր ապագան:

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Թանգարան ինստիտուտում ներկայացված ցուցանմուշների մի մասի բացատրագրերում նշված է «Մեծ Եղեռն» եզրույթը: Հաշվի առնելով թանգարանի բազմաթիվ օտար այցելուներին ինչո՞վ է պայմանավորված, որ ամէնուր չի կիրառվում միջազգային իրավական առումով ընդունելի «Ցեղասպանություն» բառը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- Թանգարանի ներկայիս ցուցադրությունը ստեղծուել է 2015թին, և բացատրագրերի շուրջ քսան-երեսուն տոկոսում օգտագործված է «Մեծ Եղեռն» եզրույթը: Հիշենք, որ 1960ականների վերջերին և 1970ականների կեսերին մենք գործածում էինք «Մեծ Եղեռն»ը, և այս եզրույթը մեր հոգևոր հարստության, պատմական հիշողության մասն է: Տասնյակ գրքերի վերնագրեր կան «Մեծ Եղեռն»-ով, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ գրքերի հեղինակները նվաստացնում են ցեղսապանության նշանակությունը իրավական տեսանկյունից: Բացարձակապես՝ ո՛չ:

Եթէ ԱՄՆ նախկին ու ներկայ նախագահներն օգտագործում են «Մեծ Եղեռն» եզրույթը, նշանակում է այն կորցրե՞լ է իր գործածելիությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից, ի հարկէ, ճիշտը «Ցեղասպանություն» եզրույթն է:

«Մեծ Եղեռն» եզրույթը ներկայացված է հիմնականում Ժանսեմի նկարների բացատրագրերում, որովհետև թանգարանին նրա նվիրած հավաքածուի խորագիրն է այդպես:

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքներում ի՞նչ մասնակցություն ունի Սփյուռքը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- Առ այս պահը, եթէ մեզ ինչ որ հարցերում նյութապես օժանդակել են՝ եղել են սփյուռքահայերը, և դա ունի իր պատճառները, որոնցից մեկը հայաստանյան օրենսդրական սահմանափակումներն են: ԱՄՆում, օրինակ գործում է մեկենասության մասին օրէնք, ինչը սահմանում է, որ բարերարները զգալի չափով ազատվում են հարկերից:

Հայաստանում նման օրենք չկա, ու թեև պատճառները հասկանալի են՝ աճող տնտեսություն, պատերազմական վիճակում գտնվող երկիր, այդուհանդերձ կարելի էր փորձել բարենպաստ պայմաններ ստեղծել նաև հայաստանցի բարերարների համար՝ աջակցելու մշակութային ու գիտական հաստատություններին։

Սփյուռքահայ մեր բարերարներն ու կառույցները կատարում են մեզ անհրաժեշտ սարքերի նվիատվություններ, հովանավորում են մեր կողմից կազմակերպվող գիտաժողովները: Այս տարվա համար, օրինակ, նախատեսել ենք երեք գիտաժողով, որոնցից մեկը՝ «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց Ցեղասպանության տարիներին» խորագրով, կ’անցկացվի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության օժանդակությամբ, մյուսները՝ Գյուլբենկյան հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ:

ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Լուրեր կան, որ Հայոց Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրուած հուշայգի։ Ինչպէ՞ս կը մեկնաբանեք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.- 2019թ.ի Մայիսի 15ին, նամակով դիմել էինք ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հուշայգու գաղափարը Ծիծեռնակաբերդի այն հատվածում, որ անվարձահատույց օգտագործման է տրվել թանգարանին 2004թուականից:

Մտածում էինք, թէ որքան լավ կը լինէր, եթե տարածքում ստեղծվէին պուրակներ, որոնք կը կրէին Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության հայաբնակ մյուս վայրերի անունները, և նրանց մասին մուլտիմեդիա ձևաչափով ցուցադրություններ իրականացվէին:

Այսինքն, հուշայգին պէտք է կրի գիտաճանաչողական բնույթ՝ նպաստելով նաև ինքնության տարրերի հաստատմանը, և միաժամանակ, տարածքում չպէտք է գործեն սրճարաններ, ժամանցային կենտրոններ: Ծրագիրն անցեալ տարի հաստատվեց մեր գիտական խորհրդի կողմից:

Քաղաքապետարանի առաջարկը նրանում է, որ տարածքը տրամադրենք իրենց կանաչապատման նպատակով, քանի որ եթե տարածքը թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում է՝ իրենք չեն կարող ֆինանսական միջոցներ հատկացնել:

Իրավական տեսանկյունից նրանք գործող օրենքների շրջանակում իրավասու չեն գործունեություն ծավալել իրենց չպատկանող տարածքներում, մենք էլ ցանկանում ենք կանաչ տարածքներ ձևավորել որոշակի գաղափարախոսության շուրջ:

Նախատեսված են քննարկումներ: Մեր պատկերացմամբ այն համազգային այգի է դառնալու, որտեղ դրսևորուելու է Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը:

Վերջերս այս գաղափարին համահունչ նախաձեռնությամբ հանդես եկավ նաև ՀՀ նախագահը։

ՏԵՂԵԿԱՆՔ.- Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքները: 2019թ. ՀՑԹԻն կազմակերպել է երկօրեա միջազգային գիտաժողով՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով՝ մասնակցությամբ աւելի քան երկու տասնեակ հետազոտողների և աջակցությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության։ Այս տարի փորձելու ենք հրատարակել զեկուցումների ժողովածուն։ Կազմակերպվել է նաև համանուն ժամանակավոր ցուցադրություն՝ «Ազգային միասնությունից դէպի վերածնունդ» ենթախորագրով, որի գլխավոր գաղափարը եղել է այն փաստի շեշտադրումը, որ Հայոց Ցեղասպանության տարիներին հայերին փրկել են առաջին հերթին հայկական բարեսիրական ու բարեգործական կազմակերպությունները, հոգևոր կառույցները, շարքային հայ մարդիկ։ Կազմակերպվել են ևս հինգ ժամանակավոր ցուցադրություններ՝ «Հայոց ցեղասպանության 150ամեա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան», «Հայոց Ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ», Պոնտոսի հույների ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված եռօրեա ցուցադրություն, ինչպես նաև Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեա Արևելքի հետազոտությունների կենտրոնի հետ (ղեկավար՝ Յասմին Դում-Թրագութ)՝ «Հայրենիքից Հեռու, Հայրենիքում. Հայ Ռազմիկների Ճակատագիրն Առաջին Աշխարհամարտում»։

Թանգարան-ինստիտուտի ոչ մեծաքանակ հետազոտողների կողմից տպագրվել է ավելի քան երեք տասնյակ հոդվածներ, որոնց քառորդ մասը՝ միջազգային պարբերականներում։ Աշխատակիցները մասնակցել են ավելի քան երկու տասնյակ գիտաժողովների՝ արտերկրում և Հայաստանում։ Իրականացրել է երկօրեա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող երեք տասնեակ

ուսուցիչների համար, կազմակերպվել է շուրջ երկու տասնյակ մեթոդաբանական սեմինար օտարերկրեա և հայաստանցի մասնագետների մասնակցությամբ։

Հուշահամալիր և թանգարան են այցելել ավելի քան չորս տասնյակ պաշտոնական պատվիրակություններ, շուրջ 100.000 մարդ (ճնշող մեծամասնությունը՝ օտարերկրացիներ)։

Վերակնքվել է համագործակցության պայմանագիր գերմանական Պոտսդամ քաղաքի Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի հետ և նրանցից ստացել ենք Լեփսիուսի ձեռագիր արխիվի 1895-97 թթ. վերաբերող նյութերի սքանավորված փաստաթղթերը։ Թանգարան-ինստիտուտի կայքէջն է այցելել գրեթե 3 մլն մարդ, ինչը չգերազանցված արդյունք է։ Սանկտ Պետերբուրգում բնակվող գործարար Հրաչյա Պողոսյանի նվիրատվության շնորհիվ գրադարանը վերազինվել է նորաոճ, հատուկ ռելսերի վրա հավաքված մետաղեա գրապահարաններով, ավստրաբնակ Սուրէն Սէրայտարյանի նվիրատվության շնորհիվ թանգարանը համալրվել է չորս համակարգիչով և այլն։ Աշխատանքների արդյունավետությանը նպաստել են նաև կառուցվածքային մի շարք փոփոխություններ ու ներքին կանոնակարգերի ներդրումը, հստակեցվել են բաժինների գործառույթները, ձևավորվել են նոր բաժիններ:

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895

Կարդալ նաեւ՝ Դասական Հայերեն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail