Ի՞նչ պիտի սովորենք իսլամացած սասունցի հայից — Սասնոյ լեռներուն վրայ այծեր արածող փոքրիկ հայ հովիւ Շահինը

18 դեկտեմբեր 2015

Սոֆիա Յակոբեան

Երկար էի մտածում, թէ ինչպիսին պիտի լինի Սասունի հայերի մասին այն գրուածքը, որը կարդալու են Սփիւռքում` Ցեղասպանութիւնից հարիւր տարի անց:Արդիւնքում հասկացայ, որ այն ամէնն ինչ հարկաւոր է Ցեղասպանութեան արդիւնքում աշխարհով մէկ սփռուած հայութեանը, շատ պարզ է` մի կտոր հայրենիք:

Որոշեցի թէկուզ կարճ ժամանակով`Սասունից մի պատառիկ նուիրել. թոյլ տալ շատերին միասին ճանապարհորդել դէպի պատմական հայրենիք: Ոչ, այս անգամ մեր սպանուած պապերի գերեզմանները փնտռելու ու նրանց վրայ լալու համար չէ, որ պիտի գնանք Սասուն: Հին առասպելներից ու հայրենասիրական երգերից այն կողմ այսօրուայ Սասունը պիտի ճանաչենք`իր բոլոր լաւ ու վատ կողմերով:

Պիտի գնանք փնտռելու այնտեղ թողած կեանքերը: Պիտի փորձենք ճանաչել մեր եւ նրանց տարբերութիւնները, վերջապէս լսենք միմիանց, սովորենք միմիանցից: Հիմա երեւի շատերը կ’ասեն «Ի՞նչ պիտի սովորենք թուրքացած, քրտացած կամ արաբացած հայից»: Այո՛,պիտի սովորենք:

Սա այն յաւերժ թեման է, որի շուրջ անվերջ կարելի է խօսել. ինչպէ՞ս, ո՞վ եւ ինչո՞ւ մնաց, ո՞վ՝ ո՞ւմ թողեց, կամ ի՞նչ կը լինէր, եթէ բոլորը կարողանային մնալ, ո՞ւմ աւելի շատ փորձութիւններ բաժին ընկան կամ արդեօք կարելի՞ է մեղադրել կողմերից որեւէ մէկին…Այս հարցերն ու դրանց պատասխանները յաճախ մեզ տանում են փակուղի: Սասունում հասկանում ես մէկ բան. այժմ արդէն իմաստ էլ չունի նորից ու նորից այդ հարցերը տալն ու այդ փակուղու մէջ մտնելը: Այսքան տարի անց մեզ մնում է միայն փայփայել այն ամէնը, ինչ դեռ ունենք եւ անել ամէն ինչ, որպէսզի մէկ դար սպասելուց յետոյ այլեւս երբեք չկորցնենք միմիանց…

Սասունում քիչ բան է փոխուել այն ժամանակներից ի վեր, երբ այստեղ էին ապրում մեր նախնիները: Աւելի ճիշդ, եթէ չհաշուենք քսան տարի առաջ այստեղ հասած ելեկտրականութիւնը, ոչինչ չի փոխուել:

…Ոչ այնքան մեծ շուկայ, մի քանի խանութներ, թէյ խմող եւ նարտի խաղացող պապիկներ, որոնք ամենայն ուշադրութեամբ զննում են ամէն անցնող-դարձողի, երկու դպրոց, երկու-երեք ճաշարան, մէկ ինդերնէդ ակումբ, մէկ մզկիթ եւ քաղաքապետարանի ընդամէնը մէկ յարկանի շէնք: Ահա այն ամէնը, ինչն իրենից ներկայացնում է «Սասոն» քաղաքը:

Ներկայումս Սասոն անունը կրող եւ Թուրքիայի Բաթման նահանգի մի մարզը հանդիսացող մեր հերոսական Սասունը քարտէզի վրայ գտնելն անգամ բարդ է. նրա սահմանները փոքրացուել են արհեստականօրէն, տեղանունները փոխուել ու թուրքացուել:
Թէեւ տեղացիները շատ անգամ իրենք էլ չգիտեն գիւղերի նոր անունները, քանի որ մինչ օրս օգտագործում են հին անուանումները` յաճախ տեղեակ էլ չլինելով, որ հայկական են:
Թէ իսկ դեռեւս Օսմանեան շրջանում արաբատառ «Սասոն» գրութիւնը (քանի որ արաբերէնում չկայ «ու» տառը) Թուրքիայի Հանրապետութեան հռչակումից եւ լատինատառ այբուբենին անցնելուց յետոյ այդպէս էլ շարունակուեց գրուել Սասոն:

Դեռևս հայերի ինքնապաշտպանութեան տարիներին Օսմանեան կառավարութիւնը գաւառի անցուդարձը աւելի հեշտ կառավարելի դարձնելու համար Սասունի կենտրոնը լեռնային Բոզկանից տեղափոխեց աւելի հարթավայրային այս տարածքը: Սասունի վարչական կենտրոն դարձած հին Խաբլջոզի այս հատուածը միայն վերջին տարիներին է քիչ թէ շատ քաղաքատիպ աւանի տեսք ստացել:

Ճանապարհների անսարքութիւնը տեսնող զարմացած զբօսաշրջիկներին Սասունում ժպտալով պատասխանում են. «Հինգ տարի առաջ դա էլ չկար, ձորի միջով մագլցելով՝ գիւղից ուղիղ իջնում էինք քաղաք, մեքենայ չէր անցնում»:

Իրենց ոչ նախանձելի վիճակի մասին խօսք բացուելուն պէս՝ նեարդային արձագանգներով են դրսեւորւում բոլոր սասունցիները՝ արաբ, քիւրտ, հայ, բոլորը: Չհամարձակուէք յանկարծ ասել. «Այս ինչպէ՞ս էք ապրում այստեղ, այս ի՞նչ պայմաններ են» եւ այլն: Նրանք ամբողջ սրտով ու հոգով հաւատում են եւ համոզուած են, որ ապրում են աշխարհի ամենալաւ վայրում: Առաջին բանը, որ միանգամից նկատելի է դառնում այստեղ, այն է, որ փողոցներում գրեթէ չկան կանայք: Թէեւ այստեղ, ի տարբերութիւն Մուշի, կանայք չարշաֆ չեն հագնում (դա աւելի շատ ընդունուած է մեծ քաղաքներում, որտեղ շատ են օտարերը, մինչդեռ Սասունում բոլորն իրար ճանաչում են, եւ չարշաֆը այլեւս կորցնում է իր իմաստը), սակայն դրա փոխարէն կանանց հասարակական վայրերում տեսնելը գրեթէ անհնար է: Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ Սասունում մեծ փորձութիւն է շրջել խանութներով կամ պարզապէս հինգ րոպէ նստել սրճարանում՝ թէյ կամ սուրճ խմելու: Եթէ դրան գումարենք նաեւ այն, որ դու չես կրում գլխաշոր կամ երկար շրջազգեստի փոխարէն հագնում ես ճինզէ տաբատ, վիզդ եւ ուսերդ բաց են ու այս ամէնի հետ մէկտեղ դու ՀԱՅ աղջիկ ես, ապա ամենաթունաւոր հայեացքներն ապահովուած են: Նոյնը չես ասի Սասունի գիւղերի մասին, որտեղ թէ՛ արաբ, թէ՛ քիւրտ եւ թէ՛ հայ աղջիկներն աւելի ազատ են, քանի որ հիմնականում ապրում են ազգականների շրջապատում, եւ մահմետական աղջիկները թոյլ են տալիս իրենց չծածկել անգամ վիզը կամ տաբատ հագնել:

Հայուհիների շրջանում մեծահասակ կանայք նոյնպես կրում են գլխաշոր, սակայն այն տարբերւում է մահմետական կանանց շալերից. մահմետական կանայք որոշակի տարիքից յետոյ կրում են միայն ճերմակ գլխաշոր եւ թոյլ չեն տալիս իրենց գունաւոր շալեր կապել, նրանք նաեւ անպայման ծածկում են վիզն ու ուսերը: Մինչդեռ սասունցի հայ կնոջ վիզը եւ դունչը միշտ բաց են, գլխաշորը` գունաւոր: Այն ետեւից ամրացնելով՝ ծայրերը իջեցնում են մինչեւ ուսերը եւ այդպէս թողնում: Նրանք ընտրում են ծաղկաւոր տարբեր գոյների լաչակներ եւ նոյնիսկ այրիանալու դէպքում այն չեն փոխում մուգ կամ սեւ գոյների հետ. սասունցիների մէջ սեւ կրելը արգելուած է: Ասում են` մեծերն այդպէս են սովորեցրել, որպէսզի վատ էներկիան երկար չփոխանցուի:

Մինչ հայաբնակ գիւղերը բարձրանալը, պէտք է գնանք մեր վաղեմի ծանօթներից մէկի տուն` տօնական նախաճաշի: Հիւր ընդունելը Սասունում ինքնին տօն է: Տան բակում գետնին փռուած ծածկոցի վրայ գցւում է սպիտակ սփռոցը եւ կայծակնային արագութեամբ լցւում է աւանդական նախաճաշի ուտեսներով՝ պանիրներ, մածուն, աղթան, բանջարեղէն, պիպարով ձու, պլղուրով կոլոլակներ, մեղր, կարագ, մուրաբաներ, հալուայ… Նոյն պահին բակ է մտնում տան մեծ մայրը` Լէյլան: Ուրբաթ օրուայ նամազից է գալիս: Սովորաբար մզկիթ այցելում են տղամարդիկ, կանանց շրջանում մզկիթ այցելում են ամենակրօնամոլները, դա բացառիկ երեւոյթ է: Սասունում եւ առհասարակ Թուրքիայում շատ հազուադէպ եմ հանդիպել կրօնամոլ թուրքի կամ քրտի: Սովորաբար նման կերպ են իրենց դրսեւորում հենց կրօնափոխները, ովքեր մշտական հալածանքների արդիւնքում դառնում են աւելի մոլեռանդ մահմետական, քան իրական մուսուլմանները: Կարծես փորձեն անընդհատ ապացուցել իրենց մահմետական լինելը` մահմետականից աւելի մահմետական լինելով: Սասունում առաջին անգամ էի հանդիպում Ուրբաթ օրերին մզկիթ գնացող կնոջ: Ներս մտնելուն պէս՝ ուշադրութիւնս գրաւեցին տատիկի դէմքի դաջուածքները… Էլ ինչ նախաճաշ, պիտի պարզէի նրա գաղտնիքը:

Արագ մտնում եմ խոհանոց եւ դիմում տան հարսին. «Տատիկին կարո՞ղ եմ նկարել, կարելի՞ է»: Մի փոքր տարակուսանքով, բայց հիւրին նեղացնել չհամարձակուող հարսն ասում է. «Այո՛, խնդիր չկայ»:

Տան ներսում, տատիկի հետ զրոյցի բռնուելով, նախ պարզում ենք, որ հարիւր տարեկան է, իր թոռների եւ ծոռների քանակը յստակ չգիտի, բայց թոռան թոռ էլ ունի, նշանակում է` դրախտ կը գնայ: Իմանում ենք, որ տատիկի դաջուածքներն արուել են Հալէպում… Նա ծնուել է ինչ-որ մի աշիրէթի վրաններից մէկում՝ արաբ հօրից եւ քիւրտ մօրից… «Մայրս, հայրս երկուսն էլ Մուշից էին, «Ֆարմանի» ժամանակ գնացին Հալէպ, ամուսնացան ճանապարհին կամ Հալէպում, չգիտեմ»…

Ֆարմանը Սասունում ցեղասպանութեան հոմանիշ բառն է. սուլթանի հրաման:
Պարզուեց, որ Լէյլան նաեւ չի յիշում, թէ ինչպէս է այդքանից յետոյ յայտնուել Սասունում: Անշուշտ, «չգիտեմ» կամ «չեմ յիշում» բառերն այստեղ մեզ համար վաղուց արդէն հիմք չեն, քանի որ մէկ բան լաւ գիտենք. այստեղ իւրաքանչիւրը շատ լաւ գիտի եւ ամէն ինչ շատ լաւ է յիշում: Իսկ նման խուսափողական պատասխանները սովորաբար կարող են վկայել երկու բան. պատմողը կամ ցեղասպանուածի երեխայ է, կամ ցեղասպանողի: Երրորդ տարբերակը չկայ:

Թէ ի՛նչ գործ ունէին Լէյլա տատիկի «արաբ» եւ «քիւրտ» ծնողները «Ֆարմանի» ժամանակ դէպի Հալէպ գաղթի ճանապարհներին, եւ թէ ինչպէ՛ս է, որ նրանց Արեւմտեան Հայաստան վերադարձը պատահաբար համընկել է հայերի 1919 թ.-ի յետգաղթի հետ, պարզից էլ պարզ է: Սակայն մենք նախընտրեցինք նրան աւելորդ հարցեր չտալ, քանի որ քրտական եւ արաբական աշիրէթների վրաններում յայտնուած երկու հայ որբերի ընտանիքում ծնուած Լէյլան շատ վաղուց ոչ մի կապ չունէր հայութեան հետ, եւ արդէն բնաւ կարիք չտեսանք խաթարելու հարիւրամեայ տատիկի փոթորկալից կեանքի այս խաղաղ մայրամուտը:

Շտապելով շուկայ՝ մտնում ենք այն խանութը, որտեղից սովորաբար առեւտուր են անում Սասունի հայերից շատերը, հալուայ եւ լոխում ենք գնում Սասունի ամենամեծահասակ հայ տատիկներից մէկի` Հրանոյշի համար եւ արագ տեղաւորւում մեքենայի մէջ, որպէսզի շրջապատում շատերը մեզ չնկատեն եւ աւելորդ հարցեր չտան:

«Մուհթար»-ը աշխատեցնում է իր ամենագնաց մեքենան: Մուհթարը` նոյն ինքը «շէկը», նոյն ինքը` Շէկոյ տան աղայի թոռն է, ում պապն այդքան հայ է փրկել եւ մեծացրել:
Երկու րոպէ չանցած «շէկի» հեռախօսը պայթում է զանգերից. «Մուհթա՛ր, խեր լինի, այդ ի՞նչ հիւրեր են կողքիդ, ովքե՞ր են, ո՞ւմ բարեկամն են»… Կէս ժամ անց հասկացանք, որ ամբողջ Սասունը գիտի՝ հայեր են եկել:

Ճանապարհին՝ շուկայում, հանդիպում ենք Հարուն հօրեղբօրը, որ երիտասարդ տարիներին Սասունի աստղն է եղել. հօր եւ եղբօր հետ ամենայայտնի հին հայկական երգեր երգողն են եղել, գիւղից գիւղ հարսանիքներին երգելու հրաւէրքներ էին ստանում:
Ընդամէնը երեք օր անց նա էլ պիտի նստի օդանաւ եւ ուղեւորուի Սթամպուլ. այս անգամ ընդմիշտ:

Անհանգիստ վազքի մէջ է, շուկայում շինանիւթ է փնտռում, արագ գնում է եւ բարձում գիւղապետի մեքենան ու մեզ հետ միասին ուղեւորւում գիւղ:

– Էծ ծախուաւ, օշխար ծախուաւ, կ’երթամ Իսթամպոլ, կ’երթամ հա, լա՛օ… Ի՞նչ էնիմ, ըմ ճժեր օդանա կը նստին, թոռուններ… Հըմէն Իսթամպոլ ին: (Այծերը վաճառուեցին, ոչխարները վաճառուեցին, գնում եմ զաւակս: Ի՞նչ անեմ, իմ երեխաները այնտեղ են բնակւում, թոռներս…Բոլորը Սթամպուլում են):

– Անցած տարի կ’երթայիր ամճա, չգացի՞ր: (Անցեալ տարի պէտք է գնայիր, հօրեղբայր, չգնացի՞ր):

– Կը սպասէի իդա հայուան ծախուէր: Լաւ փարա չտուին, յիս լը ըսի՝ չիդամ: Էգան- գացին, էգան-գացին թաաա հազիրան քատար (թուրքերէն՝ մինչեւ Յունիս ամիս): Լաւ փարա տուին, ըսի՝ ա՛ռ, տա՛ր, յիս քու… շան լակոտներ: Հարունի օշխար ձրի՞ տի տանիք, հաաա՜: Չեղնի էդմալ: (Սպասում էի, որպէսզի կենդանիները վաճառուէին: Լաւ փող չտուեցին, ես էլ ասացի` չեմ տայ: Եկան-գնացին, եկան-գնացին մինչեւ Յունիս ամիս: Լաւ փող տուեցին, ասացի` առ , տար, ես քո… շան լակոտներ: Հարունի ոչխարները անվճա՞ր պիտի տանէք, հաա՜: Չի լինի այդպէս):

– Իսա ի՞նչ տի էնի՞’ս (Սա ինչ պէտք է անես): (Ցոյց եմ տալիս մեքենայի մէջ բարձած շինանիւթը):

– Տունս սիրուն շինիմ, լա՛օ, էգուց տի էնիմ, չարշամպա (Չորեքշաբթի) տի էրթամ… (Տունս պէտք է գեղեցիկ շինեմ, զաւակս, վաղը պէտք է անեմ, Չորեքշաբթի պէտք է գնամ):

– Է՜, օր կ’երթաս Իսթամպոլ, իդա տուն ընչի՞ կը շինիս: (Եթէ պիտի գնաս Սթամպուլ, այդ տունն ինչո՞ւ ես շինում):

– Եաա՜… Լա՛օ, բըլքի էգուց քըզի պէս մէկ ղոնախ էկաւ Հայաստանտան (Հայաստանից), չըսի՞մ՝ ա՛ռ իսա ըմ տուն, իսա ըմ անահթար (բանալի), գացէ՛ք, քէյֆ ըրէք, ըմ տուն ձըր տուն մէկ ա, լա՛օ… Ըմ տուն շէն տի էղնի, սիրուն տի էղնի: (Զաւակս, գուցէ վաղը քեզ պէս մի հիւր գայ Հայաստանից, չասե՞մ առ քեզ սա իմ տունը, սա իմ բանալին, գնացէք, քէֆ արէք, իմ տունն ու ձեր տունը մէկ է, զաւակս: Իմ տունը պէտք է շէն լինի, գեղեցիկ պէտք է լինի):

Ճանապարհին, երբ մեքենան անցնում էր Հարուն հօրեղբօր պապական գիւղի մօտով, վերջինս անընդհատ կրկնում էր. «Ըմ ճոբոյի քիղ, մըր քիղ: Իդա հուղ մերունն էր, լա՛օ, ուրանցը չէր…»: (Իմ պապիկի գիւղը, մեր գիւղը: Այդ հողը մերն էր, զաւակս, նրանցը չէր):

Ինչպէս փրկուած հայերի մեծ մասը, նրանք էլ ցեղասպանութիւնից յետոյ հարազատ գիւղը լքել ու ապաստանել են աւելի անառիկ վայրերում: Հայկական ընտանիքներ են բնակւում Սասունի Կորով, Քաղկիկ, Փիրշէնք, Կուսգետ, Կոմեկ, Բըքսէ, Փարգա, Խըռուջ եւ մի շարք այլ գիւղերում: Նրանց բոլորի պապերն էլ կոտորածի ժամանակ կա՛մ վաճառուել են որպէս ստրուկ այս գիւղերի աղաներին, կա՛մ էլ լեռներում թաքնուելով յետագայում իջել են Մարաթուկ սարի ստորոտին գտնուող այս բարձրադիր գիւղերը: Անգամ նրանք, ովքեր կարողացել են մնալ իրենց հին գիւղերում, ցեղասպանութեանը յաջորդող մէկ-երկու տասնամեակի ընթացքում գիւղի նոր բնակիչների ճնշման տակ տեղափոխուել են այլ վայրեր: Շատ անգամներ, տեղափոխուելուց յետոյ էլ հանգիստ չգտնելով, կրկին մի քանի անգամ փոխել են իրենց բնակութեան վայրերը: Հարուն հօրեղբօր ընտանիքը 70 տարի է, ինչ հաստատուել է Փիրշէնք գիւղում: Մարաթուկ լերանը ամենամօտ գտնուող այս գիւղում ժամանակին մօտ 15 հայ ընտանիք էր բնակւում, ընդհուպ՝ մինչեւ 1980-ականները: Այժմ երեք տուն է մնացել, երկուսը՝ մահմետականացած:

JashՓիրշէնքը ինձ համար առանձնայատուկ նշանակութիւն ունեցող վայր է: Քանի որ այստեղի հայերի շնորհիւ եմ սովորել Սասնոյ բարբառը: Այո, լինելով սասունցու թոռ եւ կրթութիւն ստանալով Հայաստանում, միայն Սասուն գնալուց յետոյ կարողացայ սովորել մեր բարբառը: Քանի որ նրանք ստեղծեցին իմ կեանքում այն իրավիճակը, որպէսզի ուզած չուզած սկսեմ խօսել «մըր լեզուով»: Գիւղի տարեցները, որոնք բոլորն էլ դեռ յիշում էին իրենց ծնողներից ժառանգած հայերէնը մշտապէս բողոքում էին, թէ երբ հայկական ռատիո են միացրել ոչինչ չի հասկացուել, եւ առհասարակ, «իրենց հայերէնն» աւելի անուշ է: Քանի որ ես չէի կարողանում խօսել Սասնոյ բարբառով, իսկ իրենք էլ չէին կարող շփուել իմ իմացած հայերէնով, այնպէս էր ստացւում, որ ճակատագրի հեգնանքով մեր շփումն աւելի հեշտ էր դառնում, եթէ երկու կողմն էլ պարզապէս թուրքերէն խօսէր: Սակայն սրա հետ էլ չէին հաշտւում Փիրշէնքի հայերը. «Է՜, լիզուս չի դառնայ քըզի հետ թուրքչա խօսիմ լա՛օ»: Արդիւնքում Հայաստան վերադառնալուն պէս ես մէկ տարուայ ընթացքում խնդիր դրեցի իմ արջեւ ամէն օր վերընթերցելով էպոսը սովորել Սասնոյ բարբառն ու ետ վերադառնալ Սասուն` հատ-հատ հաւաքելու այն բոլոր պատմութիւններն ու անգին մշակոյթը, որն ինձ անհասանելի էր լեզուական խոչընդոտի պատճառով:

Դէպի Փիրշէնք ճանապարհը երկար ու չափազանց վատն է: Ցանկացած մեքենայ երկու տարուց աւել չի կարող դիմանալ Սասունի լեռնային ճանապարհներին: Մէկ ժամ անց միայն յաջողւում է հասնել Փիրշէնք, մեքենան կանգնում է գիւղի մուտքի մօտ (հայկական թաղամասի մօտ հասնող մեքենայի ճանապարհ չկայ): Ամէն անգամ, երբ շուկայից մեքենաները ապրանք են բերում գիւղացիներին, վերջիններս գնումները տուն հասցնելու համար անցնում են այս սարսափելի ճանապարհը՝ հսկայական պարկերը մէջքներին շալակած:

Քարերի վրայով մագլցելով՝ հասնում ենք Հարուն հօրեղբօր տուն, վերջինս, թուրքերէն բղաւելով, անմիջապէս կանչում է փոքր աղջկան. «Այշէ՜, արագացրո՛ւ, հա՛ց դիր, այն հաւը հանի՛ր, ամէն օր Հայաստանից հիւր չի գալիս, պլղուրի փլաւ էլ կը սարքես, արագացրո՛ւ»:

Հարունի ամենափոքր աղջիկը միակն է, որ մնացել է գիւղում հօր եւ մօր հետ: Անհամբեր սպասում է, թէ երբ են գնալու Սթամպուլ. «Այս տարի եկայ, ասացի՝ ձմեռը մնամ մերոնց կողքին: Կեանքիս ամենավատ ձմեռն ապրեցի: Երկու մեթր ձիւն է գալիս սարերում, ելեկտրականութիւնը կտրուել էր մէկ ամիս: Բաղնիք գնալիս թոքաբորբով հիւանդացայ: Այս խուլ վայրում մինչեւ Մայիս ամիս սպասել ենք, որ ճանապարհ բացուի: Վեց ամիս մեքենայ չէր անցնում այստեղով, աշխարհից կտրուեցինք»:

Սենեակի մի անկիւնում նստած է Հարունի կինը, որ լուռ լսում է աղջկայ պատմածներն ու հայեացքը ինձ դարձնելով՝ կամացուկ ասում. «Այդպէս էլ չսիրեցի այդ Սթամպուլը…»:

Հենց այդ պահին յիշեցի Հրանուշ տատիկին, տեսնես՝ ուր է, չի երեւում:
«Հաւի ճտերի ետեւից է ընկել, չգիտե՞ս ջոչոյին, հանգիստ չունի…»:

Հրանուշը` Հառոն, 97 տարեկան է: Ի տարբերութիւն Հարուն հօրեղբօր եւ իր կնոջ՝ ո՛չ երեխաները, ո՛չ թոռները երբեք չկարողացան իր վրայ ազդեցութիւն ունենալ գիւղը լքելու հարցոմ: Ջոչօ Հառոն անդրդուելի է տասնամեակներ շարունակ. Սասունից բացի ոչ մի տեղ չի կարող ապրել: Սերունդների այս հակամարտութեան մէջ Ջոչօ Հառոն առայժմ միակն է, որ յաղթանակ է տարել: Աղջիկները, տղաներն ու հարսները նրան մենակ չթողնելու համար ստիպուած ամէն տարի հերթափոխով գալիս ու մնում են գիւղում՝ Հրանուշի կողքին ու վարում տնտեսութիւնը:

Ահա եւ նա` կենսուրախ, աչքերը փայլով լեցուն, ուշադիր, ամէն կողմը զննող եւ միշտ շարժման մէջ գտնուող սիրելի Ջոչօ Հառոն: Իր մէջ նա ապրեցնում է այն ամէնն, ինչ ունեցել է Սասունը 1915 թ.-ից ի վեր՝ բոլոր ցաւերը, բոլոր կորուստներն ու այդ ամէնի հետ մէկտեղ անսահման սէր ու կեանք, ամէն բան կայ նրա մէջ: Այնքան երջանիկ է, այնքան կենսուրախ, քանի որ այլեւս ոչ ոք չի համոզում, որ գնայ Սթամպուլ, ոչ ոք այլեւս չի վիճում իր հետ այդ մասին ու նա էլ այլեւս չի վախենում, որ օտար հողում կը մահանայ կամ կը թաղուի:
Հրանուշը, որ տեսել է իր ութ երեխաներից երեքի իսլամացումը, թաղել է ամուսնուն, եղբայրներին ու որդիներից մէկին, երբեք այս ամէնի ելքը չի փնտռել Սասունից դուրս գնալու մէջ: Երբեմն միայն բարկացած պատմում է. «Հայերու ֆարման, օր էղաւ ֆարման, հայերուն կտրեցին: Գացին, ֆարման էղաւ, հայեր գացին, լա՛օ»… (Երբ եղաւ հայերի մասին սուլթանի հրամանը, հայերին մորթեցին: Գնացին, սուլթանի հրաման եղաւ, հայերը գնացին, զաւակս):

Ջոչօ Հառոն այն եզակիներից է, որ իր բարկութիւնն ուղղում է ոչ միայն ցեղասպաններին, այլեւ հենց հայերին. «Բա յիս իմա՞լ մացի, լա՛օ» (Իսկ ես ինչպէ՞ս մնացի)…

Մեր կողքին է նստում Հրանուշ տատիկի կրտսեր որդին ու թուրքերէնով ասում. «Այ իրենք են մեղաւոր (ցոյց է տալիս իր մօրը): Այ ես հիմա որ հայերէն նորմալ չեմ խօսում, իրենց մեղքն է, այսինքն` մեծերի: Մայրս մի քիչ շատ հայերէն խօսէր, մեծերն աւելի շատ խօսէին… Հարցնում եմ, թէ ինչու մեզ հետ հայերէն չխօսեցիք: Ասում է՝ ոչ ոք այլեւս չէր խօսում, մենք էլ չխօսեցինք: Ու այդպէս սերունդը գնում է, բա, աղջի՛կս…»:

Կողքից մեր խօսակցութեանն է միանում հարեւան Ահմետը ու իր պապից սովորած հայերէնով աւելացնում. «Հա՜, գինաս, իսա Ջոչօ Հառոն օր կա յա, իսա առաջ հիչ արաբի չխօսիր, մինագ հայերէն… Ամա… Էսմալ էղաւ, լա՛օ, բա…» (Գիտես, այս Ջոչօ Հառոն որ կայ, սա նախկինում երբեք արաբերէն չէր խօսում, միայն հայերէն: Բայց… Այսպէս եղաւ, զաւակս, բա…):

Հրանուշ տատիկը լուռ լսում է իրեն ուղղուած մեղադրանքներն ու լռում, երբեմն նայելով մեզ՝ նորից ժպտում է: Ինքն այսօր ուրախ է եւ չի ցանկանում պատմել, որ հայերէն երեխաների հետ չի խօսել, որ դրսում ուրիշների հետ

http://www.horizonweekly.ca

Facebooktwitterredditpinterestlinkedinmail