Իրանը կամուրջնե՞ր է կառուցում Արցախի հետ
07.05.2020 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Իրանն Արաքս գետի վրայով Արցախի տարածքին կապող կամուրջներ է կառուցում: Այս մասին տագնապով հայտնոմ են Բաքվի լրատվամիջոցները՝ հրապարակելով լուսանկարներ:
Նշվում է, որ Իրանն Արաքս գետի վրա երկու հիդրոհանգույց եւ հիդրոէլեկտրակայան է կառուցում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հիշեցրել է, որ 2016 թվականի փետրվարի 23-ին Ադրբեջանի ու Իրանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել Արաքս գետի վրա Խուդաֆերին եւ Ղըզ ղալասի հիդրոհանգույցների ու հէկերի շինարարության շարունակության ու շահագործման, ինչպես նաեւ էներգետիկայի ու ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում:
Հիշեցնենք, որ համաձայնագիրն ստորագրվել էր ապրիլյան պատերազմից մեկ ամիս առաջ: Հավանաբար Ադրբեջանը հույս ուներ, որ կհրավի տարածքներ ու շտապում էր «համագործակցության» համաձայնագիր ստորագրել Իրանի հետ: Թեհրանն այն ժամանակ հետաքրքիր մոտեցում ցույց տվեց: Այնտեղ չհայտարարեցին, որ կդադարեցնեն շինարարությունը՝ ակնարկելով, որ այս հարցով պատրաստ են համագործացել թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, եւ իրենց գործը չէ, թե ինչպես կլուծվի հարցը:
2016 թվականի ապրիլին Ադրբեջանին չհաջողվեց գրավել Արցախի տարածքները, որտեղ կառուցվում են հիդրոհանգույցները, բայց Իրանին ոչինչ չի խանգարում շարունակելու շինարարությունը, առավել եւս, որ հայկական կողմը Թեհրանի հետ խնդիրներ չունի:
«Այդ համաձայնագիրը հիմնված է երկու պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքի վրա: Այդ սկզբունքներին համապատասխան՝ համաձայնագրում ընդգծված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նշանակությունը՝ ՄԱԿ բանաձեւերի պահանջների համաձայն: Համաձայնագրով կողմերը համատեղ գործունեություն են իրականացնում շինարարության շարունակման, ինչպես նաեւ սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին եւ Ղըզ ղալասի հիդրոհանգույցի եւ հիդրոէլեկտրակայանի շահագործման ուղղությամբ», – ասել է Խալաֆովը:
Հետաքրքիր է, ինչպե՞ս կարող է Իրանը համագործակցել Ադրբեջանի հետ այն տարածքներում շինարարության շուրջ, որն Ադրբեջանը չի վերահսկում: Բաքվում փորձում են թաքցնե՞լ անզորությունը, որ չեն կարողանում արգելել Իրանին ՀԷԿ կառուցել: Թե՞ Ադրբեջանն արդեն համակերպվել է մտքին, որ Իրանն ու Արցախը կարող են ուղիղ համագործակցել, ու փորձում է փրկել դեմքը:
www.lragir.am/2020/05/07/544400/