Ինչու է Մոսկվան նսեմացնում հայերի դերը «Հայրենական պատերազմում»
09.05.2020 | Մեկնաբանություն | Lragir.am:
Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է շուրջ 650 հազար հայ, մոտ 350 հազարը նրանցից զոհվել են: 4 մարշալ, 7 տասնյակ գեներալներ, 107 ԽՍՀՄ հերոսներ, 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: 1939 թ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը մոտ 1,3 միլիոն էր, ամբողջ ԽՍՀՄ-ում՝ մոտ 2 միլիոն:
Պատմության մեջ հայ ժողովուրդը երբեւէ միաժամանակ այդքան զինվոր չի հանել ռազմի դաշտ: Այդքան բանակը բավարար էր, որ հայերը վերականգնեին պատմական Հայաստանը, առավել եւս, որ Թուրքիան հիտլերյան Գերմանիայի դաշնակիցն էր:
Հայերի ահռելի դերը Երկրորդ աշխարհամարտում եւ նացիզմի դեմ հաղթանակում թե Խորհրդային Միության օրոք, թե հատկապես ներկայիս Ռուսաստանում գիտակցաբար կամ լռության է մատնվել, կամ նսեմացվել է: Դա գալիս է հայկական ուղղությամբ Ռուսաստանի ավանդական քաղաքականությունից, որն ուղղված է եղել պատմական հայրենիքում հայկական տարրի պարբերաբար կրճատմանը եւ հայկական սուբյեկտության չեզոքացմանը: Վերջին 100 տարում այս քաղաքականությունը վարվում է թուրքերի հետ համատեղ, ինչը շարունակվում է նաեւ նորագույն ժամանակներում:
Երկրորդ աշխարհամարտը եւ «Հայրենական պատերազմը» սկսեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից ու դրա գաղտնի արձանագրություններից: Մինչ այդ Խորհրդային Միությունը վճռորոշ դեր խաղաց նացիստական բանակի ստեղծման, զինման, ռազմարդյունաբերության զարգացման հարցում:
Խորհրդային Միությունը նացիստներին մատակարարում էր ամեն ինչ՝ ցորեն, ոսկի, մետաղ, վառելիք, գերմանացի սպաները կրթություն էին ստանում Խորհրդային Միությունում:
Խորհրդային բանակն ու նացիստական բանակը համատեղ շքերթների էին մասնակցում, այդ թվում՝ Կարմիր հրապարակում: Ընդ որում, խորհրդային օգնությամբ բեռնված վերջին գնացքը Գերմանիա է հասել պատերազմի անմիջապես նախօրեին:
Ռուսաստանում հիմա փորձում են արդարացնել այս իրավիճակը, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը համարելով դիվանագիտական նվաճում, որի շնորհիվ իբր երկու տարով հետաձգվեց Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա: Սա իհարկե անհեթեթություն է, երբ համադրվում են բոլոր փաստերը:
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն իր հետեւանքներով ըստ էության Լենին-Աթաթյուրք պակտի նմանակն էր ԽՍՀՄ ու Եվրոպայի ժողովուրդների համար: Հայերի համար՝ կրկնակի, քանի որ Երկրորդ աշխարհամարտում ահռելի ներդրումից ու կորուստներից հետո հայ ժողովուրդը ոչինչ չստացավ, ի տարբերություն այլ հաղթող ժողովուրդների, այդ թվում՝ խորհրդային: Թեեւ խոսակցություններ էին գնում, որ Հայաստանին են միացվելու Կարսի, Արդահանի եւ այլ շրջաններ, սակայն դա տեղի չունեցավ:
Ավելին, «մեծ հաղթանակից» հետո սկսվեց բռնությունների եւ տեղահանություն-աքսորի հերթական ալիքը, որին ի թիվ այլ ժողովուրդների՝ զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր:
Ներկայում պաշտոնական Մոսկվան Բաքվի վարչակազմի հետ կրկին լայն արշավ է սկսել «հայրենական պատերազմում» հայերի դերը մոռացության տալու եւ նսեմացնելու համար: Ընդ որում, հետաքրքիր է համադրել մի շարք տվյալներ. «էթնիկ ադրբեջանցիների» զոհերի թիվը երկրորդ աշխարհամարտում 58 հազար է, 1939 թ. 3,2 մլն բնակչության պայմաններում:
Թեեւ, հասկանալի չէ, թե ինչ է նկատի առնվում «էթնիկ ադրբեջանցի» եզրի տակ. ըստ տեղեկությունների, դրանք մերձկասպյան արեւմուտքում ապրող տարբեր ժողովուրդների՝ լեզգիների, թալիշների եւ այլն, ներկայացուցիչներն են: Այսինքն, չի բացառվում, որ «էթնիկ ադրբեջանցիներն» ընդհանրապես չեն էլ մասնակցել պատերազմին, իսկ Բաքվում հրապարակվող տվյալները վերաբերվում են այդ երկրում ապրող այլ ժողովուրդներին՝ հայերին, ռուսներին եւ այլն:
Ռուսական ԶԼՄ-ները ներկայում քննադատության տարափ են տեղում արեւելաեվրոպական երկրների հանդեպ, որտեղ ապամոնտաժվում են խորհրդային զորահրամանատարների հուշարձանները: Չարդախլու հայկական գյուղում, որը 1980-ականների վերջին տեղահանել է ռուսական բանակը, Բաքուն պայթեցրել է ԽՍՀՄ երկու մարշալների՝ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հուշարձանները, ոչնչացրել թանգարանը: ՌԴ ԱԳՆ-ն, ՌԴ այլ պետական մարմիններ չեն անդրադարձել այս հանգամանքին:
Ի դեպ, պատերազմի տարիներին Խորհրդային բանակի պահվածքը Արեւելյան Եվրոպայի երկրներում շատ է հիշեցնում 1915-1923 թթ. իրադարձությունները Հայաստանում, այդ թվում՝ ռուսական բանակի մասնակցությամբ:
Թվում է՝ այստեղ է հարցի պատասխանը, թե ինչու է Մոսկվան Բաքվի հետ նսեմացնում հայերի դերը՝ որովհետեւ հակառակ պարագայում պետք է հստակ պատասխանել հարցին, թե ինչ ստացան հայերը, «եթե չհաղթեինք հայրենական պատերազմում, Թուրքիան կներխուժեր Հայաստան» տափակաբանության փոխարեն:
www.lragir.am/2020/05/09/544788/