Լենին-Աթաթուրք, Մոլոտով-Ռիբենտրոպ. Անցյալի սխալները Ռուսաստանի փլուզման պատճառ կդառնան
09.05.2020 | Մեկնաբանություն | Lragir.am:
ՌԴ նախագահ Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի Պատերազմ հիշողության համար ֆիլմում հայտարարել է, որ 1938 թ. Մյունխենի համաձայնությունը, որը հնարավորություն է տվել Գերմանիային, Լեհաստանին ու Հունգարիային բաժանել Չեխոսլովակիայի տարածքը, պետք է հավասարապես դատապարտվի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետ:
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը դատապարտվել է Ռուսաստանի խորհրդարանում, նախքան Պուտինի իշխանության գալը: Պուտինի օրոք, նրա աշխարհքաղաքական հավակնությունների մեծացմանը զուգահեռ, «հայրենական պատերազմի» եւ ստալինիզմի թեման սակրալացվեց եւ ներկայում դարձել է ռուսական պետական միակ «գաղափարախոսությունը» ռուսական աշխարհի, եվրասիականության, ուղղափառ աշխարհի հայեցակարգերի փլուզումից հետո:
Պուտինը մի կողմից չի դատապարտում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, մյուս կողմից չի կարող «հակաֆաշիզմի» ֆոնին արդարացնել այն, եւ դրանով՝ Հիտլերի հետ Մոսկվայի սերտ համագործակցությունը 1930-ականներից ի վեր: Նա ասում է, որ ԽՍՀՄ-ը ստիպված էր կնքել այդ պակտը, քանի որ Եվրոպայի առաջատար երկրները չէին միանում հակահիտլերյան կոալիցիա ձեւավորելու մոսկվայի առաջարկներին: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ն պակտը համարել է դիվանագիտական նվաճում:
Փաստ է սակայն, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից սկսեց երկրորդ աշխարհամարտը եւ երկու տարի անց՝«հայրենական պատերազմը», ըստ այդմ՝ Մոսկվան հավասար պատասխանատվություն է կրում դրա համար: Այդ պակտը Եվրոպայի ու ԽՍՀՄ ժողովուրդների համար իր հետեւանքներով կրկնում էր Լենին-Աթաթուրք պակտը, որի արդյունքը Հայաստանի տարածքների օկուպացիան էր ռուսական ու թուրքական բանակների կողմից, հայ ժողովրդի տեղահանությունը եւ ջարդերը 1921-1923 թթ:
1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով Կարսը, Արդահանը եւ Սուրմալուն անցան Թուրքիային, Նախիջեւանը՝ Ադրբեջանին, երկու տարի անց Արցախը բռնակցվեց Ադրբեջանին:
Եթե ԽՍՀՄ-ը ստիպված էր Գերմանիայի հետ կնքել այդ պակտը, ինչպես պնդում է Պուտինը, ապա 1921 թ. Ռուսաստանը ստիպված չէր Աթաթուրքի հետ գնալ նման գործարքի, ինչը հետագայում խոստովանել էր Մոսկվայում թուրք դեսպանը: Երկու դեպքում էլ սակայն կան նմանություններ՝ Ռուսաստանը զենքով, ոսկով, պարենով օգնում էր թե Աթաթուրքին, թե Հիտլերին:
Պուտինը հայտարարում է, որ Աթաթուրքը Ռուսաստանի մեծ բարեկամն էր, Մոսկվան պարբերաբար երկարացնում է 1921 թթ. ռուս-թուրքական պայմանագրերի ժամկետները, իր հավատարմությունը հավաստելով թուրքերին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվան փորձ արեց դուրս գալ այդ պայմանագրերից, եւ հայ ժողովուրդն այդ պատերազմում հաղթանակի իր մեծագույն ավանդի համար պետք է հետ վերադարձներ 1921 թ. օկուպացված տարածքները նացիստական դաշնակից Թուրքիայից: Բայց դա տեղի չունեցավ, թուրքերին հաջողվեց կրկին իրենց շահերին ծառայեցնել Մոսկվային եւ ծվարել ՆԱՏՕ-ում:
1 տարի անց լրանում է այդ պայմանագրերի 100-ամյակը, որոնք փաստացի արդեն չեն գործում Արցախի երկու պատերազմներում հայկական հաղթանակով ստեղծված իրավիճակում: Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը ջանքեր է գործադրում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու եւ իրավիճակը հետ շրջելու համար, որին լծված է նաեւ հայաստանյան մեծաքանակ կրեատուրան քաղաքական ու մերձքաղաքական տարբեր խմբավորումների ու տուսովկաների, ԶԼՄ-ների հոծ բանակով:
Ռուս շատ գործիչներ զգուշացնում են, որ նման քաղաքականությունը, որը դարձավ ԽՍՀՄ փլուզման պատճառը, փլուզելու է նաեւ Ռուսաստանը: Թուրքերը Մոսկվայի հետ անելու են նույնը, ինչ 1921-23-ին եւ 1946-ին: Բայց դա Ռուսաստանի գործն է, հայերը ներկայում ունեն պետականություն, որը միջազգայնորեն լեգիտիմացնում է հայկական պահանջներն ու շահերը:
Լենին-Աթաթուրք եւ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտերը պետք է հավասարապես դատապարտվեն առաջին հերթին Ռուսաստանում՝ չարիքի դարավոր առանցքից դուրս գալու, քաղաքակիրթ աշխարհի շարքը մտնելու, տնտեսական ու մարդկային կայուն զարգացման համար:
www.lragir.am/2020/05/09/544863/