Չորս պատճառ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի. Դավիթ Բաբայան

20 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը երեկ Բեռնում Ալիև -Սարգսյան մոտ 2 ժամ տևած (առանձին ձևաչափով նաև ` համանախագահների ու Անջեյ Կասպրշիկի) հանդիպումների արդյունքներով կարող է կանխատեսել, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Ինչը, սակայն, ըստ նրա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակի սահմանային դիվերսիոն քաղաքականությունը:

«Պատերազմ չի լինի մի շարք պատճառներով, որպեսզի մենք ավելի ճիշտ պատկերացնենք` ինչու է Ադրբեջանը նման քայլերի դիմում, պետք է լավ հասկանանք այդ պետության հոգեբանության ապրելակերպը, արժեքները, իրավիճակը ներսում»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա` լայնամասշտաբ պատերազմ չսկսելու համար Ադրբեջանի պատճառներից առաջինն ու ամենագլխավորն այն է, որ կողմերի միջև կա հստակ ռազմաքաղաքական հավասարակշռություն: Այսինքն` Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմել Արցախի ու Հայաստանի դեմ և այդ պատերազմը հաղթել:

«Եթե նա այդ հնարավորությունն ունենար կամ ունենա կամ՝ զգացողություն, որ կարող է դա անել, նա կսկսեր, ինչպես սկսել է 1988-90 թվականներին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ գերտերությունները, որոնք փաստացի համանախագահող երկրներն են, չեն ուզում պատերազմ:

«Պատերազմ սկսելը շատ բարդ աշխարհաքաղաքական գործ, և 1990-ականներին դա ավելի հեշտ էր այն պատճառով, որ Անդրկովկասում ստեղծվել էր աշխարհաքաղաքական վակուում: Խորհրդային միության փլուզումից հետո վակուում առաջացավ, որևէ գլոբալ ուժ այնտեղ չէր կարող կարգավորել, որ պատերազմ չլինի, դրա համար կարողացավ, հիմա դա այդպես չէ, որովհետև Անդրկովկասում կան խոշոր, գլոբալ քաղաքական խաղացողներ, որոնք ունեն իրենց շահերը: Դա և՛ Արևմուտքն է, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը , և շատ դժվար է սկսել այդ պատերազմը, որովհետև եթե լինի պատերազմ, այն չի սահմանափակվելու Ադրբեջանով, Արցախով և Հայաստանով և այստեղ ներգրավված կլինեն և՛ տարածարջանային և՛ գլոբալ պետությունները»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա Ադրբեջանի համար շատ դժվար է ճեղքել այդ պատը, և պատերազմի դեպքում Ադրբեջանի նկատմամբ կսկսվի անհանդուրժողականություն ու մեկուսացում:

«Եվ այդ ամենը թույլ չի տալիս, որ (Իլհամ Ալիևը – Tert.am) դիմի գործողությունների, իհարկե, կարող է դիմել, եթե ռեալ չպատկերացնի իրավիճակը, բայց սա կործանարար կլինի Ադրբեջանի և իր իսկ կլանի համար` հաշվի առնելով այն գործընթացները, որ կան Ադրբեջանի ներսում»,- Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման մեկ այլ պատճառ նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Եվ չորրորդ պատճառը Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման այն է, որ Ադրբեջանի ներսում ալիևյան կլանը թուլանում է, ինչի հետևանքով հետապնդումներ են սկսվել ոչ միայն ներքին ընդդիմախոսների, այլ սեփական պետական կառույցների նկատմամբ. Ձերբակալություններ և պաշտոնանկություններ Ադրբեջանի նախագահականում, արտգործնախարարությունում, ոստիկանությունում:

«Հատկապես, այս նավթի գների անկումից հետո նման հետևանքներ է ունենում, որովհետև նրանք թմրամոլների նման նստած են նավթի վրա, և առաջին հերթին իշխանությունը պահելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ սրա համար լավագույն տարբերակն արտաքին թշնամու կերպարի սերմանումն է, ինչը նաև թույլ է տալիս բոլոր նրանց, որոնք Ալիևի հետ համաձայն չեն, ներկայացնել որպես ազգի դավաճաններ:

«Միայն այն, որ մեկ տարվա ընդմիջումից հետո նախագահներ Սարգսյանն ու Ալիևը հանդիպում են, չնայած հանգամանքին, որ այդ հանդիպումից հետո սահմանին տասնյակ զոհեր են եղել, Դավիթ Բաբայանը համարում է ինքնին դրական, «որովհետև օգնում են պահպանել կայունությունը տարածաշրջանում»,–ասաց նա:

Դավիթ Բաբայանը ոչ միայն չի բացառում, այլև համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է սահմանային դիվերսիոն գործողությունները` Թուրքիայի սադրանքներով ու «թիկունքով»: Նա նաև հիշեցնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ վերջերս Թուրքիայում արված հայտարարությունները, որ «քանի մեր ավագ եղբայրը մեր կողքին է, մենք չենք վախենում ոչնչից»:

http://www.tert.am/am/news

Facebooktwitterredditpinterestlinkedinmail