Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը գնդակոծել են ազգային բանակի դիրքերը․ կա 18 զոհ
11 Մայիս 2020 – ՌԱԶՄԱԿԱՆ: – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերը գնդակոծել են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերի դիրքերը, ինչի հետևանքով 18 զինվոր է սպանվել։
Նշենք, որ մայիսի 8-ին Տրիպոլիի Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում, որտեղ գտնվում են Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները «Գրադ» տեսակի հրթիռներով հարձակում էր տեղի ունեցել։ Թուրքիան պնդել էր, որ հարձակման հետևում կանգնած են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերը և հայտարարել, որ համարժեք պատասխան կտա, եթե Լիբիայում կրակ բացվի իր դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ուժերը Տրիպոլիի հարավում գտնվող ալ-Մաշրու շրջանում ոչնչացրել են Լիբիայի Ազգային բանակի 4 դիտակետեր։ Գնդակոծության հետևանքով շարքից հանվել զենք-զինամթերքով բեռնված ռազմամեքենաներ։
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Հաֆթարի ուժերի գործողությունների հետևանքով միայն մայիսի առաջին շաբաթվա ընթացքում սպանվել է 15 քաղաքացի և ավելի քան 30-ը վիրավորվել։
Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Աղբյուր` haber7.com