ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ապրիլի 24-ը հաստատել է որպես Հայոց ցեղասպանության վերհիշելու ազգային օր
14 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Հարութ Սասունյան
2020 թվականի ապրիլի 24-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունը երկրորդ տարին անընդմեջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2019-ի ապրիլի 19-ին ժամանակավոր կառավարությունը հանդես էր եկել համանման ճանաչմամբ:
Չնայած այդ ճանաչումը կարող է զարմացնել շատերին, քանի որ հազիվ թե Լիբիայում ապրող մի հայ գտնվի, սակայն այդուհանդերձ կան աշխարհաքաղաքական պատճառներ նման քայլ անելու համար։ 2012 թվականից ի վեր, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո, երկիրը մշտական կռիվների մեջ էր միմյանց դեմ պայքարող տարբեր ռազմական խմբավորումների հետ՝ Լիբիան կառավարելու համար:
Լիբիայի պաշտոնապես ճանաչված կառավարությունը սահմանափակված է ծովափնյա Տրիպոլիի և Միսրատայի շրջակայքում, մինչդեռ Լիբիայի տարածքի մեծ մասը գրավված է ժամանակավոր կառավարության կողմից՝ ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ։ Ներքին քաղաքացիական պատերազմը զգալիորեն ընդլայնվել է Լիբիայի ներքին գործերին արտաքին տերությունների միջամտության պատճառով։ Թուրքիան և Քաթարը աջակցում են Կենտրոնական Կառավարությանը իսլամական զինյալներով և ռազմական տեխնիկայով, իսկ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) աջակցում են ժամանակավոր կառավարությանը:
Լիբիայում հակադիր կողմերի երկրները նաև ներգրավված են դիվանագիտական բախումների ու լրատվական պատերազմների մեջ։ Անցյալ ամիս Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ արգելափակում է մուտքը դեպի թուրքական լրատվական գործակալություններ և կայքեր: Իր հերթին, Թուրքիան արգելափակեց Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների լրատվամիջոցները։ Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարում է «Մահմեդական եղբայրներին», իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն դեմ են «Մահմեդական եղբայրներին»: Եգիպտոսը և Թուրքիան տարաձայնություններ են ունեցել այն պահից ի վեր, երբ «Մահմեդական եղբայրների» կողմնակից Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսին, որին աջակցում էր Թուրքիան, տապալվեց 2013 թվականին: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց քաղաքացիներին խնդրել են բոյկոտել թուրքական արտադրանքը և ուղևորությունները դեպի Թուրքիա:
Այս տարածաշրջանային և ներքին տարատեսակ ցնցումները նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Լիբիայի ժամանակավոր կառավարության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից 2020 թ․ ապրիլի 24-ին։ Ահա հայտարարության տեքստը․
«Մենք այսօր հիշում ենք Թուրքիայի կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, որն ընկնում է ամեն տարվա ապրիլի 24-ին։ Լիբիայի պետությունն այս տարելիցը ոգեկոչում է Կառավարության 2019 թ․ թիվ 238 որոշմամբ, որն այդ օրը հաստատել է որպես վերհիշելու ազգային օր։
Թուրքիայի հանցավոր գործողություններն ընդդեմ հայ ժողովրդի՝ հրկիզմամբ, կանխամտածված սպանությամբ, բռնի տեղահանությամբ և աստվածային օրենքներին հակասող այլ նողկալի գործողություններով՝ հանցագործություն է մարդկության դեմ, և այն պետք է ճանաչել ու պաշտոնապես ներողություն հայցել հայ ժողովրդից և հատուցել ջարդերով պայմանավորված նրա կրած ցավերի համար, որոնք չեն կարող ջնջվել հայերի և ամբողջ աշխարհի հիշողությունից։ Երբ մենք դատապարտում ենք մարդկայնության հետ որևէ աղերս չունեցող այս հանցագործությունը, մենք կրկին կոչ ենք անում աշխարհի երկրներին ճանաչել այս նողկալի ոճրագործությունը։
Այսօրվա Թուրքիայի կառավարությունն է, որ իր նոր իրավիճակում հանցագործություններ է գործում աշխարհի ժողովուրդների դեմ ՝ կոպտորեն միջամտելով նրանց ներքին գործերին։ Թերևս այն, ինչ նա իրականացրել է երեկ՝ հրթիռներով և անօդաչու սարքերով ռմբակոծելով Թարհունա քաղաքը (Լիբիա)՝ սպանելով երեխաներին, տարեցներին ու կանանց, ոչնչացնելով մարդասիրական շարասյունները, սնունդն ու բժշկական օգնությունը, վառելիքի ցիստեռնները՝ վարձկաններ բերելով և ահաբեկիչներին աջակցելով՝ հանցագործություններ են, որոնք ավելանում են մարդկանց դեմ ուղղված այլ հանցագործությունների թուրքական շղթային և հաստատում Էրդողանի ամբարտավանության աստիճանն ու միջազգային բոլոր օրենքների ու նորմերի անտեսումը նրա կողմից»։
2019 թ․ ապրիլի 19-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունն իր արտգործնախարարության միջոցով համանման մի հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«Ժամանակավոր կառավարությունը մարտ ամսին պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները հավաքեցին, ձերբակալեցին և տեղահանեցին Կոստանդնուպոլիսից (ներկայումս Ստամբուլ), Անկարայի շրջան, 235-ից 270 հայ մտավորականների և համայնքի ղեկավարների, որոնց մեծամասնությանը վերջիվերջո սպանեցին:
Դրան հաջորդեց կանանց, երեխաների, տարեցների ու հիվանդների տեղահանությունը մահվան երթերով դեպի սիրիական անապատ։ Զինվորական ուղեկցորդների կողմից քշվող տեղահանվածները զրկված էին սննդից ու ջրից և պարբերաբար ենթարկվում էին թալանի, բռնաբարության ու սպանդի։
Ցեղասպանության զոհերի վերջնական թիվը կազմում է 1․5 միլիոն մարդ»։
Զարմանալի չէ, որ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ այն ծառայում է իր հակաթուրքական քաղաքական օրակարգին: Ավելի զարմանալի կլիներ, եթե այդպիսի հայտարարություն արվեր հակառակ իր շահերին:
Բոլոր երկրները սպասարկում են իրենց ազգային շահերը: Հայաստանի կառավարությունը ևս պետք է նույն կերպ վարվի:
Լիբիան լավ օրինակ է: Արդեն երկրորդ տարին անընդմեջ նրա ժամանակավոր կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ո՞րն է եղել Հայաստանի կառավարության արձագանքը։ Մենք տեղյակ չենք այդ կապակցությամբ որևէ հանրային մեկնաբանության մասին: Արդյոք ճի՞շտ չէր լինի, որ Հայաստանի արտգործնախարարությունը հանդես գար հայտարարությամբ՝ ողջունելով Լիբիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը:
Մի օր ժամանակավոր կառավարությունը կարող է դառնալ Լիբիայի օրինական ճանաչված կառավարությունը: Հիմա պահն է, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ հաստատի Լիբիայի հետ։ Քանի որ Թուրքիան իր շրջափակմամբ և հակահայկական տնտեսական ու դիվանագիտական ջանքերով մեկուսացնում է Հայաստանը հարևաններից, ի պատասխան, Հայաստանը պետք է համագործակցի աջակից երկրների հետ և մեկուսացնի Թուրքիային իր հնարավորությունների չափով։
Լավ հարաբերություններ հաստատելով Լիբիայի ժամանակավոր կառավարության հետ՝ Հայաստանը նաև կարող է սերտացնել իր հարաբերությունները Եգիպտոսի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և շտկել գոյություն չունեցող իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի թագավորության հետ։ Վստահ եմ, որ այդ երկրները կգնահատեն Հայաստանի կառավարության մեկնած բարեկամական ձեռքը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Aparaj.am
akunq.net/am/?p=71121