Ակնկալում եմ կառուցողական ու համերաշխ աշխատանք բոլորի հետ. Արայիկ Հարությունյան
21 մայիսի, 2020, Քաղաքական:
Ես այլևս ոչ թե զուտ կուսակցության, այլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ… Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ, համայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմ, մեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղոդմամբ՝ այս մասին ԱՀ Նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանն ասել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ պատրաստ ու պարտավոր է ստանձնել պատասխանատվություն բոլորի համար, պատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար:
«Այդ ճանապարհին ես ակնկալում եմ կառուցողական ու համերաշխ աշխատանք բառացիորեն բոլորի հետ, կառուցողական ու համերաշխ աշխատանք համապետական ընտրություններին մասնակցած 12 կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների, նախագահի մնացած 13 թեկնածուների, նրանց բոլոր ընտրողների, ընտրություններին չմասնակցած բոլոր քաղաքացիների և համայն հայության հետ: Այս ամբիոնից ու այս պատմական պահին ես համերաշխության ու համագործակցության ձեռք եմ մեկնում անխտիր բոլոր հայրենակիցներիս, և այդ ձեռքը միշտ մնալու է մեկնված, քանի դեռ մենք կիսում ենք նույն հայրենիքը և նույն ազգային արժեքներն ու նպատակները»,- մասնավորապես ասել է նորընտիր նախագահը:
Ա. Հարությունյանը նշել է, որ, որպես Հանրապետության նախագահ, ինքը այլևս չունի մրցակիցներ, չունի նաև կուսակիցներ և չունեմ համակիրներ: Փոխարենը նաև ունի սահմանադրական ու ազգային պարտավորություններ բոլորի առջև, հավատամք, որ պարտավոր է չձախողել պատմական հնարավորությունն ու պատասխանատվությունը պատմական ժամանակահատվածում, ունի նաև հավատամք, որ Շուշիի ու ողջ Արցախի ազատագրումը և հայոց պետականության վերականգնումը մեծ երազանքների իրագործում էր ավելի մեծ երազանքների հասնելու նպատակով:
artsakhpress.am/arm/news/126490/aknkalum-em-karucoxakan-u-hamerashkh-ashkhatanq-bolori-het-arayik-harutyunyan.html