Համշենցիների` մայրենի լեզվով կրթության պայքարը

Համշենցիների` մայրենի լեզվով կրթության պայքարը

Ուսումնասիրող Հուրիյե Շահինն ուշադրություն է հրավիրում համշենցիների ` մայրեն լեզվով կրթության խնդրի վրա: Շահինն ասում է. «Մենք պետք է համշենահայերի մայրենի լեզվով կրթության մեջ կիրառելի գրավոր նյութ ստեղծենք, որպեսզի համշենցիների օգտագործած հայերենը պահպանվի»:

Հուրիյե Շահինն իրեն որպես «համշենցի հայ» բնութագրող մի ուսումնասիրող, գրող և ակտիվիստ է` ծնված Արդվինի Խոպայում: Շահինի հեղինակած «Ինչպե՞ս է ուծացման քաղաքականությունը վերացնում լեզուները. ի մասնավորի հայոց պատմությունը և Համշենի հայերը» վերնագրով գիրքը հրատարակվել է «Յոլդա քիթափ» հրատարակչության կողմից: Հուրիյե Շահինի հետ զրուցեցինք պատմության ընթացքում Համշենի և համշենահայության գլխին եկածների մասին:

Հուրիյե Շահինն ամենից առաջ խոսքն սկսում է այն տարածքի աշխարհագրական սահմանները գծելով, որի անվանումը հայկական «Համշենն» է, և որն ասիմիլացիոն քաղաքականության հետևանքով վերածվել է «Հեմշինի»: «Ներկայիս Ռիզեն, Հեմշինը, Չամլըհեմշինը և Փազարն իրականում Համշենի շրջանն են: Սակայն համշենցիները չեն ապրել միայն այս կողմերում: Մի հայկական ցեղ եղող համշենցիները բնակվում էին նաև Արդվինի Խոպա և Բորչկա գավառներում: Դարեր տևած ուծացման և ճնշման քաղաքականության պատճառով համշենցիներ են ապրում Թուրքիայի չորս ծագերում` Ադափազարըից մինչև Ստամբուլ, Անկարայից մինչև Իզմիր»:

Սփյուռքի կազմավորում
Հուրիյե Շահինը հետևյալ խոսքերով ուշադրություն է հրավիրում նաև Թուրքիայից դուրս գտնվող համշենցիների վրա. «Այսօրվա Աբխազիայում բազմաթիվ համշենցիներ են բնակվում` 1700-ականներին համշենցիների հանդեպ իրագործված օսմանյան կոտորածներից մազապուրծ: Նրանց մի մասն էլ Հայաստան է անցել պատմության ընթացքում: Ներկայում Հայաստանում հրատարակվում է «Ձայն համշենական» ամսաթերթը: Վրաստանի Բաթում քաղաքում ևս առկա են իսլամացած համշենցիների 5 գյուղեր, որոնց բնակչությունը Ստալինի օրոք աքսորվել էին Ղազախստան և Կիրգիզիա: Հետագայում վերստին վերադարձել են Աբխազիա և Վրաստան: Բացի այդ, համշենցիներ կան նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում: Նրանք կազմկերպվելու` դեռևս նախնական ջանքեր են գործադրում, սակայն առայժմ կապեր չունեն Թուրքիայում և Կովկասում ապրող համշենցիների հետ: Հետևաբար, դեռևս անհնար է խոսել Եվրոպայում և Ամերիկայում համշենցիների սփյուռքի գոյության մասին»: Հուրիյե Շահինը, իր նոր գրքից բացի, նաև հանդես է հրապարակում` «Համշենցու գոր» անվամբ, որը տարածում է Համշենում ու Խոպայում: Սույն ամսագրում տեղ գտած բազմաթիվ տեղեկություններն էլ ձեռք է բերում Ռիզեում, Համշենում և Խոպայում ապրող համշենցիներից: «Գյուղ առ գյուղ շրջել եմ համշենցիների հետ առնչվող տարածքներում, մինչ այժմ ոչ մի բացասական արձագանք չեմ ստացել: Գրքումս և հանդեսում հրապարակված տեղեկությունների մեծ մասին հասու եմ դարձել համշենցիների բնակած գյուղերում կատարած ուսումնասիրություններիս շնորհիվ»: Հուրիյե Շահինը շեշտելով, որ համշենցիները զգայուն են իրենց պատմության և ինքնության նկատմամբ, հենց իր ընտանիքից է մի օրինակ բերում. «Իմ պապերը, չնայած ուծացման զոհը լինելուն, զգայուն էին` սեփական ինքնության հանդեպ: Իմ պապից լսածներիս շնորհիվ է, որ ես էլ եմ զգայուն իմ համշենական և հայկական ինքնության նկատմամբ: Մեր պապերն են մեզ պատմել, թե 1915 թ. ինչպես է Արդվինում իրագործվել Հայոց ցեղասպանությունը: Արդվինի Արդանուչ գավառի մոտակայքում մի ժայռ կա: Ամեն անգամ, երբ յայլա բարձրանալիս այդ մասով էինք անցնում, պապս իջնում էր ավտոմեքենայից և ասում. «Հայերին այս ժայռից ներքև գցելով են ոչնչացրել»:

Հուրիյե Շահինը նշելով, որ համշենցիները միշտ իրար մեջ քննարկել են իրենց հայ լինել-չլինելու հարցը, հայտնում է. «Համշենցիները վերջին տարիներին ավելի հանգիստ են արտահայտվում իրենց ինքնության մասին: Նրանք շատ զգայուն են հատկապես լեզվի հարցում: Անգամ Ազգայնական շարժում կուսակցության անդամ եղող համշենցիները համշենահայերեն են խոսում և շատ զգայուն են իրենց լեզվի հանդեպ: Նրանք ասում են` թուրք ենք, բայց համշեներեն են խոսում: Հենց լեզվի նկատմամբ այդ զգայուն լինելն է համշենական ինքնության չվերանալու պատճառը»:

Կրթություն` մայրենի լեզվով
Սակայն համշեներենը, որի հանդեպ շատ զգայուն են համշենցիները, այսօր կանգնած է լուջ մարտահրավերների առջև: Շահինը հետևյալ կերպ է բացատրում այդ խնդիրը. «Առկա է համշենցիների մայրենի լեզվով կրթության խնդիրը: Դեռևս չենք դիմել մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցով, որովհետև դրա համար մեր ձեռքին առայժմ գրավոր նյութ չկա»: Շահինն ընդգծում է, որ թե «Համշենցու գոր» ամսագիրը և թե իր հեղինակած գիրքը նախնական աշխատանքներ են տանում` մայրենի լեզվով կրթության համար անհրաժեշտ գրավոր նյութեր ստեղծելու ուղղությամբ:

Շահինը շեշտելով, որ համշենցիների հետ նույն շրջաններում ապրող լազերը լուրջ նյութեր են ձեռք բերել` իրենց մայրենի լեզվով կրթության հարցում, նշում է. «Մենք առօրյա կյանքում հաղորդակցվում ենք մեր լեզվով, սակայն մեր խոսած լեզուն դասական հայերենն է, և այն բավականին տարբերվում է ներկայում Հայաստանում կամ Ռուսաստանում խոսվող հայերենից: Հետևաբար, մենք ինքներս պետք է ստեղծենք մայրենի լեզվով կրթության համար անհրաժեշտ գրավոր նյութեր: Հենց այդ նպատակով ենք հրապարակում «Համշենցու գոր» հանդեսը: Սակայն որոշ համշենցի ընկերներ անհանգստություն են ապրում, երբ համշենական ինքնությունը կապվում է հայկականի հետ: Եվ որպես փաստարկ էլ մատնանշում են համենցիների մուսուլման լինելը: Այնինչ, իրականությունը շատ տարբեր է դրանից»:

Ոչ թե կրոն, այլ` լեզու
Համշենցիների առնչությամբ` նաև «իսլամացված հայերի» թեմային անդրադարձած Շահինը նշում է. «Աշխարհում այլ հանրություններ էլ են կան, որոնք միավորված են ոչ թե կրոնով, այլ` լեզվով: Օրինակ` արաբները: Կրոնը չպետք է խառնել էթնիկ ծագման հետ: Ինչպես որ առկա են տարբեր քրիստոնյա ուղղությունների հետևորդ հայեր, այնպես էլ կան քրիստոնյա չեղող հայեր: «Մուսուլման հայ չի կարող լինել» պնդումը ճիշտ և գիտական մոտեցում չէ: Մենք պարտավոր ենք այս ոչ շահավետ դրությունը հաղթահարել: Պետք է, որպես հայեր և համշենցիներ, առաջնային պլան մղենք ոչ թե մեր կրոնը, այլ` լեզուն»:

Հուրիյե Շահինը կոնկրետ առաջարկ ունի` ուղղված բոլոր հայերին և համշենցիներին. «Առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լավ պատրաստված և համապարփակ համշենցիների կոնֆերանս անենք և բացահայտ կերպով քննարկենք մեր բոլոր խնդիրները»:

Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail