Հայկական մանրանկարներով ձեռագրերը շուկայում որպես փաթեթ են օգտագործել․ Արարատ Աղասյանը` արվեստի Ցեղասպանության մասին
22 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Աննա Բալյան
Հայկական կերպարվեստն ու կիրառական արվեստը զգալի կորուստ են ունեցել 1890-ական թվականներից մինչև 1920-ական թվականները Հայոց Ցեղասպանության տարիներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արարատ Աղասյանը։
Ցեղասպանության տարիներն ոչնչացված` կերպարվեստի նմուշների թիվը հստակ նշել հնարավոր չէ, բայց, ըստ նրա, տարբեր տվյաներով՝ 9 հազարից-30 հազարի է հասնում։
Սա համադրելի է Մատենադարանում և աշխահի բոլոր թանգարաններում գտնվող հայկական ձեռագրերի թվի հետ՝ ասաց Արարատ Աղասյանը․ «Այսինքն, մի ամբողջ թանգարանային նյութ մենք կորցրել ենք 1890-1923 թթ»։
Կերպարվեստի հիմնական նմուշները՝ մանրանկարները, պրոֆեսորի խոսքով, զետեղված են եղել պատկերազարդ ձեռագրերում։ Թուրք հեղինակների վկայություններ կան, որ հայկական մանրանկարներով այդ ձեռագրերը շուկայում օգտագործել են որպես փաթեթ՝ կարագ են փաթաթել, արևածաղիկ են վաճառել և այլն։
Թուրքական, արաբական, եվրոպական, հայկական աղբյուրները, նաև այդ շրջանի մամուլը այսօրինակ վանդալիզմի բազմաթիվ նկարագրություններ են փոխանցել։
Կերպարվեստի նմուշներից շատերը ֆիզիկապես ոչնչացվել են, ասենք, հայկական վանական համալիրներն այրելու հետևանքով․ ձեռագրերի հիմնական մասը վանական համալիրներում են պահվել։
Կորուստներ ունեցել ենք նաև պարզապես հայ մարդկանց տներում պահվող ձեռագրերի շրջանում։ Վկայություններ կան, որ հոգևորականները, մտավորականները գաղթի ժամանակ, փորձելով փրկել պատկերազարդ հին ձեռագրերը, մի մասը պահել են հողի տակ՝ թաքստոցներում։ Նույնիսկ կան վկայություններ, որ Վանում արկղերով լճի մեջ են խորտակել, որ երբ ժամանակ անցնի, վերադառնան, տեղը գիտեն՝ հանեն, փրկեն։
Բայց, ցավոք սրտի, հետագայում այդ թաքստոցներից շատերի տեղն անհայտ է մնացել, որոշներում արժեքները վնասվել են։ Մի մասը, սակայն, հայտնաբերվել է, երբ ռուսական զորքը կամ հայ ջոկատները Վանում ինչ-որ տարածքներ ժամանակավորապես ազատագրել են․ «Թաքստոցներից հանել են ձեռագրերը, հասցրել են Էջմիածին, մի մասը՝ Ռուսաստան, Եվրոպա և հիմա գտնվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք հայտնի թանգարաններում։ Մեր միջնադարյան ձեռագրերը հենց այդ շրջանում են տարվել։ Բայց մի մասն էլ կորել է՝ թաքստոցների տեղը մինչև այժմ էլ չգիտենք, ինչ էլ հայտնաբերել են՝ լուրջ վնասված, գրեթե կործանված ձեռագրեր»,-ասաց Արարատ Աղասյանը։
Մեր ձեռագրերը կորստի այլ ուղի էլ են անցել․ նկարագրված դեպքեր կան, որ քիչ թե շատ կրթված թուրք կամ քուրդ սպաները այդ ձեռագրերը գողացել են, տարել եվրոպական երկրներ, օրինակ, Գերանիա և Ավստրիա, և առաջարկել այդտեղի մասնագետներին, հայտնի հայագետներին՝ վաճառելու։
«Մի մասը հետո հայտնվել է թանգարաններում, մի մասի տեղն էլի անհայտ է․ տեղեկություններ կան, որ փրկված պետք է լինեն, բայց որտեղ են հիմա գտնվում՝ հայտնի չէ»,-ասաց պրոֆեսորը։
Ցեղասպանություն տեսած՝ հայ կերպարվեստի նմուշները միայն ձեռագրերի մանրանկարները չեն․ Արարատ Աղասյանը խոսեց նաև 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանի տարածքում գործած տասնյակ, հարյուրավոր արվեստագետների՝ նկարիչների, գեղանկարիչների, քանդակագործների ստեղծագործությունների մասին, որոնք հսկայական կորուստներ են կրել։
«19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին ստեղծված շատ հաստոցային նկարներ, որմնանկարներ, կիրառական արվեստի նմուշներ և քանդակներ ոչնչացվել և կորել են»,-ասաց նա։
Արվեստագիտության պրոֆեսորը բերեց Զմյուռնիայում գործող հայտնի քանդակագործի՝ Հակոբ Փափազյանի օրինակը։ Անվանի գրող, արվեստաբան Հակոբ Սիրունին նկարագրում է, թե ինչպես է 1922 թ-ին Զմյուռնիայում հանդիպել նրան՝ ընկճված վիճակում․ ԱՄՆ-ում կրթված, հայտնի քանդակագործը՝ Հակոբ Փափազյանը, 1915թ-ից գնացել էր Ամերիկա, հետո վերադարձել Զմյուռնիա ու իր արվեստանոցը ամբողջությամբ ջարդուխուրդ եղած վիճակում գտել, ստեղծագործությունները ամբողջությամբ ոչնչացված, քանդակներից ոչինչ չէր մնացել և էլի սպառնալիք կար, որ կոչնչացնեն։ Եվ նա մի կերպ, արդեն ընդմիշտ, թողնում է Արևմտյան Հայաստանում ամեն ինչ և մեկնում Ամերիկա՝ ամերիկահայ քանդակագործ է դառնում՝ Ջեկ Փափազյան անունով։
Մեկ այլ հանճարեղ գրող ու նկարիչ՝ Ինտրան՝ Տիրան Չրաքյանը, ավելի ողբերգական ճակատագիր ունեցավ։ Նրանից ընդամենը 2-3 նկարչական գործ է մնացել։ Ինտրայի սարսափելի մահվան տեսարանը նկարագրված է․ 1923 թ-ին նրան քշել են հայերի շարքով, ինչ-որ գաղթավայր են տեղափոխել, ճանապարհին սպանել են ու չեն էլ թաղել՝ կիսաթաղել են, և շները հոշոտել են։
Շատ նկարիչներ, բարեբախտաբար, հասցրել են փախչել՝ արվեստանոցները, նկարները անտեր թողած՝ մի կերպ ֆիզիկապես փրկվել են։ Բայց վկայություններ կան, որ նրանց հարազատները՝ մայրը, եղբայրը, քույրը չեն կարողացել հեռանալ և դարձել են Ցեղասպանության զոհեր։ Այդ նկարիչների ստեղծագործություններից շատերը ոչնչացվել են, շատերի ճակատագիրն անհայտ է։
Սարգիս Խաչատուրյանը 1915 թվականի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ապա Եվրոպա։ Մայր ժողովրդի ողբերգությունը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման, նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»։
Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Արարատ Աղասյանը նշում է 2004 թ-ին Թուրքիայում թուրքերեն և անգլերեն հրատարակված ծավալուն երկհատորյա պատկերագրքի մասին․ հայազգի Գարո Քյուրքմանը մեկ առ մեկ հայթայթել է Թուրքիայի, Եվրոպայի թանգանների 1000-ից ավելի հայտնի ու անհայտ հայ նկարիչների գործեր ու հրատարակել «Հայ նկարիչները Օսմանյան կայսրությունում 17-րդ դարից մինչև 20-րդ դար» աշխատությունը։
«Այդ ամբողջը տարիների ընթացքում հավաքել է և պատկերագիրք է հրատարկել, որը պատկերացում է տալիս, որ գոնե դրանք փրկվել են։ Արևմտահայ կերպարվեստի շատ հետաքրքիր, հրաշալի գործեր կան դրանց մեջ, որ քիչ են ուսումնասիրված։ Եվ դա շատ լավ հայտնություն էր, շատ լավ նյութ՝ մեջտեղ բերված»,-ասաց Արարատ Աղասյանը։
Նա, սակայն, ցավով նշեց, որ դա ընդամենը մի մասն է․ «Նկարիչներ կան, որոնցից միայն 2-3 ստեղծագործություն է պահպանվել, այնինչ Պոլսում հրատարակվող մամուլից գիտենք, որ նրանք ակտիվ ստեղծագործել են, ցուցադրվել են ժամանակին։ Նկարիչներ կան, որ հիմա շատ սակավաթիվ գործեր ունեն, մնացած գործերը հայտնի չէ՝ որտեղ են, դրանք էլ են հավանաբար զոհ գնացել՝ այրվել են, գողացվել են, այլ նպատակի համար են ծառայել»։
Հայ կիրառական արվեստի նմուշները ևս՝ արծաթից, ոսկուց, թանկարժեք քարերից պատրաստված արժեքները, ասենք, եկեղեցական սպասք և այլն, մեծ թվով թալանվել են՝ վաճառվել, կամ ոչնչացվել։
Արևմտյան Հայաստանի ձեռագրերի, կերպարվեստի ու կիրառական արվեստի նմուշներն ամբողջապես ցուցակագրված, նկարագրված չեն՝ ափսոսանքով նշեց Արարատ Աղասյանը, այս պատճառով էլ կորուստները հստակ հաշվել հնարավոր չէ։
«Ժամանակին եթե մեր ճարտապետական հուշարձանները ցուցակագրվել են, ցավոք սրտի, մեր ձեռագրերի ցուցակագրման աշխատանքը սկսվեց, բայց շատ բաներ նկարագրված, ցուցակագրված չեն, որ ասեինք ՝ ցուցակի մեջ այս մանրանկարը կա, բայց հիմա չկա։ Բայց մենք գիտենք, որ Մատենադարանում կամ այլ թանգարաններում կան ձեռագրեր՝ հրաշալի մանրանկարներով զարդարված, որ զգալի վնասվել են Ցեղասպանության տարիներին՝ այրվել են, պատռվել են, դրանք ևս պետք է համարել այդ մշակութային Ցեղասպանության մաս»,-ասաց արվեստագիտության պրոֆեսորը։
Նա հիշեցրեց, ասենք, հայտնի Ճաշոցը, կամ Թորոս Ռոսլինի նկարազարդումները, որոնցից պակասած թերթեր կան, ինչ-որ մասերը մասամբ այրված են, բայց փրկվել են, դրանք էլ կարող էին առհասարակ մեզ չհասնել։
«Նմանատիպ և այդ կարգի մեծարվեստ ստեղծագործություներ․․․ ես վստահ եմ, որ դրանց մեջ անպայմանորեն եղել են և գորգի նմուշներ, որովհետև, երբ ականատեսը մի քանի խոսքով նկարագրում է, որ այսինչ գորգը դրվեց աճուրդի, պարզ է դառնում, որ դա իսկապես բարձրարժեք ստեղծագործություն էր՝ մեծ արժեք ներկայացնող նմուշ»,-ասաց նա։
Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացված կերպարվեստի ու կիրառական արվեստի նմուշները գումարով արտահայտելու՝ արժևորելու հարցը, ըստ Արարատ Աղասյանի, ամենաբարդն է, բայց անհնար չէ։ Դրանք, իհարկե, անգին արժեքներ են, ինչ թիվ էլ ասես՝ չի փոխհատուցի կորուստը, բայց, ամեն դեպքում, եթե վկայություններից դուրս բերվի այն տարիներին վաճառված նմուշների մոտավոր գինը՝ օսմանյան ոսկով, և այդ տվյալներն ու կորուստների մոտավոր քանակը համադրվի և հաշվարկվի տարադրամի այժմյան կուրսով, մոտավորապես պարզ կլինի՝ ինչ գումարի մասին է խոսքը։
Այս աշխատանքը առայժմ արված չէ։ Արարատ Աղասյանն ասաց՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին պատվիրված՝ կոլեկտիվ աշխատության նպատակններից մեկը կորուստների մոտավոր չափերը ներկայացնելն էր, որ դրանից հետո արդեն մասնագետները շարունակեն աշխատանքը և փորձեն միջազգային նորմերով, արժույթի տատանումներով գոնե մոտավոր թիվ հաշվել՝ ինչ կարժենային կորուստները։
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը այդ կոլեկտիվ մենագրության՝ «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» հետազոտության արվեստի հատվածն է մշակել, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը մարդաբանական կորուստն է հաշվարկել, երկրաբանական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի (МАНЭБ) հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամյանը հանքահումքային ռեսուրսների շահույթը, որ մեր ժողովուրդը չի ստանում այս տարիներին։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի համակարգմամբ մշակված աշխատանքը մեր ներկա պետական այրերի սեղանին է՝ Ցեղասպանության պահանջատիրական բաղադրիչը արդյունավետ առաջ տանելու համար։
//www.yerkir.am/news/view/201139.html