Պատմութիւնը վկայ՝ Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքերը արշավեցին դեպի հյուսիս՝ Թիֆլիսի ուղղությամբ – Յուշեր Սիմոն Վրացյան, գրքից
25 ՄԱՅԻՍ 2020 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:
Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքերը արշավեցին դեպի հյուսիս՝ Թիֆլիսի ուղղությամբ: Միաժամանակ ոտքի ելավ և Սադախլու-Սանդարի շրջանի մահմեդականությունը, որը կտրեց երկաթուղային հաղորդակցությունը և թալանում ու կոտրում էր փախստական հայերին:
1918 թ. մայիսի 22-ին Անդրկովկասյան կառավարությունը որոշեց խնդրել Հ.Յ.Դաշնակցությանը և մուսավաթին՝ ուղարկել երեքական ներկայացուցիչներ այդ շրջանի թուրքերին հանգստացնելու համար, բայց ալեկոծված տարերքը զսպելու հնարավորություն չէր մնացել այլևս: Հարավից ջարդում ու կոտորում էին թուրք ասկյարները, հյուսիսից՝ զինված թուրք գյուղացիները: Հայ գաղթականությունն ու նահանջող զորամասերը թալանվում ու կոտորվում էին ամեն կողմ:
Թուրքերի հյուսիս շարժվելու հետևանքով անասելի իրարանցում առաջ եկավ և Թիֆլիսում՝ վրաց և հայկական շրջաններում: Վրացիները սկսեցին պատրաստվել դիմադրության: Թիֆլիսը հայտարարվեց պաշարման վիճակում… Քաղաքի շուրջը, բարձունքների վրա դիրքեր փորվեցին, նշանակվեցին պահակներ:
Անտանելին, սակայն, հայ ժողովրդի, Թիֆլիսում խռնված կարսեցի, շիրակցի, արևմտահայ բազմահազար գաղթականության վիճակն էր: Մանավանդ, շատ էին ջղայնանում արևմտահայերը, որոնք, հասկանալի պատճառներով, ավելի էին սարսափում թուրքական արշավից: Նրանց դրությունը ահռելի էր: Ի՞նչ անել: Ո՞ւր գնալ: Եվ ահա ծայր տվեց մի խուճապային փախուստ դեպի Հյուսիսային Կովկաս:
Հազարավոր մարդիկ՝ ծեր ու երեխա, գյուղացի ու քաղաքացի, աշխատավոր ու մտավորական, ով ինչով կարող էր, խուժեցին դեպի ռազամավիրական ճանապարհը: Հոսանքի մի ծայրը հասել էր արդեն Վլադիկավկազ ու Արմավիր, մինչ մյուսը դեռ նոր էր դուրս գալիս Թիֆլիսից:
Օրեր շարունակ Թիֆլիսից շարժվում էին հազարավոր սայլեր, կառքեր, ինքնաշարժեր, գրաստներ, ֆուրգոններ՝ բեռնավորված տնային իրերով, կանանցով ու երեխաներով: Շատերը իրենց ունացվածքը չնչին գնով ծախում էին Թիֆլիսի փողոցներում՝ գորգ, կարպետ, բարձ, անկողին, վերմակ, կարասներ, ամանեղեն:
Վլադիկավկազ գնացող փոխադրության միջոցների սակագինը բարձրանում էր տասնյակ ու հարյուրավոր անգամներ: Մի մարդու տեղը ֆուրգոնում արժեր մինչև տաս հազար ռուբլի: Մարդիկ վերջին կոպեկն էին տալիս, միայն թե կարողանային հեռանալ:
Թիֆլիսից Հյուսիսային Կովկաս մեկնեց և Ապահովության խորհուրդը՝ ամբողջ կազմով: Այս պարագան ավելի ևս սաստկացրեց ընդհանուր խուճապը: Գաղթը կատարվում էր անկազմակերպ, տարերային կերպով: Պարենավորման գործը ճանապարհին չափազանց անբավարար էր, ապահովություն չկար, և հարձակումները գաղթականների վրա սովորական էին:
Այսպես, մայիս 23-ին Լարսից հեռագրում էին Հայոց ազգային խորհրդին. «Այսօր ինգուշները Նոր Լարս կայարանում պահեցին ավելի քան տաս հազար գաղթականներ, թույլ չտվին գնալու Վլադիկավկազ և վերադարձրին Կազբեկ, ուր նրանց սպասում է սովն ու ցուրտը»:
Մայիսի 25-ին Ազգային խորհրդի ներկայացուցիչը հեռագրում էր Դուշեթից. «Հարյուր հազար սոված ու մերկ գաղթականներ հավաքվել են Մցխեթի, Դուշեթի միջև և ավելի հեռուները: Ոչ մի օգնություն և ոչ մի տեղից: Փախստականների մեջ սկսվում են հիվանդություններ: Կան մահվան դեպքեր: Գիշերելու տեղ չկա, և ամենքը գիշերում են բաց երկնքի տակ, ցրտին: Չկա ոչ հաց, ոչ եռացրած ջուր, չկան սննդատու կայաններ՝ ամենքը թողնված են ճակատագրի կամքին: Մարդիկ հազարներով գնում են ոտքով, առանց օգնության որևէ հույսի: Կացությունը հուսահատական է»:
Թե ինչ կլիներ հետևանքը այս տնաքանդ փախուստի՝ դժվար է ասել, եթե մեջտեղ չգար արտաքին միջամտություն: Մայիսի 24-ից Թերեքի կառավարությունը փակեց գաղթականների առջև Հյուսիսային Կովկասի ճանապարհը, որով հոսանքը կանգ առավ և գաղթել ցանկացողների մեծ մասը մնաց Անդրկովկասում:
Թուրքական յաթաղանից ազատվածները Հյուսիսային Կովկասում ընկան բոլշևիկյան դժոխքը: Այնտեղ նրանց սպասում էին նոր զրկանքներ, նոր տառապանքներ ու նոր հիասթափություններ:
Սիմոն Վրացյան, «Հայաստանի հանրապետություն», Երեւան, 1998, էջ 121-123:
facebook-Arshaluis Zurabyan