Ֆրանսիայի Վալանսի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում է ընդունել, ստիպված կողմ է քվեարկել նաև ծագումով թուրք պատգամավորը
26 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Ֆրանսիայի Վալանսի քաղաքային խորհուրդը շաբաթ օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ միաձայն որոշում է ընդունել, կողմ է քվեարկել նաև ծագումով թուրք պատգամավոր Յասին Յըլդըրըմը։
Վալանսի քաղաքային խորհրդում տեղի ունեցածի մասին Tert.am-ին պատմեց Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ, Վալանսում ապրող լրագրող Գրիգոր Ամիրզայանը:
«Այդ թուրքը Ֆրանսիայում թուրքական միության անդամ է և ճիշտ է, որ ազգայնական է, Էրդողանի համակիրն է, ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ 4 տարի առաջ սոցիալական ցանցերում հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով։ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը, մենք էլ Վալանսի քաղաքապետի մոտ դժգոհությամբ հանդես եկանք։
Նա ամենը ջնջեց սոցիալական ցանցերից, քանի որ միայն այդ դեպքում կարող էր Վալանսի քաղաքային խորհրդում մնալ․ Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը, Վալանսի քաղաքապետն Նիկոլա Դրագոնն էլ հայտարարել է, որ ինքը որևէ մեկին չի ներառի իր քաղաքային խորհրդի մեջ, եթե նա ժխտողական դիրքորոշում ունենա Հայոց և ընդհանրապես որևէ ցեղասպանության նկատմամբ»,- ասաց նա՝ նկատելով, որ Յասին Յըլդըրըմը ստիպված է եղել քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման օգտին։
Նիկոլա Դրագոնը Յասին Յըլդըրըմին Վալանսի քաղաքային խորհուրդ, Գրիգոր Ամիրզայանի կարծիքով, ստիպված է եղել ներառել, քանի որ խորհուրդը կազմված էր 4 հայից, և թուրքին չներառելը կարող էր ժխտողականության դրսևորում լինել վերջերս վերընտրված քաղաքապետի կողմից։
Գրիգոր Ամիրզայանը պատմեց, որ քաղաքային խորհրդի վերոնշյալ նիստն առաջինն էր մարտի 15-ին Ֆրանսիայում կայացած ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից հետո։
Կորոնավիրուսի տարածման պատճառով էր, որ հենց առաջին փուլում հաղթանակ տարած Նիկոլա Դրագոնը միայն հիմա կարողացավ գումարել անդրանիկ նիստը։
«Քանի որ այդ թուրքի՝ քաղաքային խորհրդում հայտվելը մեծ աղմուկ էր հանել, Հայ դատի հանձնախումբը, «Նոր սերունդը» և մեր կազմակերպությունը քաղաքապետարանում բողոքել էին, Նիկոլա Դրագոնը նիստ հրավիրելիս էլ ստիպել էր թուրքին, որ ընդունի բանաձևը»,- ասաց նա։
Գրիգոր Ամիրզայանը նկատեց, որ Ֆրանսիայում մոտ 600․000 թուրք կա, որի 99 տոկոսը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ազգայնամոլ են։ «Նրանց բոլորին Ֆրանսիայում պետք է հասկացնենք, որ եթե այսօր Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք, և եթե իրենք ցանկանում են պետական որևէ պաշտոն զբաղեցնել, ապա պետք է ժխտողական չլինեն և ընդունեն Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ արեց Յըլդըրըմը»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ Յըլդըրըմին պետք է շարունակեն պահել իրենց ուշադրության կենտրոնում․ «Վստահ ենք, որ նրանց հետևում Թուրքիան է, իսկ Թուրքիան փորձ է անում կամաց-կամաց Ֆրանսիա ոտք դնել, որ հայ համայնքի ուժն այստեղ տկարացնի և իրենց ժխտողական դիրքն ավելի ամրացնի»։
Վերադառնալով որոշման ընդունմանը՝ Գրիգոր Ամիրզայանը նշեց, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դրագոնը միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտելով չբավարարվեց, այլ նաև 3000 եվրո նվիրաբերեց Ֆրանսիայի Հայկական հիմնադրամին՝ որպես օգնություն Հայաստանին։
Հռիփսիմե Հովհաննիսյան
/www.tert.am/am/news/2020/05/25/Amirzayan/3298183
akunq.net/am/?p=71319