Միջազգային ընտանիքը դեռեւս առիթներ կունենա պարզելու Ադրբեջանի հանցագործ դիմագիծը. Շահան Գանտահարյան
27 Մայիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում իրավաչափ է հատկապես այն ընդգծումը, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի մի շարք կետեր։ ՄԻԵԴ-ի վճռի նշանակության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նա նկատեց, սակայն, որ բացարձակի մեջ զուտ իրավականությունը տեսություն է, եւ այն անպայման քաղաքական ենթատեքստեր է ներառում։ «Այս դեպքում աշխարհաքաղաքական օրակարգերում Բաքվի ներառումը թուրքական ուղղություններին կնախանշի հակազդեցություններ։ Իսկ այս առումով ՄԻԵԴ-Ի վճռի պահը կարող է մեկնաբանվել այս պարունակում։ ՄԻԵԴ-ը իրավականորեն դժվար թե արդարացներ Սաֆարովի ոճրագործությունը։ Խնդիրը վճռի կայացման պահի քաղաքական ընկալումն է»,- ընդգծեց «Ազդակ»-ի խմբագիրը՝ հավելելով, թե նշված փաստը հուշում է, որ հայկական կողմը թե՛ իբրեւ պետականություն եւ թե՛ իբրեւ հասարակական կազմակերպություններ հետեւողականորեն պիտի շարունակի Բաքվի ռազմական հանցագործության տվյալների միջազգայնացման աշխատանքը։
«Միջազգային ընտանիքը դեռ առիթներ կունենա Բաքվի ռազմական հանցագործությունները բարձրաձայնելու եւ դրա ուղղությամբ նոր բանաձեւեր եւ վճիռներ կայացնելու»,- շեշտեց Շահան Գանտահարյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս բոլորը ընդգծելու է նախ եվրոպական արժեքներին հակադրված Ադրբեջանի եւ եվրոպական արժեքների կրող Արցախի միջեւ սուր հակասությունները եւ այդ առումով նրանց անհամատեղելիությունը․ ինչը կնպաստի Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային իրացման աշխատանքների ենթահողի ձևավորմանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։
ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Հայցում նշվել է ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) դատական ծախսերի մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել։
2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:
Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:
armenpress.am/arm/news/1016668.html