ԱՐՑԱԽ – Ազատագրված Շուշի`«Հարսանիք լեռներում»
28 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՈՒՆ – ԿԸ ՅԻՂԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։
Գործողությունը ստացել է «Հարսանիք լեռներում» անվանումը, որի մտահղացումը, պատկանում էր այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Քաղաքի ազատագրման մարտական նախագիծը չափազանց համարձակ է թվացել, բայց Վազգեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն անպայման կամուսնանա։
Զորակայանը տեղակայված էր Շոշ գյուղի հարևանությամբ։ Այդտեղ էին Արկադի Տեր-Թադևոսյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը և ուրիշներ։ Հրամանատարական կետերում էին կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Հենց այդտեղ էլ Շուշիի ազատագրման պլանն օրհնել և ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի անդամներին հաջողություն է մաղթել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը։
Մայիսի 7-ի ուշ երեկոյան մեկնարկել է «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը։ Նախապես ոչնչացվել էին Շուշիի և Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական հենակետերը, և բերդաքաղաքը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ։
Հայկական ջոկատները գիշերվա մթության մեջ շարժվել են դեպի Շուշի: Մայիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի, Լաչինի և Ջանհասան-Քյոսալարի ուղղություններով։
Մարտը, որ սկսվել էր մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ավարտվել է գրեթե մեկ օր անց։ Մայիսի 9-ի առավոտյան ժամը 4-ին Արկադի Տեր-Թադևոսյանին զեկուցել են, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ձեռքերում է։
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն էր ընձեռել հատուկ հատկացված միջանցքով՝ դեպի Լաչին տանող ճանապարհով, հեռանալու բերդաքաղաքից:
Հենց այդ օրն էլ` մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, Շուշիից հեռացել է հակառակորդի ռազմական տեխնիկան։ Նույն օրը` առավոտյան, ադրբեջանական հրամանատարությունը երկու տանկ և երկու զրահամեքենա է ուղարկում Զարիսլուի ուղղությամբ, որոնք, սակայն, ոչնչացվել են:
Շուշիի ազատագրման ռազմական գործողության մասին պատմում է Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին գրոհային վաշտի սպա Անդրանիկ Մուրադյանը։
www.iammedia.am/hy/post/Shushi-Harsaniq-Lernerum?