ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Հայաստանի Ա. Հանրապետութիւնը Եւ Արցախահայութեան Ազգային-Ազատագրական Պայքարը

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Հայաստանի Ա. Հանրապետութիւնը Եւ Արցախահայութեան Ազգային-Ազատագրական Պայքարը

28 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՈՒՆ – ԿԸ ՅԻՂԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Հայ ժողովրդի բազմադարեայ պատմութեան ողջ ընթացքում, անկախ դարաշրջանների տարաբնոյթ ռազմաքաղաքական իրադարձութիւնների հոլովոյթից, մեր ժողովրդի գիտակցութեան մէջ Արցախ աշխարհը մշտապէս ընկալուել եւ ընդունուել է որպէս հայոց պատմական բնօրրանի բաղկացուցիչ եւ անքակտելի մաս: Բնականաբար, այս հաստատուն, անբեկ գիտակցութեամբ է հայ ժողովուրդը թեւակոխել իր պատմութեան անհամեմատ ողբերգական ու հերոսական ժամանակաշրջաններից մէկը` 20-րդ դար:

Անցած հարիւրամեակի առաջին երկու տասնամեակները, ինչպէս յայտնի է, յատկանշւում են հայկական բարձրաւանդակում նոր թափ առած ազգային-ազատագրական պայքարով` ուղղուած մի կողմից` թուրքական հայաջինջ քաղաքականութեան, միւս կողմից ռուսական ցարիզմի հետզհետէ սաստկացած հակահայ բռնաճնշումների դէմ, Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան Թուրքիայի այլ տարածքներում շարունակաբար պետականօրէն իրագործուած Հայոց ցեղասպանութեամբ, հայ ֆիտայական ջոկատների ինքնապաշտպանական մարտերով, Առաջին աշխարհամարտով եւ նրա Կովկասեան ճակատի ռուսական զօրքերի կազմում հայկական կամաւորական զօրամիաւորումների մղած հերոսական մարտերով, բազմահազար հայ գաղթականութեան հոսքով, համաճարակներով ու համատարած սովահարութեամբ, Ռուսաստանի կայսրութեան անկմամբ եւ նրա փլատակների վրայ հայրենի բնաշխարհում Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակմամբ ու գոյատեւման մաքառումներով, թուրք-հայկական, վրաց-հայկական, ազրպէյճանա-հայկական եւ ռուս-հայկական պատերազմներով, բազմադարեայ բացակայութիւնից յետոյ վերընձիւղուած հայոց պետականութեան անկմամբ, պոլշեւիկեան պարտադրանքով Հայաստանի խորհրդայնացմամբ կամ, աւելի ճիշդ, ռուս կայսերական տիրապետութեան վերահաստատմամբ:

Կարելի է ասել` մարդկութեան ողջ պատմութեան ընթացքում երեւի թէ աշխարհի մէկ այլ ազգային հաւաքականութիւն նման կարճ ժամանակամիջոցում չի ապրել ողբերգականութեան ու հերոսականութեան այն ահռելի, ըստ էութեան` հակադրամիասնական չափաքանակը, որպիսին բաժին է հասել եւ որին տոկացել է հայ ժողովուրդն այդ դաժան տասնամեակներին` աներկբայ պահպանելով հանդերձ իր ազգային ինքնութիւնը, պահ անգամ չկորցնելով դարեր ի վեր իրեն ուղեկցած պայծառ ապագայի` ազատ, անկախ ու միացեալ հայկական պետականութեան վերակերտման, ինքնիշխան ապրելու եւ արարելու յոյսն ու հաւատը:

Իրադարձութիւնների այդ դարադարձիկ խառնարանում մշտապէս մայր ժողովրդի հետ էր ազատատենչ արցախահայութիւնը, պատմական Հայաստանի 10-րդ նահանգի` Արցախ աշխարհի ողջ հայ բնակչութիւնը, որի խիզախ զաւակներն ամէնուրեք էին` թուրքական ոսոխի դէմ անձնուրաց մարտնչելով Արեւմտեան Հայաստանի ֆիտայական խմբերում, ցարական զօրքերի մաս դարձած հայկական կամաւորական զօրաջոկատների կազմում ազատագրական ու պաշտպանական մարտեր մղելով Կովկասեան ճակատում, թուրքական զօրքերի դէմ աներեր պատնէշուելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, պաշտպանելով հայրենի լեռնաշխարհը թուրք-թաթար-քրտական հրոսակների աւերիչ արշաւանքներից, գործուն մասնակցութիւն ունենալով ազգային ինքնիշխանութեան վերականգնմանն ու վերակերտմանը Հայաստանում եւ Արցախում` հայրենի լեռնաշխարհի ճակատագիրը միահիւսելով իր անկախ պետականութիւնը հռչակած Մայր հայրենիքի` Հայաստանի Ա. Հանրապետութեանը:

Հայոց պատմական հայրենիքի ազատագրման ու պաշտպանութեան, հայկական պետականութեան վերականգնման առաջնագծում էր նաեւ արցախեան ծագումով ազգային հերոսների մի ամբողջ ծաղկաբոյլ. ազգային-ազատագրական շարժման ականաւոր գործիչներ Եփրեմ Դաւթեան (Եփրեմ Խան), Նիկողայոս Տէր Յովհաննիսեան (Նիկոլ Դուման), Վանի նահանգապետ, Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադիր-կառավարիչ Արամ Մանուկեան (ՀՅԴ անդամներ), Սարդարապատի պաշտպանութեան կազմակերպիչ եւ ճակատամարտի գլխաւոր հրամանատար զօրավար Մովսէս Սիլիկեան (ազգութեամբ` ուդին, ողջ էութեամբ` հայ), այդ ճակատամարտում Սարդարապատի ուղղութեան ընդհանուր հրամանատար, գնդապետ Դանիէլ Բեկ Փիրումեան, 5-րդ հրաձգային գնդի (Ղարաբաղի մահապարտների գունդ) հրամանատար Պօղոս Բեկ Փիրումեան, Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս, հրետանու հրամանատար կապիտան Տէր Մովսիսեան, Սարդարապատի ճակատամարտում 1-ին հեծելագնդի սպայ Յովհաննէս Բաղրամեան (հետագայում` Խորհրդային Միութեան մարշալ) եւ շատ ու շատ այլ նուիրեալներ:

Յատկանշական է հետեւեալ պատմական իրողութիւնը: Ինչպէս որ անցած դարավերջին էր, երբ Հայաստանի Գ. Հանրապետութեան հռչակումից (23 օգոստոսի, 1990թ.) յետոյ հռչակուեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (2 սեպտեմբերի, 1991թ.), նոյնպէս եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան

(28 մայիսի, 1918թ.) գրեթէ հասակակիցն է Լեռնային Ղարաբաղի Ա. Հանրապետութիւնը (22 յուլիսի,1918թ.), որ յամառ մաքառումների գնով գոյատեւեց երկու տարի (Հայաստանի Ա. Հանրապետութիւնը` երկուսուկէս տարի):

Ինչպէս յայտնի է, որպէս անկախ վարչաքաղաքական միաւոր` Լեռնային Ղարաբաղը հռչակուել է արցախահայութեան 1-ին համագումարում (22-26 յուլիսի,1918թ.), որը գումարուել էր Շուշիի թեմական դպրոցի դահլիճում: Ի դէպ, ընդհանուր առմամբ, 1918-1920թթ.` երկու տարում հրաւիրուել 10 համագումար, ընդ որում` բացառապէս արտահերթ կարգով, ինչը պայմանաւորուած էր իրավիճակի պարբերական սրացումներով:

Առաջին համագումարն ընտրել է Ազգային խորհուրդ եւ ժողովրդական կառավարութիւն, իսկ վերջինս յուլիսի 24-ին ընդունել է հռչակագիր, որում ներկայացուած էին նորաստեղծ պետական իշխանութեան խնդիրները: Դարասկզբի հայոց երկրորդ` արցախեան պետութիւնը նոյնպէս օժտուած էր պետականութեան բոլոր խորհրդանիշերով` Ազգային խորհուրդ, կառավարութիւն, բանակ, արդարադատութիւն, առողջապահութիւն, կառավարման այլ գերատեսչութիւններ: Համագումարն Արցախ-Ղարաբաղը հռչակում է որպէս Արարատեան Հանրապետութեան` Հայաստանի Հանրապետութեան անբաժան մաս:

«Ղարաբաղը Արարատեան Հանրապետութեան մասն է կազմում, թէեւ տիրող պայմանների շնորհիւ կտրուած է նրանից, սակայն պիտի ջանալ կապ հաստատել ու կցուել նրան»,- նշւում է որոշման մէջ: Նաեւ յայտարարւում է, որ Ղարաբաղի ժողովրդական կառավարութիւնը, «պիտի ունենայ երկիրը կառավարելու բոլոր իրաւունքները, մինչեւ կցումը Հայաստանի Հանրապետութեանը»:

Նորակազմ կառավարութեան ութ բաժիններից Դաշնակցութիւնն ունէր 4, մենշեւիկները` 2, էսէռները` 1 եւ անկուսակցականները` 1 տեղ: Ղարաբաղի ժողովրդական կառավարութեան առաջին նախագահ է ընտրուել նշանաւոր ազգային, հասարակական եւ պետական գործիչ, ՀՅԴ անդամ Եղիշէ Իշխանեանը, ով պատասխանատու պաշտօններ է վարել նաեւ Հայաստանի Ա. Հանրապետութիւնում:

Ինչպէս նշում է պատմաբան Հրանդ Աբրահամեանը. «Այդ ժամանակաշրջանում Արցախ-Ղարաբաղը գտնւում էր չափազանց ծանր պայմաններում. 3500 տաճկահայ գաղթականներ Արցախի ճանապարհին Զարիսլուի մօտ օղակուել էին թուրք աւազակների կողմից, 5000 գաղթականներ Շուշի էին գաղթել Արցախի Ղարաղշլաղի (Բերդաձորի) ենթաշրջանից: Պէտք էր հոգալ նրանց մասին, միաժամանակ պայքարել թուրք աւազակախմբերի դէմ, վերականգնել կապերը Պաքուի, Գորիսի եւ Գանձակի հետ, նպաստել արդիւնաբերական ձեռնարկութիւնների վերականգնմանը, կարգաւորել գիւղական, լուսաւորչական եւ ճանապարհաշինական աշխատանքները: Մի խօսքով` ճգնաժամի մէջ գտնուող երկրամասն այդ վիհից դուրս բերելու համար պէտք էր ձեռնարկել համարձակ քայլեր: Կառավարութեան նախագահ Եղիշէ Իշխանեանն անում էր անհնարինը»:

Օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին կազմակերպուել էին շրջանային ինքնապաշտպանական ուժեր, որոնք զինամթերքի խիստ կարիք ունէին: Մօտաւոր հաշուումներով` Արցախն այդ ժամանակ կարող էր մարտի դուրս բերել 20 հազար զինուոր, սակայն եղած փամփուշտը հազիւ կարող էր հերիքել մէկ-երկու օր: Ուրեմն` կառավարութիւնը պէտք է հոգար նաեւ այդ հարցի մասին, որն անչափ կարեւոր էր:

Անգլիական հրամանատարութիւնը վարելով, խորամանկ քաղաքականութիւն, շուտով Ղարաբաղում ստեղծում է նահանգապետութիւն, եւ նահանգապետ է նշանակւում ազգութեամբ քիւրտ, մասնագիտութեամբ` բժիշկ, մուսաւաթ, հայատեաց, ազգայնամոլ Խոսրով բէկ Սուլթանովը: 1919 թ. փետրուարի սկզբին նա զօրքով եւ 7 միլիոն ազրպէյճանական մանաթով մտնում է Շուշի: Սուլթանովը յստակ խնդիր ունէր` կաշառել արցախահայերին եւ ստորագրել տալ մի խայտառակ յայտարարութիւն, թէ, իբր, նրանք Ազրպէյճանի մուսաւաթական կառավարութեանն ընդունում են 1918 թ. մայիսի 27-ից: «Սակայն թէ՛ Սուլթանովը եւ թէ՛ մուսաւաթ պարագլուխները չարաչար սխալուեցին. Արցախում եւ ոչ մի հայ չստորագրեց քաղաքական այդ անբարոյ յայտարարութիւնը»,- արձանագրում է Հրանդ Աբրահամեանը:

Արցախի հայութեան ներկայացուցիչների յաջորդ համագումարները նոյնպէս, չնայած Պաքուի եւ անգլիական հրամանատարութեան լիազօր ներկայացուցիչների (զօրավար Վ. Թոմսոն, այնուհետեւ նրան փոխարինած գնդապետ Գ. Շատելուորտ) պահանջներին ու սպառնալիքներին, կարելի է ասել, հիմնականում անդրդուելի են մնում Ազրպէյճանի գերիշխանութիւնը ճանաչելու հարցում` վերահաստատելով Հայաստանի Հանրապետութեանը միանալու որոշումը:

Ահա եւս մէկ պատասխան, որ 4-րդ համագումարում (10-20 փետրուարի, 1919թ.) ընտրուած Ղարաբաղի հայոց Ազգային խորհուրդը տուել է անգլիական հրամանատարութեանը. «Ղարաբաղի հայութեան գերագոյն լիազօր ներկայացուցիչներն իրենց չորրորդ համագումարում միաձայնութեամբ վճռել են չճանաչել Ազրպէյճանի իշխանութիւնը, որ Ղարաբաղը իր հազարամեայ պատմական յուշարձաններով եւ 85 տոկոսից աւելի հայ ազգաբնակչութեամբ հանդիսանում է Հայաստանի անբաժան մասը, որպէս նրա բնագաւառներից մէկը»:

Այս առումով կտրական էր նաեւ 5-րդ համագումարից (23-29 ապրիլի,1919թ.) յետոյ Արցախի հայութեան անունից հրապարակուած յայտարարութիւնը, որտեղ ասուած է. «Ղարաբաղը ի սկզբանէ եղել է Հայաստանի անբաժան մասը, որպէս նրա գաւառներից մէկը եւ, որպէս այդպիսին, պիտի կցուի Հայաստանին: Մերժել եւ ոչ մի կերպ չճանաչել Ազրպէյճանի իշխանութեանը»:

Համագումարի ընթացքում` ապրիլի 24-ին, հանդիպում ունենալով Ազգային խորհրդի նախագահի պաշտօնակատար Եղիշէ Իշխանեանի հետ, Շատելուորտը փորձում է նրան մեղադրել անգլիական հրամանատարութեան պահանջն արցախցիների կողմից մերժուելու կապակցութեամբ: Է. Իշխանեանը նրան պատասխանում է, թէ համագումարը կատարել է արցախահայութեան կամքը, ապա աւելացնում, որ «արցախցիները ատելով ատում են ազրպէյճանական-թուրքական դահիճներին, որոնք հազարաւոր հայերի արիւն են թափել Պաքւում, Ղարաբաղում, Զանգեզուրում եւ այլ վայրերում»:

Համագումարը, լսելով անգլիական հրամանատարի պահանջը, դարձեալ «միանգամայն անհնարին է գտնում փոխելու իր ժխտական որոշումը, որը թելադրուած է Ղարաբաղի ամբողջ հայութեան անյողդողդ կամքով…», քանի որ Ազրպէյճանը միշտ աջակից եւ գործակից է եղել Տաճկաստանի կողմից ընդհանրապէս հայերի եւ, մասնաւորապէս, Ղարաբաղի

հայութեան դէմ ուղղուած գազանութիւններին, որպիսին մնում է այժմ…»: Զաւեշտալի է հնչում, բայց փաստ է. հետագայում Ազրպէյճանի մի շարք հեղինակներ, խեղաթիւրելով պատմական ճշմարտութիւնը, գրել են, թէ, իբր, «Հայ գիւղացիական հինգերորդ համագումարում որոշուել է ճանաչել Խորհրդային Ազրպէյճանը եւ միանալ նրան»: Իսկ թէ 1919թ. ի՞նչ Խորհրդային Ազրպէյճանի մասին կարող էր խօսք լինել, թողնենք նրանց երեւակայութեանը:

Արցախահայութեան յաջորդ` վեցերորդ համագումարը (28-30 յունիսի, 1919թ.), որ տեղի է ունեցել Վարանդայի Շօշ գիւղում եւ որին ներկայ էին տարբեր վայրերից ժամանած 500 հոգի, փաստօրէն, մնացել է անաւարտ: Իրավիճակն Արցախում շատ աւելի բարդ ու ողբերգական երանգներ էր ստացել: Ըստ էութեան` երկրամասը կանգնել էր կործանման եզրին: Այն փրկելու համար քաղաքական եւ հասարակական ուժերն օգտագործում էին բոլոր հնարաւորութիւնները, նոյնիսկ Պաքւում բանակցութիւններ էին վարում Ազրպէյճանի ղեկավարութեան հետ` համաձայնութեան եզրեր որոնելու համար:

Այդ վճռորոշ հարցին պատասխան կարող էր տալ միայն արցախահայութեան եօթներորդ համագումարը, որը տեղի է ունեցել 1919 թ. օգոստոսի 13-22-ը Շօշ գիւղում, չնայած Սուլթանովը նախօրօք պահանջել էր համագումարը հրաւիրել Շուշի քաղաքում եւ իր ներկայութեամբ լուծել Ղարաբաղի` Ազրպէյճանի ենթակայութեան տակ դնելու հարցը:

Սակայն Ազգային խորհուրդը մերժել է նրա պահանջը եւ որոշել Սուլթանովի ճնշումից հեռու գտնուելու համար համագումարը հրաւիրել գաւառում: Դրան մասնակցելու համար շրջաններից եկել էր 98 պատգամաւոր: Ազգային խորհրդի 7 անդամի տրւում է վճռական ձայնի իրաւունք: Այդ Համագումարի քարտուղար Արամ Կիսիբեկեանի բնորոշմամբ, այն եղել է «զուտ անկուսակցական-համաժողովրդական համագումար», որի «աշխատանքների ընթացքում ոչ մի տարաձայնութիւն կամ կուսակցական վէճ գոյութիւն չունէր»: Մինչդեռ ահա համագումարին անդրադարձած թուրք հեղինակները պնդում են, թէ այդ համագումարը համաձայել է, որ Ղարաբաղը լինի Ազրպէյճանի կազմում:

Իսկ հայ հեղինակները նշում են, որ, ելնելով այդ ժամանակ երկրամասի համար ստեղծուած ծանր վիճակից, արցախահայութիւնը համաձայնել է ժամանակաւորապէս, մինչեւ Փարիզի խաղաղութեան վեհաժողովի որոշումը, իրեն համարել Ազրպէյճանի սահմաններում: Եւ, այսպէս, համագումարը, քննարկելով Ղարաբաղի քաղաքական դրութեան հարցը, որոշում է Սուլթանովի` որպէս մուսաւաթական Ազրպէյճանի պաշտօնական ներկայացուցչի, հետ կնքել ժամանակաւոր համաձայնագիր, որն Արցախ-Ղարաբաղի անունից ստորագրել է համագումարի կողմից ընտրուած պատուիրակութիւնը:

Յայտնի է, որ եօթներորդ համագումարի եւ Ազրպէյճանի միջեւ կնքուած ժամանակաւոր համաձայնագրի կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Նախարարների խորհրդի նախագահ եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսեանը Փարիզի վեհաժողով ուղարկած բողոքում, շարադրելով վերջին մէկ տարում արցախահայութեան մղած ազատագրական պայքարի համառօտ պատմութիւնը, «ամենաբուռն կերպով բողոքում է Արցախի ազգաբնակչութիւնից կորզուած» համաձայնութեան դէմ եւ յիշեցնում, որ «Արցախը ժամանակին կազմել է Հայաստանի անբաժան մասը»: Նա գրում է, որ «Արցախը, աշխարհագրական կապերով կապուած լինելով հայկական սարահարթին, կազմում է Հայաստանի բնական ամրոցը, առանց որի նրա հիւսիսային սահմանը կը մնայ անպաշտպան»:

Ստեղծուած իրավիճակը քննարկուեց արցախահայութեան ութերորդ համագումարում (28 փետրուարի-5 մարտի. 1920թ.), որը տեղի ունեցաւ դարձեալ Շօշ գիւղում, չնայած Սուլթանովը, հասկանալի պատճառներով, դարձեալ պահանջել էր համագումարը հրաւիրել Շուշի քաղաքում: Այս համագումարը, նախորդների համեմատ, ունէր որոշ առանձնայատկութիւն: Նախ` պոլշեւիկ եւ էսէռ պատգամաւորների մի մասը չգնաց համագումար ու, մնալով Շուշիում, այստեղ կազմակերպեց խորհրդակցութիւն եւ որոշում ընդունեց` Արցախը թողնել Ազրպէյճանի սահմաններում, չճանաչել Շօշ գիւղում տեղի ունեցած ութերորդ համագումարը եւ նրա ընդունած որոշումները: Խորհրդակցութիւնը նաեւ հաւաստեց, որ Ղարաբաղը հանդիսանում է Ազրպէյճանի տնտեսական մաս, եւ Հայաստանը չպէտք է խառնուի Ղարաբաղի ներքին գործերին:

Իսկ Շօշ գիւղում տեղի ունեցած համագումարը, որին մասնակցում էին դաշնակցականներ, ինչպէս նաեւ պոլշեւիկներ, էսէռներ եւ այլ կուսակցութիւնների ներկայացուցիչներ, ներկայացնում էր Գիւլիստանի, Ջիւանշիրի, Խաչէնի, Վարանդայի եւ Դիզակի հայ բնակչութիւնը: Համագումարին մասնակցում էին նաեւ Հայաստանից եկած մի շարք ներկայացուցիչներ:

Քննարկելով Արցախի ներքաղաքական վիճակի վերաբերեալ հարցը, համագումարը շեշտում է, որ Ազրպէյճանի կառավարութիւնը պարբերաբար խախտել է «օգոստոսեան ժամանակաւոր համաձայնութեան ամենագլխաւոր կէտերը»: Համագումարի մասնակիցները բողոքի ձայն էին բարձրացնում ի լուր քաղաքակիրթ աշխարհի` Ազրպէյճանի հակահայ քաղաքականութեան դէմ եւ պահանջում էին դրա առաջն առնել:

Համագումարից յետոյ աւելի խորացաւ հակամարտութիւնը Ազրպէյճանի եւ Արցախի միջեւ. Ազրպէյճանն իր ձեռքերն արձակուած համարելով` սկսեց տենդագին նախապատրաստուել Արցախը բռնի ուժով իրեն ենթարկելու համար: Արցախահայութեան ութերորդ համագումարի օրերին առաջին անգամ ի յայտ եկան երկրամասի քաղաքական ուժերի դիրքորոշումները:

Պոլշեւիկները գտնում էին, որ արցախահայութեան փրկութեան միակ ելքը օգոստոսեան ժամանակաւոր համաձայնագրի պահպանումն է, իսկ դաշնակցական կուսակցութիւնը եւ քաղաքական միւս ուժերը, երկրամասի մտաւորականութեան զգալի մասն ու ողջ գիւղացիութիւնն այն դիրքորոշման էին, որ երկրամասի հայութեան փրկութեան միակ ելքը մայր Հայաստանի հետ վերամիաւորումն է` թէկուզ զինուած պայքարի միջոցով:

Անցնելով կտրուկ գործողութիւնների` Ազրպէյճանը մուսաւաթական եւ թուրքական, ինչպէս նաեւ քրտական հրոսակախմբերի միացեալ ոժերով Արցախ աշխարհը ողողեց արեան մէջ եւ 1920թ. մարտի 23-ին մոխրի վերածեց Անդրկովկասում երբեմնի հռչակ վայելած Շուշին` հրի ու սրի մատնելով նրա հայկական թաղամասերը, կոտորելով քաղաքի եւ շրջակայ հայկական գիւղերի աւելի քան 30 հազար բնակչի:

Ահա այդ ողբերգական իրադարձութիւնների համապատկերում է, որ 1920 թ. ապրիլի 25-ին Վարանդայի Ներքին Թաղավարդ գիւղում հրաւիրուեց արցախահայութեան յաջորդ` իններորդ համագումարը: Սակայն այն գումարուեց արդէն բոլորովին նոր ռազմաքաղաքական իրավիճակում. հայկական զօրամասերը Դրաստամատ Կանայեանի հրամանատարութեամբ մտել էին Արցախ ու երկրամասը յայտարարել Հայաստանի հետ միաւորուած: Ժողովրդավարական այդ համագումարը միաձայն ընդունեց հետեւեալ որոշումը. 1. չեղեալ յայտարարել արցախահայութեան եօթներորդ համագումարի անունից Ազրպէյճանի կառավարութեան հետ կնքուած ժամանակաւոր համաձայնագիրը` ելնելով այն բանից, որ այն խախտուել է Ազրպէյճանի զօրքերի կողմից Շուշիում եւ գիւղերում հայ բնակչութեան դէմ կազմակերպուած յարձակմամբ, 2. հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետութեանը, որպէս նրա անբաժան մաս, 3. խնդրել Հայաստանի Հանրապետութեան` Մոսկուայում գտնուող պատուիրակութեանը` համագումարի որոշման մասին յայտնել Խորհրդային Ռուսաստանի կառավարութեանը:

Սակայն տեղի ունեցաւ որքան որ անցանկալին, նոյնքան եւ կանխատեսելին. Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զօրամասերը, որոնք մուսաւաթական կառավարութեան համաձայնութեամբ, ինչը ձեռք էր բերուել քեմալական Թուրքիայի հեռագնայ նպատակային յորդորանքով, առանց թէկուզ մէկ հատիկ կրակոցի ապրիլի 28-ին խորհրդայնացրել էին Ազրպէյճանը, մայիսի երկրորդ տասնօրեակի սկզբին` մայիսի 12-ին, մտնելով Արցախ-Ղարաբաղ` այն նոյնպէս յայտարարում են խորհրդային:

Կարմիր բանակի հրամանատարութեան ճնշման տակ Դրոն մայիսի 25-ին իր զօրամասերով հեռանում է Սիւնիք` իր բերած զէնքն ու զինամթերքը թողնելով արցախցիներին: Յաջորդ օրը միեւնոյն Ներքին Թաղավարդ գիւղում հրաւիրւում է արցախահայութեան տասներորդ համագումարը, որի պատգամաւորների մեծամասնութիւնը պոլշեւիկներ էին: Համագումարը որոշում է. 1. Լեռնային Ղարաբաղը յայտարարել խորհրդային, 2. ստեղծել հեղկոմ, 3. հեղկոմի նախագահ ընտրել Սաքօ Համբարձումեանին եւ 4. կապ հաստատել Շուշիի հեղկոմի հետ:

Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի համատեղ հիւսած հակահայ ռազմաքաղաքական եւ դիւանագիտական սադրանքների, ինչպէս նաեւ հայ պոլշեւկների անհեռատես, ըստ էութեան` սատրապային, ազգադաւ քաղաքականութեան արդիւնքում նոյն տարուայ վերջերին` նոյեմբերի 29-ին, 11-րդ կարմիր բանակը Իջեւանի կողմից ներխուժեց Հայաստան եւ, նոյնպէս խորհրդայնացնելով այն, փաստօրէն, գուժեց հայոց վերակերտուող ազգային անկախ պետականութեան անկումը:

Հազիւ մի քանի օր անց` դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Ա. Հանրապետութեան կառավարութիւնը հարկադրուած եղաւ վայր դնել իր լիազօրութիւնները` իշխանութիւնը յանձնելով կարմիր տեռորի մոլուցքով տառապող պոլշեւիկ զաւթիչներին: Իսկ ընդամէնը 7 ամիս անց` Ռուսաստանի կոմկուսի կովբիւրոյի 1921-ի յուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցուեց Խորհրդային Ազրպէյճանին, հետագայում` 1923թ., իր պատմական տարածքի մի մասի վարչական սահմաններում օժտուելով ինքնավար մարզի կարգավիճակով:

Այսպիսով, հայկական պետութեան ստեղծումից ընդամէնը երկուսուկէս տարի անց Հայաստանի Ա. Հանրապետութեան տարածքի աւելի քան կէսը Ռուսաստանն ինքնակամ, հայ ժողովրդի կամքին հակառակ, զոհաբերեց երկու թուրքական պետութիւններին, դրա հետ մէկտեղ այդ տարածքների հայ բնակչութեանը եւս մէկ անգամ «յանձնելով» ցեղասպանութեան:

Ամփոփեմ. անցած դարավերջի Արցախեան շարժումը, փաստօրէն, նոյն դարասկզբի անմոռաց ժամանակներում Հայաստանում եւ Արցախ աշխարհում ծայր առած ու երբեք չմարած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական շարունակութիւնն էր` յագեցած հայոց միացեալ պետականութեան վերականգնման ու վերակերտման վեհ գաղափարով, որ ազդարարուեց մերօրեայ հայոց զուգապետութեան` Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան հռչակմամբ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

aztagdaily.com/archives/473721

Facebooktwitterredditpinterestlinkedinmail