Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի այցը Արդահան. 1919 թվականի նոյեմբերի 1
29 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՈՒՆ – ԿԸ ՅԻՂԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Վարչապետը Ղարսի շրջանում
Մինիստր Նախագահը բանակի, բրիգադների հրամանատարների, նահանգապետի և շքախմբի ուղեկցութեամբ աւտոմոբիլներով ժամանեց Մերդենիկի վրայով Արդահան: Ճանապարհին Րադիոնովկա գիւղի բնակիչ մալականները դիմաւորեցին մինիստր նախագահին աղ ու հացով և խնդրեցին տալ նրանց ինքնաւարութիւն վերսկսել իրենց գործարաններում աշխատանքները:
Մերդենեկում Մինիստր Նախագահին դիմաւորեցին Մերդենիկի զօրամասը խանդավառ ուռաներով: Երբ զօրքերի հանդիսաւոր անցքից յետոյ Մինիստր նախագահը դիմելով զօրքերին մատնանշեց այն պատմական դերը, որը վիճակուած է հայ զինւորին և սպային ստեղծել ազատ և միացեալ Հայաստանը:
Ընդունելով աղ ու հացը քուրդ և յոյն ազգաբնակութիւնից, տալով կառավարութեան անունից այդ շրջանի աղքատներին վեց հազար ռուբլի, Մինիստր Նախագահը մեկնեց Արդահան:
Քաղաքը մտնելուց Մինիստր Նախագահին դիմաւորեցին այդ շրջանի յոյները և քրդերը, որոնց ներկայացուցիչները երդւեցին լինել հաւատարիմ հայ կառավարութեան: Վարչապետը կառավարութեան անունից տուաւ այդ գիւղի աղքատներին հազար ռուբլի:
Արդահան մտնելուց վարչապետին դիմաւորեցին զօրքը, շրջանի պետ գնդապետ Կադիմով և շրջանի ազգաբնակութեան ներկայացուցիչները:
Ուշ լինելու պատճառով փառաւոր դիմաւորութիւնը կայացաւ միւս օրը առաւօտեան:
Վարչապետին դիմաւորեց նոյնպէս վրաց զօրամասը պատւոյ պահակով: Ողջոյնի խոսք ասացին, խօստանալով աջակցել հայ կառավարութեան, հայերի, յոյների և մուսուլմանների ներկայացուցիչները: Չալտըրի աղքատներին վարչապետը նուիրեց 10,000 ռուբլի և երեխաներին 1000 ռ… վերադարձին Զելաուղում վարչապետին դիմաւորեցին մուսուլման և քուրդ հասարակութիւնները աղ ու հացով, շնորհակալ լինելով հայ ադմինիստրացիայից: Խասկէյ գիւղի մօտ վարչապետին դիմաւորեցին ձիաւոր քրդերը, շնորհակալութիւն յայտնելով և տալով իւնկերի և պորուչիկի աստիճաններ աչքի ընկնողներին: Մինիստր Նախագահը վերադարձաւ Ղարս:
Նոյեմբերի 3-ին ժամը 5-ին մինիստր նախագահը զօրքի հրամանատարի ուղեցկութեամբ վերադարձաւ Ղարսից Ալէքսանդրապօլ, որտեղ նա հրաւիրւեց ամերիկական միսիան ճաշի: Երեկոյեան հրաւիրւած էր ընթրիքի հեծելազօրի սպայական ակումբը, որտեղ մի քանի անգամ խմւեց կառավարութեան և զօրքի կենացը: Միւս օրը Մինիստր Նախագահը այցելեց պօլեգօնը և այն շէնքերը ուր պահում են ամերիկացիները գաղթականներին: Ու այդ տեղից գնաց հեծելազօրի ձիարշաւը:
Սպաները և զինւորները ցուցադրեցին շատ գեղեցիկ և դժուար համարներ, որից յետոյ Մինիստր Նախագահը շնորհակալութիւն յայտնելով զօրքին, վերադարձաւ կայարան ու ժողովրդի ուրա-ների, հաւաքւած որբերի կողմից երգւած Մեր Հայրենիք-ի հնչիւների տակ ճանապարհւեց Երևան:
Ժողովուրդ, թիւ 125, չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 1919թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1919/125.pdf
Լուսանկարում՝ Խատիսյանը Արդահանում, 1919թ. նոյեմբեր
Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից
aniarc.am/2020/05/29/khatisyan-visited-ardahan-1919-november/