ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Անդրադարձ – Թուրք-Ազրպէյճանական Հերթական Ցնորքը` Գործողութեան Մէջ
31 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՈՒՆ – ԿԸ ՅԻՂԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Անգարայի եւ Պաքուի այդ հերթական մտայղացումը, ըստ երեւոյթին, ոչ միայն հիւանդ երեւակայութեան արգասիք է: Ելնելով իրադարձութիւնների զարգացման ներկայիս գործընթացից, կարելի է ենթադրել, այն արդէն յստակ մշակուած ու գործողութեան մէջ դրուած աշխարհաքաղաքական ծրագիր է, ինչի մասին վերջերս յայտարարել են Պաքուի իշխանամէտ լրատուամիջոցները: Խօսքը վերաբերում է «Արեւմտեան Ազրպէյճանի կամ Իրեւանի Հանրապետութիւն» կոչուած հերթական խամաճիկ կառոյցի ստեղծման գաղափարին, որը համատեղ մտայղացել են Պաքուն եւ Անգարան, ընդ որում` շրջանառութեան մէջ դնելով նաեւ այդ երեւակայական «պետական կազմաւորման» քարտէզը:
Թէ ինչ հեռագնայ նպատակներ է հետապնդում այդ ցնորալի գաղափարը` կ՛անդրադառնամ քիչ յետոյ:
Իսկ մինչ այդ նշեմ, որ «Ազրպէյճանական երկրորդ պետականութեան» ստեղծման մասին միջազգայնօրէն հանրահռչակուել է ոչ այլուր, քան Ասիական տնտեսական համաժողովում, որն այս անգամ, պայմանաւորուած թագաժահրի համավարակով, անցկացուել է տեսախորհրդաժողովի ձեւաչափով:
Զուտ յիշեցման կարգով. Ասիական տնտեսական համաժողովը Չինաստանի հովանու ներքոյ շուրջ քսան տարի ի վեր գործող միջազգային ոչ կառավարական եւ ոչ առեւտրային կառոյց է, որի կազմկոմիտէն տեղակայուած է այդ երկրի հարաւում` Հայնան կղզու` Պոաօ գաւառային կենտրոնում, ուստի եւ կոչւում է նաեւ Պոաոյի ասիական համաժողով: Այն յայտնի է նաեւ որպէս Ասիական կամ Արեւելեան Տաւոս` նկատի առնելով նրա հակակշիռ դերը Եւրոպայում գործող Տաւոսի համաշխարհային համաժողովին: Ամէն տարի 2002-ից սկսած, համաժողովն անցկացնում է ներկայացուցչական խորհրդաժողովներ:
Այսպէս, անցեալ տարի Պոաօ էր ժամանել աւելի քան երկու հազար մասնակից աշխարհի 60 երկրից, այդ թւում` Հայաստանից: Ի դէպ, 2015թ. խորհրդաժողովում ողջոյնի խօսքով հանդէս է եկել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Այս տարուայ խորհրդաժողովը նախատեսուած էր անցկացնել մարտի 24-ից մինչեւ 27-ը: Բայց, ինչպէս յայտնի դարձաւ կառոյցի պաշտօնական կայքից, հիմք ընդունելով թագաժահրի վտանգաւոր առկայութիւնն իր տարածքում եւ մնացեալ աշխարհում, Փեքինը չեղեալ է յայտարարել մասնակիցների անմիջական ներկայութեամբ խորհրդաժողովի անցկացումը` գերադասելով այն կազմակերպել հեռավար կարգով` ելեկտրոնային տեսակապի միջոցով:
Սակայն, անկախ ձեւաչափից, անփոփոխ են մնացել խորհրդաժողովի թէ՛ կարգախօսը, այն է` «Խաղաղութիւն փոփոխութիւնների գործընթացում. համախմբուել յանուն ընդհանուր ապագայի», եւ թէ օրակարգը. զարգացման միտումներ, փոփոխութիւններ արդիւնաբերութեան մէջ, նորարարութեան, կեանքի բարելաւման եւ համաշխարհային կառավարման կարեւորագոյն հարցերում:
Եւ ահա, ըստ էութեան, մարդկային առաջընթացի ապահովմանը միտուած այդ օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում Պաքուից, իսկ գուցէ եւ Անգարայից տեսակապով հնչել է նաեւ թուրք-ազրպէյճանական զուգընկերութեան ներկայացուցիչ ոմն Գաֆար Չախմաղլու աղմկայարոյց յայտարարութիւնը «Արեւմտեան Ազրպէյճանի Հանրապետութեան» ստեղծման մասին` «Իրեւան» (նկատի ունի Երեւանը) կենտրոնով:
Թէ ո՛վ է սոյն Չախմաղլին, ում ազրպէյճանական մամուլը ներկայացնում է ոչ այլ կերպ, քան որպէս «յայտնի հայագէտի ու լրագրողի, Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի փրոֆեսէօրի», «Առաւօտ» թերթին «Օրբելի» կենտրոնի փորձագէտ Տարօն Յովհաննիսեանի տեղեկատուութեամբ` նա 90-ականներին Ազրպէյճանից Թուրքիա տեղափոխուած ազրպէյճանցի է, որը սերտ կապերի մէջ է Թուրքիայում գործող ազրպէյճանական ազգայնական-ազգայնամոլական կառոյցների, մասնաւորապէս, «Միասնական Ազրպէյճանի օջախներ» կոչուող ազգայնամոլական կազմակերպութեան հետ:
Փորձագէտի փոխանցմամբ. «Այդ կառոյցը ստեղծուել է Թուրքիայում գործող ազգայնամոլական կառոյցների նմանութեամբ, եթէ աւելի պարզ ասենք` «Գորշ գայլեր» ազգայնամոլական կառոյցների մասին է խօսքը: «Միասնական Ազրպէյճանի օջախներ»-ն էլ ստեղծուել է նոյն տրամաբանութեամբ` նախապէս յայտարարելով իր մասին»:
Անձամբ ինձ` նախկին պաքուեցուս համար դժուար չեղաւ պարզել, թէ իրականում ով է Գաֆար Չախմաղլին, մանաւանդ, ազրպէյճանական մամուլի հաղորդագրութիւններում ներկայացուած նրա դիմանկարը տեսնելուց յետոյ: Բանն այն է, որ ճանաչում եմ այդ, այսպէս կոչուած, «յայտնի հայագէտ փրոֆեսէօրին», ով, ինչպէս ծանուցում են Պաքուի լրատուամիջոցները, Պոաոյի խորհրդաժողովի քննարկումներից յետոյ ընտրուել է տուեալ մտայղացման նախաձեռնող խմբի նախագահ:
Դա տակաւին Պաքուից ինձ ծանօթ նոյն ինքը` Գաֆար Պայրամովն է, ծնունդով` Հայաստանից: 80-ականների սկզբներին տեղափոխուելով Պաքու, Ազրպէյճանի կոմկուսի կենտկոմի, այսպէս ասած, «երաշխաւորութեամբ», իսկ իրականում` կարգադրութեամբ լրագրողական աշխատանքի է նշանակուել Պաքուի հայերէն տպագրուող երկու պարբերականներից մէկում` կուսկենտկոմի օրգան «Կոմունիստ» հանրապետական թերթում: Աշխատում էր նամակների բաժնում եւ հիմնական պարտականութիւնն էր օրուայ ստացուած փոստը, բաժնի վարիչի յանձնարարութեամբ, բաժանել խմբագրակազմի բաժիններին` փաստօրէն իրականացնելով ցրիչի գործառոյթ:
Բացարձակապէս չեմ յիշում նրա հեղինակած ու թերթի էջերում զետեղուած որեւէ յօդուած, քանզի աչքի չէր ընկնում ոչ հայերէնի իմացութեամբ եւ ոչ էլ, առհասարակ, գրագիտութեամբ: Խմբագրութիւնում, ուր շաբաթական առնուազն մէկ անգամ այցելում էի գործի բերումով ու նաեւ որպէս նախկին աշխատակից, գրչակից ընկերներս կէս լուրջ-կէս կատակ ասում էին, թէ Գաֆարը կենտկոմի լրտեսն է թերթում: Ի դէպ, նոյն կերպ ազրպէյճանական կոմկուսի կենտկոմի կամ ազրպէյճանական ԿԳԲ-ի (ՊԱԿ) լրտես էր կարգուած Պաքուի նաեւ երկրորդ հայերէն պարբերականում` Ազրպէյճանի գրողների միութեան օրգան «Գրական Ազրպէյճան» երկամսագրի խմբագրակազմում. ոմն բանաստեղծ Ալի Վեքիլը` դարձեալ նախկին հայաստանցի մի կիսագրագէտ ազրպէյճանցի: Վերջին անգամ Գաֆար Պայրամովին անսպասելի հանդիպել եմ, եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, 90-ականների վերջերին` Ստեփանակերտում, Արցախ ժամանած ազրպէյճանցի լրագրողների բաւական ստուար պատուիրակութեան կազմում:
Ազրպէյճանում Հէյտար Ալիեւի կառավարման օրօք էր, երբ նման այցեր Պաքուն դեռեւս թոյլ էր տալիս: Հին ծանօթի հայերէն բարեւիս ու որպիսութեան հարցուփորձիս ամաչում էր ազգակիցների ներկայութեամբ նոյնպէս հայերէն պատասխանել: Պարզեցի միայն, որ արդէն ոչ թէ Պայրամով է, այլ` Պայրամլի: Այն ժամանակ Պաքւում իրենց մտաւորական համարող շատ թէ քիչ գրագէտ ազրպէյճանցիներն իրենց մականունների «ով» ռուսական վերջաւորութիւնը համատարած ցուցադրաբար փոխում, դարձնում էին «լի» կամ «սոյ», այդպիսով իբր թէ ընդգծելով իրենց ազգային նուիրուածութիւնը: Մեր ճանապարհներն այլեւս երբեք չխաչուեցին, եւ ահա յանկարծ պարզւում է, որ հայերէնից ծայր աստիճան աղքատ նախկին ծանօթս արդէն «հանրայայտ հայագէտ ու լրագրող» է, թուրքական համալսարանի փրոֆեսէօր:
Ինչ ասեմ, ոչ խնդալու եւ ոչ էլ լալու բան է, պարզապէս ճակատագրի դառը բերումով ահա չախմաղլիների ու վեքիլների նմաններն են մեր քաղաքական ասեմ, դիւանագիտական, թէ պատմաիրաւագիտական եւ այլ կարգի, մեղմ ասած, ընդդիմախօսները, եթէ չասեմ, մանաւանդ, չեմ կարող չասել, հայոց հող ու ջրին ագահօրէն, անկշտում աչք տնկած չարակամ թշնամիները, որոնց Աստուած, որպէս փորձութիւն մեր ժողովրդի համար, մեզ հարեւան է կարգել: Ոչ ի սկզբանէ, ի հարկէ: Այլ անհամեմատ շատ ուշ դարերում: Բայց ժամանակների շուտն ու ուշը, կարծում եմ, էական չէ այնքան էլ:
Ինչեւէ: Չախմաղլիների բերանով ի՞նչ են մեզնից` հայ ժողովրդից ուզում Պաքուն եւ Անգարան, ի՞նչ նպատակ է հետապնդում նրանց հանրահռչակած «Երկրորդ ազրպէյճանական պետութեան» ստեղծման կամ վերականգնման գաղափարը: Հնարաւոր է` զաւեշտ է. իբր թէ ի սկզբանէ կար նման պետութիւն, իսկ ահա մենք` հայերս, անցած դարասկզբին ազրպէյճանական ժողովրդից չարանենգօրէն խլել ու վերացրել ենք, եւ հիմա նրանց մերօրեայ ժառանգները ձգտում են ետ վերցնել մեր ձեռքից ու վերականգնել: Կարող էք ասել, որ հին, աւելին` մուղամի յանգի հնացած երգ է դա, եւ միանգամայն իրաւացի կը լինէք: Իրօք, անցած երեսուն տարում քանի հազար անգամ այն տարբեր եղանակներով հնչել է Պաքուից:
Հնչել է նախագահներ Այազ Մութալիպովի ժամանակ, Ապուլֆազ Էլչիպէյի ժամանակ, սաստկացել Հէյտար Ալիեւի եւ հիմա էլ նրա որդու` Իլհամ Ալիեւի ժամանակ: Կարելի է բազում քաղուածքներ բերել նրանցից իւրաքանչիւրի հրապարակային ելոյթներից: Բայց. այնուամենայնիւ, մի կողմ թողնենք նախորդներին եւ անդրադառնանք Ազրպէյճանի ներկայիս նախագահի արեւմտաազրպէյճանական երեւակայութեան մուղամներին, եւ քանի որ դրանք, տարբեր առիթներով շարունակ կրկնուելով, ըստ էութեան նոյնական են, ուստի մէջբերում կատարենք նրա ոչ այնքան վաղեմի մէկ-երկու ելոյթից: Այսպէս, ծրագրային ճառով հանդէս գալով իր գլխաւորած «Ենի Ազերպայճան» («Նոր Ազրպէյճան») կուսակցութեան 6-րդ համագումարի ամպիոնից` 2018 թուականի փետրուարի 8-ին, եւ հերթական անգամ շեշտելով, թէ Լեռնային Ղարաբաղը, Երեւանի խանութիւնը, Զանգեզուրը եւ Սեւանի աւազանը Ազրպէյճանի բնիկ պատմական հողերն են, նա շեշտել է. «Երեւանը մեր պատմական հողն է, եւ մենք պէտք է ազրպէյճանցիներին վերադարձնենք այս հողը:
Սա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պէտք է աստիճանաբար մօտենանք այս նպատակին»: Եւ կամ` բոլորովին վերջերս հարցազրոյց տալով ռուսական պարբերականներից մէկին` խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում 1945թ. մայիսեան յաղթանակի առթիւ, նա յայտարարել էր, թէ 1820-ականներին Իրանից եւ Թուրքիայից, պատմական ազրպէյճանական տարածք են տեղափոխուել հարիւր հազարաւոր հայերէ, իսկ մինչ այդ ներկայիս Հայաստանի մի շարք տարածքներում «ազրպէյճանական պետականութիւն է եղել»:
Հիմա վերադառնանք այս օրերն ու լսենք Գաֆար Չախմաղլու մեներգը` համոզուելով, որ բոլոր ժամանակներում էլ դա միեւնոյն անփոփոխ բովանդակութեամբ մուղամն է: Ահա թէ ինչ է երգում նա (քաղուածքը կատարւում է Պաքուի kafkassam.com հայալեզու լրատուական կայքից (այդպիսիք, այո, ներկայումս կան Ազրպէյճանում) պահպանելով հաղորդագրութեան ոճը եւ ուղղագրութիւնը). «Պատմութիւնը ցոյց է տալիս, թէ որքան իրաւացի ենք մենք այս քայլն անելով: Մեր պետութիւնը միշտ մեր պետութիւնն է եղել Արեւմտեան Ազրպէյճանում, որը դարեր շարունակ եղել է մեր մշտական հայրենիքը: Մեր պետութիւնը երբեք թոյլ չի տուել այնտեղ ազգային եւ կրօնական խտրականութիւն:
Իրեւանի խանութիւնը` ազրպէյճանական պետականութեան ժառանգորդներից մէկը, հեռաւոր պատմութիւն չէ: Չնայած Իրեւանը որոշ զիջումներով 1918 թուականին յանձնուել է Հայաստանին, հայերը մերժել են այդ զիջումները եւ Զանգեզուրին ինքնավարութիւն չեն տուել, իսկ աւելի ուշ բռնագրաւել են Ղարաբաղը:
ԽՍՀՄ ցուցաբերած «հոգատարութեան» արդիւնքում Հայաստանի տարածքը աւելացել է` 9000 քառակուսի քիլոմեթրից հասնելով 29.000 քառակուսի քիլոմեթրի: «Մոսկուայի որոշումից յետոյ ազրպէյճանական ծագմամբ մարդկանց տեղահանումը Հայաստանից շարունակուել է 1918-ից մինչեւ 1948-53 թուականները, եւ այդ գործընթացն աւարտուել է 1988 թուականին, արդիւնքում Հայաստանում ազրպէյճանական ծագմամբ ոչ մի մարդ չի մնացել»:
Լինելով անցեալ դարի 80-ականների վերջերի իրադարձութիւնների ժամանակակիցը, Չախմաղլին, անկասկած, անձամբ ծանօթ էր դրանց զարգացումներին: Ինչ խօսք, նա քաջատեղեակ էր, թէ ինչպէս Հայաստանի ազրպէյճանական ազգութեան բնակչութիւնը, ենթարկուելով Պաքուի սադրիչ դրդումներին, առանց որեւէ պատճառի, հանգիստ ու ապահով տեղափոխուել է Ազրպէյճան` նախապէս փոխանակելով եւ կամ վաճառելով իր անշարժ գոյքը, աւելին` տասնեակ միլիոնաւոր խորհրդային կայուն ռուբլու փոխհատուցում ստանալով Հայկական ԽՍՀ իշխանութիւններից:
Եւ քանի որ Չախմաղլին այդ ժամանակ բմակւում էր Պաքւում, ուստի եւ ականատես էր, թէ ինչպէս Ազրպէյճանի աւելի քան կէս միլիոնանոց հայ ազգաբնակչութիւնը, փաստօրէն, պետականօրէն ցեղասպանութեան ու բռնատեղահանութեան ենթարկուեց Սումկայիթում, Կիրովապատ-Գանձակում, Պաքւում, այդ հանրապետութեան միւս հայահոծ բնակավայրերում: Հազիւ թէ նա տեղեակ չլինէր այն լայնածաւալ պատերազմին, որ Պաքուն արցախահայութեան դէմ սանձազերծել էր 90-ականների սկզբներին` վայելելով Մոսկուայի համակողմանի աջակցութիւնը, այդ թւում` Արցախի հայաթափման «Օղակ» ռազմագործողութեանը, Շուշիի շրջանի Քարինտակ գիւղի գրոհին եւ ազրպէյճանական գերակշիռ ուժերի խայտառակ պարտութեանը, Մարտակերտի շրջանի Մարաղայ գիւղի բնակչութեան սպանդին, Շահումեանի շրջանի շուրջ 20 հազար բնակչութեան բռնատեղահանմանը եւ բոլոր բնակավայրերի աւերմանը: Ի հարկէ, տեղեակ էր, եթէ անգամ անձամբ չի մասնակցել այդ ամէնին: Այլապէս, էլ ի՞նչ «հանրայայտ լրագրող ու հայագէտ գիտնական», ինչպէս նրան յորջորջում են Պաքւում, ով չի տիրապետում իր գիտական ուսումնասիրութեան առարկային վերաբերող ողջ փաստական նիւթին:
Բայց, համոզուած եմ, դժուար չէ հասկանալ այն պարզ ճշմարտութիւնը, որ ինչպէս Կայսերիի համալսարանի տխրահռչակ «փրոֆեսէօրին», նոյնպէս եւ Ազրպէյճանի «գիտական հանրութեանը», եթէ, ի հարկէ, այդպիսին առհասարակ գոյութիւն ունի իրականում, ամենեւին չի էլ հետաքրքրում գիտնականի կողմից իր հետազօտութեան նիւթի իմացութեան պարագան: Նրա եւ նրանց համար առաւել կարեւորն այն քաղաքական պատուէրն է, որ առաջադրուած է իշխանութիւնների կողմից եւ որն ամենայն գնով պէտք է իրականացնեն:
Բանն այն է, որ Պաքւում եւ Անգարայում այս էլ որերորդ անգամ հասկացել են, որ դարձեալ տեղապտոյտ է տալիս ու որպէս իրաւական կռուան ոչ մի կերպ չի գործում, այսպէս ասած, «Լեռնային Ղարաբաղի ազրպէյճանական համայնքի» հակակշիռը, եւ Միլլի մէճլիսի նորաթուխ պատգամաւոր Թուրալ Կեանճալիեւի` որպէս այդ շինծու համայնքի ղեկավարի ու խորհրդարանականի, կանխանշուած առաքելութիւնը հետզհետէ կորցնում է իր ցանկալի դերն ու նշանակութիւնը: Պաքուին անհրաժեշտ է առաւել լուրջ ու ծաւալուն հակակշիռ ի դէմ Լեռնային Ղարաբաղի անկախ պետականութեան, ի դէմ Հայ դատի, միով բանիւ ի դէմ այն պահանջատիրութեան, որ հայ ժողովուդը ներկայացնում է Օսմանեան Թուրքիայի իրաւաժառանգորդ Թուրքիայի Հանրապետութեանը` որպէս 1915-1923 թուականներին հայ ժողովրդի բնօրրանում` Արեւմտեան Հայաստանում եւ այդ երկրի այլ տարածքներում պետականօրէն իրագործուած Հայոց ցեղասպանութեան փոխհատուցում:
Եւ ահա, որպէս թէ համարժէք հակակշիռ, ընտրուել է «Արեւմտեան Ազրպէյճանի Հանրապետութեան» գաղափարը, որը, ըստ էութեան, բազմաւեկտոր նպատակների է հետամուտ: Ի մասնաւորի` նշենք դրանցից երկուսը: Առաջինը հակահայ պայքարն է` Արցախ. Հայաստան, հայկական Սփիւռք թիրախներով: Այս կտրուածքով, ըստ իս, իրաւացի է armtimes.com լրատուական կայքը («Ազրպէյճանի նոր հակահայկական նախագիծը. վտարանդի կառավարութեան վտանգները»), նշելով. «Իրեւանի Հանրապետութեանէ նպատակն աւելի շատ հոգեբանական է եւ հիմնուած է հետեւեալ պարզունակ մտածելակերպի վրայ. «Եթէ Հայաստանից պահանջենք իրենց ողջ տարածքը, ապա նրանք կը զիջեն մեզ մերըէ: «Մերը ասելով` հարեւան երկրում նկատի ունեն Արցախը եւ հնարաւոր է` Սիւնիքը»:
Ըստ նոյն վերլուծականի` երկրորդ թիրախը հարեւան Իրանն է, քանզի նորաստեղծ «վտարանդի հանրապետութեան» իրական նպատակները չեն սահմանափակւում միայն Հայաստանի տարածքներով: «Արեւմտեան Ազրպէյճանը (Ազարբայեջան) նահանգ է Իրանի հիւսիս-արեւելքում` Իրանական Ազրպէյճանում,- նշում է լրատուական կայքը:- Որպէս քաղաքական նախագիծ` եզրոյթը եւս նոր չէ եւ Ազրպէյճանում սկսել է օգտագործուել 2000-ականների սկզբից: Որպէս Իրանի դէմ խաղաքարտ` ակտիւ աջակցութիւն է ստացել Միացեալ Նահանգներում: Այսինքն` որպէս հեռանկարային նախագիծ` «Արեւմտեան Ազրպէյճանը» կարող է օգտագործուել Իրանի դէմ` յընթացս փորձելով նպաստել Հայաստանի ուղղութեամբ Ազրպէյճանի տարածքային նկրտումների բաւարարմանը: Այս վարկածի օգտին է խօսում նաեւ այն, որ երկու ճանապարհն էլ տեղաւորւում են փանթուրքիզմի գաղափարախօսութեան շրջանակներում»:
Ի դէպ. չեմ սխալուի, եթէ ասեմ, որ «Արեւմտեան Ազրպէյճանի Հանրապետութեան» վերականգնման գաղափարը` էական խմբագրումներով հանդերձ, փոխառնուած է համահայ հանրային դաշտից: Որպէս ընդօրինակման առաջին աղբիւր Պաքու-Անգարա զուգընկերութեան համար ծառայել է Արեւմտեան Հայաստանի վտարանդի խորհրդարանի ու կառավարութեան իրողութիւնը, թէկուզ, ի տարբերութիւն «Արեւմտեան Ազրպէյճանի»` Արեւմտեան Հայաստանի վտարանդի կազմակերպութիւններն ունեն պատմութիւն, բնականոն զարգացում եւ արդիւնք են տարբեր երկրների հայութեան աշխատանքի:
Քաղաքական գրագողութեան երկրորդ աղբիւրը Երեւանում գործող «Բնիկ հայ ժողովրդի ասամբլէայ» հասարակական կազմակերպութեան նախաձեռնութիւնն է, որ մտայղացուել եւ առաջ է մղւում 2010 թուականից ի վեր: Այդ հանրային կառոյցի կանոնադրական նպատակն է ներկայիս Ազրպէյճանի տարածքում հանրահռչակել քսաներորդ դարավերջին այդտեղից բռնատեղահանուած բնիկ հայ ազգաբնակչութեան պետական կազմաւորում` Արեւմտեան Մերձկասպիայի Հանրապետութիւն անուանմամբ: Այդ վիրտուալ հանրապետութիւնը, համաձայն կազմակերպութեան կանոնադրութեան, պէտք է ունենայ պետականութեան իր խորհրդանիշերը` դրօշ, օրհներգ, իր վտարանդի խորհրդարանը եւ կառավարութիւնը, որոնք պէտք է աշխատանքներ տանեն միջազգային հարթակներում` ամէնուրեք պաշտպանելով եւ առաջ մղելով Ազրպէյճանից բռնատեղահանուած հայութեան շահերը:
Սակայն Հայաստանի նախկին իշխանութիւններն այն ժամանակ մերժեցին այդ գաղափարը, իսկ նորերը, ըստ երեւոյթին, դեռեւս չեն անդրադարձել խնդրին: Այնպէս որ` չբացառենք, որ Բաքւում տեղեակ են տակաւին սոսկ թղթի վրայ մնացած այդ գաղափարին: Եւ ահաւասիկ զուտ հայկական ծագման այդ նախաձեռնութիւնը եւս, արժանանալով Պաքուի եւ Անգարայի ուշադրութեանը, յայտնուել է նրանց քաղաքական-դիւանագիտական զինանոցում, բնականաբար, ստանալով հակահայկական ուղղուածութիւն: Արդիւնքում` միջազգային հեղինակաւոր ու ներկայացուցչական հարթակում, ինչպիսին է Ասիական տնտեսական համաժողովը, հանրահռչակուեց «Արեւմտեան Ազրպէյճանի Հանրապետութեան» ստեղծման կամ վերականգնման գաղափարը:
Ինչպէս յայտնում է նախաձեռնող խմբի ղեկավար կարգուած Չախմաղլին. «Արեւմտեան Ազրպէյճանի Հանրապետութեան (Իրեւան) գլխաւոր նպատակն է, որին ներգրաւուած է մտաւորականութիւնը, վերադարձնել բոլոր պատմական հողերը` ներառեալ Երեւանը, Զանգիբասարը, Գեօյչան, Զանգեզուրը, Գիւմրին, Դարալագեազը եւ ժամանակակից Հայաստանում մնացեալ պատմական տարածքները»: Ինչպէս տեսնում ենք` Չախմաղլին բառացիօրէն կրկնում է այն ամէնը, ինչը որպէս ծրագրային նպատակ ազրպէյճանական հանրութեանն առաջադրել է Իլհամ Ալիեւը: Յատկանշական է, որ Չախմաղլին չի էլ թաքցնում կան թէկուզ փոքր ինչ շղարշում այդ իրողութիւնը: Աւելին` նրա խօսքով. «Այդ գաղափարը վաղուց արդէն Ազրպէյճանի, ինչպէս նաեւ Թուրքիայի օրակարգում է, եւ արեւմտաազրպէյճանական (Իրեւանեան) ծագում ունեցող կարեւոր մարդիկ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր մասերում, արել են այդ վճռական քայլը»:
Ընդ որում, շարունակել է նա, «Որոշ ժամանակ անց կազմաւորուելու է այդ հանրապետութեան արտաքսման մէջ գտնուող Ազգային խորհուրդը, յետոյ տեղի կ՛ունենան խորհրդարանական ընտրութիւններ եւ, վերջապէս, կը ձեւաւորուի կառավարութիւն»: Թէ ովքեր պէտք է ընտրեն Ազգային խորհրդի պատգամաւորներին, որն էլ իր հերթին պէտք է ձեւաւորի կառավարութիւն, նա չի նշում: Ամփոփեմ. Հայաստանի եւ Արցախի նկատմամբ իր տարածքային նկրտումներում Պաքուն մնացել է միեւնոյն ծաւալապաշտ դիրքորոշմանը, ինչը, ըստ իս, առաւելապէս ներքին, քան արտաքին սպառման խնդիր է:
Հանգուցեալ հօր փորձից, նաեւ սեփական փորձից Իլհամ Ալիեւը յանգել է իր համար խիստ կարեւոր այն հետեւութեան, որ հպատակ ժողովրդին հլու-հնազանդ պահելու համար պէտք է նրան շարունակ կերակրել նորանոր արկածախնդրական գաղափարներով` հանրային ուշադրութիւնը շեղելով հետզհետէ վատթարացող ներհանրապետական սոցիալական իրավիճակից, բնականաբար, հնարաւորինս հեռացնելով ու չէզոքացնելով ցանկացած բնոյթի ընդվզման մահացու վտանգը:
Հէնց այս գլխաւոր նպատակին է հետամուտ «Արեւմտեան Ազրպէյճանի Հանրապետութեան» ստեղծման կամ վերականգնման գաղափարը, ինչը ոչ այլ ինչ է, քան հերթական պարեղանակ, որի հնչիւնների ներքոյ Ազրպէյճանի իշխանութիւնները, անշուշտ, Անգարայի նուագակցութեամբ, ահաւասիկ կրկին պարահրապարակ են հրաւիրում սեփական ժողովրդին: Ակամայ յիշեցնում է գժին վաղեմի աւանդոյթով բուժելու եղանակը, երբ զուռնայի ու դհոլի նուագի ներքոյ անընդհատ պարեցնում էին խելայեղ հիւանդին:
Նոյնը ներկայումս, հերթական անգամ, կատարւում է Պաքւում: Թէկուզ ժամանակները փոխուել են վաղուց, եւ գիտակից հանրութիւններն իրենց խելառ հիւանդներին բուժում են միանգամայն այլ, այսինքն` քաղաքակիրթ պայմաններում: Ի՞նչ իմանաս` գուցէ թուրք-ազրպէյճանական արիւնակից հանրութիւնում այլեւս հասունացել է Իլհամ Ալիեւին ու նրա աւագ եղբօրը` Ռեճեփ Էրտողանին նոյնպէս «բուժիչ պարահրապարակ» հրաւիրելու ժամանակը: Էական չէ` Պաքւում, թէ Անգարայում: Գուցէ թէ խելքի՞ գան:
Արցախ
Յատուկ «Ազդակ-ի համար
aztagdaily.com/archives/473571