Արմեն Ասրյան – Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունից. Արամ Մանուկյանի դերը

Արմեն Ասրյան – Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունից. Արամ Մանուկյանի դերը

31 ՄԱՅԻՍ 2020 – ԴԷՄՔԵՐ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Արմեն Ասրյան
Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը ամիսների հերոսական պայքարի և տքնաջան աշխատանքի արդյունք էր։ ՀՀ ստեղծման գործում անուրանալի ներդրում են ունեցել բազմաթիվ ռազմական ու քաղաքական գործիչներ։ Փա՜ռք նրանց բոլորին, նրանք բոլորն էլ արժանի են հիշատակության ու մեծարման։ Սակայն նրանց մեջ կա մեկը, առանց որի պարզապես անհնար է պատկերացնել 1918 թ. Մայիսյան հերոսամարտերն ու ՀՀ ստեղծումը, քանզի նա վճռորոշ ազդեցություն է ունեցել իրադարձությունների ընթացքի վրա: Այդ գործիչը հայոց պատմության մեջ որպես Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հավերժացած Արամ Մանուկյանն է (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան, 1879-1919) [1]։

Սակայն ամեն ինչի մասին` հերթականությամբ։ 1917 թ. վերջին հայ ժողովրդի գլխին կախվել էր «1915 թ.» կրկնության վտանգը։ Ցեղասպան Թուրքիան, օգտվելով Կովկասյան ռուսական ռազմաճակատի քայքայումից, օրակարգի հարց էր դարձրել ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի ու Այսրկովկասի նվաճումը և անթաքույց պատրաստվում էր հարձակման։ Այն, ի դեպ, սկսվեց 1918 թ. հունվարի 30-ին: Ինչպես միշտ, մեծ տերությունները զբաղված էին իրենց նվաճողական խնդիրներով, և նրանցից որևէ մեկին չէր հետաքրքրում հայոց ճակատագիրը։

Դրությունը բարդանում էր նրանով, որ հայ ժողովուրդն իր բնօրրանում չուներ ազգային իշխանության գործող մարմիններ ու կազմակերպված զինուժ: 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանից փաստացի անջատված Այսրկովկասի կառավարությունը՝ Կոմիսարիատը, որը բաղկացած էր հայերի, վրացիների և կովկասյան թաթարների (այժմյան ադրբեջանցիները) ներկայացուցիչներից, զբաղված էր խարդավանքներով և ամենևին չէր խորհում թուրքերից պաշտպանվելու մասին։ Այդ պայմաններում Երևանի նահանգում հայությունը հայացքն ուղղել էր դեպի տեղի Հայոց ազգային խորհուրդը, որը` որպես ազգային կառույց, կոչված էր կազմակերպելու Արևելյան Հայաստանի զգալի մասն ընդգրկող Երևանի նահանգի հայության կյանքը։ Սակայն նա էլ իր անելիքի մասին պատկերացում չուներ: Ս. Վրացյանի բնորոշմամբ` նա «գնում էր դեպքերի հոսանքի հետևից» [2]։ Հայաստանը գտնվում էր գրեթե ամբողջական շրջափակման մեջ, այստեղ զգացվում էր ֆինանսների, պարենի և դեղորայքի պակաս, տարածվում էին համաճարակային հիվանդությունները: Արևելյան Հայաստանում էին ապաստանել Մեծ եղեռնից մազապուրծ 200-300 հազար արևմտահայեր, որոնք զուրկ էին ապրուստի տարրական միջոցներից։ Օրեցօր ուժգնանում էին Թուրքիայի կողմից կազմակերպվող` կովկասյան թաթարների հակահայկական զինված խռովությունները:

Այսպիսի իրավիճակում 1917 թ. դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց կենտրոնական ազգային, Հայ զինվորական և Արևմտահայ ապահովության խորհուրդներն արտակարգ լիազորություններով Երևանի նահանգ գործուղեցին ազատագրական շարժման նշանավոր գործիչ Արամ Մանուկյանին: Արամի գործուղումը Երևան առաջին հերթին պայմանավորված էր բացառիկ ծանր պայմաններում գործ կազմակերպելու և այն վարելու նրա բացառիկ կարողություններով:

1917 թ. դեկտեմբերին, երբ հայոց երկնակամարում տիրում էր անորոշության, ինչ-որ ուժերից օգնության ակնկալիքի մթնոլորտ, Արամը հայ ժողովրդին ուղղեց հետևյալ պատմական կոչը. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի… Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար» [3]: Այս կոչը դարձավ քաղաքական ուղեգիծ և, դրվելով գործողության մեջ, հայ ժողովրդին փրկեց նոր աղետից և ապահովեց անկախ պետականության վերականգնումը:

Արամը, օժտված Վանի 1915 թ. ապրիլյան հերոսամարտի կազմակերպման, ինչպես նաև Վանի նահանգապետության ղեկավարի փորձառությամբ, ներկայացրեց գործողությունների հստակ ծրագիր և, ցուցաբերելով քաղաքական հեռատեսություն, ռազմավարական մտածողություն, հետևողականություն, երկաթյա կամք, քայլ առ քայլ կենսագործեց այն: Նա առաջին հերթին ձեռնամուխ եղավ իշխանության կենսունակ մարմինների ստեղծմանը: Ստեղծվեց Երևանի նահանգի իշխանության նոր և արագաշարժ մարմին՝ Հայոց ազգային խորհրդի լիազորություններով օժտված Հատուկ կոմիտեն: Բացի այդ` նոր շունչ հաղորդվեց անգործության մատնված նախկին իշխանության նահանգային, գավառային և գյուղական մարմիններին: ՀՅ Դաշնակցության ղեկավար գործիչ Արամը, միշտ վեր լինելով կուսակցական նեղմիտ գործելակերպից, արդարամտության ու խելամիտ քայլերի շնորհիվ կարողացավ Երևանի Հայոց ազգային խորհրդի և Հատուկ կոմիտեի շուրջ համախմբել ամենքին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից ու սոցիալական դիրքից։

Հաջորդ խնդիրը կանոնավոր հայկական բանակի ստեղծումն էր։ 1917 թ. դեկտեմբերի 23-ին Հատուկ կոմիտեն հրապարակեց Արամի հեղինակած «Կոչ հայ զինվորներին» շրջաբերականը, որում նա ներկայացնում էր իրավիճակի ողջ լրջությունը և բոլորից պահանջում կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Օրեր անց հայտարարվեց 20-32 տարեկան հայ զինապարտների զորակոչ: Մարտունակ բանակ ստեղծելու համար անհրաժեշտ էր զորակոչել բոլորին՝ առանց բացառության: Այդ իսկ պատճառով զորակոչվում էին նաև նախկինում զորակոչից ինչ-ինչ պատճառներով ազատվածները: Անզիջում պայքար ծավալվեց դասալքության դեմ: Արամի, հայրենանվեր գործիչներ Դրոյի, գեներալ Մովսես Սիլիկյանի և բազում այլ գործիչների համատեղ և անդադրում աշխատանքի շնորհիվ 1918 թ. մարտի սկզբին հիմնականում ավարտվեց Երևանյան դիվիզիայի կազմավորումը, որն առանցքային դեր էր ունենալու 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի ընթացքում: Կարելի է ասել, որ պետականության բացակայության պայմաններում Արամը սկիզբ դրեց պետականությանը հատուկ երկու կարևորագույն բաղադրիչների՝ իշխանության մարմինների և կանոնավոր բանակի ձևավորմանը։

1918 թ. առաջին եռամսյակում հնազանդեցվեցին ավազակաորջերի վերածված 50-ից ավելի թաթարական գյուղեր, որտեղից հարձակումներ էին գործում նույնիսկ հայկական զորամասերի վրա: Վճռական պայքար ծավալվեց նաև հայ ավազակային տարրերի դեմ, որոնք թալանում և սպանում էին հայ բնակչությանը: Երկրի ֆինանսական կարիքները բավարարելու համար սահմանվեց ազգային տուրք:

Արամը ձգտում էր մոբիլիզացնելու հայության ողջ ներուժը: Դրա համար նա փորձեց կապ հաստատել նույնիսկ Բաքվում գտնվող Ռոստոմի հետ, որպեսզի ամրապնդի Երևանի թիկունքը [4]:

Այս ընթացքում թուրքական զորքերը, հաղթահարելով նոր ձևավորվող հայկական փոքրաթիվ զորամասերի դիմադրությունը, գրեթե ավարտեցին Արևմտյան Հայաստանի նվաճումը՝ ընդհուպ մոտենալով Արևելյան Հայաստանի սահմաններին։ Երևանում անհրաժեշտություն առաջացավ կենտրոնացնելու իշխանությունը։ 1918 թ. մարտի 24-ին ժողովրդական զանգվածները, զորքը և Երևանի Հայոց ազգային խորհուրդն Արամին ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր [5]։ Իր փրկության հույսը հայ ժողովուրդը կապեց Արամի հետ ու չսխալվեց: Այդպես հազվադեպ է լինում։ Դիկտատոր ընտրված Արամը չդարձավ բռնապետ, չփոխեց իր վարքն ու կենսակերպը, մնաց ՀԱՅ ՄԱՐԴ՝ իր անսահմանափակ իշխանությունը ծառայեցնելով հայությանը համախմբելու, նրա զինական ներուժը ամրապնդելու և հզորացնելու գործին: Նրա կարգադրությամբ ռազմաճակատի խորքից թիկունք փոխադրվեց մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որի կարիքը հայոց զորքը Մայիսյան հերոսամարտերի ընթացքում շատ էր զգալու: 1918 թ. մարտի 28-ին Արամը ժողովրդին կոչ արեց ցույց տալու աշխարհին, որ «Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի» [6]։

1918 թ. ապրիլին Թուրքիան ստեղծեց 35 հազարանոց «Կարս» բանակային խմբավորումը, որի չորս զորախմբերից երկուսը 1918 թ. մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ալեքսանդրապոլ – Համամլու (Սպիտակ) – Ապարան և Ալեքսանդրապոլ – Արաքս – Սարդարապատ ուղղություններով շարժվեցին դեպի Երևան: Մյուս երկուսը պետք է գրավեին Արևելյան Հայաստանի հյուսիսային ու հյուսիսարևելյան շրջանները և շարժվեին դեպի Թիֆլիս ու Բաքու: 1918 թ. մայիսի 21-ին թշնամին գրավեց Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը: Առջևում Սուրբ Էջմիածինն ու Երևանն էին: Առավել քան երբևէ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, այնինչ ժողովրդի, նույնիսկ զորահրամանատարության շրջանում տիրում էր խուճապի և հուսահատության մթնոլորտ: Հայկական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Թ. Նազարբեկյանը զորքերին կառավարելը համարում էր անհնար և Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին հորդորում դադարեցնել կռիվները թուրքերի դեմ ու հաշտություն կնքել նրանց հետ՝ միամտորեն կարծելով, որ այդպես հնարավոր կլինի փրկել զորքի մի մասը և բնակչությանը [7]: Այդ օրերին Թիֆլիսում գտնվող Ս. Վրացյանը տարիներ անց նկատում է, որ «դիմադրությունը շատերին թվում էր անհնար և անիմաստ» [2, էջ 145]։
Ծանրագույն այդ ժամանակաշրջանում թաթարները` բացահայտ, իսկ վրացիները գաղտնի փորձում էին իրենց հավակնությունները բավարարել հայկական տարածքների հաշվին:

1918 թ. մայիսյան ծայրահեղ ծանր իրավիճակում հայրենիքի պաշտպանության կազմակերպումն ամենայն պատասխանատվությամբ իր վրա վերցրեց Արամը՝ դրսևորելով թշնամուն հակահարված հասցնելու երկաթյա կամք, Վարդանանց վայել վճռականություն ու քաջություն:

Դեռևս 1918 թ. մայիսի 19-ին Արամը երևանյան զորքերի հրամանատար գեներալ Մ. Սիլիկյանին հանձնարարել էր Սարդարապատի շրջանում թշնամու դեմ վճռական ճակատամարտ մղել՝ խոստանալով ապահովել թիկունքի անվերապահ աջակցությունը: Նույն օրը` մայիսի 19-ին, երբ Ազգային խորհրդում հարց բարձրացվեց Երևանից հեռանալու մասին, Արամը վճռականորեն մերժեց` նշելով. «….ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա: Նահանջ Երևանից՝ կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական մուրազներուն վրա, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք» [8]։ Նրա անբեկանելի վճիռն էր՝ պետք է պայքարել մինչև վերջին մարդը, մինչև արյան վերջին կաթիլը: Իր վճռականությամբ ու լավատեսությամբ Արամը պայքարի էր մղում բոլորին. ոչ ոք, կամա թե ակամա, ոչինչ չէր խնայում հայրենիքի փրկության համար: Նրան կարելի էր տեսնել ամենուր՝ զինվորականության շրջանում, հրապարակներում, եկեղեցիներում, տներում։ Հայրենիքի պաշտպանության առաջին շարքերում էր նաև Հայ առաքելական եկեղեցին։

1918 թ. մայիսի 21-ին Արամը բազմահազար ժողովրդի առաջ ունեցած ելույթի ժամանակ կոչ արեց զենք վերցնելու ու դուրս գալու թշնամու դեմ [9]: Նրա կոչին արձագանքեցին 100-ավոր մարդիկ: Նույն օրը Արամի հրամանով ճնշվեց մի խումբ դասալիքների կողմից Երևանում նախապատրաստվող հակապետական խռովությունը, որի նպատակն էր անձնատուր լինել թուրքերին: Արամի հրահանգով պարտիզանական շարժում ծավալվեց Ապարանում:

Ժողովրդի աջակցությունից ոգևորված հայկական զորքերը 1918 թ. մայիսի 22-ին Սարդարապատի ճակատում հակահարձակման անցան թվապես և զինվածությամբ գերակշռող թուրքական զորքերի վրա՝ առաջին երկու օրում ազատագրելով Սարդարապատ գյուղն ու կայարանը և մի շարք այլ բնակավայրեր [10]։ Մայիսի 24-26-ը տեղի ունեցած արյունահեղ կռիվները կողմերից ոչ մեկին հաջողություն չբերեցին։ Մայիսի 27-ին հայկական զորքերն անցան նոր հակահարձակման և մինչև մայիսի 29-ը տևած ծանր կռիվների ընթացքում ջախջախիչ պարտության մատնեցին թշնամուն [11]: Տալով 3500 զոհ՝ թուրքերը նահանջեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Իր խայտառակ պարտությունը թաքցնելու նպատակով թշնամին լուր տարածեց, թե իբր զինվորական գնացքը վթարի է ենթարկվել:

Ոգևորվելով Սարդարապատում հայկական զորքերի առաջին հաղթանակից և ստանալով այնտեղից ուղարկված ռազմական համալրումը՝ Ապարանի ճակատում քաջասիրտ Դրոյի գլխավորությամբ հայկական զորքերը ևս անցան հակահարձակման և ջախջախեցին թուրքերին՝ վերացնելով Երևանը շրջափակելու վտանգը։ Թուրքերը նահանջեցին նույնիսկ Սպիտակից։
Մայիսի 23-ին ստանալով Սարդարապատում հայոց առաջին հաղթանակի լուրն ավետող Արամի հեռագիրը՝ մինչ այդ Ղարաքիլիսայից (այժմ՝ Վանաձոր) խուճապահար Դիլիջան նահանջող հայկական զորամասերն ու ժողովրդական զանգվածները հետ վերադարձան և հզոր ճակատամարտ մղեցին թուրքական մեծաքանակ զորքերի դեմ:

Այսպիսով, 1918 թ. Մայիսյան հերոսամարտերում հայոց զենքը պսակվեց փառքով, թուրքական զորքերին հասցվեց ջախջախիչ, հարգանք պարտադրող հակահարված:

Մայիսյան հերոսամարտերը, որոնց կազմակերպման գործում առաջնակարգ և վճռորոշ մասնակցություն ունեցավ Արամ Մանուկյանը, հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից, Արևելյան Հայաստանը` ամբողջական օկուպացումից և հնարավոր դարձրին անկախ պետականության վերականգնումը: 1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որն ամիսներ շարունակ ջանում էր քաղաքական միջոցներով հայ ժողովրդին զերծ պահել աղետից, ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որը մամուլում հրապարակվեց մայիսի 30-ին [12]: Այսպես ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը Երևանի Հայոց ազգային խորհրդին հղած հեռագրում հայտնում էր. «….թեև փոքրիկ և աղքատ, բայց Ազատ Հայաստանի համար մենք պարտական ենք մեր զորքերի անձնազոհությանը։ Որքան մեզ հայտնի է, գերմանացիները և թուրքերը Կովկասը բաժանում էին Վրաստանի և Ադրբեջանի, հայերին ապահովելով միայն ֆիզիկական գոյություն։ Պետք է ենթադրել, որ մեր զորքերի դիմադրությունը նրանց հարկադրեց ճանաչել և Հայաստանը» [13]։ Միանշանակ, պարզապես անառարկելի իրողություն է այն, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց բացառապես Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ։ Հիշենք` մինչև Մայիսյան հերոսամարտերը Թուրքիան դեմ էր ինքնուրույն Հայաստանի ստեղծման ցանկացած գաղափարի [14], թուրքերն անգամ հրաժարվում էին հայ գործիչների հետ բանակցելուց: Ավելին` ՀՀ ստեղծումից հետո էլ, անտեսելով իր իսկ կողմից 1918 թ. հունիսի 4-ին ՀՀ-ի հետ կնքված՝ իր համար խիստ շահավետ Բաթումի հաշտության պայմանագիրը, Թուրքիան ամեն ինչ արեց հայոց անկախությունը ոչնչացնելու համար։

Հանրապետության ստեղծումով, որի «գոյության փաստը ինքնին զարմանահրաշ նվաճում էր» [15], հայ ժողովուրդը պատմության նորագույն փուլ թևակոխեց իբրև հաղթանակած ժողովուրդ և բռնեց վերածննդի ուղին: Նրա հենքի վրա բարձրացավ Հայաստանի երկրորդ (Խորհրդային Հայաստան), ապա` նաև ներկայիս՝ երրորդ հանրապետությունը: Համոզված ենք` որքան էլ դժվարություններն ու խոչընդոտները շատ լինեն, նրա հենքի վրա էլ բարձրանալու է հզոր և Միացյալ Հայաստանը:

Հաղթանակի, ազատության, առաջընթացի, արժանապատվության խորհրդանիշ հանդիսացող և անգնահատելի նշանակություն ունեցող այս իրադարձությունն ունի անժամանցելի խորհուրդ. հայ ժողովուրդը կենսունակ է և կարող է սեփական ուժերով կերտել իր պատմությունը, իր առաջընթացն ու բարեկեցությունը: Հայ ժողովուրդն անպարտելի է, երբ ունենում է ազգային նպատակներով առաջնորդվող, արդարամիտ, հեռատես, վճռական և միաժամանակ հավասարակշռված առաջնորդներ, որոնք ապահովում են նրա առաջընթացը, միասնությունն ու կազմակերպվածությունը:

Հղումներ

[1] Արամ Մանուկյանի մասին մանրամասն տե՛ս Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը (ազատագրական
շարժման և անկախ պետականության վերականգնման ուղիներում), Երևան, 2009, 268 էջ:
[2] Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 125։
[3] Աստուածատրեան Ա., Արամ, «Հայրենիք», Բոստոն, 1964, ապրիլ, թիվ 4, էջ 70:
[4] Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 7, Երևան, 1990, էջ 143:
[5] Տե՛ս «Զանգ», Երևան, 1918, մարտի 27, № 24:
[6] Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 289, ց. 1, գ. 9, թ. 1:
[7] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 253, թ. 1։
[8] «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1921, հունվարի 30, № 670. 249:
[9] Տե՛ս «Հորիզոն», Թիֆլիս, 1918, սեպտեմբերի 6, № 178:
[10] Տարբեր տվյալների համաձայն՝ Սարդարապատում 5500-7000-անոց հայկական բանակը կռվում էր 6000-9000-անոց թուրքական կանոնավոր բանակի և նրա կազմում գտնվող 1500-3000 քուրդ հեծյալների դեմ։ Բացի այդ, թուրքերն ունեին ռազմամթերքի մեծ պաշարներ, Արաքսի աջ ափից նոր ուժեր ստանալու հնարավորություններ, ինչպես նաև վայելում էին կովկասյան թաթարների անվերապահ աջակցությունը։ Տե´ս Ասրյան Ա., նշվ․ աշխ․, էջ 193-198։
[11] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 121, ց. 2, գ. 84, թ. 5, Աֆանասյան Ս., Սարդարապատի հաղթանակը (Հայաստան. Մայիս 1918), Երևան, 1991, 112 էջ, Ավետիսյան Հ., Հայոց ազգային միասնության հաղթանակը. 1918 թվականի մայիս, Երևան, 1998, 302 էջ։
[12] Տե՛ս Վրացյան Ս., Կեանքի ուղիներով, Դէպքեր։ Դէմքեր։ Ապրումներ, հ. Դ, Պէյրութ, 1965, էջ 120, Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (Քաղաքական պատմություն)։ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու։ Պատ. խմբագիրներ` Գ. Գալոյան, Վ. Ղազախեցյան, Երևան, 2000, էջ 18։
[13] ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 2, թ. 10։
[14] Տե՛ս Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919). Материалы Политического архива министерства иностранных дел Кайзеровской Германии. Сборник. Составитель, ответственный редактор, автор предисловия, введения и примечаний В. Микаелян, Ереван, էջ 508:
[15] Հովհաննիսյան Ռ., Հայաստանի Հանրապետություն. Հատոր I. Առաջին Տարին. 1918-1919, Երևան, 2005, էջ 39։

«Դրօշակ», թիվ 5 (1639), մայիս, 2020 թ.

www.arfd.am/news/26681/?fbclid=IwAR1WsXlh9KYVI0RsRNVv01bwJ_IuY5P4eBHsqq9H5qm_JZlgfylzB5EL8gM

Facebooktwitterredditpinterestlinkedinmail