Սամվել Բաբայանը կնշանակվի ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
29 մայիսի, 2020, Քաղաքական:
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ վերջնական որոշումը կայացրել են նախօրեին Երևանում Սամվել Բաբայանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ա. Հարությունյանը նշել է, որ մինչ այդ Սամվել Բաբայանը երբևիցե չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու համար: ԱԽՔ պաշտոնում նշանակվելու առաջարկը եղել է Արցախի Նախագահի կողմից:
Ա. Հարությունյանը բնական է համարում այն խոսակցությունները, որոնք մինչ այդ եղել են հանրության մեջ: Նախագահի խոսքով՝ դրանք ենթադրություններ էին:
«Հաշվի առնելով, որ համապետական ընտրություններին «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանրության կողմից ստացել է ավելի քան 24% քվե, և «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության հետ, կարծում եմ՝ այդ պաշտոնն ընդունելի է և համապատասխանում է նրան: Տեղեկացնեմ նաև, որ անվտանգության խորհրդի գործունեության ոլորտում որակական նոր փոփոխություններ կլինեն»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
artsakhpress.am/arm/news/126894/samvel-babayany-knshanakvi-ah-anvtangutyan-khorhrdi-qartuxar.html