Հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935) «Այդ անտանելի հայերը». Լոուրենս Արաբացի

Բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935)

Հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935) «Այդ անտանելի հայերը». Լոուրենս Արաբացի

Բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935)

2017-02-13 – ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ:

Բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935) արևելագետ էր, Մեծ Բրիտանիայի «Ինտելիջընս սերվիս» գաղտնի ծառայության գործակալ: Կազմակերպել և ուղղորդել է արաբների 1916-1918 թթ. ապստամբությունը թուրքերի դեմ: Ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսը Լոուրենս Արաբացու հետ հարցազրույցը, որից հատվածներ ենք ներկայացնում ստորև, համարում է ամենաարտասովորն իր ամբողջ լրագրողական կյանքի ընթացքում:

Մի մարդ, որ նպաստել է Իրաքի թագավորության ստեղծմանը, մասնավոր զրույցներում մնացել է նույնքան առեղծվածային, որքան իր քաղաքական ակտիվության շրջանի հրապարակումներում:

Հարազրույցը գրի է առնվել 1919 թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ, առաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Աութլուք ընդ ինդեփենդենթ» ամսագրում և արդիականությունը չի կորցրել մինչ օրս:

Իր սենյակում էր, այն հյուրանոցում, որտեղ ապրում էր նա, ինքս էի խնդրել տեսակցությունը, և իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Եվ կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը:

Հետո միայն կռահեցի, որ նա էլ իր նպատակն ուներ` իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական քարոզչությամբ: Մի տեսակ ցնցված էի: Ապշած էի և բավական վրդովված` մտածելով, որ որոշ պատճառներ կան, որոնք հուզում են ինձ` սկզբունքորեն անկախ մարդուս, թե ինչո՞ւ մենք` ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերի մասին հոգալու և ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից էլ, այլև` կարծես մեզ էլ մեզնից և նրանցից: Ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար ազգերի մեջ ամենանվաստացածն անդիմադրելի հմայք ուներ և ունի: Այդ էլ ասացի նրան:

Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր`լավ: …Կարծում էր, թե մենք` ամերիկացիներս, չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել. մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք` մեզ համար:

Ես եզրակացրի, որ նա նրանց մասին մի այնպիսի իմացություն կամ փորձառություն ունի, որ նրան հնարավորություն է տալիս մարդկայնորեն հասկանալու թուրքերին և հայերի բոլոր մերձավոր հարևաններին, որոնք երբևէ ջանացել են ոչնչացնել այդ խեղճ ցեղը: Կարծես նրա մտքինն այն էր, որ դա հայերի նկատմամբ անելիք միակ բանն է: Ուղղակի չասաց:

Պատճառն այն է, որ նրա մեթոդը ոչ թե որևէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր ցանկացած միտքը ես ասեմ այնպես, որ անհրաժեշտության դեպքում կարողանար ժխտել այն: Ուստի չասաց, թե հայերը պետք է իսպառ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այն տպավորությունը ստեղծեց, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, և այդ պատճառով է ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:

Նա համարում էր կամ ինձ ստիպում էր համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են և քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները,սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից և արդյունավետ չեն, երբեք որևէ բան մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին սպանելու նրանց գեղագիտական պահանջմունքը հագենա, ձեռք կքաշեն:

Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, թշնամի ցեղերը դադարեցրել են գործը մինչև բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը լուծելու, միշտ էլ այստեղ-այնտեղ թողնում էին մի-մի զույգ Ադամ ու Եվա, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր,բոլորը հեզ ու խոնարհ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնի բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով…

Նա ինձ ներշնչեց իր մուլթուսական հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ իր խայծը…

«Բայց ինչո՞ւ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը»,- հարցրի: «Հայերի լիակատար կոտորածը,-բացատրեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն»:

«Բայց,- առարկեցի ես,- ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով, բնական հարստությունները, ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը և ամենահնազանդը»:

Տեսնում էի՝ձանձրանում է, բայց քաղաքավարի էր, լսում էր ինձ, ուստի շարունակ օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաև բրիտանական գաղութներից` ցույց տալու համար, որ սխալ է անջատել ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Դրանք պետք է միասին օգտագործվեն, ինչպես արվում է սովորաբար: Ուրիշ ճանապարհ չկա:

Ես նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որևէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, որոնք ջանում էին օգտագործել Հայաստանի հարստություններն առանց հայերի:

Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց` բավականին հաջող:

«Ես կոչ եմ անում,- գոչեցի ես,- ոչ թե գաղափարապաշտորեն «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն «Հայերը Հայաստանի համար»»: Նա ինձ էր նայում` ոտքից գլուխ չափելով, հետաքրքրությամբ, կարծես մի նոր պատկերացում էր ստանում մեր` ամերիկացիներիս մասին:

«Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի ես,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը, նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենց կառավարելու: …Լավ, դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել:

Եվ քանի որ չես կարող աշխատեցնել մի ժողովրդի առանց աշխատանքի օբյեկտի, մենք Հայաստանի հողերի և հանքերի կարիքը կունենանք, ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, որտեղ ժողովրդին կվարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության և… բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց կդարձնենք լավ մարդիկ և լավ քաղաքացիներ»:

«Հայերը խնայասիրության պակաս չունեն,- ասաց նա չոր,- և անշուշտ գիտեք, որ քրիստոնյա են, հնագույն քրիստոնյաներ»: Իհարկե, գիտեի, պարզապես ոգևորությանս մեջ մի պահ մոռացել էի: «Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը, լինի անհատի, լինի ազգի համար. աշխատանք, համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար»:

«Հայերը,- ասաց նա,-ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսանկյունից»: Ես կրկին տվեցի իմ հովանավորյալիանունը: «Հրեանե՞րը,- կրկնեց նա:- Դուք արդեն ասել եք նրանց մասին: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են:

Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջդեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ:Նրանք անկատար են:

Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են: Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն:

Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների շարքը, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին:

Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և, իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիներն, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին, այդպես են անում նաև արաբները, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին…

Հրեաներն իրենք այնպես են վերաբերվում հայերին, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաներին, և ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը և մյուս բոլոր ցեղերը, որոնք երբևէ գործ են ունեցել հայերի հետ»:

«Հայերը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Դա է խոցելի կետը թե՛ ձեր ծրագրի և թե՛ հայերի: Դա է խոցելի կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և մի ժամանակ աշխարհին տիրած և աշխատեցրած՝կորցրել են իշխանությունն ու դեգրադացվել:

Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն մանկան նման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք:

Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն, նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական, բնածին, անհաղթահարելի»:

«…Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի:

Արտոնագրով վարձով կտան ուրիշներին: …Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ հանգում են դրան, հատկապես, այսպես կոչված, բարձր դասը:

Դա նրանց իդեալն է: Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող: Նրանք ցանկանում են միայն ծախսել: Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող: Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար:

Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելությունը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել:

Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»:

«Ուրեմն,- դիմադրեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Երկու հարց է ծագում. ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի, և ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի»:

«Օ՜,- ասաց նա,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա»:

… Ես օրինակ բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: …Բայց պատահաբար հիշատակեցի նաև մեր բնիկներին` ամերիկյան հնդկացիներին: Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ: «Ահա այդ է,- բացականչեց նա:- Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն է պետք է հայերի հետ հարաբերություններում»:

Ես նայեցի նրան ոտքից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: «Եվ այսպես,- ասացի ես երկար դադարից հետո,- դուք կարծում եք՝ հենց այդպես պետք է վարվենք հայերի հետ. պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ,իսպառ»:

Բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935)

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք` լրագրողներդ, սխալ հասկանում և սխալ մեջբերում»: Հոգնեցուցիչ էր: «Բայց դա սկանդալ չի՞ դառնա»,-հարցրի ես: «Մի՞թե սկանդալ եղել է ձեր հնդկացիների դեպքում,- հարցրեց նա:- Եվ դուք երբևէ չե՞ք մտածել` ձեր արածը ճի՞շտ էր:

Դուք նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, գնել եք Դանիական կղզիները և ձեր ծովային հետևակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգուկանոնը Մեքսիկայի մյուս մասում:

Եվ սակայն,- ասաց նա հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: …Եվ չնայած դրան, դուք հակաիմպերիալիստ եք: Դուք պատերազմել եք գերմանական իմպերիալիզմի դեմ»: «Դուք՝ նույնպես»,- արձակեցի կրակոցս:

«Օ, դա նույնը չէ:Մենք իմպերիալիստներ ենք: Մենք անկեղծորեն մեզ կայսրություն ենք անվանում և պարկեշտորեն կռվեցինք գերմանացու դեմ մեր կայսրության համար: …

Ես հավատում եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք անել ինչ պատահի և չեք դատապարտվի ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ձեր կողմից: Դրա մեջ ինչ-որ սքանչելի բան կա, աշխարհին օգտակար բան կա: Դա հնարավորություն է տալիս ձեզ իրականացնելու Հայաստանում այն, ինչ պետք է. հանգամանորեն, աստիճանաբար, կատարելապես, չթողնել ոչ մի հայի, և այդ բոլորն առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր կարծիքը ձեր մասին»:

…Ես պարտված էի: Բարեբախտաբար նա դա չտեսավ: Աչքերը խոնարհված էին: Նա վեր կացավ և ուղեկցեց ինձ դեպի դուռը` մնալով խորը մտածմունքի մեջ: «Ցտեսություն,- ասաց նա,- ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ` գործնականում դա չգործի, բայց գրեք: Գրեք զգույշ, ոչ շատ հստակ, և, ի դեպ, մի մեջբերեք ինձ. ես ոչինչ չեմ ասել, ոչինչ…»:

Բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը (1888-1935)

blog.168.am/blog/43624.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail